Եթե «Ամերիկյան երազանքի» կենդանի օրինակի որոնման նպատակ դրվի, ապա հեռուն գնալու կարիք չի լինի։ Վերցրեք Լոուրենս Գիլբերտ Գագոսյանին ու որպես պատկերավոր օրինակ վստահաբար դիտարկեք այն, թե ինչպես մարդը, վերավաճառելով15 դոլլար արժողությամբ կինոֆիլմերի գովազդներով պաստառները, որոնց մեծածախ արժեքը 2 դոլլար էր կազմում, դառնում է աշխարհի ամենահայտնի արտ-դիլերն ու ցուցասրահների սեփականատեր։ Երբեմն վիճում են այն հարցի շուրջ, թե գուցե Cristie’s աճուրդի տիրոջ՝ Ֆրանսուա Պինոյի օրինակն ավելի տիպիկ լինի,սակայն, եթե նույնիսկ դա այդպես էլ է, Լարրիի հեղինակությունը դրանից չի պակասում։ Շատերը նրան համարում են «արվեստի մաֆիայի կնքահայրը», հայերը նեղացած են իրենց հայրենակցից, քանի որ (բանբասանքների համաձայն) նա ամեն կերպ փորձում է նրանց հետ չաշխատել, սակայն նկարիչների հանրայնությունն ապահովելու և կտավների վաճառքի հետ կապված նրա հեղինակությունն անվիճելի է։ Եվ եթե գեղանկարիչը հայտնվել է Գագոսյանի ազդեցության տիրույթում, ապա միայն այդ հանգամանքը նրան արդեն ցմահ հաջողություն է ապահովում։
Գագոսյանական թանգարանները
Ի դեպ, 1945 թ․Կալիֆորնիայում (այո, այո, հենց Լոս- Անջելեսում, ուրիշ էլ որտե՞ղ), հաշվապահի հետ ամուսնացած դերասանուհու ընտանիքում ծնված, Երևանյան ծագում ունեցող մարդկանց թոռան մոտ պաստառների շահարկման հետ կապված գաղափարը միանգամից ի հայտ չեկավ։ Սկզբում նա աշխատում էր վաճառող՝ երաժշտական խանութում ու գրախանութում, գանձապահ՝ սուպերմարկետում, գրանցում էր ինչ-որ հյուրանոցի հաճախորդներին կամ էլ հետևում էր ավտոկայանատեղու մեքենաներին,- դե, ճիշտ ամերիկյան դասականություն։ Իսկ հետո Լարրին որոշում է կայացնում ու ընդունվում է Կալիֆորնիայի համալսարան՝ ամերիկյան ու անգլիական գրականություն ուսանելու համար, և հենց այդտեղ էլ ահա տեսնում է, որ ինչ-որ մեկի մոտ պաստառների բիզնեսը վատ չի ընթանում․․․
Ամեն բան ընթանում էր գերազանց, և ահա, երբ նրան սկսում է սեփական խանութը թվալ փոքր, 1970-ականների վերջին Գագոսյանը Լոս-Անջելեսում բացում է իր առաջին ցուցասրահը՝ Broxton Gallery-ն։ Մեկ տարի անց նա թողնում է Broxton-ը կառավարիչների հսկողության տակ և ուղևորվում Նյու-Յորք՝ Սոխոյում բազմաթիվ հետաքրքիր ու օգտակար մարդկանց հետ շփվելու նպատակով, հիանալի հասկանալով, որ առանց Սոխոյի նա չի կարող դուրս պրծնել պատկերասրահի սեփականատիրոջ կիսագավառական վիճակից։ Ի վերջո նա դուրս է գալիս այդ վիճակից, և հիմա ողջ աշխարհում թվով տասնյակ Gagosian Gallery գոյություն ունի։
Այդ մարդուն կամ միշտ ժպտում է հաջողությունը, կամ էլ նա իսկապես ճիշտ հոտառություն ունի, բայց այնուամենայնիվ Լարրին ինչ-որ մի պահի միանգամից հայտնվեց այն ժամանակներում Ամերիկայի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ողջ աշխարհի ամենահայտնի արտ-դիլլերի՝ Լեո Կաստելիի ծանոթների ու աշխատակիցների շրջանում։ Կաստելիի դպրոցը Գագոսյանին արագորեն արվեստի գործերի հետ աշխատելու ճիշտ բանաձևը սովորեցրեց։
