Նախորդ շաբաթավերջին՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Երկրի բնակիչների ընտրությամբ կազմվեց 9-րդ գումարման խորհրդարանը: Ընտրություններն անցկացվեցին խառը համակարգով՝ 150 պատգամավորներից 77-ը ընտրվեցին համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ միամանդատ մեծամասնական ընտրատարածքներից:

Նախընտրական միջադեպեր ու պատահարներ

georgia3

Նախընտրական օրերը որոշ քաղաքական ուժերի կողմից կիրառվող սադրանքներից զերծ չմնացին: Այսպես, ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, մայրաքաղաքի կենտրոնում պայթեցվեց ընդդիմադիր, «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Գիվի Թարգամաձեի մեքենան: Ընդդիմադիրն ու իր կինը չտուժեցին, սակայն որոշ անցորդներ ստացան վնասվածքներ, իսկ մի կնոջ վիճակը բավական ծանր է:

Թարգամաձեի մեքենայի պայթեցման հետ մեկտեղ օգտատերերի անհանգստությունից «պայթեցին» նաև սոցիալական կայքերը: Առաջ քաշվեցին պատահարի տարբեր վարկածներ: Համաձայն դրանցից մեկի՝ Թարգամաձեն հենց ինքն է կազմակերպել ահաբեկչությունը, մեկ այլի համաձայն՝ միջադեպը Միխայիլ Սահակաշվիլու պատվերով է եղել, որի մասին Թարգամաձեն տեղյակ չի եղել:

Ընտրությունների մասին և ոչ միայն

Վերադառնալով ընտրությունների օրը ստեղծված իրավիճակին՝ կարող ենք ասել, որ ընտրությունների օրը մի քանի ընտրատեղամասերում Dalma News-ի թղթակցի անցկացրած հարցումներին Թբիլիսիի բնակիչները պատասխանեցին, որ եկել ու կատարել են իրենց ընտրությունը՝ իրենց ու իրենց երեխաների համար լավագույն ապագայի ակնկալիքով:

6882

Հարցվողները նաև իրենց կատարած ընտրությունը կեղծած չտեսնելու հույս հայտնեցին, այսինքն, որ տված ձայները կհասնեն հասցեատերերին: Որոշ ընտրողներ չթաքցնելով իրենց համակրանքը, հայտնեցին, որ իրենց ձայնը տվել են «Հայրենասերների դաշինք»-ի Իրմա Ինաշվիլուն և Դավիթ Թարխան-Մոուրավիին, քանի որ հարցվածների մեծամասնության կարծիքով այս մարդիկ արժանի են գումարված 9-րդ նոր խորհրդարանում իրենց տեղն ունենալուն:

Ի դեպ, ընտրատեղամասեր այցելածների թվում կային նաև այնպիսի անձիք, ովքեր շաբաթվա այդ օրը հետաձգել էին իրենց հարսանեկան արարողությունը՝ ցանկանալով առաջին հերթին իրականացնել իրենց քաղաքացիական պարտքը, և հետո միայն պաշտոնապես գրանցել կողակցի ընտրությունը:

Ամեն դեպքում վրացական իրականությանը բնորոշ չէ ընտրությունների նման խաղաղ ընթացքը, հատկապես, որ բնակչությունը ընտելացել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» կողմից կազմակերպվող տարբեր տեսակի սադրանքներին:

233148381

Ընտրությունների օրվա իրադարձություններից հարկավոր է հիշատակել նաև Սամեգրելո տարածաշրջանի Ջիխաշկարի գյուղի 79-րդ ընտրատեղամասում կատարվածը, որտեղ անհայտ անձիք բաց են արել քվեատուփն ու դուրս նետել քվեաթերթիկները: Հիշեցնենք, որ հենց նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսն էր հավակնում դառնալ մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամեգրելոյի շրջանում, որի ընտրատեղամասերից մեկն էլ գտնվում էր Ջիխաշքարի գյուղում:

