Գնալ ներկայացման – միշտ չէ, որ նշանակում է պարզապես նստել դահլիճում և դիտել այն, ինչ տեղի է ունենում բեմի վրա: Երբեմն դա նշանակում է ինքդ էլ մասնակցել «գործողությանը», լինել որևէ յուրահատուկ իրողության մասնակիցը: Հովհաննես Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում արդեն երրորդ տարին անցկացվում է ռեժիսյոր Սամսոն Մովսեսյանի «Խոսիʹր ինձ հետ» ներկայացումը, որը լավ օրինակ է, թե ինչպե՞ս հանդիսատեսը կարող է դառնալ ներկայացման մի մասնիկը: Ներկայացումը բեմադրված է ամերիկացի թատերագիր և արձակագիր, Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր Թեննեսի Ուիլյամսի պյեսի մոտիվներով:
«Հաղորդակցությունը հանդիսատեսի հետ – դա հետաքրքիր է: Քանի որ այսօր՝ բջջային դարում, մարդիկ հեռացել են իրարից, այս ֆորմատի միջոցով մենք, կարծես, նորից մոտիկանում ենք: Իհարկե, կարելի է ներկայացումը բեմադրել նաև մեծ դահլիճում, սակայն դա այդքան հետաքրքիր չի լինի: Քանի որ այդպես դու հնարավորություն չես ունենա նայել հանդիսատեսից յուրաքանչյուրի աչքերի մեջ, իսկ դա կարևոր է», – կիսվում է դերասանուհի Տաթև Հովակիմյանը:
«Այն ամենն, ինչ դերասանին կարող է հանել իր հարմարավետության տարածքից – դա մարտահրավեր է: Եվ դա շատ հաճելի է – կոտրել կարծրատիպերը: Դու հասկանում ես, որ քո մասնագիտության մեջ կան շերտեր, որևէ փոքրիկ պահարաններ, որոնք դու դեռևս չես բացել: Երբ շուրջդ անընդհատ ներկայացումներ են դրվում բեմի համար, ցանկություն է առաջանում կոտրել ֆորմատը: Փորձարարությունը դերասանի համար – դա միշտ էլ հետաքրքիր է», – ասում է դերասան Դավիթ Սարգսյանը:
Տվյալ ներկայացման հանդիսատեսի համար առանձնացվել է 20-25 տեղ: Հանդիսատեսը, կարծես թե, հյուր է եկել ներկայացման հերոսներին և նրանց երկխոսությունների, մենախոսությունների և նույնիսկ լռության միջոցով կարող են գտնել իրենց տարբեր կենսական իրավիճակներում: Գործողությունը կատարվում է մեկ սենյակում: Սենյակ, որտեղ երկու հոգի սիրում են իրար, երբեմն խելագար, անհասկանալի սիրով: Բեմադրության ընթացքում մենք դիտում ենք սերը դրա տարբեր դրսևորումներով: Չէ որ, իրականում էլ, կյանքում մենք այնքան հաճախ չենք լսում իրար, թեկուզ և ունկնդրում ենք: Լռում ենք, երբ պետք է խոսել, և խոսում ենք, երբ պետք է լռել: Ինքը, ներկայացումը, անմիջական շփում է պահանջում, ինչի շնորհիվ ներկայացումն իր ծավալով ավելի լայն է դառնում և դուրս է գալիս «մեկ սենյակի» շրջանակներից:
«Երբեկ չի լինում այնպես, որպեսզի ներկայացումն ամեն անգամ միանման անցնի: Այստեղ ավելի շատ գործում է մարդկային գործոնը: Ներկայացումն դրված է այնպես, որ մենք ունենք իմպրովիզացնելու հնարավորություն: Դերասանական մասնագիտության մեջ, բացի այն, որ դու ինչ-որ բան ես բերում քո կերպարի մեջ քո սեփական կյանքի փորձից, կա նաև մյուս կողմը – դիտարկումը: Այս գործընթացը կյանքում չի դադարում: Ամեն բան կախված է նրանից, թե դու ինչպես ես նայում աշխարհին, ինչպես ես դու ընկալում ուրիշներին քո շրջապատի մեջ: Այստեղ արդեն այնքան էլ կարևոր չէ, թե քո մարմնավորած հերոսը նման է քեզ, թե ոչ, իմաստը նրանում է, թե որքան լայն ես դու ընկալում քո հերոսի խնդիրները, ընդհանրապես դու ինչպես ես նայում դրան», – բացատրում է Դավիթ Սարգսյանը:
«Այս ներկայացման հիմնական կոչը արդեն վերնագրի մեջ է՝ «Խոսիʹր ինձ հետ»: Այստեղ հարաբերությունների տարբեր կողմեր են, սիրո տարբեր դրսևորումներ, որոնք ներկայացված են դրամատուրգիայի տեսքով: Շատ հաճախ զույգերը չեն տեսնում միմյանց, երբ դա շատ է անհրաժեշտ, պատեր են կառուցում: Երբեմն շատ մեծ խնդիրներ կարելի է հեշտորեն լուծել, եթե մարդիկ պարզապես լսեն միմյանց և խոսեն միմյանց հետ», – եզրափակում է Տաթև Հովակիմյանը
Դեկորացիաների նվազագույնությունը թույլ է տալիս ավելի ուշադիր նայել դերասաններին և նրանց խաղին: Տվյալ ներկայացման մեջ նույնիսկ զգեստափոխվում են բեմի վրա – ամեն ինչ ափի մեջ է: Լա՞վ է դա, թե՞ վատ: Ամեն մեկին իրենը: Ոմանք հաճույք կստանան բեմի վրա տեղի ունեցածից, կճանաչեն իրենց, հնարավոր է, կզայրանան: Հենց դրանում է ներկայացման գեղեցկությունը՝ այն միանշանակ չէ:
Մարիանա Հակոբյան