Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն օր ավելի ու ավելի են ջնջվում կնոջ և տղամարդու միջև սահմանները, կան դեռևս մասնագիտություններ և գործունեության ոլորտներ, որոնք մենք շարունակում ենք համարել զուտ տղամարդկային: Սա, անշուշտ, կարծրատիպ է, բայց պետք են նախադեպեր, որոնք կկոտրեն կարծրատիպային մտածողությունը: Աննա և Անահիտ Մխիթարյան քույրերը մի քանի տարի շարունակ գնում են այս ճանապարհով՝ իրենց ստեղծագործական գործունեության և հաջողությունների շնորհիվ ապացուցելով, որ դուդուկը և դհոլը ամենևին էլ տղամարդկային երաժշտական գործիքներ չեն, և կինը նույնպես կարող է նվագել այդ գործիքները ոչ պակաս հմտորեն և գեղեցիկ:
Մխիթարյան քույրերը հայտնի են ոչ միայն հայ ժողովրդական բանահյուսության և աշուղական երգերի մշակումներով, այլև ջազային և այլ ոճի կատարումներով՝ իրենց կատարմամբ այդ ստեղծագործությունները հետաքրքիր դարձնելով երիտասարդների և ավագ սերնդի համար: Քույրերը հաջողությամբ նկարահանում են տեսահոլովակներ, որոնք համացանցում հավաքում են հազարավոր դիտումներ, ինչպես նաև ելույթ են ունենում համերգներին և շրջագայություններին: Երկու տարի առաջ Աննան և Անահիտը անակնկալ մատուցեցին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ իրենց ոճով մշակելով և երգելով «System of a Down» խմբի Chop Suey կատարումը, հայկական ստեղծագործություններից տարրեր ավելացնելով և ուղարկելով այս էքսպրոմտ տեսահոլովակը: Եվ նրանք ստացան պատասխան. Թանկյանը նայեց, գնահատեց և հայտարարեց, որ ուրախ է, որ Վանաձորում կան նման տաղանդներ:
«Մենք երբեք չենք փորձել անել ինչ-որ բան ուրիշներին զարմացնելու համար, ասելու համար, թե տեսեք՝ մենք կանայք ենք, բայց նման գործիքներ ենք նվագում: Ես մասնագիտորեն զբաղվում եմ երաժշտությամբ, ավարտել եմ կոնսերվատորիան շվիի բաժնում, իսկ մագիստրատուրայում սովորում եմ արդեն դուդուկի բաժնում, իսկ Անահիտը սովորել է գենետիկա: Բայց ինչ-որ պահի հասկացա, որ նա ինձ պետք է, քանի որ նա ունի շատ ուժեղ ռիթմի զգացում: Եվ նա հասկացավ, որ երաժշտությունն իրեն անհրաժեշտ է… Մեր ցանկությունն էր միասին լինել, նվագել մեր սիրած գործիքները և ելույթ ունենալ: Ավելի քան յոթ տարի մենք միասին ենք ելույթ ունենում և գնալով ավելի ենք համոզվում, որ դա ճիշտ որոշում էր», – ասում է Աննա Մխիթարյանը Dalma News-ի հետ զրույցում:
Նա նշում է, որ իրենց հիմնական առանձնահատկությունն այն է, որ փոքր-ինչ շողվում են այդ գործիքների ավանդական կատարումից. չէ՞ որ դարեր շարունակ այդ գործիքները միևնույն ձև են հնչել, իսկ նրանք փորձում են նոր շունչ հաղորդել դրանց: Արվեստագետների միջավայրում ընդունվում է, որ երաժիշտների երեխաները շարունակում են քայլել ծնողների հարթած ճանապարհով, և դա մեծապես կանխորոշում է նրանց հաջողակությունը՝ «ընտրյալների շրջապատ մտնելը»: Բայց սա այդ դեպքը չէ, քանի ոչ քույրերի մասին չի կարելի ասել, որ երաժշտությունն իրենց գեներում է: Աննա և Անահիտ Մխիթարյանների մասին կարելի է ասել, որ իրենք ինքնուրույն են ամեն ինչի հասել: Մեր զրուցակիցը նշում է, որ դժվարություններ, իհարկե, եղել են, այդ թվում նաև այն, որ սկզբում տղամարդ երաժիշտները նրանց մեծ դժվարությամբ էին ընդունում, քանի որ Հայաստանում դուդուկն ու դհոլը համարվում են արական սեռի մենաշնորհը: Սակայն այսօր նման խնդիրներ չկան, և Մխիթարյաններն ունեն իրենց ուրույն տեղը հայաստանյան երաժշտական աշխարհում:
«Մարդկանց հետաքրքիր է լսել իրենց սիրելի հին կատարումները, որոնք, հավանաբար, ինչ-որ բան են հիշեցնում, սակայն մատուցվում են նոր մշակմամբ` նոր շեշտադրումներով և անսովոր մեկնաբանությամբ: Թե՛ մարդկանց, թե՛ մեզ դուր են գալիս այդ նոր տարբերակները», – ասում է Աննան:
Արդեն մեկ տարի է, ինչ նրանք հանդես են գալիս իրենց «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո-խմբի կազմում, որն ընդգրկում է պրոֆեսիոնալ և փորձառու երաժիշտների: Նախորդ տարին հատկապես հագեցած էր քույրերի համար. Նոր տեսահոլովակների նկարահանումից, Հայաստանի տարբեր քաղաքներում ելույթներից և տարբեր փառատոններին մասնակցությունից բացի, Աննա և Անահիտ Մխիթարյանները մենահամերգով հանդես եկան նախորդ աշնանը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
«Համերգը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից և տեղի ունեցավ Պարոնյանի անվան թատրոնում: Մեզ ուրախացրեց այն փաստը, որ հանդիսատեսի մեծ մասը զբոսաշրջիկներ էին և մեր սփյուռքահայ հայրենակիցները: Մեր արվեստը շատերին ծանոթ էր, իսկ մյուսների համար բացահայտում էր, ինչի համար մենք շատ ուրախ ենք», – նշում է Աննա Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին և շրջագայությանը, ապա նա նշեց, որ այս տարի նրանք շատ անակնկալներ են պատրաստել իրենց երկրպագուների համար թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Մոտ ապագայում կնկարահանվի նրանց հերթական տեսահոլովակը՝ համերգային ծրագրում ընդգրկված կատարման հիման վրա: Մխիթարյանները չեն բացառում այլ երաժիշտների և կատարողների հետ համագործակցության հնարավորությունը. առկա են նաև հրավերներ այլ երկրներից: Սակայն քույրերն ամեն դեպքում որոշեցին չխոսել իրենց պլանների մասին, որպեսզի ձեռքից բաց չթողնեն հաջողությունը: Ի վերջո, Աննայի խոսքերով, այսօրվա ռիթմի մեջ շատ դժվար է ինչ-որ բան թաքցնել, և երբ նրանք նորություններ ունենան, ապա երկրպագուներն այդ մասին առաջինը կիմանան:
Ի դեպ, քույրերին կարելի է տեսնել և լսել Երևանի ակումբներում, որտեղ նրանք հաճախ հանդես են գալիս հրավերով: Այսպիսով, եթե դուք մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլելիս լսեք հայտնի հայկական ստեղծագործություն կամ կրքոտ ջազ էթնիկ մեղեդիներով, ապա կարող եք վստահ լինել, որ մոտակայքում ելույթ են ունենում տաղանդավոր քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները և իրենց խումբը՝ կոտրելով կարծրատիպերը: Համաձայնեք, որ նման տեսարանը չի կարելի բաց թողնել:
Լինա Մակարյան