«Միասնական ազգային շարժման» կողմնակիցները միջադեպի համար մեղադրեցին «Վրացական երազանքին», քանի որ, իրենց կարծիքով, կառավարող կուսակցությունը երբեք տարածաշրջանում հեղինակություն չի վայելել: Իր հերթին էլ՝ «Վրացական երազանք – Դեմոկրատ Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ելույթ ունեցավ Ջիխաշքարի գյուղում վերոնշյալ գործը հետախուզելու պահանջով՝ հայտարարելով, որ իրավապահ մարմինները նման իրավիճակում չպետք է ձեռքերը ծալած նստեն:

bezymyannyy-risunok

Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններով սեղմ բնակեցված շրջաններին, ապա այնտեղ էլ ընտրությունների ընթացքում թեժ իրավիճակը հասել է իր գագաթնակետին։ Այսպես օրինակ Քվեմո-Քարթլի շրջանի Կիզիլաջալո գյուղի № 48 ընտրատեղամասում «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) և ոստիկանների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում միմյանց վրա քար շպրտող մարդիկ ջարդել են ընտրատեղամասն ընդգրկող շինության ապակին։ Այս առիթով՝ Վրաստանի ՆԳՆ հարուցել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։

Ինչպես հայտնեցին Վաստանի ՆԳՆ մամլո-ծառայությունում՝ «ՄԱՇ»-ի և «Պաատա Բուրչուլաձե- պետություն՝ ժողովրդի համար» կողմնակիցները մուտք են գործել ընտրատեղամաս ու փորձել գողանալ քվեատուփը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ոստիկանների ու ակտիվիստների միջև բախում։ Քվեատուփը գողանալ չի հաջողվել, իսկ տեղում մոբիլիզացվել են ոստիկանության ու հատուկ ուժերի լրացուցիչ միավորներ, որոնց միջամտելուց հետո իրավիճակը կարգավորվել է։

Exit poll-ի և Վրաստանի ԿԸՀ արդյունքները

14606526_10153935067558365_6653379659003508835_n

Թբիլիսյան ժամանակով 20։00-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո հրապարակվել են երկու տարբեր Exit Poll-երի արդյունքներ, որոնց համաձայն իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատ Վրաստան» կուսակցությունը հաղթել է Վրաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին։

Վրացական «Իմեդի», «Մաեստրո», GDS և Վրաստանի հասարակական հեռարձակում հեռուստաընկերությունների կողմից պատվիրված Exit poll-ի տվյալներով՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան» կուսակցությունն ստացել է ձայների 53,8 % -ը, այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակից, նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ձայների 19,5 %-ը։

Բացի այդ՝ 5 % -ով խորհրդարան է մտել «Դավիթ Թարխան- Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի հայրենասերների դաշինք, միասնական ընդդիմություն» նախընտրական բլոկը։ Այն բաղկացած է 6 կուսակցություններից՝ «Հայրենասերների դաշինք», «Ազատ Վրաստան», պահպանողականներ, «Ազատություն», «Նոր քրիստոնյա-դեմոկրատներ» և «Վրաստանի ուժային վետերանների ու հայրենասերների քաղաքական շարժում»։

Վրաստանում հետախուզվող նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ կապված «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության կողմից պատվիրված GFK ընկերության կողմից անցկացված Exit poll-ի արդյունքները ցույց տվեցին, որ իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան» կուսակցությունը իհարկե հաղթել է, միայն թե 39,9 % արդյունքով, այն ժամանակ, երբ «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 32,7 %:

Ինչպես առաջին, այնպես էլ այս Exit poll-ի արդյունքներով «Դավիթ Թարխան- Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի հայրենասերների դաշինք, միասնական ընդդիմություն» բլոկը 5,7 % արդյունքով մուտք է գործել խորհրդարան։ Սակայն կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները դժգոհ են մնացել ընտրությունների արդյունքներից, ու հայտարարել են, որ «Հայրենասերների դաշինքին» տրված ձայները գրանցվել են «Ազգային շարժման» օգտին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գոհ է մնացել ընտրությունների արդյունքներից։ Ինչպես հայտնեցին կուսակցության մամլո-ծառայությունում՝ յուրաքանչյուր երկրորդ ընտրող իր ձայնը տվել է իշխող կուսակցությանը, ինչն էլ նրան պարտավորեցնում է Վրաստանի ժողովրդի առաջ ավելի մեծ պատասխանատվության դրսևորելուն։ Սակայն կուսկացությունը հայտնել է նաև իր անհանգստությունն այն մասին, որ Վրաստանի բնակչության մի որոշ հատված դեռ առաջվա պես հավատում է «Միասնական ազգային շարժմանը»։

