Մայիսի 20-ին Լենինականի (Գյումրիի) Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանային ջոկատը նշում է իր 95-ամյակը: Տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ բաց դռների օր, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից: Ախուրիկ բնակավայրի հենակետ ժամանեցին լրագրողներ Երևանից և Գյումրիից:
Ջոկատի պատմությունը սկզբնավորվում է 1922 թ.-ին, երբ Ստեպնինյան դիվիզիայի մի մասը տեղակայվեց Գյումրիում (հին անունը՝ Ալեքսանդրապոլ): Սակայն պաշտոնական տարեթիվը համարվում է 1924 թվականը, երբ Անդրկովկասյան Չեկայի (Արտակարգ հանձնաժողովի) հրամանով ստեղծվեց Լենինականի սահմանային ջոկատը:
Սահմանապահ ծառայության ղեկավար Դենիս Բատոմունկուևը նշել է, որ ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ պետական սահմանի հատվածը՝ 132 կմ ընդհանուր երկարությամբ, և որ այն ամենադժվար հատվածներից է՝ հնարավոր սահմանախախտումների առումով:
1923թ. վնասազերծվել են 600 քուրդ զինյալներ, ապա` 200 թուրք: Նույն թվականին սահմանապահ Պյոտր Ժուկը հայտնաբերել է 11 հոգանոց հրոսակախումբ: Նա միայնակ մարտի է բռնվել և, ջախջախելով սահմանախախտներին, մահացել ստացված վերքերից
Սահմանապահները հայտնաբերեցին Պյոտրին բլրի վրա արդեն մահացած. Նա այնքան պինդ էր բռնել հրացանը, որ հնարավոր չէր այն իր ձեռքից վերցնել: Հերոսը հուղարկավորվեց մահվան վայրում: Ամեն տարի Պյոտր Ժուկի ծննդյան օրը սահմանապահները գալիս են և ծաղիկ են դնում իր հուշարձանին:
Պետական սահմանը խախտելու վերջին փորձը կատարվել է 2015 թվականին` Չեխիայի Հանրապետության քաղաքացու կողմից:
Ջոկատի շատ զինծառայողներ մեկնել են Հայրենական մեծ պատերազմին: Նրանցից մեկը՝ Սովետական Միության հերոս Լուկա Մինովիչ Դուդկան, անցել է ողջ պատերազմը և մահացել 1945 թվականի ապրիլի 25-ին՝ Բեռլինի գրավվման ժամանակ: Բայց նրա անունը և սխրանքը կենդանի են մինչ այսօր: 1965թ.-ին նրա անունը հավերժ ընդգրկվեց սահմանային հենակետերից մեկի անձնակազմի անվանացանկում, որն այժմ կրում է Դուդկայի անունը: Սահմանապահները ունեն այսպիսի մի ավանդույթ. երբ անցնում է մարտական հաշվարկը, հենակետի պետը հարցնում է յուրաքանչյուր զինվորին, թե որտեղ է նա այսօր ծառայել, առաջինը հիշատակվում է Լուկա Դուդկայի անունը, որից հետո առաջ է գալիս մի զինվոր և պատմում հերոսի պատմությունը:
Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանային ջոկատի սահմանապահները առաջինն էին նաև, ովքեր օգնության հասան 1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժից տուժածներին:
Բաց դռների օրը տեղի է ունենում ամեն տարի՝ տարելիցի նշման նախօրեին: Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսեյ Դիուլինն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը:
“Հենց այս օրը դպրոցականները կարող են անարգել այցելել սահմանապահ ուղեկալի տարածք, նայել այստեղ պահվող զինատեսակները, զինված տեխնիկան, մասնակցել սահմանապահների կողմից կազմակերպված էստաֆետային մրցավազքերին և մրցումներին, և, իհարկե, ստանալ նվերներ”,- նշեց նա:
Հեռվից կղզյակի նմանվող սահմանային հենակետում հավաքվել են Գյումրիի և հարևան գյուղերի դպրոցականները, ինչպես նաև զինվորականների երեխաները: Ծրագիրը հագեցած էր. հյուրերը կարող էին այցելել սահմանի պաշտպանության համար օգտագործվող զենքերի ցուցադրությունը, սահմանային ջոկատի պատմության մասին ֆիլմ դիտել, ինչպես նաև ականատես լինել հնարավոր սահմանախախտի որոնման և ձերբակալման ցուցադրական ելույթներին, սովորել քանդել և հավաքել ինքնաձիգ, մասնակցել «Զարնիցա» ռազմահայրենասիրական խաղին, որի հաղթողները ստացան նվերներ և շնորհակալագրեր սահմանային ջոկատի ղեկավար Մաքսիմ Գուստյակի կողմից, գնահատել շուն վարժեցնող մասնագետների և Չարլի շան հմտությունները, ինչպես նաև ականատեսը լինել փոքր պատերազմական դրվագի, երբ սահմանապահները խաղարկեցին ծխաբեր նռնակով և Կալաշնիկովի ինքնաձիգով ճակատամարտ, որից հետո երեխաները խանդավառությամբ հավաքում էին պարկուճները և միմյանց հետ կիսում «ռազմավարը»:
Բաց դռների օրը պայծառ էր և շոգ: Արևից կիզվում էր Հայաստանում հազվագյուտ, եթե ոչ վերջին, Լենինի հուշարձանը՝ անհամաչափ մեծ գլխով: Բացի միջոցառման տպավորություններից, հատկապես հիշվեց երկու միջադեպ: Երեք տարեկան ռուս աղջիկ՝ զինվորականի դուստր, վազում է հոր մոտ և քաշում նրա տաբատից.
– Հայրի՛կ, հայրի՛կ, ուզում եմ խմել:
– Աղջի՛կս! Դու ծնվել և մեծացել եք հենակետում, ինքդ ջուր գտի՛ր,- հանգիստ և կտրուկ պատասխանում է հայրը:
– Ճիշտ այդպես,- ասում է աղջիկը և վազելով գնում է:
Ինձ շատ տպավորեց նաև հինգ-վեց տարեկան հայ տղա, որի ձեռքին փայտից փորագրված և արծաթյա ներկով պատված ինքնաձիգ կար: Նա տարբերվում էր բոլոր տղաներից, ում ուսերին ու ձեռքին խանութից գնված խաղալիք զենքեր էին:
Նա ընդհանրապես չէր նեղվում դրանից, արժանապատվությամբ կրում էր իր ինքնաձիգը, իսկ ես այդ պահին պատկերացրեցի, թե ինչպես է այդ ինքնաձիգը խնամքով փայտից փորագրում իր պապը… Տղան բեմադրված ճակատամարտից հետո ամենաշատ պարկուճները հավաքեց գետնից, և ես օգնեցի տեղավորել դրանք իր գրպաններում՝ հարցնելով.
– Ռուսերեն գիտե՞ս:
– Չէ՛,- պատասխանեց տղան,- բայց ռուս ընկերներ ունեմ:
Եվ դրանով ամեն ինչ ասված է: Նա, անշուշտ, կսովորի ռուսերեն, իսկ իր ռուս ընկերները՝ հայերեն, որովհետև նրանք միասին պետքէ պաշտպանեն սահմանը և խաղաղությունը: Ինչպես իրենց պապերն ու հայրերը…
Ելենա Շուվայեվա-Պետրոսյան