Փառատոնն արդեն երկար պատմություն ունի. այս անգամ հոբելյանական էր՝ տասներորդը: Ձևավորման երկար տարիների ընթացքում այն ձեռք է բերել թե՛ մշտական այցելուներ, թե՛ համապատասխան փորձ: Արդյունքում, 27 տաղավարներում, որոնք հիմնականում ներկայացնում են Հայաստանի ծիսական տոներին բնորոշ ազգային ուտեստները, անհավատալի աժիոտաժ էր տիրում: Մեկը փախլավա և գաթա էր ուտում, մեկը սպասում էր ժենգյալով հացի պատրաստմանը, մյուսները հետաքրքրված էին աղի բլիթի պատրաստմամբ, իսկ ուրիշները վայելում էին քարե աղացների «մեղեդին», որի ուղեկցությամբ հացահատիկից ստացվում է ձավար:
Փառատոնի կարգավիճակի նկատմամբ նոր մոտեցման շնորհիվ՝ այս ամբողջ շքեղությունը հասանելի է դարձել մեծաթիվ երևանցիները և, ամենակարևորը` տարբեր երկրներից ժամանած հյուրերի: Վերաբրենդավորումը տեղի է ունեցել անցած տարի. Նախորդ «Հացը լեռներում» ձևաչափից փառատոնը վերածվել է «Համով հոտով Հայաստան»-ի: Այս տարի միջոցառումը ավելի բարեհունչ անուն ստացավ`«Ուտեստ Ֆեստ»: Միևնույն ժամանակ, որոշվեց մշտապես անցկացնել այն մայրաքաղաքում: Ըստ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի՝ մտադրություն կա ապագայում ևս փառատոնն անցկացնել «Հանրապետության հրապարակ» մետրոյի մոտակայքում: Ավելին, ոչ պակաս պայծառ ու հետաքրքիր, քան այս տարի:
Եվ իրոք, չորս ժամ շարունակ հայկական ժողովրդական և ժամանակակից երաժշտության ներքո այստեղ համտեսվում էին քաղցրավենիքներ, տաք և սառը ուտեստներ: Սակայն փառատոնի «մենյու»-ում գլխավորը հոգևոր սնունդն էր: 27 տաղավարներից 13-ում հնարավոր էր ոչ միայն համեղ ուտել, այլև իմանալ կոնկրետ ազգային տոնի հետ կապված ավանդույթներն ու սովորույթները: Այսպիսով, քաղաքի հյուրերին ցուցադրեցին և պատմեցին, թե ինչ են Հայաստանում հյուրասիրում Նոր տարվա, Սուրբ Ծննդյան, Զատիկի, Վարդավառի առիթով, թե ինչպես է տեղի ունենում խաղողի օրհնությունը, Նավասարդը և Սուրբ Սարգիսը:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը հաճույքով և բանիմաց կերպով էքսկուրսիա անցկացրեց Dalma News-ի թղթակիցի համար՝ ներկայացնելով խոհարարական տեսականին և տոնական սեղաններից յուրաքանչյուրի մթնոլորտը:
Տաղավարները հաջորդում էին միմյանց համարյա թե ծիսական տոների օրացուցային հաջորդականությամբ. Սուրբ Զատիկ, Սբ. Սարգիս, Մեծ Զատիկ, Վարդավառ, Նավասարդ և այլն: «Սեղանները զարդարված էին, լի էին համապատասխան համադամներով և պատկերների գեղարվեստական մարմնավորմամբ: Այդ ամենն իրականացվել էր թե՛ մեր կազմակերպության ներկայացուցիչների` մեզ հետ սովորող ուսանողների, թե՛ քոլեջների, արվեստի և արհեստների դպրոցների ուսանողներ, մարզերից ժամանած հյուրեր, Հայաստանի և Արցախի տարբեր մարզերի ռեստորանների և հյուրատների ներկայացուցիչներ: Հետևաբար, ուտեստների տեսականին բավականին լայն է. ընտրությունը լայն է և՛ այցելուների, և՛ ժյուրիի անդամների համար, որոնց ընտրության արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ: Խոսքը «Ամենագեղեցիկ տաղավար», «Ամենահրաշալի տաղավար» և «Ճաշ-2019» անվանակարգերում հաղթողների մասին է»,- պարզաբանում է զրուցակիցը:
Ի հիշատակ Տիրոջ Կենաց Խաչի վերադարձի և փառաբանման՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Խաչվերաց («Սրբխեչ») տոնին նվիրված տաղավարում ամեն ինչ խոսում էր այս օրվա խորհրդի մասին: Թե՛ խաչի տարրեր պարունակով հետաքրքիր ձևավորումը, թե՛ խորոված ուլը (հնում այս օրը գերեզմանատան թոնրի մեջ ուլ էին խորովում և միմյանց հյուրասիրում), թե՛ սեղանին դրված տարատեսակ աղանդերներ և նրբահամ մսով կարկանդակներ:
Խաղողօրհնեքի տաղավարի կազմակերպիչները ևս առանձնանում էին ինքնատիպությամբ. տաղավարում հյուրերին դիմավորում էին գեղեցկադեմ աղջիկներ՝ գլուխները խաղողի տերևներով և կեռասներով զարդարված: Աղջիկները բարյացակամորեն առաջարկում էին. «Քաղե՛ք: Փորձե՛ք»: Բայց ոչ ոք չէր համարձակվում փչացնել այս գեղեցկությունը:
Օձունցի հյուրերի սեղանին հսկայական գաթա էր դրված: Քանի՞ կիլոգրամ է այն: «Մոտ ինը կիլոգրամ», – հպարտորեն ասում է Լոռու խոհարարական գլուխգործոցի հեղինակ Սուսաննա Հովասափյանը: Նա պարզաբանում է. գաթան մասնակցելու է մրցույթին, իսկ իր սեղանը նվիրված է Ծաղկազարդին: Դա, թերևս, կարելի էր գուշակել սփռոցը զարդարած ծաղիկներից, ինչպես նաև Օձունի ամենահայտնի ուտեստից: «Այս խոտը աճում է միայն մեր մարզում: Մենք այն անվանում ենք «բանջար»: Այն բացառիկ համ ունի, ինչը չեք կարող գտնել Երևանում: Այնպես որ, այսօր բացառիկ համտեսում է, փորձե՛ք: Իսկ երբ Օձունում լինեք, համեցե՛ք իմ հյուրատուն. և՛ սնունդ կհյուրասիրեմ, և՛ խմիչք»,- հրավիրեց բոլորին Սուսաննան: Փառատոնի շրջանակներում, նա զբոսաշրջիկների պակաս չուներ:
Աբովյանի ներկայացուցիչները՝ Աբովյանի կրթահամալիրը, վառ երևակայությամբ և գույներով զարդարել էին Սուրբ Ծննդի տաղավարը: Սեղանը լի էր, և օտարերկրացիները ուրախությամբ ճաշակում էին խորոված ձուկը, չամիչով փլավը, տարատեսակ աղանդերներ և հիանալի կարմիր գինի: Սիրահարների համար առավել հետաքրքիր էր հարևան «վրանը»: Պատահաբար չէ, որ թիվ 8 արհեստագործական ուսումնարանի տղաները հորդորում էին բոլորին թուղթ քաշել` հայերեն և անգլերեն լեզուներով սիրո և պայծառ ապագայի գուշակություն-մաղթանքներով: Ի վերջո, բոլորին ծանոթացնում էին Սուրբ Սարգսի տոնին` բոլոր սիրահարների հովանավոր սրբի օրվա առթիվ: Դա է պատճառը, որ սեղանի հիմնական տեսականին աղի բլիթն էր: Արտասահմանյան հյուրերից մեկը, համտեսելով, խոժոռվեց: Ազգագրագետի պարզաբանումներից հետո, սակայն, նա համարձակորեն վերցրեց երկրորդ բլիթը. ո՞վ գիտի, գուցե Հայաստանում երազում տեսնի ապագա սիրելիին:
