Մոսկվայում բացվել է ականավոր հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Բաղրամյանի հուշարձանը: Այն տեղադրվել է Մոսկվայի Նիժնի Նովգորոդի շրջանի՝ նրա անունը կրող թիվ 1222 դպրոցի մոտ: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Սեպտեմբերի 21-ին դպրոցի բակում հավաքվեցին բազմաթիվ հյուրեր, պաշտոնյաներ` Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Նիժեգորոդսկու քաղաքային շրջանի, Մոսկվայի կրթության և գիտության դեպարտամենտի ներկայացուցիչներ: Բերվեցին երկու պետությունների դրոշները, տեղի ունեցավ հուշարձանի բացումը և ծաղիկներ դրվեցին: Բազմաթիվ ջերմ խոսքեր հնչեցին լեգենդար զորավար Բաղրամյանի հասցեին, ում արժանիքները կապող օղակ են դարձել երկու բարեկամ ժողովուրդների միջև:
«Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար այս կարևոր օրը մենք հուշարձան ենք բացում մի մարդու համար, որը մեր ժողովուրդների համար դարձել է Հաղթանակի, ռազմական փառքի և միավորման խորհրդանիշ», – իր խոսքում նշեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Հուշաարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում էր Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը: Գաղափարը հավանության արժանացավ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի քաղաքային Դումայի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի քաղաքային շրջանի ղեկավարության կողմից: ՀՀ անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև հուշարձանի տեղադրման գործում աջակցության համար Վարդան Տողանյանը Նիժնի Նովգորոդի քաղաքային շրջանի ղեկավար Մանվել Ապերյանին ՀՀ դեսպանության Լազարևի հուշամեդալ շնորհեց:
«Այս գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ, երբ Նիժնի Նովգորոդի թիվ 1222 դպրոցին տրվեց մարշալ Բաղրամյանի անունը: Հետագայում մեր օգնությամբ, ինչպես նաև Մոսկվայի կառավարության ջանքերով, այստեղ բացվեցին կադետական դասարաններ, որտեղ երեխաները ռազմագիտություն սկսեցին սովորել: Եվ մենք որոշեցինք հանդես գալ հուշարձան ստեղծելու առաջարկով: Մոսկվայի կառավարությունը պատրաստակամորեն աջակցեց գաղափարը՝ համապատասխան որոշում ընդունելով դպրոցի բակում քանդակագործաճարտարապետական համալիրի տեղադրման վերաբերյալ, որի կազմակերպումն ու ֆինանսավորումը ամբողջությամբ մենք ստանձնեցինք: Նաև պայմանավորվել ենք հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը նվիրել Հայաստանի անկախության 30-ամյակին», – Rusarminfo-ին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե իր համար ինչ նշանակություն ունեն մեծությունների հուշարձաններըմ որոնք հայտնվում են Հայաստանից դուրս, որոնցից մեկը մարշալ Հովհաննես Բաղրամյանին հուշարձանն է, Տողանյանը պատասխանեց, որ մեծ նշանակություն է տալիս այս կարգի հուշարձաններին և գտնում է, որ ազգային հերոսների հիշատակի հավերժացումը Հայաստանից դուրս՝ հատկապես Ռուսաստանում, Մոսկվայի հենց կենտրոնում, կարևոր և անհրաժեշտ գործ է:
«Երկու ժողովուրդների մարշալ Բաղրամյան» կոմպոզիցիայի հեղինակը Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների և ճարտարապետների միությունների անդամ, քանդակագործ և ճարտարապետ Աշոտ Թադևոսյանն է:
