Մռայլ և լռակյաց վրացի սահմանապահներից հետո հայկական բարյացակամությունը և անմիջականությունն առավել ակնառու են: Այնպես որ հայկական հողում գտնվելու առաջին իսկ վայրկյաններից ցանկություն է առաջանում /ոչ անպատճառ/ էլ ավելի շատ սիրել այս երկիրը: Չնայած՝ էլ ինչքա՞ն ավել: Իմ երկրորդ այցը Հայաստան ինքնատիպ էր, հագեցած և հանգամանալից:
Խոր Վիրապի պահակը
Քարե գեղեցկությունը, մինչև հորիզոն ձգվող խաղողի այգիները, Արարատյան դաշտը և նա՝ պահակը, որը նույնպես դարձավ այս վայրի բաղկացուցիչ մասը: Հինգ տարի առաջ մեր խմբագրությունում աշխատում էր լուսանկարիչ Սերյոժան, որն ավտոստոպով ճամփորդեց ամբողջ Հայաստանով: Նրա լուսանկարները, որոնց վրա պատկերած էին տեղի բնակիչները, տարածվեցին աշխարհով մեկ՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների: Եվ հիմա արդեն ես եմ շրջում Խոր Վիրապի հինավուրց վանքի ներսում: Կանգ առա: Անհնար էր անցնել այս մարդու կողքով: Ես չգիտեմ, թե ինչպես, բայց ես ճանաչեցի նրան. նա հինգ տարի առաջ ինձ էր նայում Սերյոժայի լուսանկարներից, որոնք նվաճել էին Չեխիան կամ էլ գուցե եվրոպական որևէ այլ երկիր:
– Ի՞նչ եք ասում, ինչպե՞ս կարող եմ քեզ հետ լուսանկարվել այսպիսի քամուն,- զարմացրեց իր մերժումով պահակը՝ շարունակելով ուղղել մազերը և սանրել իր այցեքարտ դարձած բեղերը: Այդպիսի ինքնատիպ տղամարդիկ են բնակվում Հայաստանում: Հազարի միջից կճանաչես:
Այո՛, մենք իջանք նաև վանքի այն «ամենախոր վիրապը»: Ահասարսուռ էր, սակայն և ապշեցնում էր վայրի հնությունն ու նշանակալիությունը:
Թզենի նվիրողը
Էջմիածնի վանքը օրհնյալ մի վայր է: Այստեղ ամեն ինչ այնքան խնամված, ներդաշնակ և հարմարավետ է, որ ես ուզում եմ քայլել ու քայլել՝ շոյելով բոլոր շներին և զննելով ամեն մի խաչքար: Այստեղի խաչքարների թանգարանը մի իսկական բացօթյա պատմագրություն է: 15-րդ դար, 13-րդ, 11-րդ, 9-րդ. սակայն, ամեն դեպքում, իրենց գաղափարով նրանք շատ մոտ են Սկանդինավիայի ռունա քարերին: Դրանք հսկայական քարեր են՝ փորագրված ասույթներով. մի լրջագույն պատմական ժառանգությունն է և իմ վաղեմի համակրանքը:
– Սա ձեզ համար է: Ես նաև ուզում էի ձեզ համար խաղող հավաքել, բայց վախեցա, որ արդեն կգնաք,- ժպտալով ասաց Սուրբ Գայանե եկեղեցու մի աշխատավոր և մի բուռ լիքը թուզ մեկնեց մեզ՝ եկեղեցու պարտեզի թզենուց: Այնուհետև նա հիշեց Սարատովում իր աշխատանքը, պատմեց Ռուսաստանում իր ընկերների մասին և կրկին ժպտաց: Կարծես երկար տարիների ծանոթներ լինեինք: Նման բաց, առատաձեռն մարդիկ Հայաստանում շատ կան: Ամենուրեք: Այնքան կարեկցանք և բարյացակամություն, ոչ մի կաթիլ `բացասական և կոպիտ վերաբերմունք: Սա երևի նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Բայց, չգիտես ինչու, Ռուսաստանում մարդիկ… այդքան էլ բարի չեն: Ասում են, որ երբ կյանքը դժվար է, մարդիկ միավորվում են և օգնում են միմյանց, և ցուցաբերում են կարեկցանք և փոխօգնություն: Փաստորեն, Ռուսաստանում մարդիկ լավ են ապրում:
Մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից
Պատահաբար մտքովս անցավ, որ շրջում եմ ինչ-որ ֆրանսիական ամրոցում՝ Գինու ճանապարհի վրա: Նույն արահետները, քարե կամարները, գծերի ճգնակյաց խստությունը: Գեղարդ: Զարմանալի չէ, որ այս վայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես Համամշակութային ժառանգություն: Այս քարանձավային վանքը՝ կիսով չափ կարծր լեռան մեջ փորագրված, նվաճեց իմ սիրտը: Ինձ զարմացրեց վարպետների արվեստը, որոնք ժայռափոր ռելիեֆ են քանդակել հյուսիսային պատին՝ կամարներից վեր: Գլուխները դեպի այցելուն շրջած երկու առյուծ, որոնց պոչերի փոխարեն վիշապների գլուխներ են, որոնց խորհրդանշական պատկերները սկիզբ են առել դեռևս հեթանոսական ժամանակներից: Առյուծների միջև կիսաբաց թևերով մի արծիվ է, որի ճիրաններում գառ է. Պռոշյանների իշխանական տոհմի զինանշանն է: Այդքա՜ն սիմվոլիզմ և գեղեցկություն:
Ի դեպ, ինչ վերաբերում է հեթանոսական ժամանակներին, Գեղարդի ճանապարհին կարող եք այցելել Գառնի: Երկնակամարի մեջ մխրճվող այս հեթանոսական տաճարը լիովին այն զգացողությունն է ստեղծում, որ դուք հայտնվել եք հունական Պարթենոնում: Զարմանալի է, թե ինչքա՜ն բազմակողմանի և բազմատեսակ է փոքրիկ Հայաստանը: Կարծես թե շուրջերկրյա ճանապարհորդության լինեմ: Տեղանքը ևս գեղեցիկ է. ձորեր, ժայռեր, ընկուզենու և դեղձենու այգիներ` մի անվերջ լուսանկարչական գոտի:
Բուսակերի դրախտը
Ո՞վ էր ինձ վախեցնում, որ հայկական խոհանոցը մսային է: Դե, ես արդեն պատրաստվել էի մեկ շաբաթով վերածվել հումակեր-մրգակերի և նույնիսկ ուրախացել էի այդ առիթով: Բայց պլանները ձախողվեցին՝ հանդիպելով ավելուկին: Ամեն ռեստորանում ես պատվիրում էի ավելուկով աղցան ապուր: Այնպես որ, ես հիմա ավելուկի մասնագետ եմ (конский щавель՝ սա է այս հասարակ բույսի ռուսերեն անունը, իրապես դարձել է հայկական խոհանոցի արքան): Ես սա գրում եմ, և միաժամանակ նայում եմ մի մեծ տոպրակի՝ մեջը չորացրած ավելուկի հյուսքերով: Ես դեռ պետք է բացահայտեմ դրա պատրաստման առեղծվածը՝ հիշելով թեժ արձակուրդը Հայաստանում: Ինձ դուր եկավ նաև արցախյան ժենգյալով հացը, թաբուլե աղցանը և ազգային գաթա կարկանդակը: Այնպես որ, հայկական խոհանոցը բուսակերներին ևս ունակ է զարմացնելու և գրավելու:
Շոգ քաղաքի առատաձեռնությունը
Ես ասոցացնում եմ Երևանը շատրվանների հետ: Եվ ընդհանրապես՝ ջրի հետ, ինչը տարօրինակ է, քանի որ այստեղ գետ չկա: Բայց այստեղ շատ են շատրվանները: Փողոցներում ամենուրեք հանդիպում են պուլպուլակներ՝ մաքուր աղբյուրի ջրով ցայտաղբյուրներ: Սա, իմ կարծիքով, երկրի տուրիստական բրենդն է: Մի քաղաքում, որտեղ կարելի է միլիարդներ աշխատել մարդկանց ծարավը հագեցնելու վրա, փողը, բառացիորեն, գետի պես հոսում է: Անվճար: Ժողովրդի համար: Պուլպուլակներն արտացոլում են հայերի մտածելակերպը. սա յուրահատուկ մեծահոգի մի ժողովուրդ է. սա մարդիկ են, ովքեր պատրաստ են կիսել ունեցածը նույնիսկ այն դեպքում, երբ իրենք էլ քիչ ունեն:
Հայաստանում անցկացրած ողջ շաբաթվա ընթացքում լեռների և հնությունների խտացումը մեկ վայրում անդադար սարսուռ էր առաջացնում իմ ողջ մարմնում. չես հասցնում հիացմունքդ արտահայտել լեռներով, երբ արդեն քեզ շտապում է շլացնել անկրկնելի պատմությունը: Դրա համար էլ սիրտս նվիրեցի այս երկրին՝ իր խոր անցյալով, սրտացավ մարդկանցով և անվերջ լեռներով:
Եվ ես կցանկանայի, որ իմ Հայաստանն ապրի, ինչպես գրված է Սուրբ Գրության մեջ՝ «խոաղողի և թզենու այգիների ներքո», այսինքն ՝ խաղաղության և բարգավաճման մեջ:
Տեքստ և ֆոտո` Նատալյա Կոնաշենկովա
ՌԴ Պենզա քաղաքի «Դելովոյ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր