Սեպտեմբերի 28-ին Երևանի «Հայրենիք» կինոթատրոնում մեկնարկեց «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնը բացվեց Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորմամբ, Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմով և արդեն երկու ամիս է, ինչ Հայաստանի տարբեր քաղաքներում ուրախացնում է կինոսերներին: Կինոփառատոնը, որն արդեն հինգ տարվա կյանք ունի, այս տարի մի շարք առանձնահատկություններով է աչքի ընկել:

«Մենք արդեն հինգ տարեկան ենք և առաջին անգամ է, որ այսքան երկար է անցկացվում՝ մոտ երկու ամիս: Մեր կարևոր նախաձեռնություններից մեկն այն է, որ կինոփառատոնի շրջանակում գործակեցինք չգործող կինոդահլիճները. մեզ հաջողվեց Երևանում և մարզերում երկու կինոթատրոնների մասին հիշեցնել, որոնց մասին մարդիկ գրեթե խորհրդաին տարիներից մոռացել էին: Երկու ամիս է կինոցուցադրությունները տեղի են ունենում այդտեղ՝ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնում, որի դահլիճը վերագործարկել չհաջողվեց, բայց նախասրահում ենք կազմակերպում կինոդիտումները և ևս հինգ փոքրիկ կինոդահլիճներում, Եղեգնաձորի «Արագիլ»-ում, թեև այնտեղ էլ ցուցադրությունները կազմակերպվել են բացօթյա ձևաչափով՝ դահլիճի անմխիթար լինելու պատճառով: Եվ միակը, որտեղ դահլիճը լավ պահպանվել է, դա Դիլիջանի «Դիլիջան» կինոթատրոնն է: Այս մաբողջի նպատակը նա է, որ հիշեցնենք պատասխանատուներին և ֆինանսապես ապահովված անհատներին, որ կինոթատրոնները կարելի է գործարկել՝ կա և՛ հնարավորություն, և՛ պահանջարկ»,- Dalma News-ի հետ զրույցում պատմեց «Սոսե» միջազգային կինոփառատոնի մամուլի պատասխանատու Նարա Եփրեմյանը:

Նարա Եփրեմյան

Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարի կինոփառատոնը նախորդների համեմատ ավելի երկար տևեց՝ երկու ամիս: Գլխավոր պատճառը հետաքրքրությունն է «Սոսեի» նկատմամբ. եթե առաջին տարում դրան ներկայացվել է ընդամենը ութ ֆիլմ, ապա այս տարի արդեն 742 հայտ են ստացել աշխարհի տարբեր երկրներից, մրցութային փուլ է անցել 174 ֆիլմ։

Հատկապես կարելի է առանձնացնել «Ըստ Սարոյանի» շարքը, որի շրջանակում ներկայացվում են Սարոյանի ստեղծագործություններով նկարահանված չորս ֆիլմեր: Նարա Եփրեմյանի խոսքով, ֆիլմերը ներկայացվել են արտամրցութային ծրագրով, իսկ շարքը նվիրված է Վիլյամ Սարոյանի 110-ամյակին:

Բայց «Սոսե»-ում նաև կարևոր պրեմիերա է նախատեսվում՝ կինոփառատոնի շրջանակներում նոյեմբերի 21-ին կցուցադրվի Հայոց Ցեղասպանության մասին ամերիկյան արտադրության «Անապատի ագռավները» ֆաստագրական ֆիլմը (2016թ.), ինչպես նաև համանուն գրքի շնորհանդեսը: Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ գրող Լևոն Պարիյանի գրքի հիման վրա, որը Լևոն Յոթնախպարյանի հիշողությունների վրա է գրված: Հեղինակը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության տարիների իրադարձություններն ու այդ ամենի ֆոնին՝ իր պապի փախուստը օսմանցի զինվորներից: Ռեժիսորն ամերիկուհի Մարթա Հյուսկն է. «Թող բոլորը մեզ ներեն, բայց այս ֆիլմը այն բացառիկներից է մեզ համար, որ մենք առանձնացնում ենք՝ հաշվի առնելով թեման»,- նշեց մեր զրուցակիցը:

Բացի այս, փառատոնում ներկայացված են բազմաթիվ ֆիլմեր, որոնք մրցանակներ են ստացել միջազգային տարբեր կինոփառատոններում: Ընդ որում, հեղինակները «Սոսե»-ին իրենց ֆիլմերը ներկայացնելու համար անձամբ են հայտ ներկայացնում: «Մեզ համար այս հոբելյանական կինոփառատոնը շատ առումներով է առանձնանում՝ թե՛ ֆիլմերի առատությամբ, թե՛ ստացված հայտերի լայն աշխարհագրությամբ, թե՛ կարևոր պրեմիերայով և մարզերում մշակութային կյանքը ակտիվացնելու տեսանկյունից: Ինչպես նաև առաջին անգամ այս տարի Մշակույթի նախարարությունը ֆինանսավորեց փառատոնի անցկացումը՝ փոքր գումարով, բայց սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ մինչ օրս այն ֆինանսավորվել է բացառապես համահիմնադիրների կողմից: Իսկ սա նշանակում է, որ մշակութային հեղափոխությունը հասել է նաև մեզ»,- հավելեց մամուլի պատասխանատուն:

Նշենք, որ կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, կինոռեժիսոր Նինո Կիրտաձեն /Վրաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Գերմանիա/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, ռեժիսոր և դերասանուհի Ջուլիա Կամպանելլին /ԱՄՆ/, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը /Հայաստան/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։

 

Լինա Մակարյան