Իսկ դա բոլորովին էլ խորամանկ բանաձև չէ։ «Թեյնիկների» համար կարելի է բացատրել այսպես․Հետաքրքրություն առաջացնող А նկարչի կտավը գնում է ոմն պարոն В-ն՝ մի այլ կարգի բարձր գնով, որից բարձր չի լինում: Նկարիչը դրանից ստանում է ոչ պակաս «օգուտ», իսկ պարոն В-ն, բացի նրանից, որ դառնում է նորաձև գլուխգործոցի սեփականատերը, ցույց է տալիս բոլորին, թե որքան է սիրում արվեստը, և որքան գումար նա կարող է վճարել կտավի համար։ Պարոն G-ն, ում ցուցասրահում այդ ամենը տեղի էր ունեցել, այս ամբողջ պատմությունից ստանում է այն, ինչը չի վերցրել նկարիչը՝ մեծացնելով սեփական կարողությունը ոչ համեստ կլորիկ մի գումարով։ Եվ պարզ է, որ առանց պարոն G-ի, նկարը, եթե նույնիսկ վաճառվեր էլ, ապա մի քանի անգամ ավելի էժան կլիներ, և բացի դա՝ ո՞վ պիտի պարոն B–ին հասկացներ, որ այն ժամանակակից գեղարվեստի իսկական գլուխգործոց է։
Լարրին սկսեց փոփ-արվեստից, որն այն ժամանակ չափազանց նորաձև էր, սակայն շատ շուտով անցավ մնացած ժանրերին։ Եթե նա ինչ-որ մի բան է տեսնում, որն իր կարծիքով արժեքավոր է, ապա կառչում է դրանից ու այլևս բաց չի թողնում։ Եվ այդ «արժեքավոր» իրը նա էլ ավելի արժեքավոր է դարձնում։ 2007 թ․նրա ցուցահանդեսն անց կացվեց Մոկվայում, Բարվիխում, որտեղ առկա էր գրեթե 100 մլն․ դոլլար արժողությամբ «ապրանք»։ Բացման օրը կնքվեց 7 մլն-ի գործարք, իսկ մնացածի կեսից ավելին էլ ամրագրեցին։ Ճիշտ նույն բանը կատարվում է ողջ աշխարհով մեկ, երբ օրինակ՝ նա Ժնև է տանում բազմաթիվ Պիկասսոներ, Փարիզ՝ Գերիի քանդակները, Հոնկոնգում էլ մասսայական հանրայնություն է վայելում Մուրակամին։ Ավելի պակաս հայտնի անուն ունեցողներն էլ են վաճառվում, իսկ Լարրին բարկանում է, երբ ասում են, թե նա կարող է վաճառել այն ամենը, ինչ ցանկանա։
«Դա այդպես չէ։ Նկարիչը պետք է տաղանդ ունենա։ Հնարավոր չէր հենց այնպես աջակցել նկարչին ու հայտնի դարձնել միայն գովազդի օգնությամբ։ Դրա համար նա պետք է մշտապես նոր գործեր ստեղծի։ Եթե նկարիչը մի կտավը 5 տարում է նկարում, ես ոչինչ անել չեմ կարող»։
Բացարձակ հոտառություն
Արտ-դիլերության մեջ գլխավոր խոչընդոտը Գագոսյանը համարում է ստեղծագործության բացարձակ անկառավարելիության փաստը, իսկ եթե այն հնարավոր լիներ կառավարել, ապա դա արվեստ չէր կոչվի։ Նա նկատի ունի, որ իսկական գեղանկարչին, ըստ էության, հնարավոր չէ ստիպել պատկերել կոնկրետ կտավ, իսկ ահա նրան ճիշտ ուղղությունը ցույց տալ՝ հնարավոր է, ինչով էլ ամբողջ ժամանակ զբաղվում է Լոուրենս Գիլբերտը։
«Նկարչին միշտ պետք է լուրջ ընդունել ու լսել, թե ինչ է ասում նա։ Այո, մենք աշխատում ենք փողի հետ, և փողն այստեղ դերակատարություն ունի, ինչպես որ մնացած այլ մասնագիտացված բիզնեսներում է։ Բայց փողի հետ խաղն էլ իր տեսակի մեջ զվարճալի մի պար է ստացվում։ Դու ուզում ես հասնել հաջողության, և միևնույն ժամանակ էլ՝ նկարիչներն են ցանկանում հասնել հաջողության։ Այն բիզնեսը, որով զբաղվում եմ ես, տարբեր իրերի համադրություն է, ինտուիցիաների խառնուրդ, նկարիչների, նրանց գործերի մասին գիտելիքներ, արվեստի շուկայի իմացություն։ Բացի այդ՝ հարկավոր է իմանալ, թե ով կարող է լինել պոտենցիալ գնորդը և որ երկրում։ Դա ամեն ինչի մի հսկա համալիր է, իսկ ինտուիցիան դրա միայն մի մասն է։ Իմ բիզնեսի վրա ես բավական շատ էներգիա եմ ծախսում, շատ ճանապարհորդում եմ, շփվում եմ գնորդների հետ, և ինձ դուր է գալիս այն, ես մեծ հաճույք եմ ստանում՝ դրանով զբաղվելով։ Ամենագլխավորն այն է, որ սիրես այն, ինչով զբաղվում ես, այլապես ոչինչ չի ստացվի»։
