Խարբերդ անունով մոլորակ… Մի՛ փնտրեք այն արեգակնային համակարգում կամ որևէ այլ մոլորակային համակարգերում: Նա այստեղ է՝ Երկրի վրա: Խոսքը Հայաստանում գտնվող Խարբերդ գյուղի մասնագիտացված մանկատան մասին է, որն օրերս մարդասիրական նախաձեռնության շրջանակներում այցելեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոն և Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնը:

Խարբերդի մասնագիտացված մանկատունը լի է գարնանային ծաղիկների ծաղկունքով, մեղրի և թարմ թխված հացի բուրմունքով. այստեղ բզզում են մեղուները, իսկ արևի տակ պառկած են կատուները: Թվում է, թե շուրջը կարծես ամեն ինչ սովորական է, աչքին ծանոթ է… Սակայն դարպասի ետևը լիովին ուրիշ աշխարհ է: Այստեղ ուրիշ երեխաներ են և ուրիշ մեծահասակներ, որոնք հոգ են տանում այդ երեխաների մասին: Նրանցից ոչ մեկը մյուսին ազգակից չէ, բայց նրանք միմյանց վերաբերվում են այնպիսի քնքշությամբ, բարությամբ, հոգատարությամբ և ուշադրությամբ, որ թվում է՝ ամենամոտ հարազատներն են: Ի դեպ, երեխաներից շատերի համար դա այդպես է, քանի որ նրանցից շատերը լքված են… մտավոր զարգացման խանգարման և հենաշարժողական համակարգի քրոնիկ հիվանդությունների պատճառով:

Հաստատությունում ապրում, դաստիարակվում, սովորում և բուժում է ստանում 225 երեխա: Ռեժիսոր, բժիշկ Հարություն Բալասանյանը մոտ 20 տարի է, ինչ ղեկավարում է այս «տունը»՝ իրավամբ իրեն համարելով սաներից յուրաքանչյուրի հայրը: Այստեղի բոլոր աշխատակիցները՝ շուրջ 250 հոգի, ևս աշխատում են փոքր աշխատավարձով, հաճախ կամավորության սկզբունքով և… երեխաների նկատմամբ կապվածությունից դրդված: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ են աշխատողներն այդքան շատ: Երեխաների մեծ մասը գամված է անվասայլակին, իսկ մնացածը տառապում են աուտիզմի ծանր տեսակով, դաունի համախտանիշով և այլ հիվանդություններով, ուստի նրանց անհրաժեշտ է սոցիալական աշխատողի օգնությունը: Սաներին պարզապես անհրաժեշտ է կերակրել գդալով, փոխել տակդիրները (225 երեխայից 137-ը տակդիր են հագնում), ինչպես նաև աջակցել կրթական և վերականգնողական ծրագրերին: Որոշ աշխատակիցներ աշխատում են լրիվ դրույքով, ոմանք էլ՝ կես օրով, ինչպես նաև հաճախ օգնության են գալիս տարբեր երկրներից ժամանած կամավորներ, որոնց կեցությունն ապահովելու համար մանկատան տարածքում կան հատուկ սենյակներ: Սկզբում աշխատանքը ծանր է թվում և հոգեբանորեն դժվար, և նույնիսկ Հարությունն ինքն է խոստովանում, որ առաջին տարվա ընթացքում մի տասնհինգ-քսան անգամ ուզեցել է հեռանալ, բայց հետո շատերը կապվում են երեխաների հետ, կարոտում են և նույնիսկ արձակուրդի ժամանակ այցելում:

Մանկատան տարածքը մեծ է. այն ունի տասը հեկտար, որի վրա կան շինություններ (բնակելի տարածքներ, ճաշարան, հացի փուռ, վերականգնողական կենտրոն, արհեստանոցներ, լվացքատուն, ձիարշավարան և այլն), այգիներ, մեղվաբուծարան: Այս ամենը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակ` մանրակրկիտ մտածված կերպով: Խարբերդի մասնագիտացված մանկատունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Գազի, ջրի, սննդի, դեղամիջոցների և մասամբ նաև հագուստի ծախսերը հոգում է պետությունը: Սակայն պետական ֆինանսավորումը նախատեսված է միայն նվազագույն կարիքների համար, մնացած ամեն ինչ՝ անվասայլակներ, կահույք, մեթոդական ձեռնարկներ, ձեռք են բերվում ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի և այլ երկրների ֆինանսական աջակցությամբ: Ի դեպ, հովանավորները նույնպես պատասխանատվություն են ստանձնում և ապահովում են երեխաների մասնակցությունը ճամբարներին, մրցումներին: Վերջերս Խարբերդի թիմը մասնակցել է ռաֆթինգի մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը:

Բայց հաճախ լինում է տակդիրների խնդիր, ինչը մեծապես բարդացնում է սոցիալական աշխատողների աշխատանքը: Բացի այդ, մանկատունն ու երեխաները նաև մարդկային օժանդակության կարիք ունեն. լավ կլիներ, եթե մարդիկ գան և ինչ-որ բանով օգնեն` վերանորոգեն, ներկեն, փորեն, ջրեն, կերակրեն, վարպետության դաս տան, ընկերակցեն և այլն:

Տնօրենի խոսքով՝ այն ընտանիքները, որոնցում ծնվում է անառողջ երեխա, հիմնականում բաժանվում են, քանի որ ամուսինները մեղադրում են իրար, փնտրում են «հիվանդության» ակունքները միմյանց գերդաստաններում: Երեխաներին այցելող ծնողները շատ հազվադեպ են: Վերջերս մանկատուն էր եկել մի տղա, որին մի քանի տարի խնամել է տատիկը: Նրա հայրը Ռուսաստանում է, իսկ մայրը՝ Ամերիկայում: Տատիկը մահացավ և տղան հայտնվեց մանկատանը: Նման հաստատությունների սաներին հազվադեպ են որդեգրում, հատկապես՝ Հայաստանում: Արտասահմանցի որդեգրող ընտանիքների նկատմամբ խստիվ վերահսկողություն է սահմանված. յուրաքանչյուր կես տարին մեկ նրանք պետք է հաշվետու լինեն երեխայի վիճակի մասին, ներկայացնեն տեղեկանք դպրոցից, ինչպես նաև՝ լուսանկարներ, տեսանյութեր:

Ուշագրավ է, որ որոշ հիվանդություններ կարող են կանխվել մանկական տարիքում՝ կանխարգելելով նրանց հետագա խորացումը, սակայն շատ և շատ պատճառներով դա ժամանակին չի կատարվում: Իսկ Խարբերդ մոլորակը գնալով աճում է:

Սովորաբար մասնագիտացված մանկատան սաներն այնտեղ են մնում մինչև կյանքի վերջ: Նմանատիպ հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը կարճ է. քչերն են ապրում մինչև 25 տարեկանը: Սակայն մանկատան աշխատակիցներն ասում են, որ դժվար է սովորել մահվանը և փորձում են լուսավորել իրենց սաների յուրաքանչյուր օրը: Հետևաբար, այստեղ երեխաները ոչ միայն ապրում են, բուժվում և սովորում, այլև նկարում, գորգեր գործում, խեցեգործությամբ զբաղվում և նույնիսկ մրցում հատուկ փայտե սայլերով:

Հատկապես ուշագրավ է խեցեգործության սենյակը… Կարծես թե հենց այստեղ են արտացոլվում Խարբերդի մանկատան սաների հոգիները, երևում է նրանց ցավը, վախը, բացահայտվում է նրանց աշխարհայացքը: Երիտասարդ մանկավարժ, գեղարվեստի ակադեմիայի ուսանող Արթուրը ներկայացնում է այդ հատուկ երեխաների չարաճճի ձեռքերով պատրաստված քանդակները: Ահա կարճ ոտքերով և չափազանց ուժեղ ու մեծ ձեռքերով տղայի քանդակը. այսպես է աշխարհը տեսնում թերզարգացած ոտքեր ունեցող Մովսեսը, որը տեղաշարժվում է ձեռքերի միջոցով: Ահա երեք անձև քանդակներ, որոնցից երկուսը խոշոր են, իսկ մեկը՝ փոքրիկ. այսպես է Սուսաննան կարոտում իր ծնողներին, որոնց երբեք չի տեսել: Ահա երկու փակ ափեր, որոնք միաժամանակ նման են ձեռքի ափերի, փոքրիկ մարդուկների և ծաղկաթերթիկների. նրանք ձգտում են դեպի ձեզ, թախանձում են ձեր սրտին… Ահա և դեմքերը՝ փակ աչքերով, որոնք նման են մահվան մեկաչքանի դիմակների… Կան նաև նավակներ և հրեշտակներ…

 

Ելենա Շուվայեվա-Պետրոսյան