«Լսողությունդ կարող է խաբել քեզ, ինչպես որ կարող են խաբել աչքերդ կամ, ասենք, ինչ-որ քաղաքական, սակայն սիրտն ու դրանից եկող երաժշտությունը չեն խաբի երբեք»:

Այս բառերը պատկանում են ոմն ամերիկացի ջազմենի, ով այսպիսի խոսքերն ասել է շատ տարիներ առաջ՝ ներկա գտնվելով Վրաստանում տեղի ունեցած Ջազային երաժշտության կովկասյան առաջին փառատոնին: Դրանից շատ տարիներ են անցել, սակայն վրաց, ադրբեջանցի ու հայ ջազմեններն առաջվա պես հավաքվում են Թբիլիսյան փառատոնի շրջանակներում, կիսվում իրենց փորձով ու խոսում ջազի անսահման հնարավորությունների մասին: Վերջերս փառատոնին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև Իրանն ու Թուրքիան:

20170619_200410_672
Елена Мечитова – директор фестиваля

Թվով 8-րդ Կովկասյան ջազ- փառատոնն անց կացվեց հունիսի 14-19-ին՝ առաջին անգամ «Jazz Up The Borders» («Ջազն անսահման է») անվանումով: Այդ երեք օրերի ընթացքում ջազի վրաց սիրահարները երեկոներն անցկացնում էին «Մուշտաիդ» մայրաքաղաքային այգում՝ վայելելով ինչպես տեղացի կատարողների, այնպես էլ արտասահմանյան հյուրերի կատարումները:

Փառատոնի առաջին օրը՝ հունիսի 14-ին, հանդիսատեսի առջև ելույթ ունեցան Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու Հայաստանը: Համերգի բացումն արեց վրացական Auditorium A խումբը՝ կատարելով վրացական հայտնի «Օր առաջին, օր վերջին» ֆիլմի «Փոստատարի երգերը» երգի ջազային տարբերակը: Ինչպես Dalma News-ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց խմբի մենակատար Սանդրո Կվաչաձեն, քանի որ շատ է սիրում այդ երգը, մեկ անգամ մտքով անցավ փոխել երգի կարգավորումները, ու արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Երաժշտի խոսքերով՝ հենց այդ արդարացված սպասումների շնորհիվ է, որ ինքը հիմա մտադիր է ակտիվորեն աշխատել վրացական դասական երաժշտության նոր, ջազային հնչողությունը հայտնի դարձնելու ուղղությամբ:

«Կովկասյան ջազային փառատոնը տարբերվում է նրանով, որ միավորում է տարբեր երկրների մշակույթներ: Անցյալ տարի փառատոնը կայացավ Ախալցխայում: Ես իրանական, թուրքական, ադրբեջանական և հայկական ջազ լսելու հնարավորություն ունեցա: Ինձ համար կարևորն այն է, որ այդ միջոցառումը դուրս է քաղաքական որևէ պայքարից ՝ տալով մեզ ազատ շփման հնարավորություն»,- ասում է երաժիշտը:

Auditorium A խումբը հիմնվել է վերջին ժամանակներս՝ 2014 թվականին: Այս տրիոյի անդամներն են կիթառահար Զուկա Սիմոնիշվիլին, թմբուկահար Դանիել Օդիկաշվիլին և բաս- կիթառահար Սանդրո Կվաչաձեն: Այս խմբին հաճախ կարելի է լսել թբիլիսյան «Զինգեր» ջազային սրճարանում:

Փառատոնի բացման օրը բեմում էր նաև հայկական «Լյուսի Խանյան տրիո»-ն՝ հանդիսականին նվիրելով հայկական մոտիվներով մի քանի ջազային կոմպոզիցիաներ: Նրանց հետևեց Artur Grigoryan Quintet-ը (Դավիթ Թադևոսյան– դուդուկ, Կարեն Գրիգորյան– ստեղնաշարային, Դավիթ Գեոդակյան– բաս- կիթառահար և Արման Մնացականյան), որից հետո փառատոնի հյուրերին արդեն ողջունեց ադրբեջանական «ZZAJ Patterns» խումբը:

65279_750_463

Զուգահեռաբար, փառատոնի առաջին օրվանից փորձառու կատարողներ, ինչպիսիք են թմբուկահար Գեորգի Մելիկիշվիլին (Վրաստան), սաքսոֆոնիստ Արմեն Ուսնունցը (Հայաստան), դաշնակահար Սալման Համբարովը (Ադրբեջան) և բաս-կիթառահար Շենթուրք Օզտաշը (Թուրքիա) վարպետության դասերի շրջանակներում ջազային հնարքներով կիսվեցին ուսանողների հետ: Վարպետները եզրափակիչ համերգին բեմ բարձրացան հատուկ հրավիրված հյուրի ելույթով:

