Illustration: Tert.am

Կյանքը Հայաստանում կանգ է առել. մարտի 16-ին ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Այս ժամանակահատվածում երկիրը, ինչպես ամբողջ աշխարհը, միանգամից փորձում է լուծել մի քանի խնդիրներ` կանխել կորոնավիրուսի տարածումը և բուժել նրանց, ովքեր արդեն վարակվել են, ինչպես նաև աջակցել տնտեսությանը հաղթահարել այս ճգնաժամը: Գիտակցելը, որ աշխարհը ապահովագրված չէ ճգնաժամային իրավիճակներից, քիչ է օգնում, սակայն հուսահատվել ևս պետք չէ:

ՀՀ բնակչության մեծ մասը այսօր գտնվում է հարկադիր կարանտինում. չեն գործում ուսումնական հաստատությունները, փակ են առևտրի կենտրոնները և տուրիստական գործակալությունները, սրճարանները և ռեստորանները: Երկրի ղեկավարների շուրթերից շարունակում են ինքնամեկուսացման կոչեր հնչել, իսկ որոշ հաստատություններում շարունակում են պարտադիր կարանտինում մնալ անձինք, որոնք կամ վարակված են, կամ շփվել են վարակակիր անձի հետ, կամ Հայաստան են ժամանել մարտ ամսին:

Ի դեպ, մեր երկիրը ցույց տվեց աշխարհին (լավ իմաստով), թե ինչպես կարելի է կարանտինն այնպես կազմակերպել, որ մարդիկ նույնիսկ երախտագիտություն հայտնեն դրա համար: Համաշխարհային մամուլի էջերում բազմիցս լուսաբանվել է, որ Հայաստանը իր քաղաքացիներին մեկուսացնում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում ՝ անվանելով այն «5-աստղանի կարանտին»: Թուրքական ԶԼՄ-ները, մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հեռարձակումը հյուրանոցից, զարմանում էին, որ հատուկ հագուստով մարդիկ ուտելիք էին բաժանում հյուրանոցի լյուքս համարներում մեկուսացված քաղաքացիներին

Մեկուսացածներն իրենք են երախտագիտություն հայտնում նման վերաբերմունքի համար, ինչը նրանց հարկադիր ազատազրկումն ավելի հաճելի է դարձնում, քան ենթադրում է իրավիճակը: Ընդ որում, խոսքը միայն այն դեպքերի մասին չէ, երբ քաղաքացիներին մեկուսացրել էին աշխարհում արդեն հայտնի դարձած 5-աստղանի հյուրանոցում:

Օրինակ՝ Ծաղկաձորում կարանտինում գտնվող Գոռ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում պատմեց ոչ միայն «ժամանակավոր ազատազրկման» պայմանների մասին, այլ նաև կիսվեց լուսանկարներով:

«Ուշ երեկոյան մեզ տեղավորեցին Ծաղկաձորի առողջարանային տներից մեկում (ոչ «Գոլդեն Փելեսում»), դիմավորեցին, ողջունեցին և հարցրեցին հնարավոր բողոքների և ախտանշանների մասին ոչ պակաս ուշադրությամբ: Մեզ տրամադրեցին անհրաժեշտ ամեն բան, իսկ անձնակազմը լավ է վերաբերվում», – ձայնագրությանը կից կարանտինային գոտուց լուսանկարներ են:

Լուսանկարը` Գոռ Առաքելյանի ֆեյբուքյան էջից

Ավելի ուշ իշխանություններին և բուժաշխատողներին ուղղված երախտագիտության ֆլեշմոբին միացավ Եվրոպայից վերադարձած Արփի Բեքարյանը: Նրան և Աթենք-Երևան չվերթի բոլոր ուղևորներին անմիջապես տեղափոխեցին կարանտինի մեկ այլ քաղաք. «Ամեն 15-20 րոպեն մեկ թակում են դուռը և հարցնում, թե ինչ ենք ուզում` թե՞յ, սու՞րճ մրգերով, ֆե՞ն, գուցե հողաթափե՞ր: Այսօր մի քանի անգամ սնունդը ետ ուղարկեցի, քանի որ միսը շատ է, իսկ ես կարոտել եմ առանց մսի ուտեստներին: Բախտս բերեց, որ մեր հարկում տեղավորեցին մի քանի քաղաքացիների, որոնք խստորեն պաս են պահում, և նրանց շնորհիվ իմ ճաշացանկը սովորական կդառնա:

