Հայաստանը պատրաստվում է դիմավորել բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնց մեջ առաջատար են ռուսաստանցի զբոսաշրջիկները: Համաձայն OZON.travel գործակալության տվյալների, այս ամանորյա տոներին գլխավոր զբոսաշրջային ուղղությունը ռուսների համար արտասահմանյան երկրների թվում դարձել է Հայաստանը` դրա պահանջարկը, համեմատած 2017 թվականի հետ, ավելացել է 76%-ով: Մասնագետները նշում են, որ առաջին հերթին ազդեցություն է թողնում տոմսերի արժեքների նվազումը 12%-ով, ինչպես նաև համեմատաբար ոչ թանկարժեք ապրուստը և սպասարկումը երկրի ներսում: Բացի այդ, ռուս զբոսաշրջիկներին գրավում է մեղմ կլիման, համեղ խոհանոցը, ինչպես նաև ակտիվ հանգստի տարբերակները՝ լեռնադահուկային հանգստի գոտիները, կվադրոցիկլները և ձնագնացները:
Միանշանակ, կարելի է հավաստել, որ ամանորյա Հայաստանը գրավում է ոչ միայն դրսի զբոսաշրջիկներին, այլև իրենց` հայերն էլ աստիճանաբար հրաժարվում են տոնել ավանդական եղանակով` առատ սեղանների շուրջ և հյուր գնալով, և նախընտրում են հանգստանալ ընտանիքի շրջապատում, սակայն տանից հեռու: Նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ հանգիստ արտասահմանում, հիմնականում մեկնում են տաք երկրներ, իսկ ֆինանսապես՝ հատկապես նեղություն չկրողները` լեռնադահուկային կուրորտներ Ալպերում, Շվեյցարիայում: Սակայն, առաջատար ուղղությունը հայերի համար արդեն երկար տարիներ շարունակում է մնալ Վրաստանը, որը և՛ մոտ է (4-5 ժամ մեքենայով), և՛ մատչելի (գները սկսում են 200$ մեկ հոգու համար), և՛ համեղ: Իսկ, եթե ամանորյա տոների գները համեմատենք Հայաստանի հանգստյան տների և Թբիլիսիի կամ լեռնագնացային Գուդաուրիի գների հետ, ապա համեմատությունն ընդհանրապես մեր օգտին չէ: Հայաստանում 4-5 օրյա հանգիստը որևէ տեղ լեռներում սկսվում է 175 հազար դրամից մեկ մարդու համար, առկա են տուր-փաթեթներ այնպիսի գներով, որոնք գերազանցում են և միլիոնը, մինչդեռ հարևան Վրաստանում հանգիստը մեկ անձի համար սկսվում է 200-250$-ից:
Dalma News-ի հետ զրույցի ժամանակ «Chilli Travel Club» զբոսաշրջային ընկերության հիմնադիր և տնօրեն Նանե Սարգսյանը նշել է, որ այս տարի հայերի մոտ ամանորյա տոների համար թրենդային են Վրաստանը, Եգիպտոսը, ՄԱԷ և ավանդական եվրոպական երկրները: Պահանջարկ կա նաև Թաիլանդի ուղղությամբ, որտեղ մեծամասամբ նախընտրում է մեկնել երիտասարդությունը կամ ովքեր համատեղում են ամանորյա արձակուրդները և հարսանեկան ճանապարհորդությունները: Նրա խոսքով, այս տարի Եգիպտոսը և եվրոպական երկրները գրեթե նույն գնային կատեգորիաներում են՝ միջինը 800-1000 եվրո մեկ մարդու համար
«Եգիպտական կուրորտները մեծամասամբ նախընտրում են ընտանիքները և նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ հանգստանալ տարին միայն մեկ անգամ, քանի որ Եվրոպայում այժմ ցուրտ է: Կարելի է ասել, որ առավել ապահովված ընտանիքները նախընտրում են մեկնել Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա»,- նշեց նա:
Նանե Սարգսյանը կարծում է, որ հայերը առավել պրոֆեսիոնալ զբոսաշրջիկներ են դարձել, և դա կապված է նրա հետ, որ մենք սկսել ենք առավել հաճախ դուրս գալ երկրից: Այդ կապակցությամբ, հայ զբոսաշրջիկներն արդեն գիտեն, ինչ են ուզում ճանապարհորդությունից, պարզապես անգործ պառկել լողափում կամ համատեղել ծովը քաղաքային զբոսաշրջության հետ, էքսկուրսիաների կամ գաստրոնոմիական տուրերի հետ:
«Յուրաքանչյուր տարի կարելի է նշել տարբերությունը և, եթե կարելի է այդպես արտահայտվել, ակնհայտ է, որ հայերը դարձել են ավելի պրոֆեսիոնալ զբոսաշրջիկներ, առավել պրոֆեսիոնալ են մոտենում հյուրանոցների, ուղղությունների ընտրությանը և այլն»,- նշեց նա:
«For you travel» զբոսաշրջային ընկերության տուր-մենեջեր Նարինե Գևորգյանի խոսքով, հայերն իսկապես սկսել են ավելի շատ գումարներ ծախսել Հայաստանից դուրս ամանորյա տոների անցկացման վրա: Վրաստանը, ինչպես միշտ, առաջատարն է, սակայն, այս տարի նկատելիորեն ավելացել են չվերթները դեպի հեռավոր Եգիպտոս.
«Ամառային արձակորդներից գրեթե անմիջապես հետո մենք սկսում ենք ամանորյա տուր-փաթեթների վաճառքը, արտասահմանյան երկրների մեջ հատկապես մեծ գրավչությամբ առանձնանում է Եգիպտոսը: Անցյալ տարվա հետ համեմատած` այս տարի այդ ուղղվածության պահանջարկը շատ ավելի բարձր է` մարդիկ մեկնում են ամբողջ ընտանիքով»,- նշեց նա:
Միջինում, մեկ շաբաթյա հանգստի համար` Կարմիր ծովի ափին գալա-ընթրիքով, գները սկսվում են 1000$ մեկ անձի համար:
Երրորդ տեղում, նա նշեց Արաբական Էմիրությունները, թեպետ այս տարի այդ ուղղության գները փոքր-ինչ բարձրացել են` ավիատոմսերի թանկացման հաշվին: Այս օրերին սուզվել հրաշալի արաբական գիշերների մեջ և անցկացնել ամանորյա տոները, թեպետ և առանց ձյան, կարելի է սկսած 1500$-ից մեկ անձի համար:
Նոր ուղղություն, որը, թեպետ պահանջարկ է վայելում, Նարինե Գևորգյանը անվանեց Հորդանանը: Հատուկ հայ զբոսաշրջիկների համար այս տարի դեկտեմբերի վերջին նախատեսված են չարթերային չվերթներ: Եվ, թեպետ գները առանձին փաթեթների համար սկսվում են 1500$-ից, մեր զրուցակցի խոսքով, ցանկացողները շատ են:
«Անշուշտ, հայերի հոգեբանությունը շատ է փոխվել, չէ որ նախկինում ամանորյա տոներին դուրս մեկնողների թիվը շատ քիչ էր` ավանդույթները ստիպում էին, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, տանը մնալ: Սակայն, այժմ բոլորովին այլ պատկեր է և նույնիսկ այն, որ Նոր տարին նրանք կանցկացնեն առանց ձյան, արդեն համարվում է ոչ թե էկզոտիկա, այլ սովորական բան»,- նշեց գործակալության տուր-մենեջերը:
Իհարկե, կարելի է նաև ինքնուրույն կազմակերպել արտասահմանյան ճանապարհորդություններ, որովհետև դրա համար գոյություն ունեն բազմաթիվ ուղեկցող կայքեր` հյուրանոցների առաջարկներով ցանկացած բյուջեի համար, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայերը, այնուամենայնիվ, նախընտրում են դիմել պրոֆեսիոնալներին և գնել տուր-փաթեթներ, որոնք օրերով և գրեթե ժամ առ ժամ նախագծում են նրանց կարգուկանոնը այլ երկրում: Եվ դա անում են հիմնականում նախապես` չթողնելով տարվա վերջին ամսվա վերջին օրերին…
Լինա Մակարյան