Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Սակայն մինչ վարչապետների ժամանումը Երևան, փորձագիտական հանրությունն արդեն տեղում էր և քննարկում էր տվյալ համատեքստում ԵԱՏՄ-ի և Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները։
«ԵԱՏՄ-ի զարգացման ուղղության հեռանկարները նոր պայմաններում և երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ նրանց փոխակերպվող արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում» թեմայով կլոր սեղանը համախմբել է հայ և ռուս առաջատար փորձագետներին։ Առանցքային թեմաներից մեկը Ուկրաինայում պատերազմի ֆոնին պատժամիջոցների քաղաքականությունն էր և դրա ազդեցությունը ԵԱՏՄ երկրների վրա։
ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության միջոցով հնարավոր է խնդիրներ լուծել
«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ծրագրային տնօրեն, Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (ՌՄԳԽ) անդամ Տիմոֆեյ Բորդաչևի կարծիքով, Եվրոպայում ռազմաքաղաքական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրների կողմից սկսված լայնածավալ տնտեսական պատերազմն ուղղակիորեն ազդում են Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների ողջ կոնֆիգուրացիայի վրա, որն ի սկզբանե ստեղծվել է որպես գործիք՝ բարձրացնելու մասնակից երկրների միջազգային մրցունակությունը՝ հիմնված միջազգային կարգի հիմնական ինստիտուտների և պրակտիկայի վրա համընդհանուր բաց քաղաքականության և համաշխարհայնացման հիմքի վրա։
«Այսօր այս հիմնական պայմանները հիմնովին փոխվում են. իրականություն են դարձել Ռուսաստանին «անջատելու» փորձերն այն արտադրական, ներդրումային, ֆինանսական և լոգիստիկ շղթաներից, որոնց վրա ԱՄՆ-ը և ԵՄ երկրները կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ: Այդ կապակցությամբ նոր նշանակություն են ստանում ԵԱՏՄ–ի և նրա ընդհանուր շուկայի զարգացման հետ կապված ֆինանսական, առևտրատնտեսական, ինստիտուցիոնալ, տրանսպորտային, լոգիստիկ հնարավորությունները՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի շարունակական մասնակցությամբ համաշխարհայնացման այն ինստիտուտներին, որոնցից Արևմուտքը փորձում է անջատել Ռուսաստանին», – նշել է Բորդաչովը։
Փորձագետը կարծում է, որ եթե նախկինում ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը համարվում էր ավելի շուտ որպես լրացուցիչ հնարավորություն, ապա այժմ դրա միջոցով է հնարավոր լուծել խնդիրներ, որոնք արդիական են պատժամիջոցներին դիմադրողականության բարձրացման և գիտատեխնոլոգիական զարգացման, երրորդի հետ առևտրի ընդլայնման, տեխնոլոգիաներին, լոգիստիկ լուծումներին և ֆինանսական շուկաներին հասանելիություն ստանալու համար: Ավելին, նա վստահ է, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ժամանակակից պայմաններում կարող է իրական օգուտներ բերել Ռուսաստանին։
«Ներկայիս միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ-ի էներգետիկ և պարենային միասնական շուկաների ձևավորման համար՝ միևնույն ժամանակ մեծացնելով ԵԱՏՄ-ի կարևորությունը Ռուսաստանի համար որպես իր արտադրանքը արտաքին շուկաներ դուրս բերելու հարթակ: Ընթացիկ միտումները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ֆինանսական կազմակերպությունների դեմ սահմանափակող միջոցների լայնածավալ խստացումը կարող է հանգեցնել միության ներսում ֆինանսական ինտեգրման ուժեղացմանը՝ հաշվարկներում ազգային արժույթների, առաջին հերթին՝ ռուբլու ակտիվ օգտագործման միջոցով ավելի էժան ռուսական նավթի ու գազի, գյուղատնտեսական ապրանքների համար։ ԵԱՏՄ-ի ներսում էներգակիրների ավելի ցածր գները կարող են խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը բարեկամ երկրներից: Եվ վերջապես, ներկայիս համաշխարհային քաղաքական ու տնտեսական իրադրությունը պոտենցիալ հնարավորություն է տալիս ԵԱՏՄ-ի ակտիվ դիրքորոշում ձևավորել բարեկամ երկրների և միավորումների հետ արտոնյալ և այլ պայմանագրեր կնքելիս:
Իսկ եթե խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ից օգտվելու ուղղակի հնարավորություններին, ապա նպատակահարմար կլինի դիտարկել համագործակցության ընդլայնման հետևյալ ուղղությունները՝ այլընտրանքային ֆինանսական մեխանիզմների մշակում, արտահանման նոր հնարավորությունների ստեղծում և հների պահպանում, կարևորագույն ապրանքների և տեխնոլոգիաների զուգահեռ ներմուծման կանոնավոր ուղիների կազմակերպում, բարեկամ երկրների հետ նոր արտոնյալ պայմանագրերի կնքում, եվրասիական ինտեգրման ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում, ներառյալ ԵՏՀ արտաքին առևտրային իրավասությունների ընդլայնում և ԵԱՏՄ ընդհանուր տրանսպորտային ու լոգիստիկ համակարգի ձևավորում։ Այս միջոցառումները, նույնիսկ մասնակի իրականացման դեպքում, կարող են էապես մեղմել արևմտյան պատժամիջոցների քաղաքականության որոշ հետևանքներ և, ի վերջո, լրացուցիչ իմաստ ստեղծել այս նախագծի գոյության համար», – եզրափակել է Բորդաչևը։
Ակտիվորեն փնտրվում են ԵԱՏՄ-ի զարգացման նոր ուղիներ
Ինչպես Ռուսաստանում, որը հանդիսանում է ինտեգրացիոն գործընթացի «սառցահատը», այնպես էլ դաշնակից մյուս երկրներում վերջին ամիսներին ակտիվորեն որոնում են ԵԱՏՄ-ի զարգացման նոր ուղիներ։ Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ մի կողմից Արևմուտքն ու Ռուսաստանը գտնվում են առճակատման և հիբրիդային պատերազմների մեջ, մյուս կողմից՝ Մեծ Եվրասիայի ավելի ու ավելի շատ երկրներ հասկանում են ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների բարելավման և մերձեցման անհրաժեշտությունը հրատապ քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման համար։.
Իսկ մեր տարածաշրջանում, ինչպես ընդգծել է Սաֆարյանը, հստակ տեսնում ենք, որ հարևան խոշոր երկրները շահագրգռված են զարգացնել բազմակողմ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի և եվրասիական ինտեգրացիոն տարածքի այլ երկրների հետ.
«Սա ստիպում է մեզ վերանայել և շտկել քաղաքական ու տնտեսական ռազմավարությունները և օգուտներ փնտրել զարգացող ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումից: Դա նաև վստահություն է ներշնչում, որ մեր երկրների քաղաքական գործիչները, հիմնվելով գիտական և փորձագիտական հանրության լավագույն փորձի վրա, կգտնեն զարգացման նոր բանաձևեր, և ԵԱՏՄ-ի ներուժը էլ ավելի շատ կբացահայտվի», – ասաց նա։ Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ եվրասիական ինտեգրման զարգացման ուղիների շուրջ շահագրգիռ, անկեղծ զրույցը կարևոր է, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բավարար ինտելեկտուալ ներուժ այս դժվարին որոնումների մեջ արժանի ներդրում ունենալու համար։
Միասնական և ուժեղ Եվրասիայի կառուցումն իրականություն է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն իր ելույթում հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն ամենաիրատեսական ինտեգրացիոն նախագիծն է ժամանակակից Եվրասիայում, որի ստեղծումը պետությունների միջև փոխշահավետ համագործակցության ձևաչափի և ուղղությունների համատեղ որոնման արդյունք է: «Միությունը 8 տարեկան է, այն հաջողությամբ գործում է, զարգանում է շատ արագ և արդյունավետ», – ասաց նա։
Բարսեղյանը նշեց նաև, որ ԵՏՀ-ն չի գործում ի շահ կոնկրետ որևէ պետության, այլ միավորում և համադրում է անդամ բոլոր երկրների շահերը։ Մարտահրավերները, որոնց աշխարհը վերջերս է բախվել, զգալի են և ազդում են տարբեր ոլորտների վրա, որոնց հետ կապված ձևավորվում են տնտեսական զարգացման նոր կենտրոններ, փոխվում է գլոբալ որոշումներ կայացնելու տրամաբանությունը։
Փոփոխությունների լույսի ներքո նա մի քանի կարևոր դրույթներ ներկայացրեց.
«Այս պահին շատերը խոսում են միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանի ավարտի, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ի հայտ եկած լուրջ փոփոխությունների մասին ընդհանուր առմամբ։ Մենք ԵԱՏՄ-ում ի սկզբանե ելնում էինք նրանից, որ տարածաշրջանայի նինտեգրումը նպաստում է բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը։ Դա հաշվի առնելով՝ ստեղծվում ու մշակվում էր մեր եվրասիական նախագիծը։ Միաժամանակ մենք նշել ենք և շարունակում ենք արձանագրել, որ աշխարհի այլ տարածաշրջանների երկրներ ևս ինտեգրումը դիտարկել են որպես տնտեսությունների մրցունակության բարձրացման լրացուցիչ հնարավորություն»։
Երկրորդ, շարունակեց նա, ներկայիս աշխարհատնտեսական պայմաններում միությունը համակարգված կերպով հանդես է գալիս ինչպես պետությունների, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ կապերի զարգացման օգտին. «Միջազգային գործունեության ձևավորված ենթակառուցվածքը ցույց է տալիս, որ միությունը ամուր ինտեգրված է համաշխարհային տնտեսությանը։ Ավելին, երկխոսությունը ենթադրում է նաև ուշադրություն գործընկերների ինտեգրացիոն նախաձեռնություններին», – ընդգծեց Բարսեղյանը։
Միության շրջանակներում տնտեսության տարբեր ոլորտների ինտեգրման խորությունը հետաքրքրություն է առաջանում մեծ թվով գործընկերների մոտ, սակայն, առանց ԵԱՏՄ-ի հզոր ինտեգրացիոն միջուկի, անհնար է իրականացնել որևէ բովանդակալից միջազգային նախաձեռնություն երրորդ երկրների կամ միությունների հետ:
ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրենը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ Եվրասիական մայրցամաքի (և ոչ միայն) երկրների ինտեգրման նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը հուշում է, որ միությունն արդեն ձևավորում է իր ուժային կենտրոնը, զարգացման եզակի մոդելների և ընդհանուր ինքնության որոնման մեջ է, և վստահություն հայտնեց, որ ուժեղ ու միասնական Եվրասիայի կառուցումն իրականություն է, որի որակը կախված է լինելու համատեղ ջանքերից և փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունից։
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը։
Լինա Մակարյան