Վերջերս Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնությամբ կայացան Հայաստանի կանանց նվիրված միանգամից երկու միջոցառումներ` «Մեր օրերի հայ անվանի կանայք» երկհատորյակի շնորհանդեսը և «Հայուհի 2016» մրցանակաբաշխությունը: Թեկնածուները մրցանակներ ստացան ըստ «Համազգային վստահություն» խորհրդի անցկացրած համազգային քվեարկության:

IMG_2627

Իր ողջույնի խոսքում խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը նշեց, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում միշտ եղել է և կմնա կինը: «Հենց այդ պատճառով որոշեցինք հրատարակել «Մեր օրերի հայ անվանի կանայք» երկհատորյակը: Գրքում այն կանանց պատմություններն են, ովքեր կարևոր դեր են ունեցել մեր երկրի հասարակական կյանքում, և մենք գտնում ենք, որ այն նաև դաստիարակչական մեծ նշանակություն կունենա նոր սերնդի` հատկապես աղջիկների համար: Գիրքը ցույց է տալիս նաև, որ հայ կինը ոչ միայն ընտանիքին նվիրված մայր է, այլև ակտիվ քաղաքական գործիչ»: Աստղիկ Խաչատրյանի խոսքերով` «Համազգային վտահություն» խորհուրդը պլանավորում է շարունակել հետևել մեր երկրի կանանց գործունեությանը, և գիրքը կլրացվի և կներկայացվի երկու տարին մեկ անգամ:

Հարյուրամյակների ընթացքում գեղեցիկ սեռի առաջնային գործառույթը եղել է սերնդի շարունակությունը: Կինը բացառապես ներկայանում էր, որպես օջախի պահապան, իսկ արտաքին աշխարհի հետ բոլոր կապերն իր վրա էր վերցնում տղամարդը: Բայց ժամանակները փոխվում են, և այսօր մեր երկրի կանայք ավելի կարևոր դեր ունեն, քան նախկինում էր: Ըստ վիճակագրության` Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, բոլոր բուհերում 3-ից երկու ուսանողներն աղջիկ են, բիզնեսի ոլորտում նրանք զբաղեցնում են 10%-ը, Հայաստանում ղեկավարող պաշտոն են զբաղեցնում կանանց 5%-ը, իրավական մարմիններում` 30%: Եթե դիտարկենք գյուղատնտեսության ոլորտը, ապա Հայաստանի գյուղատնտեսության նախարաարության աշխատակիցների 50%-ը կանայք են, նրանք ներգրավված են արտադրության գործընթացի բոլոր փուլերում:

Վերջին տարիներին մեծացել է կանանց դերը նաև խորհրդարանում, ինչի մասին ակնառու խոսում են թվերը` 131 պատգամավորներից 14-ը կանայք են: Այս ցուցանիշը կարելի է աննախադեպ համարել երկրի ողջ պատմության ընթացքում:

Այս փոփոխությունները չեն կարող չուրախացնել, քանի որ Հայաստանի հասարակական կյանքում կանանց դերի մեծացումը իր հերթին կամրապնդի խաղաղ համագոյության, արդար աշխատանքի և արարման կողմնորոշիչները, ինչը առաջնային է համարվում:

IMG_2781

Պատասխանելով Dalma News-ի հարցերին` հայտնի սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ հետազոտական կենտրոնի տնօրեն, «Համազգային վստահություն» խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը ասաց, որ շուկայական դեմոկրատիան չի ճանաչում այն առավելությունները, որոնք տալիս է պետությունը: Քաղաքացիական հասարակությունը գնահատում է իր հերոսներին այլ կերպ: «Արևմուտքում չկան այնպիսի կոչումներ, ինչպիսին է «Հայաստանի ժողովրդական արտիստը», «Պատվո լեգիոնի շքանշանը» և այլն: Կան նոմինացիաներով զբաղվող բազմաթիվ ընկերություններ, որոնք տարատեսակ ոլորտներում բացահայտում են լավագույններին և ներկայացնում են նրանց, որպես օրինակ: Այն կոչվում է աստղային ինստիտուտ: Դա շատ կարևոր գործիք է, որը նպաստում է բոլոր ուղղություններով հասարակության պրոգրեսի կողմնորոշմանը: Հինգ տարի առաջ մենք նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեցինք Հայաստանում նման ինստիտուտի ստեղծման գաղափարը: Նա համաձայնեց այդ առաջարկին, սակայն, հստակեցրեց, որ այդ գաղափարը պետք է իրականացվի առանց պետության միջամտության, քանի որ պետական մասնակցությունը կխաթարի մտահղացման ողջ իմաստը: Հետևաբար սա հասարակական ակցիա է և հասարակական նախաձեռնություն:

Նոմինանտների ընտրության համար հիմք են հանդիսացել ավելի վաղ կատարված ԶԼՄ-ների կոնտենտ-վերլուծությունները, ինչպես նաև այն մարդկանց մասնագիտական արժանիքները, ովքեր ներկայումս գտնվում են իրենց գործունեության գագաթնակետին: Այդպիսով մենք գտնում էինք մարդկանց խմբեր, ուսումնասիրում էինք նրանց կենսագրությունները, կապ էինք հաստատում նրանց հետ և պատմում մրցանակաբաշխության մասին: Թեկնածուներին ընտրելիս հաշվի ենք առել նաև տարբեր ասոցացիաների անդամների կարծիքները»:

«Կինը ազատարար մարտիկ» անվանակարգում մրցանակ ստացավ «Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Աիդա Սերոբյանը: «Տարվա կին մարզիկ» անվանակարգը հանձնվեց Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր գործիչ Նազիկ Ավդալյանին: «Մշակույթի կին գործիչ» անվանակարգում մրձանակ ստացավ Մարտիրոս Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը: Ազգային մշակույթի պահպանման և տարածման համար պարգևատրվեց Հայաստանի նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը:

«Լավագույն իրավապաշտպան» կոչմանն արժանացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը: «Սահմանամերձ շրջանների կին գործարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Լևոն Երկրորդ» ճանապարհաշինարարական ընկերության և համանուն հյուրանոցային համալիրի ղեկավար Ֆլորա Անտոնյանը:

Սահմանամերձ շրջանների վաստակավոր ուսուցիչ ճանաչվեց Էլմիրա Արամյանը: «Ուռուցքաբանության ոլորտում միջազգային փորձի և նորարարական մեթոդների կիրառում» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի օնկոլոգիայի բաժնի ղեկավար Հայկուհի Գյոկչյանը: «Բժշկական պրակտիկա, բարձր պրոֆեսիոնալիզմ և հիվանդների նկատմամբ հոգատար վերաբերմունք» անվանակարգում պարգևի արժանացավ «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժնի ղեկավար Սյուզաննա Մելիքյանը: «Մասսայական տոնախմբությունների և միջոցառումների որակյալ կազմկերպում» անվանակարգում մրցանակ ստացավ  «Wedding Design by Narine Sargsyan» կազմակերպության հիմնադիր և տնօրեն Նարինե Սարգսյանը: «Նորաձևության բնագավառում նոր ոճի և ճաշակի ստեղծման ու ձևավորման նորարարական մոտեցում» անվանակարգում պարգևատրվեց «Քվիստի» մոդելային ստուդիայի հիմնադիր և տնօրեն, գլխավոր դիզայներ և ոճաբան Քրիստինե Գրիգորյանը:

Բոլոր մրցանակակիրնեերը շնորհակալական խոսքում նշեցին, որ իրենց համար ամենակարևոր մրցանակը հայուհի լինելն է:

Ավելացնենք, որ միջոցառմանը ելույթ ունեցան հայկական էստրադայի աստղեր Ռուբեն Մաթևոսյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Սաֆարյանը, Վահագն Ռաշը և այլք:

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները` Maram