Անձնակազմը շատ մեծ է, բայց բոլորը շատ սիրալիր և ուշադիր են: Նույնիսկ շփոթվում և նույն դուռը թակում են մի քանի անգամ: Մեզ կանչում են այն սենյակների համարներով, որոնցում մեկուսացված ենք. ես 402-րդ ջանն եմ, օրվա ընթացքում մի քանի անգամ լսում եմ. «402-րդ ջան, քեզ սուրճ են բերել, ինչի՞ կարիք ունես:

Լուսանկարը` Արփի Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Ի դեպ, մինչ ես գրում էի այս գրառումը, փողոցից ինչ-որ աղմուկ լսվեց. պարզվեց, որ չնայած մենք չենք կարողանում այնպես լավ երգել, ինչպես իտալացիները, բայց ծափահարել կարողանում ենք»,- իր կարանտինային ռեժիմի մասին պատմեց ֆեյսբուքյան օգտատեր Արփի Բեքարյանը:

Կարանտինային երգեր ու պարեր

Իսկ մեկուսացվածներն իրենց պատուհաններից ծափահարում էին բուժաշխատողներին, ովքեր այս դժվարին օրերին աշխատում են առանց հանգստի և քնի: Ամեն դեպքում մեկուսացվածներին չթողեցին առանց երգերի` Դիլիջանում մեկուսացվածների համար մարտի 20-ին իսկական համերգ կազմակերպվեց բաց երկնքի տակ: Եղանակը տրամադրում է, արևը դարձել է լավագույն դեկորացիան, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում լքել իրենց սենյակները, պատշգամբներից և պատուհաններից հաճույքով դարձան համերգ-իմպրովիզի հանդիսատես և դեպքի վայրից տեսանյութը ներբեռնեցին ցանց:

Եվ՛ բժիշկները, և՛ բուժանձնակազմը ցույց տվեցին, որ նույնիսկ դժվարին պահերին, երբ չափազանց հոգնում ես, կարելի է հանգստանալ և բարձրացնել ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների տրամադրությունը:

Իսկական ծննդյան օր էլ ունեցա՝ տորթով, մոմերով և շնորհավորանքներով: Եվ ոչինչ, որ կարանտինում եմ, և սիրելի ընկերների փոխարեն վառվող մոմերով տորթը պահում էին դիմակներով և հատուկ հագուստներով բժիշկներն ու բուժանձնակազմը: Բայց անվիճելի է, որ մոմը փչելիս միայն մեկ ցանկություն կար` հնարավորինս շուտ վերադառնալ տուն և սովորական կյանքին:

Հումորը փրկում է

Գեղեցկությունը փրկում է աշխարհը, իսկ հումորը (հայերի այսօրվա ըմբռնմամբ) կօգնի ապաքինմանը: Սակայն իրականում այն միայն օգնում է դիմանալ սթրեսային իրավիճակում: Սոցցանցերի հայկական հատվածում բազմաթիվ կատակներ կարելի է կարդալ կորոնավիրուսի մասին: Կարելի է նաև տեսնել լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ մեր հասարակությունը լիովին չի հասկանում իրավիճակի լրջությունը: Դրա վկայությունն է աշխարհի ամենամեծ դատարկված քաղաքների և Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք Վանաձորի կոլաժը: Վանաձորի փողոցները լի են մարդկանցով, և ամեն բան սովորականի պես է: Մեկնաբանություններում շատ օգտատերներ բերում են իտալացիների անհոգության օրինակը, որոնք նույնպես նոր վարակին լրջորեն չէին վերաբերվում: Սակայն Երևանն այնքան էլ չի տարբերվում. հատկապես այլ երկրների օգտատերերին զարմացրեց այն փաստը, որ Կասկադի հարևանությամբ գտնվող սրճարաններում և ռեստորաններում ինչպես միշտ տեղ չկա: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը ստիպված էր ձեռնարկել մի շարք կոշտ միջոցառումներ` սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը և պարետային ժամ սահմանել:

Այսպիսով, մինչև ապրիլի 10-ը տնից դուրս գալիս հարկավոր է ներկայացնել հատուկ լրացված բացատրական թերթիկ, որտեղ պետք է նշված լինի, թե ուր եք գնում և ինչու: Սակայն սոցցանցերում արդեն կատակում են, որ հայերը այս իրավիճակից նույնպես կարող են դուրս գալ:

«Հանուն մեզ մնացեք տանը»

Բնակչության մեծամասնությունը համաձայն է, որ նման կտրուկ միջոցառումներն արդեն անհրաժեշտություն էին: Փաստն այն է, որ արտակարգ իրավիճակի առաջին օրերին Երևանի փողոցները իսկապես դատարկ էին: Խուճապից բացի դրան նպաստեց նաև եղանակը` անձրևի ժամանակ դուրս գալու ցանկություն չի լինում, մանավանդ եթե դուրս գալը պաշտոնապես արգելված է: Այնուամենայնիվ, հենց արևը դուրս եկավ, մայրաքաղաքի փողոցները կրկին լցվեցին մարդկանցով, և միայն թեթև տրաֆիկից կարելի էր հասկանալ, որ երկրում մի բան այն չէ: Որպեսզի հասկանանք, թե որքանով ներկա իրավիճակը չի համապատասխանում խնդրի լրջությանը, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Աշոտ Պապիկյանը կոչով դիմեց քաղաքացիներին, որի տողատակերում կարելի է կարդալ նրա ողջ հուսահատությունը: Բժիշկը, ով հոդվածը գրելու պահին արդեն երկու շաբաթ աշխատելիս է եղել օրական 24 ժամ և չի տեսել իր կնոջն ու երեխաներին, պարզապես ցնցված է քաղաքացիների պահվածքից:

Աշոտ Պապիկյան

«Ես ցնցված եմ նրանից, ինչ կատարվում է Երևանի փողոցներում: Բոլորն ապրում են այնպես, կարծես ոչինչ չի էլ պատահել: Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժաշխատողները, քանի որ ամեն վայրկյան շփվում են պացիենտների հետ: Մենք մնացել ենք աշխատավայրում ձեզ համար, իսկ դուք մեզ համար մնացեք տանը», – գրել է նա՝ այդպիսով աջակցելով բուժաշխատողների շրջանում հայտնի դարձած ֆլեշմոբին: 

Որքան էլ դժվար լինի, որքան էլ արևը պայծառ շողա և գայթակղի դուրս գալ ու քայլել մայրաքաղաքի սիրելի փողոցներով, եկե՛ք չմոռանանք, որ սպառնալիքը իրական է և նենգ:

Ժամանակակից աշխարհն առաջին անգամ է հայտնվում նման իրավիճակում, և դեռևս պարզ չէ, թե ինչ է իր հետ բերում կորոնավիրուսը: Այո՛, մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ նման մասշտաբի համաճարակը հնարավոր է վերահսկվել, սակայն գիտական հանրությունը դեռևս չի կարող պարծենալ, որ գտել է պատվաստանյութը: Այնպես որ, եկե՛ք հրաժարվենք առօրյա կեսնակերպից հանուն մեր սիրելիների և նրանց, ովքեր այս օրերին աշխատում են առանց հանգստանալու, որովհետև միայն այդպես կմոտեցնենք այն օրը, երբ կյանքը նորից կընթանա բնականոն հունով:

 

Լինա Մակարյան