Հենց այդ պատճառով էլ Գագոսյանի տարեկան մաքուր եկամուտը վերջին ժամանակներում անցնում է միլիարդ դոլլարից, և այսօր նա մատուցում է այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Ջեֆֆ Կունս, Սայ Թվոմբլի, Տակաշի Մուրակամի, Պաբլո Պիկասսո, Էնդի Ուորխոլ, Ռոբերտ Ռաուշենբերգ և շատ ուրիշներ։ Իհարկե այդպիսի Կարաբաս- Բարաբաս դառնալու համար հարկավոր է հատուկ տաղանդ ու առողջ հանդգնություն, ինչպես նաև երբեմն այլոց շահերի վրայով քայլել- անցնելու կարողություն։ Ինչ արած, այդպիսին է ցանկացած բիզնես, ոչ միայն այն, ինչը արվեստի հետ է կապված։ Դե, իհարկե նաև ինտուիցիայի անհավանական մեծ ուժ, այլապես ինչպե՞ս կլինի առանց դրա։
Ահա, օրինակ, այսպիսի մի պատմություն։ Հանդուգն ու ինքնավստահ բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը, 1993 թ․ Վենետիկի բիեննալեյում իր հաղթանակից հետո, հուսահատորեն որոնում էր լուրջ, համարձակ ու անսկզբունքային մի դիլլերի, և Լարրին այդ դերին համապատասխանում էր բոլորից լավ։ Ինչպես հաստատում են համապատասխան միջավայրերում՝ հենց Գագոսյանն է խորհուրդ տալիս Հերսթին, որ որքան հնարավոր է՝ շատ նկարի՝ շուկան հեղեղելով քանակով, ինչն էլ նկարիչը սկսում է անմիջապես անել։
2010 թ․Լարրիից հեռանում են երկու գեղանկարիչ, ինչին անմիջապես հաջորդում է Գագոսյան- Հերսթ պայմանագրի խզումը։ Մրցակիցները 7-րդ երկնքում են՝ հարաբերությունների սկանդալային տապալումը նշանակում էր, որ իրենց բավական մեծ բաժին կհասնի։ Սակայն վաղ ուրախացան, Լարրին ամեն բան ճիշտ էր հաշվարկել․Այդ ընթացքում Հերսթն արդեն այնքան էր նկարել, որ նրա գործերը միայն վարձու աշխատողները չէին գնել։ Նույն թվականին բրիտանացու նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ ընկավ, և Հերսթովյան կտավները լավագույն դեպքում վաճառվում էին նախկին արժեքի 2/3-ի չափով։
Իսկ Գագոսյանը Գագոսյան չէր լինի, եթե իր ուզածին չհասներ՝ այն էլ առավելագույնով․ Հերսթի հանդեպ հետաքրքրության անկման կապակցությամբ նա կազմակերպեց նրա հրաժեշտի երեկո- ցուցահանդեսը՝ բացառապես իր բոլոր ցուցասրահներում՝ որպես նշան համերաշխության։ Այդ ցուցահանդեսների ժամանակ Լարրին էլի մի երկու-երեք միլիոն վաստակեց։
Լարրին կարող է իրեն թույլ տալ լինել փլեյբոյ, նա քշում է ամենաթանկ մեքենաները, հագնվում է ամենաանհավանական գներն ունեցող խանութներում, և ամենաշքեղ զբոսանավերի վրա հյուրընկալում է ամենագեղեցիկ կանանց։ Դե ինչ, նա դրա իրավունքն ունի, Լարրի Գագոսյանին կարելի է ընդունել ինչպես հարմար է, շատերը նրան նույնիսկ ատում են, սակայն դա է հենց նրա նման հաջողակ ու ինքնատիպ մարդկանց ճակատագիրը։ Եվ ոչ բոլոր նկարիչներն են իհարկե նրա համար ժամանակավոր հայտնություններ, որոնք ոսկե ձվեր են ածում։ Օրինակ վերցնենք Ուորխոլին, Լարրին պաշտում է նրան, ու նա նկարչի հետ անժամկետ պայմանագիր ունի կնքած՝ նրա կտավները ԱՄՆ-ում և Անգլիայում վաճառելու եզակի իրավունքով, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Ուորխոլը ինչ-որ մի անգամ ասել է․«Նկարիչն այն է, ով մարդկանց համար անպիտան իրեր է ստեղծում»։ Գագոսյանն արդեն մի քանի տարի է՝ հերքում է այդ վիճելի կարծիքը։
Գագոսյանն ինչ խոսք, բարեգործ չէ, ամեն դեպքում այդ բառի ընդունված նշանակությամբ։ Բարեգործները ի ցույց են դնում սիրալիրություն և աջակցում են ժամանակակից նկարիչներին, իսկ Գագոսյանն անում է այնպես, որ գեղանկարիչները դառնան հարուստ ու նրանց փառք է բերում։ Եվ ինքն էլ այդ ընթացքում վաստակում է, իսկ ինչո՞ւ ոչ։
Մի՞թե ազնիվ բիզնես չէ այն, որ արտիստիկ ու խարիզմատիկ «կապիտալիզմի շնաձուկը» զբաղվում է այն ամենով, ինչը կարող է նկարչին սովորեցնել, թե ինչպես սոված չմնալ․․․
Ռուբեն Գյուլմիսարյան