«Նաիրյան Վոկալ» երաժշտական անսամբլը հիմնադրվել է 2015թ. «Մուղդուսյան» արվեստի տան մշակութային ծրագրի շրջանակներում և ահա արդեն չորրորդ տարին է ուրախացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին՝ իր հատուկ երգացանկով, որի հիմքում ընկած է Կոմիտասի արվեստը:

Անսամբլը ակապելա է կատարում, նաև անսամբլի վոկալիստուհիները տիրապետում են այնպիսի երաժշտական գործիքների, ինչպիսին են կլառնետը, թմբուկը և այլն: Մենք հաճախ կարող ենք հանդիպել այս անսամբլին քաղաքի փողոցներում, քանի որ նրանք սիրում են դիմավորել անցորդներին ֆլեշմոբերով: Անսամբլը ունեցել է մի քանի մենահամերգներ և մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների, ինչպես օրինակ «GlobalArt» և «Վերածնունդ», որոնցում այն 1-ին տեղ է զբաղեցրել:

Այն մասին, թե ինչպիսի՞ն պետք է լինի երաժիշտը, ինչպիսի՞ պրոֆեսիոնալ որակներով պետք է օժտված լինի, ինչպե՞ս հաղթահարի դժվարությունները երաժշտության օգնությամբ և շատ այլ հարցերի շուրջ Dalma News-ի թղթակիցը զրուցել է վոկալիստուհիներ Ելենա Ազարյանի, Դիանա Այվազյանի, Աննա Մինասյանի և անմիջապես անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանի հետ:

Նաիրա Մուղդուսյան

Անսամբլի երգացանկի մասին

«Ի սկզբանե Կոմիտասը ընտրվել է որպես անսամբլի հիմնական երգացանկ, քանի որ մենք կարծում էինք, որ մեր ստեղծագործական գործունեությունը պետք է սկսվեր Կոմիտասից, քանի որ դա խորհրդանշական է: Մենք շատ երկար ենք մտածում այս կամ այն ստեղծագործության և երգահանի ընտրությունից առաջ. ի՞նչ երգ ընտրենք, որպեսզի խումբն իրեն առավելագույնս հետաքրքիր ներկայացնի հանդիսատեսին: Մենք կարծում ենք, որ եթե նույնիսկ մեկ մարդ լավ տրամադրությամբ է հեռանում մեր համերգից և մտքում կրկնում է երգը, դա արդեն մեծ հաղթանակ է:

Այն երաժշտությունը, որը մենք ներկայացնում ենք, պետք է լինի նրա հակապատկերը, որը մենք հաճախ լսում ենք եթերներում, որոնց հիմքում ոչ միայն հայկական, այլ ավելի շուտ արևելյան, արաբական, նույնիսկ թուրքական մոտիվներ են, ինչը մեզ համար անընդունելի է: Կարևոր է հասկանալ, ի՞նչ ենք մենք փոխանցում հաջորդ սերունդին, ի՞նչ ենք մենք անում նրա համար, որպեսզի պահպանենք ազգային ինքնությունը: Եվ այդ առումով, ես կարծում եմ, որ մեր անսամբլի համար սկզբնական խնդիր էր շեշտադրել ազգային և դասական երաժշտությունը, ինչից հետո մենք արդեն կարող էինք անցնել այլ երգահանների: Այժմ մենք կատարում ենք ինչպես հայկական դասական երաժշտություն, այնպես էլ արտասահմանյան երաժշտություն»,- նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը:

Իմպրովիզացիայի և փոխըմբռնման մասին

«Ցանկացած երաժշտական ոլորտում գալիս է մի պահ, երբ ստիպված ես իմպրովիզացիայի դիմել: Օրինակ՝ մեկը մոռացել է, որ այժմ երկրորդ տունը չէ, այլ երրորդն է, մենք սկսում ենք միասին երգել այդ տունը, որովհետև մենք զգում ենք միմյանց: Նման իրավիճակներ հաճախ են լինում:

Իրականում մեր անսամբլում ես ինչ-որ կրեատիվ բան եմ գտնում: Ես երգել եմ տարբեր անսամբլներում, կոլեկտիվներում, համույթներում, սակայն միայն «Նաիրյան» անսամբլում եմ ես ամեն օր ինձ համար մի նոր բան բացահայտում: Մենք ամեն օր նոր, ինչ-որ յուրահատուկ բան ենք մտածում: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Քանի որ կատարումից բացի, մենք պետք է որևէ գաղափար բերենք այս աշխարհ և մեր հետքը թողնենք: Ինձ և մեր անսամբլի համար՝ երաժշտությունը կյանք է: Առանց դրա չի լինի: Եթե հնարավոր լիներ կյանքը նորից սկսել, ես բազմաթիվ հնարավորություններ կունենայի դառնալ այլ մասնագետ: Բայց ես չեմ ուզում որևէ բան փոխել: Ինձ դուր է գալիս ամեն ինչ, ինչ ես ունեմ» – ասաց անսամբլի վոկալիստուհի Դիանա Այվազյանը:

Դիանա Այվազյան

«Մեր անսամբլի ամենակարևոր բաղադրիչը մարդկային փոխհարաբերություններն են: Մենք զգում ենք միմյանց, ինչպես բեմում, այնպես էլ առօրյա կյանքում: Նույնիսկ եթե մենք սխալվում ենք, ապա դա անում ենք միասին: Ես կարծում եմ, որ երաժշտությունը ունի բուժելու հատկություն: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր երաժիշտ, ով կարծում է, որ երաժշտությունն իր կյանքն է, նա բոլոր կենսական իրավիճակներում, այդ թվում նաև ծանր, երաժշտություն է լսում կամ կատարում և դրանից նրա հոգին թեթևանում է», -ասում է անսամբլի վոկալիստուհի Ելենա Ազարյանը:

Ելենա Ազարյան

«Մեր անսամբլի յուրաքանչյուր մասնակից իր կերպարով եզակի է և անձամբ ինձ համար այս պահին անփոխարինելի: Մենք շատ ներդաշնակ ենք և լրացնում ենք միմյանց: Ե՛վ ուրախությունը, և՛ տխրությունը մենք արտահայտում ենք երաժշտության օգնությամբ: Ցանկացած իրավիճակում մենք թուլանում ենք և ոգեշնչվում երաժշտությամբ: Երգելու ժամանակ մեր միջև էներգետիկ կապ է ծնվում, որը անհնարին է կտրել»,- նշեց Նաիրա Մուղդուսյանը:

Նաիրյան կրթսեր սերնդի մասին

«Այս տարիների ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք կատարել՝ հանդես ենք եկել տարբեր բեմերում, տարբեր քաղաքներում, նույնիսկ եղել ենք Մոսկվայում «GlobalArt» միջազգային փառատոնին և այնտեղ 1-ին տեղն ենք զբաղեցրել՝ Հայաստան վերադառնալով հաղթանակով: Նրանով, ինչ մենք անում ենք Նաիրյան անսամբլում, մենք հաճույքով կիսվում ենք նաև կրթսեր սերունդի հետ: Քանի որ այս տարիների ընթացքում նրանք ևս հանդես են գալու տարբեր բեմերում և կգա մի պահ, երբ նրանք կմեծանան և հնարավոր է կկրեն «Նաիրյան վոկալ անսամբլ» անունը,- ասաց Դիանա Այվազյանը:

«Իհարկե, հաճելի է ելույթ ունենալ երեխաների հետ: Հաճախ նրանցից ավելի շատ բան ես սովորում, նրանց հետ փոխվում է քո ներքին աշխարհը, դու կարծես ինքդ երեխա ես դառնում»,- նշում է անսամբլի վոկալիստուհի Աննա Մինասյանը:

Ամենավառ հիշողությունների մասին՝ կապված անսամբլի հետ

«Ամենավառ տպավորությունները կապված են համերգների հետ, որոնք անցնում են Երևանից դուրս, իսկ ավելի ստույգ ճանապարհի վրա, երբ օրինակ՝ մենք խմբի հետ համերգի ենք գնում մեքենայով այլ քաղաք կամ թռչում ենք այլ երկիր: Ամբողջ ճանապարհի ընթացքում մենք հիմնականում երգում ենք: Մեկ անգամ, երբ մենք վերադառնում էինք Մոսկվայից, ինքնաթիռում մեզ խնդրեցին երգել, բոլորը հանեցին հեռախոսները և սկսեցին նկարել մեզ, ամեն ինչ շատ հաճելի էր»,- հիշեց Նաիրա Մուգդուսյանը:

«Իմ և անսամբլի համար ամենահիշվող պահերից մեկը մոսկովյան մետրոյում տեղի ունեցած դեպքն էր. այնտեղ շատ մարդիկ կային և քանի որ մենք առաջին անգամ էինք այնտեղ, չգիտեինք, ինչպես կողմնորոշվենք: Երբ մենք պետք է մտնեինք մետրոյի վագոններից մեկը, այնպես ստացվեց, որ ես վերջինն էի և իմ առջև դռները փակվեցին: Իհարկե, մենք խուճապի մեջ էինք, քանի որ մեզ մոտ այդպիսի բան չէր եղել, որ մենք կորցնեինք միմյանց: Սակայն հետո, իհարկե, մենք գտանք իրար և այնքան ուրախ էինք դրա համար, որ խելագարների նման գոռում էինք (ծիծաղում է- խմբ.)»,- ասաց Ելենա Ազարյանը:

«Իրականում, յուրաքանչյուր ճամբորդություն շատ հիշվող է եղել: Որովհետև յուրաքանչյուրի ժամանակ էլ ես ինձ համար որևէ նոր բան եմ գտել: Սակայն ամենատպավորիչը ինձ համար Քրիստոս Փրկչի վանքն էր Մոսկվայում: Այդ ժամանակ մենք շատ հուզված էինք, իրար ձեռք էինք բռնել և բոլորս միասին երազանք պահեցինք, ես զգում էի աղջիկների էներգետիկան, զգում էի, որ մենք բոլորս մեկ մեծ ընտանիք ենք և մենք դեռ երկար ճանապարհ ունենք, որը պետք է միասին անցնենք»,- ասաց Դիանա Այվազյանը:

«Մեկ անգամ մենք մասնակցում էինք միջազգային փառատոնի, բեմ դուրս գալուց առաջ պարզվեց, որ մոռացել եմ իմ ծաղկե մազակալը: Նույնիսկ չգիտեի, թե ինչպես այդ մասին ասել մեր ղեկավարին: Ի ուրախություն ինձ, Դիանայի մոտ կար ևս մեկ մազակալ առանց ծաղիկների, նա ինձ տվեց այն և մենք որոշեցինք յուրաքանչյուր մազակալից հանել մեկական ծաղիկ և ամրացնել մազերիս: Եվս մեկ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ վերջերս, Գյումրիի ճանապարհին: Ճանապարհին մենք կանգնեցինք, մեքենայի մեջ երաժշտություն միացրեցինք, դուրս եկանք ճանապարհ և պարզապես սկսեցինք պարել: Եվ այդպես մեզ մոտ միշտ է լինում»,- նկատեց Աննա Մինասյանը:

Աննա Մինասյան

Անսամբլի ավանդույթների մասին

«Յուրաքանչյուր ելույթից առաջ մեր ղեկավար Նաիրան սկսում է խուճապի մատնվել, երբեմն մենք նրան նույնիսկ չենք կարողանում հանգստացնել և երբ մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, նա միևնույնն է հուզվում է: Բայց յուրաքանչյուր միջոցառումից հետո մենք գնում ենք նշելու: Այնպես որ, կարելի է ասել` մեզ մոտ յուրաքանչյուր օր տոն է»,- ասաց Ելենա Ազարյանը:

«Երբ մենք միասին տաքսի ենք նստում և որևէ տեղ գնում, մենք սկսում ենք երգել, զրուցել վարորդի հետ, պատմում ենք նրան մեր անսամբլի, մեր երաժշտության մասին: Ինձ թվում է, որ արդեն բոլոր տաքսիների վարորդները Երևանում և ոչ միայն, գիտեն մեր անսամբլի մասին (ժպտում է- խմբ. )»,- նշում է Դիանա Այվազյանը:

Մասնագիտական որակների և դժվարությունների հաղթահարման մասին

«Մենք կարծում ենք, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել, եթե դու պրոֆեսիոնալ երաժիշտ ես: Պետք է հասկանալ, թե ինչպես ես դու զգում երաժշտությունը: Այդ ժամանակ երգացանկի ընտրությունն էլ է հեշտանում: Որովհետև իրականում շատ դժվար է ընտրել, թե ի՞նչ ես կատարելու: Պետք է այնպիսի երգ ընտրել, որը անսամբլի յուրաքանչյուր ներկայացուցչին հնարավորություն կտա ցույց տալու իր երաժշտական ընդունակությունները»,- ասաց Նաիրա Մուգդուսյանը:

«Ես կարծում եմ, որ իր գործի յուրաքանչյուր գիտակ առաջին հերթին պետք է օժտված լինի լավ մարդկային հատկանիշներով: Ի ուրախություն մեզ, մեր անսամբլում բոլորը ոչ միայն տաղանդավոր երաժիշտներ են, այլև լավ մարդիկ, իրական մարդիկ, որոնց հետ ես ընդհանուր ալիքի վրա եմ: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով սիրում է իր աշխատանքը, իր ստեղծագործությունը, չպետք է ձեռքերը իջեցնի: Միշտ պետք է առաջ շարժվել, երազել, չնայած այն խոչընդոտներին, որոնք հանդիպում են ճանապարհին: Եվ իհարկե, յուրաքանչյուր երաժշտի համար շատ կարևոր է, որպեսզի նա մասնակցի տարբեր մրցույթների, փառատոնների, հատկապես միջազգային: Քանի որ, շնորհիվ այդ մրցույթների դու ոչ միայն պարզապես փորձ ես ձեռք բերում, այլև դառնում ես ավելի պրոֆեսիոնալ»,- ընդգծեց Ելենա Ազարյանը:

 

Պատրաստեց Մարիանա Հակոբյանը