Միխայիլ Սահակաշվիլիի ժամանակաշրջանի Վրաստանի մշակույթի նախկին նախարար, «Միասնական ազգային շարժում» կուսակցության նշանավոր անդամ Նիկա Ռուրուան դեկտեմբերի 3-ին հայտ է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով ոչ սահմանադրական ճանաչել Վրաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքը սահմանափակող հոդվածը:
Նախկին նախարարի պնդմամբ՝ ռուսական ալիքները վարում են հակավրացական քաղաքականության պրոպագանդա, չեն ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը և առհասարակ այդ հեռուստաալիքները տեղեկատվական հզոր զենք են Պուտինի ձեռքերում:
«Անհրաժեշտ է չեզոքացնել Վրաստանում ռուսական քարոզչության հեռարձակումը, մասնավորապես՝ այնպիսի ռուսական հեռուստաալիքների տեղեկատվական հաղորդումները, ինչպիսիք են՝ НТВ, РТР, «Звезда»: Ռուսաստանյան տեղեկատվական հաղորդումները արդարացնում են Վրաստանի օկուպացիան Ռուսաստանի կողմից (Աբխազիայի և Հարավային Օսեթիայի), խաբում են վրացի հեռուստադիտողներին՝ փաստերը խեղաթյուրելով»,- վրացի լրագրողներին հայտարարեց Նիկա Ռուրուան:
Գաղտնիք չէ, որ այսօր հեռուստատեսային հարթակը մշակույթի լուրջ բաղադրիչն է կազմում, իսկ մշակույթի դեմ արգելքների միջոցով պայքարելը անիմաստ և հիմար զբաղմունք է:
Ժամանակին՝ «Միացյալ ազգային շարժումը» արգելք էր սահմանել ռուսական ալիքների հեռարձակման վրա, անգամ լուրջ պատժամիջոցների սպառնալիքի տակ՝ արգելվել էր ռուսական երգերի կատարումները ռեստորաններում:
Ի՞նչ արդյունք տվեց այդ ամենը:
Վրաստանում սկսեցին մեծ քանակությամբ վաճառվել արբանյակային ալեհավաքները, դրանց պահանջարկը կտրուկ աճեց (այդ ապրանքի վաճառքով զբաղվող առևտրականները, հավանաբար, մինչ օրս օրհնում են «Միասնական ազգային շարժմանը» այդ որոշման համար): Եվ մի քանի շաբաթ անց ռեստորաններում էլ սկսեցին ռուսական մեղեդիներ հնչել, անգամ այնպիսի վտանգավոր երգեր, ինչպիսին է «Հաղթանակի օրը» («День Победы»): Ի դեպ՝ իր հարցազրույցներից մեկում Նիկա Ռուռուան ասել է, որ իր համար հաճելի չէ լսել մայիսի 9-ի «Հաղթանակի օրը» երգը:
Թբիլիսիում դեռ չեն մոռացել 2011թ.-ին Հավլաբարում «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանի տեղադրման առիթով բարձրացած աղմուկը:
Միասնական ազգային շարժման ներկայացուցիչները բողոքի ակցիա բարձրացրեցին, պահանջելով հանել սովետական մշակույթի այդ նմուշը, նվերներ չընդունել Զուրաբ Ցերետելիից, որպես ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչ: Հեռուստատեսային քննարկումներից մեկի ժամանակ մի երիտասարդ աղջնակ-մշակութաբան ուղիղ եթերում հայտարարեց, որ հաշվի առնելով հակահայկական տրամադրությունները՝ հարկ չկար նման հուշարձան կանգնեցնել: Արձանի կոնկրետ ո՞ր գաղափարն էր բողոքողների համար անընդունելի: Հուշարձանի միակ գաղափարը տարբեր ազգությունների մարդկանց ընկերության և մարդկային հարաբերությունների խորհուրդն է: Ինչ վատ բան կա դրանում բազմազգ Վրաստանի և նրա հազարամյա մշակույթի համար: Այս բոլոր իրադարձությունները կատարվում էին Նիկա Ռուրուայի մշակույթի նախարար լինելու ժամանակաշրջանում:
Իսկ ինչու՞ սահմանափակվել հեռուստատեսությամբ ու արձաններով: Միգուցե ժամանա՞կն է վերացնել նաև վնասակար գրքերը, որոնք մեր ճաշակով չեն գրված: Մարդկությունը դեր հիշում է Երրոդ Ռեյխի հրապարակներում այրվող գրքերի հսկայական խարույկները: Ըստ տրամաբանության՝ կարող ենք նաև դրան հասնել:
Վրաստանում ոչ ոք պարտավոր չէ ռուսաստանյան ալիքների կարծիքը կիսել և ընդունել նրանց դիրքորոշումը: Գոյություն ունեն բազմաթիվ վրացական ալիքներ, որոնք կարող են առանց խոչնդոտների իրենց տեսակետը հասցնել հեռուստադիտողին: Իմաստը նրանում է, որ այդ նույն հեռուստադիտողը ընտրության հնարավորություն ունենա և կարողանա ինքնուրույն գլուխ հանել իրավիճակից: Ոչ ոք իրավունք չունի սահմանափաեկլ այդ իրավունքը:
Գոյություն ունի Ոլտերին վերագրվող մի թևավոր խոսք՝ խոսքի ազատության վերաբերյալ՝ «Ես ձեր ոչ մի բառի հետ համաձայն չեմ, բայց պատրաստ եմ կյանքս տալ այդ ամենը ասելու ձեր իրավունքի համար»: Հին իմաստնությունը արդիական է նաև այսօր:
Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զակարեշվիլին գտնում է, որ Վրաստանում պետք է ոչ թե փակել, այլ բացել ռուսալեզու հեռուստաալիքներ: Այդ բնագավառում որոշակի փորձ արդեն կա՝ Վրաստանում գործել են «Ալանիյա», ապա «ՊԻԿ» ալիքները, սակայն, պետնախարարի կարծիքով՝ դրանք չեն կարողացել իրենց առաջ դրված իրական խնդրին հասնել: Այս առիթով՝ նախարարը հիշելով «ՊԻԿ» հեռուստաալիքի գործունեությունը, նշեց, որ չնայած իր համար անընդունելի է եղել դրա ենթատեկստը, այնուամենայնիվ ռուսալեզու հեռուտաընկերության գոյությունը աննպատակ չէր լինի: Սակայ դրա համար անհրաժեշտ են միջոցներ և կադրեր:
Վրացի հեղինակավոր քաղաքական գործիչ և հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Լեվան Բերձաշվիլին, խորհուրդ տվեց «Միասնական ազգային շարժման» գործիչներին ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ նմանատիպ արգելքները հակառակ են դեմոկրատիայի սկզբունքներին, ամբողջովին հակասում են եվրոպական արժեքներին և ոչ մի կերպ չեն մոտեցնում Վրաստանին իր գլխավոր նպատակին՝ եվրոպական ընտանիք մտնելուն:
«Անձամբ ես չեմ համակրում Պուտինին և իր վարած քաղաքականությունը»,- ասում է Լևան Բերձենիշվիլին,- բայց եկեք հանգիստ թողնենք ռուսական ալիքները, Դոստոևսկուն և ռուսերենը»:
Ստացվում է պարադոկսալ իրավիճակ, երբ «Միասնական ազգային շարժումը» խոսքով ցույց է տալիս իր ձգտումը դեպի եվրոպա, իսկ գործնականում անընդհատ ինչ-որ խոչընդոտներ է առաջացնում այդ ճանապարհի վրա:
Այս կարծիքը կիսում են ոչ միայն իշխող կուսակցության և ոչխորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այլև բնակչության զգալի մասը: Այն նույն հասարակ մարդիկ, ովքեր չեն խնայել և ինքնուրույն են ապահովել իրենց համար ռուսական հեռուստաալիքների հեռարձակում:
Այսօր քչերին է հայնտի գերմանացի դրամատուրգ Հանս Յոստի անունը, թեև նրա հեղինակած պիեսից Ադոլֆ Հիտլերին նվիրված մի արտահայտություն դարձել է թևավոր՝
«Երբ ես լսում եմ «մշակույթ», իմ ձեռքը ձգվում է դեպի ատրճանակը»:
Այս արտահայտությունը վերագրում էին նաև Հերինգին և Գեբելսին և ֆաշիստական ռեյխից շատ այլոց: Վերագրում էին, որովհետև այն լավագույն կերպով է արտացոլում ֆաշիստական մարդատյացությունը: Բոլորովին ցանկալի չե, որ նման մոտիվներ հնչեն նաև Վրաստանում և նացիստական ղեկավարության անվանացանկը լրանա վրացի քաղաքական գործիչների անուններով:
Վրաստանը արժանի չէ դրան:
Իրակլի Չխեիձե