Մարտի 21-ին նշվեց Նովրուզը՝ պարսկական Նոր տարին, որը, թերևս, ամենակարևոր տոնն է հանդիսանում պարսկական մշակույթի ազդեցությունը այս կամ այն չափով կրող երկրների և տարածաշրջանների համար: Այնուամենայնիվ, Նովրուզի տոնակատարությունները տեղի են ունենում նույնիսկ այն վայրերում, որտեղ տեղացիներին խորթ է այս մշակութային երևույթը. այդ վայրերում Նովրուզը ակտիվորեն նշում են իրանական համայնքի անդամները կամ իրանցի զբոսաշրջիկները: Հայաստանի մայրաքաղաք Երևանը նույնպես այդպիսի մի վայրերից է, որտեղ տարեցտարի հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են գալիս տոնական արձակուրդների ժամանակ:

Հայաստանն անկախությունից ի վեր դարձել է իրանցի զբոսաշրջիկների ցանկալի հանգստավայրը: Սա զարմանալի չէ, քանի որ մի կողմից հանրապետությունը կարող է ապահովել եվրոպական երկրներին բնորոշ բոլոր տուրիստական առավելությունները` բարձր մակարդակի սպասարկում, բազմաթիվ պատմական և մշակութային տեսարժան վայրեր, արտաքին տեսքի և անձնական կյանքի օրենսդրական ազատություն (ինչը կարևոր է երիտասարդ իրանցիների համար), իսկ մյուս կողմից` գները Հայաստանում հաճախ մի քանի անգամ ավելի ցածր են, քան ԻԻՀ քաղաքացիների համար հետաքրքրություն ներկայացնող այլ երկրներում: Ավելին, Հայաստանը սահմանակից է Իրանին, ինչը նշանակում է, որ ճանապարհը ավելի հեշտ է, արագ և էժան:

Իրանի քաղաքացիները կարող են այցելել Հայաստան առանց մուտքի արտոնագրի, ինչը ևս մի կարևոր գործոն է հանրապետության զբոսաշրջային գրավչության համար: Հայաստանյան բազմաթիվ հյուրանոցների, խանութների և այլ հաստատությունների աշխատակազմը խոսում է ոչ միայն ռուսերեն և անգլերեն, այլ նաև՝ ֆարսի: Հաշվի առնելով, որ իրանցիների շրջանում անգլախոսների թիվն այնքան էլ մեծ չէ, դա զգալիորեն հեշտացնում է իրանցի զբոսաշրջիկների կյանքը Հայաստանում:

Իրանցի զբոսաշրջիկները շատ են այցելում Հայաստան ողջ տարվա ընթացքում, սակայն նրանց ամենամեծաքանակ հոսքը տեղի է ունենում Նովրուզին: Որպես կանոն, պարսկական նոր տարվա ժամանակ իրանցիները մեծամասամբ հանգստանում են Երևանում, քանի որ այստեղ, Հայաստանի այլ քաղաքների համեմատ, ավելի շատ են ռեստորանները, սրճարանները, ակումբները, պանդոկները և նման ժամանցային վայրերը, որտեղ տեղի են ունենում տոնական միջոցառումներ:

«Հայաստան են գալիս հիմնականում սահմանակից շրջանների բնակիչները,- ասում է Սաիդ անունով զբոսաշրջիկը, որն արդեն մի քանի անգամ եղել է Երևանում:- Իրանցի զբոսաշրջիկների հիմնական հոսքն այնտեղից է: Մոտ, էժան, բարձրորակ՝ մեզ ամեն ինչ դուր է գալիս: Հատկապես գրավում է Հայաստանի երիտասարդությունը. այստեղ կարելի է ազատ և ուրախ զվարճանալ, ալկոհոլային խմիչքները օրվա բոլոր ժամերին հասանելի են, կան հոյակապ ակումբներ, որոնք բացակայում են Իրանում: Իհարկե, Նովրուզը մեծ առիթ է տոնակատարությունների համար»:

Իրանցիները նախընտրում են նշել Նովրուզը տարբեր վայրերում, սակայն Երևանում կան մի քանի վայրեր, որտեղ ամենաշատն են այցելում իրանցի հյուրերը: Այս տարի Նովրուզի տոնակատարությունների յուրօրինակ կենտրոն է դարձել երևանյան «Downtown» ակումբը:

«Այս Նովրուզը մենք նշում են «Downtown»-ում, համենայն դեպս՝ մեզանից շատերը: Նրանք ի սկզբանե իրանական ուղղվածություն էին տվել այդ վայրին: Այսպես կոչված, «մասնագիտացում»: Կան նաև պարսկահայերին պատկանող մի քանի վայրեր, որտեղ հոգեբանական առումով ավելի հեշտ է հանգստանալ, քանի որ մենք իրենց հետ ոչ միայն խոսում ենք միևնույն լեզվով, այլև հասկանում ենք միմյանց աշխարհայացքը և մշակույթը: Վերջիվերջո, համաերկրացիներ ենք», – ասում է նա:

Սակայն այս տարի իրանցիները Հայաստանում սովորականից քիչ են, նույնիսկ՝ Նովրուզի օրերին: Պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են, որոնք կրկին կիրառվեցին Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ 2015 թվականին կնքված «Միջուկային գործարքից»: Դրա արդյունքում տեղի ունեցավ իրանական արժույթի՝ ռիալի անկումը, ինչի պատճառով երկրի բնակչության զգալի մասը զրկվեց արտերկիր մեկնելու համար բավարար դրամական միջոցներից:

Նույնիսկ Հայաստանի պես ոչ այնքան թանկ երկրի պարագայում այս խնդիրը զգացնել է տալիս: Այդ մասին են փաստում նաև այն զբոսաշրջիկները, որոնք, չնայած ամեն ինչին, այցելել են Հայաստան: Այս տարի նույնիսկ Իրանում բնակվող հայերի համար էր դժվար Հայաստան գալը, քանի որ իրենք էլ, մյուս իրանցիների նման, զգալի ֆինանսական վնասներ կրեցին:

Այնուամենայնիվ, Նովրուզը Երևանում նշվում է ամենուր և ոչ միայն ժամանցի վայրերում և իրանցիների կողմից: Օրինակ, Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտում նույնպես գցվել էր ավանդական տոնական սեղան` հաֆթ սին: Բառացիորեն, այս անվանումը նշանակում է «յոթ «ս», այսինքն՝ «ս» տառով սկսվող 7 առարկա: Սիր՝ «սխտոր», սիբ՝ «խնձոր», սաբզե՝ «աճեցված ցորեն», սենջեդ՝ «փշատ» (մշտադալար թուփ), սերքե՝ «քացախ», սամանու՝ «հացից պուդինգ», սոմագ՝ արևածագի խորհրդանիշը հանդիսացող խոտ:

Բացի այդ, ավանդույթի համաձայն, տոնական սեղանին դնում են Ղուրանը, ընկուզեղեն, քաղցրավենիք, զարդարված ձու, հայելի, ժապավեն, ծաղկային կոմպոզիցիաներ, իրանական դրոշը և Ֆիրդուսիի «Շահնամե»-ն: Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները, ինչպես նաև աշխատակիցները և իրանական մշակույթով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք հնարավորություն ստացավ մասնակցել այս կարևոր մշակութային միջոցառմանը:

Հայաստանում Նովրուզը ոչ միայն տոն է կամ պարզապես իրանցի զբոսաշրջիկների մեծ ներհոսքի պատճառ: Սա մասնավորապես հայ և իրանցի ժողովրդների, իսկ ավելի լայն առումով՝ քրիստոնյաների և մուսուլմանների միջև բարեկամության վառ օրինակ է, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և միմյանց մշակույթների նկատմամբ հետաքրքրության դրսևորում: Հենց այս հիմքի վրա պիտի ողջ աշխարհում կառուցվեն միջազգային հարաբերությունները մեր առերևույթ մշակութային և մարդասիրական, բայց իրականում հաճախ այդպիսին չհանդիսացող 21-րդ դարում:

 

Անտոն Եվստրատոր