«Ինչ կա սեղանների վրա, բոլորը պատրաստված է մեր տատիկների, նախատատիկների բաղադրատոմսերով: Մենք խնամքով մարզ առ մարզ հավաքում ենք բաղադրատոմսեր, փոխանցում ենք դրանք երիտասարդ սերնդին, քոլեջի ուսանողներին: Դե, նրանք էլ, ինչպես ասվում է, կյանքի են կոչում մեր ավանդույթները»,- պարզաբանում է Նահապետյանը: Եվ հավելում է. «Տեսեք, սեղանին դրված պայտը հին հավատալիքի խորհրդանիշն է, համաձայն որի ալյուրի մեջ պայտի հետք տեսնելը նշանակում է, որ գիշերն իր ձին հեծնած ձեր տան վրայով սուրացել է Սուրբ Սարգիսը, և ձեզ սպասվում է սեր և ամուսնություն: Եվ չնայած մենք գիտենք, որ պայտը ալյուրի մեջ հայտնվում է մեր տատիկների օգնությամբ, որոնք գիշերը հատուկ դնում են այն այնտեղ, սակայն, ամեն դեպքում, այդ ավանդույթը կրում է իր մեջ անսահման երջանկություն և ապագայի հանդեպ հավատ»:
Երևանի թիվ 6 պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանը ուրախությամբ ներկայացնում է իր սաների աշխատանքը՝ Զատկի ուտեստներ: Սեղանին դրված է ձուկ և չամչով փլավ, գաթա և այլ համադամներ: «Մենք մասնակցում ենք արդեն տասներորդ տարին: Եվ մենք տեսնում ենք միջոցառման արդյունքը: Առաջին հերթին, դա սերունդների կապն է, մեր պապերի-տատերի ավանդույթների «սերմերը», որոնք այժմ սերմանվում են մեր ուսանողների մեջ: Եվ ապագայում դրանք ծիլեր կտան», – ասում է զրուցակիցը:
Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից Սոֆյա Ասոյանը, թերևս, փառատոնի ամենայուրօրինակ մշտական մասնակիցն է: Նա գալիս է ոչ թե դատարկ ձեռքերով, այլ «զինված» հսկայական աղորիքներով: Այս անգամ ևս, չնայած սաստիկ շոգին, նա հացահատիկ էր աղում՝ երգերով ուղեկցված: Այն հարցին, թե արդյո՞ք իրեն դժվար չէ այդպիսի շոգին քարե սկավառակները պտտել, նա ժպտալով պատասխանեց. «Շո՞գ է: Չէ՞ հա: Եթե մի բան սրտով ես անում, զգում ես շարժվող քարերի «երգը», զգում եք նրանց հոգին, սիրտը, ապա ոչինչ էլ չես նկատում: Միայն իրական հաճույք ես ստանում»: Բայց ինչի՞ համար է ժամանակակից գյուղում նման աղորիք հարկավոր: Կինը զարմացած ժպտում է. «Բայց սա էկոլոգիապես ամենամաքուր աղունն է: Լավագույն, ամենահամեղ ձավարն այսպես է ստացվում: Անցյալ տարի փառատոնին ես պատրաստեցի խաշիլ՝ մի այնպիսի խաշիլ, որ մատներդ հետը կուտեիր: Ոչ միայն կշտացնող էր, այլև շատ օգտակար: Երբ լինեք Զոլաքարում, եկեք ինձ հյուր: Ե՛վ խաշիլ կփորձեք, և՛ թոնրի խորոված կհյուրասիրեմ», – զրույցի ավարտին մեզ հրավիրեց Սոֆյա Ասոյանը:
Այն փաստը, որ փառատոնն ինչ-որ չափով սերունդների հաջորդության երաշխիք է, տեսանելի է նաև հետևյալ պատկերում. մի երիտասարդ աղջիկ սանրում էր մազերը հին սանրով, իսկ նրա «հարսը» օրորոցում օրորում էր երեխային: Սա մի տիպիկ պատկեր էր, որն անասելի հրճվանք առաջացրեց «Համբարձում» տաղավարի մոտ հավաքված զբոսաշրջիկների շրջանում: Ոչ պակաս մարդաշատ էր Վարդավառի սեղանը:
«Մեր նպատակն է նպաստել մեր մշակույթի տարածմանը, այդ թվում նաև՝ ազգային ծիսական ուտեստների միջոցով: Եվ, կարծում եմ, որ տարիներ շարունակ այս փառատոնի ամենամյա կազմակերպումը նրան լայն ճանաչում կապահովի: Արդյունքում, մարդիկ կփորձեն համատեղել իրենց ճամփորդությունը դեպի Երևան հենց այս մշակութային իրադարձության հետ», – ամփոփեց Գևորգ Օրբելյանը:
Իրինա Գրիգորյան