Այսպես, թե այնպես ընտրություններին հաջորդող գիշերն անցավ խաղաղ։

14520489_10153940521698365_109583805794645149_n

Ձայների 100 % հաշվարկից հետո Վրաստանի ԿԸՀ-ն հայտնեց, որ ընտրությունների համամասնական ընտրակարգով 48,65 %-ով առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ նրա հիմնական մրցակից «Միասնական ազգային շարժումը» ձայների 27,12 %-ն է ձեռք բերել։ Վրացական խորհրդարան մտած երրորդ ուժը «Դավիթ Թարխան- Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի հայրենասերների դաշինք, միասնական ընդդիմություն» նախընտրական բլոկն է, որն այս պահին ունի անհրաժեշտ 5,01% ձայները, չնայած ամեն բան ավելի պարզ կլինի վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5 %-ի ընտրական շեմը։

Ինչ վերաբերում է մեծամասնական շրջանների ընտրությունների ընդհանուր պատկերին, ապա միամանդատ 73 շրջաններից ընտրություններ իրականացան 23-ում (ամենուր հաղթել են իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները), այն դեպքում, երբ դրանցից 50-ում հայտարարվել է երկրորդ փուլ, որտեղ մասնակցություն կունենան այն թեկնածուները, որոնք առավելագույն ընտրաձայներ են հավաքել։Ամեն դեպքում՝ ընտրական 4 տեղամասերում արդյունքները ճանաչվել են անվավեր։ Վրաստանի ԿԸՀ տեղեկատվության համաձայն՝ մեծամասնական պատգամավորների կրկնակի ընտրությունները կանցկացվեն 4 ընտրատեղամասերում՝ ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերի 22-ին, այն ժամանակ, երբ երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին։

Դիտորդների գնահատականները

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգով զբաղված էին 111 տեղական դիտորդական կազմակերպություններ՝ 29 931 դիտորդներով։ Բացի այդ՝ Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 55 միջազգային կազմակերպությունների, որոնք 1440 դիտորդների օգնությամբ նույնպես զբաղված էին մոնիթորինգով։ Նրանց թվում էին՝ 324 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկարաժամյա ու կարճաժամյա դիտորդներ, ԵԱՀԿ ԽՎ (խորհրդարանական վեհաժողով) 38 ներկայացուցիչ ու պատգամավոր, ԵԽԽՎ-ի 28 ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի 17 ներկայացուցիչներ, Եվրոխորհրդարանի 13 ներկայացուցիչներ։

Ընտրական վարչակազմերում քաղաքական կուսակցությունները տարբեր մակարդակներում ներկայացվել են 42 092 ներկայացուցչով։ Օտարերկրյա դիտորդների կարծիքով՝ Վրաստանում ընտրությունների օրը սկսվեց խաղաղ մթնոլորտում, սակայն ավարտվեց «բռնության առանձին դրսևորումներով»։

«Մրցունակ ու բազմազան նախընտրական քարոզարշավից հետո քաղաքացիները ազատ ընտրության իրավունք ունեին, և ընտրատեղամասերի մեծամասնությունում ձայների հաշվարկն անցավ խաղաղ ու կազմակերպված։ Վրաստանում հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը բռնության փաստերը աննշան ազդեցություն թողեցին ընտրողների կամքի դրսևորման վրա։ Վրաստանի ԿԸՀ-ն վայելում է վստահություն և ես բարձր եմ գնահատում Վրաստանում անցկացված ընտրությունների մակարդակը»,- ասվում է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մարդասիրության հարցերով համաժողովի նախագահ Խոսե Իգնասիո Սանչես Ամորայի պաշտոնական հայտարարությունում։

ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվիրակության ղեկավար Յանոշ Օնիշկևիչը նշեց հետևյալը․

«Կուսակցության նախընտրական հռետորականությունն ուղղված էր վարկաբեկումներին, ոչ թե ծրագրային խնդիրների կառուցմանը։ Սակայն դրական երևույթների շարքում ուզում եմ առանձնացնել ընտրությունների ընթացքում բյուջետային միջոցների աննպատակ ծախսերի կրճատումները, ինչն էլ բացատրվում է երկրի քրեական օրենսգրքի մեջ նոր կարգավորումների ներգրավմամբ»։

Հ․Գ․ Ինչպիսին կլինի ընտրության երկրորդ փուլի արդյունքներն ու կկարողանա արդյոք իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան» իշխող կուսակցությունը, որն այս պահին ունի գրեթե 67 մանդատ, ստանալ սահմանադրական մեծամասնություն (113 մանդատ), թե ոչ, դա էլ ցույց կտա ժամանակը․․․

Գիորգի Քարթվելի, հատուկ Dalma News-ի համար