Լոս–Անջելեսի համերգասրահներից մեկում լեփ–լեցուն դահլիճում հայկական ժողովրդական երգն է հնչոււմ։ «30 տարի բեմում». այս խորագիրն է կրում ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանի մենահամերգը։
Մինչ համերգի մեկնարկը զրուցում ենք արտիստի հետ։ Նա այնպես էր հուզվել, կարծես առաջին անգամ էր բեմ բարձրանում։ Պատմում է՝ ձեռքերի դողը անցնում է այն ժամանակ, երբ կուլիսներից ոտքը դնում է բեմահարթակին։
«Շատ հուզիչ ու հետաքրքիր երեկո է սպասվում, այս դահլիճում կարծես թե չես զգում, որ հայրենիքում չես, քանի որ ամբողջ դահլիճը մեր հայրենակիցներն են։ Ես միայն հպարտ եմ և ուրախ, որ վայելում եմ նրանց սերն ու հարգանքը, ես պարզապես նրանց զինվորն եմ»,- Dalma News-ի հետ ասում է նա։
Գևորգը բեմում մենակ չէր, նրան շնորհավորելու էին եկել բեմական ընկերները՝ Ռազմիկ Մանսուրյանը, Անահիտ Սահակյանը, Էդգար Խաչատրյանը, Մարգար Եղիազարյանը և այլք։ Գևորգն ասում է, որ շատ երգեր կան, որ կցանկանար երգել, բայց կան երգեր, որոնց պարզապես չի մոտենա, քանի որ այդ երգերը պետք է կատարես կա՛մ շատ լավ, կա՛մ չկատարես։
Գևորգի հետ զուգերգով հանդես եկավ ավագ որդին՝ Ասատուր Չաքմանյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, ու արդեն ստացել է դոկտորի կոչում, բայց ինչպես հայրն է ասում․ «Համ լավ երգում է, համ էլ լավ դոկտոր է»։
Իսկ համերգն անցավ շատ ինտերակտիվ։ Չաքմանյանը պատմում էր կուլիսային արկածներից, ճանապարհորդություններից ու այդ ամենը համեմում իրեն հատուկ հումորով։ Գևորգը իր բոլոր համերգներում մի առաձին բաժին հատկացնում է Արցախին, այս համերգը ևս բացառություն չէր։
«Եղբայրս զոհվել է Արցախյան պատերազմում, և այդ կորուստի ցավը ապրել, զգացել է նաև իմ ընտանիքը: Ես շատ լավ եմ հասկանում, որ դժվար է նման ցավը սփոփել, բայց մենք պետք է անընդհատ խոսենք Արցախի ու արցախցու մասին»։
2010թ. աշխատանքի բերումով Չաքմանյանը մեկնում է ԱՄՆ: Հիշում է, երբ տեղափոխվեց ԱՄՆ, հյուրընկալվում է հեռուստաալիքներից մեկին, որն էլ դառնում է իր համար շատ վճռորոշ։
«Համայնքում բոլորը խոսում էին, որ ԱՄՆ-ում է ժողովրդական երգերի կատարող Գեւորգ Չաքմանյանը, իսկ Սփյուռքում, գիտեք, թե ինչքան պահանջված են ազգագրական, ժողովրդական երգերը: Այդպես սկսվեց իմ երգչական գործունեությունը նահանգներում, իսկ 2010թ. մայիսի 22-ին կայացավ առաջին համերգս, որին 500 մարդ էր եկել, տեղական լրատմամիջոցներն էլ հրաշալի լուսաբանեցին : Ես, սակայն, չբավարարվելով այդ ամենով, որոշեցի ավելին անել»,- պատմում է նա:
Մեկ տարի անց` 2011թ. հիմնեց մեծահասակների երգչախումբը՝ «Կանթեղը»: Երգող տատիկ-պապիկներից բաղկացած խումբն արդեն հայտնի է ԱՄՆ-ի հայաբնակ քաղաքներում, քանի որ հանդես է եկել մի շարք համերգային ծրագրերով: 30-ամյա հոբելյանական համերգին կանթեղցիները նույնպես ներկա էին.
«Գևորգը այս երգչախումբը ստեղծելով մեզ վերադարձրեց մեր երիտասարդությունը, երբ բարձրանում ենք բեմ, չենք զգում մեր տարիքը։ Ու անհամբեր սպասում ենք հաջորդ մեր ելույթներին» ,–ասում է տիկին Անժելան, որը 80–անց կին է։
Նշենք, որ Գևորգ Չաքմանյանը նախատեսում է բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանի սահմանամերձ համայնքներում «Կանթեղ» երգչախմբի հետ մեկտեղ։
Լինա Մակարյան