Սալման Համբարով – Ադրբեջանցի 58-ամյա երաժիշտը հանրության առաջ ներկայացավ միջազգային բենդի հետ միասին: Դաշնակահարն ինքնակամ դարձել է ջազմեն, դրա համար էլ նրա երաժշտությունը գունեղ և յուրահատուկ է: Նա Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ֆակուլտետի շրջանավարտ է: 1996 թվականին Համբարովը ստեղծել է Bakustic Jazz խումբը: Իր խոսքերով՝ կարիերայի ողջ ընթացքում ինքը փորձում է արտահայտել ջազային երաժշտության դիրքը այլ մշակույթների ու ոճերի նկատմամբ:

Թուրք բաս-կիթառահար, կոմպոզիտոր և գործիքավորող Շենթուրք Օզտաշը ծնվել է 1986 թվականին, ավարտել Յըլդըզ տեխնիկական համալսարանի արվեստի ու դիզայնի բաժինը: Նա իր Songs From A Breeze խմբի հետ միասին մասնակցում է տարբեր միջազգային ջազային փառատոնների:

Հրավիրված հյուրի կարգավիճակով փառատոնին ելույթ ունեցավ նաև Գեորգի Մելիկիշվիլին, ով ԱՄՆ-ում ավելի հայտնի է Ջորջ Մելի բեմական անունով: Երաժիշտը ծնվել է Վրաստանում, սակայն երաժշտություն ուսանել արտասահմանում: Ավարտել է Berklee College Of Music երաժշտական հեղինակավոր քոլեջը: New York City Jazz Record–ի գնահատանքով Մելիկիշվիլին Նյու- Յորքյան ջազային հարթակի վետերան է: Տարբեր ժամանակներում Ջորջ Մելին համագործակցել է հայտնի երաժիշտներ Էսպերանսա Սփալդինգի, Լեո Ջենովեզի, Ավիշայ Քոենի, Գաբրիել Գրոսսի և այլոց հետ:

DSC09445Փառատոնի ակտիվ մասնակիցներից մեկն էլ հայ հայտնի սաքսոֆոնիստ Արմեն Ուսնունցն է: Նրա կարիերան սկսվել է 45 տարի առաջ՝ դաշնամուրից: Այն ժամանակ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտը չէր էլ ենթադրում, որ համաշխարհային փառքն  իրեն կայցելի բոլորովին այլ գործիքի շնորհիվ: Երաժշտական դպրոցն ավարտելուն պես Արմենը սկսում է սաքսոֆոն նվագել հոգևոր նվագախմբում: Այդպես նա աստիճանաբար տարվում է ջազով ու ստեղծում Time Report Band էթնոջազային քվինթեթը:

«Երաժշտությամբ ես միշտ եմ տարված եղել, իսկ սաքսոֆոնը ինձ մոտեցրել է ջազին, թեպետ իմ կարծիքով այս գործիքը հիանալի հնչում է նաև սիմֆոնիկ նվագախմբում: Լավ ջազը վարակիչ է»,- Dalma News –ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց Ուսնունցը:

Բացի դրանից 2011թվականից սկսած՝ Ուսնունցը ղեկավարում ու դիրիժորում է Հայկական պետական ջազ-բենդը: Հարցազրույցի ընթացքում նա խոստովանեց, որ Կովկասյան ջազի փառատոնին հետևում է ամենասկզբից, քանի որ հենց այս միջոցառման ժամանակ է տարածաշրջանի երկրների երաժիշտների հետ շփվելու հնարավորություն տրվում: Տվյալ նախագիծն ունի նպատակ, առաքելություն և հարևան երկրների ապագա հարաբերությունների տեսություն:

«Օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով Թբիլիսին դարձել է կովկասյան տարածաշրջանի երաժիշտների հանդիպման անփոխարինելի վայր: Մենք շփման ու փորձի փոխանակման հնարավորություն ենք ստացել»,- ասում է հայ երաժիշտը:

Ուսնունցը մեծ հույսեր ունի, որ ինքն ապագայում  ոչ միայն Թբիլիսիի վրաց ուսանողներին, այլ նաև հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի երիտասարդությանը դասախոսելու հնարավորություն կունենա:

Հույսերով լի են նաև փառատոնի մնացած մասնակիցները: Եզրափակելով 2017 թվականի միջոցառումը՝ երաժիշտներն ու ջազի սիրահարները հավատում են, որ հաջորդ՝ 2018 թվականին ջազային երաժշտության հանդեպ սերը կմիավորի աշխարհի տարբեր երկրների  ավելի շատ ներկայացուցիչների:

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար

Լուսանկարները՝ Փառատոնի Facebook-յան էջից