«Քանդակային և ճարտարապետական կոմպոզիցիայի կենտրոնում Բաղրամյանի կիսանդրին է՝ գրանիտե երկաստիճան պատվանդանի վրա: Կիսանդրու հետևում կան երկու հայելային գրանիտե սյուներ, որոնք խորհրդանշում են Հայաստան և Ռուսաստան պետությունների միությունը», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Rusarminfo-ի հետ հարցազրույցում Թադևոսյանը պատմեց կոմպոզիցիայի ստեղծման պատմությունը. «Տարածքի նախնական զննումից հետո միտք առաջացավ քանդակել ոչ միայն հրամանատարի կիսանդրին: Ավելի ու ավելի հաճախ էի մտածում, որ կիսանդրին, իր դասական պատկերացմամբ, կարող է բավականաչափ չպատմել այն մասին, թե որքան մեծ էր մարշալ Բաղրամյանի դերը և՛ խորհրդային բանակի, և՛ այսօրվա ռուսական բանակի ստեղծման գործում. երկար տարիներ նա եղել է ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ղեկավարը: Եվ ծնվեց խորհրդանշական կոմպոզիցիա ստեղծելու գաղափար` կիսանդրի՝ զուգորդված որոշակի ճարտարապետական լուծումներով: Երկրորդ էսքիզից հենց դրա վրա կանգ առա: Իսկ հիմնական ուղերձը փոխանցելու համար, որ մենք կանգնած ենք երկու ժողովուրդների մարշալի առջև, սկզբում ցանկանում էի մի կոթողը զարդարել ռուսական, իսկ մյուսը` հայկական զարդանախշերով: Սակայն հետո հասկացա, որ միանման կոթողները հենց երկու պետությունների միասնության խորհրդանիշն են: Հետևաբար, միակ բանը, որով դրանք տարբերվում էին, «Մարշալ Բաղրամյան» գրություններն են՝ արված մեկ կոթոզի վրա ռուսերենով, իսկ մյուսի վրա՝ հայերենով:
Բաղրամյանի կիսանդրին այսուհետ դիմավորում է Նիժնի Նովգորոդի դպրոցի սաներին իրեն բնորոշ բարի ժպիտով: Քանդակը հաջող է ստացվել և, ըստ երևույթին, դուր է եկել միջոցառման պատվավոր հյուր` լեգենդար մարշալի թոռ Իվան Բաղրամյանին (ով, ի դեպ, այս դպրոցի թանգարանի գծով մասնագետն է):
Այս տարվա գարնանը Dalma News պորտալը հայտնեց, որ Դոնի Ռոստովում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը. միջոցառումը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին, իսկ հուշարձանի ստեղծման գաղափարը տեղի հայկական համայնքինն էր: Բացման արարողությանը ներկա էր նաև հայտնի զորավարի թոռը: Տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նա այնուհետև ասել է, որ առաջին անգամ է հարազատների հետ այցելել Դոնի Ռոստով, սակայն անմիջապես հասկացել է, որ ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքում բնակվող այլ ազգությունների ներկայացուցիչները հպարտություն են զգում իրենց մեծ պապի համար:
Այս անգամ մարշալի ժառանգներից մեկը հայտարարեց, որ տարեցտարի մեծանում է իր մեծ պապին հատկացվող ուշադրության աշխարհագրությունը. «Երկու տարի առաջ Վիտեբսկում բացվեց նոր մեծ դպրոց՝ 2100 աշակերտի համար… Այս տարի Բելառուսի Գորոդոկ կոչվող մի փոքրիկ քաղաքում ևս մարշալ Բաղրամյանի անունով դպրոց բացվեց: Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ արձագանքել այդ հրավերին, սակայն մոտ ապագայում կրկին կփորձենք այցելել Բելառուս… Իսկ այս տարվա մայիսի սկզբին մենք՝ նրա սերունդները (թոռնուհի Կարինա Սերգեյի Նաջարովան և ծոռ Անդրեյը – խմբ.), թռել ենք Ռոստով, որտեղ բացվեց Իվան Բաղրամյանի կիսանդրին: Սա նշանակում է, որ մեր նշանավոր պապի հիշատակը պահպանվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում»:
Նախկին ԽՍՀՄ տարածքում մարշալ Իվան Բաղրամյանի հուշարձանները իսկապես բավականին շատ են` արդեն տասից ավելի: Սա չորրորդ հուշարձանն է Ռուսաստանում՝ բացի Դոնի Ռոստովում գտնվող կիսանդրուց, Բաղրամյանի ապրած տան մոտ գտնվող հուշատախտակը և փոքրիկ կիսանդրին և 2016 թվականին Օրյոլում տեղադրվել հուշարձանը: Ինչ վերաբերում է վերջերս թիվ 1222 դպրոցի մոտ հայտնված հուշարձանին, այն ամեն օր ուսանողներին կսովորեցնի ականավոր հրամանատարի մասին, որը օրինակ է ծառայում աճող սերնդի համար: Իսկ Մոսկվայի Նիժնի Նովգորոդի շրջանում բնակվող բոլոր հայրենակիցների համար, և ոչ միայն, այս հուշահամալիրը կդառնա հպարտության ևս մեկ պատճառ:
Իրինա Գրիգորյան