Վերարտադրողական բժշկությունը, համեմատաբար նոր ու արագ զարգացող ուղղություն է բժշկության մեջ: «Փորձանոթային» առաջին մանկիկը լույս աշխարհն է եկել ընդամենը 30 տարի առաջ՝ Անգլիայում (աղջիկ՝ Լուիզա Բրաուն անունով): ԽՍՀՄ-ում առաջին հաջող պատվաստումն արվել է 1986 թվականին՝ Մոսկվայում՝ Մոր և մանկան առողջության պաշտպանության կենտրոնում:
Հայաստանում արհեստական բեղմնավորումն ընդամենը երկու տասնյակ տարվա պատմություն ունի: 1996 թվականին Մարսել քաղաքի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի (IMR) ֆրանսիացի բժիշկների խումբն այցելեց Հայաստան, ու այդ այցը կարելի է համարել ազգային վերարտադրողական բժշկության զարգացման սկզբնակետ: Սակայն Էկո մեթոդիկան մեզ մոտ ակտիվորեն կիրառվում է միայն վերջին 10 տարիների ընթացքում: Եվ եթե 2007 թվականին Հայաստանում նման հետազոտություն իրականացնող միայն մեկ կլինիկա կար, ապա հիմա դրանք բավական շատ են:
Վերարտադրողական բժշկության ոլորտում վերջին ձեռքբերումների ու զարգացման տենդենցների մասին սկսել են խոսել ավելի հաճախ ու ավելի շատ: Այսպես, այս ամառվա ընթացքում Երևանում տեղի ունեցավ Վերարտադրողական բժշկության հարցերով 14-րդ Կոնգրեսը՝ կազմակերպված Վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիայի կողմից: Հանդիպումը մասնավորապես նվիրված էր այս ոլորտում կատարված վերջին արձանագրություններին ու մեթոդաբանական մոտեցումներին:
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների՝ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները գտնվում են վարչության համակ ուշադրության կենտրոնում: Ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք մշակում են հատուկ ծրագրեր՝ տրամադրվող բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: Ինչպես միջազգային համաժողովի ընթացքում նշեց Հայաստանի առողջապահության՝ տվյալ պահին գործող նախարար Սերգեյ Խաչատրյանը, դեկտեմբեր ամսվա հաշվարկների համաձայն՝ կա 14 մլրդ դրամի ներդրումներ կատարելու անհրաժեշտություն, որպեսզի, սկսած պատանեկան տարիքից, մինչև վերարտադրողական փուլի ավարտը, մեր կանայք կարողանան ստանալ որակյալ բուժում: «Տվյալ ծրագրի իրականացումը կսկսվի 2017 թվականին, ու ես վստահ եմ, որ այն, աշխատանքի բարելավման հետ մեկտեղ, մեծ դեր կխաղա այս ոլորտում»,- հայտնեց նախկին նախարարը:
Այս ամենի մասին մենք մանրամասն զրուցեցինք Վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի հետ:
Որքանո՞վ է այսօր զարգացած առաջին ու հետագա հղիությունների «պլանավորման դպրոցը» մեր երկրում:
Այսօր, առաջվա պես, առաջին երեխայի պլանավորումը հազվադեպ դիտվող երևույթ է, սակայն արդեն կան զույգեր, որոնք ամուսնության առաջին-երկրորդ տարում երեխա ունենալ գիտակցաբար չեն ցանկանում, մինչև զգան, որ իրենք պատրաստ են ծնող դառնալուն: Այսինքն ընտանիքի պլանավորումն այնուամենայնիվ արդիական է:
Սակայն լինում են դեպքեր, որոնցով մասնավորապես զբաղվում ենք մենք՝ ռեպրոդուկտոլոգներս, երբ տարբեր պատճառներից ելնելով՝ զույգը չի կարողանում երեխա ունենալ: Նման դեպքերում հստակ պետք է հասկանալ, թե որ տարիքում կինը պիտի ահազանգի ու դիմի բժշկի: Այստեղ իհարկե կարևոր է ոչ միայն տարիքը, այլ նաև բազմաթիվ այլ գործոններ, օրինակ՝ սեռական հարաբերություններ սկսելուց որքա՞ն ժամանակ անց հղիություն չի դիտվում, որո՞նք են այն ուղեկցող գործոնները և այլն: Այստեղ կարևոր դեր է խաղում բնակչության ճիշտ ինֆորմացվածությունը:
Իսկ ի՞նչ է արվում բնակչության ինֆորմացվածությունը բարձրացնելու համար:
Մենք անցկացնում ենք սեմինարներ, զրուցում բնակչության հետ, ելույթ ենք ունենում հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Մեր ասոցացիայի անդամները համարյա ամեն ամիս հանդիպում են լրագրողների հետ, տալիս հարցազրույցներ, տարբեր հարցերի հետ կապված պարզաբանումներ: Ինչպես նաև ասոցացիան հրատարակում է մասնագիտացված ամսագիր, որը լույս է տեսնում 4 տարին մեկ անգամ: Վերջիվերջո գոյություն ունի ինտերնետը: Մեր կայքում ինֆորմացիան թարմացվում է ամեն շաբաթ, մասնագետները նաև ակտիվորեն հաղորդակցվում են բնակչության հետ՝ պատասխանելով հղած բոլոր հարցերին: Այնպես որ ինֆորմացիայի պակաս չկա, պարզապես հարկավոր է օգտվել բժշկական մասնագիտացված աղբյուրներից, որտեղ տեղեկություններ են տեղադրվում արդեն ապացուցված մեթոդների մասին, այլ ոչ թե վազել ամեն հնարավոր կայքի կողմից առաջարկած «բոլոր հիվանդությունների բաղադրատոմսը» անունը կրող հիմար հոդվածների ետևից: Հարկավոր է հասկանալ, որ երբ ասում են, թե իբր՝ «խմել է այսինչ խոտը ու ունեցել 10 երեխա, կամ բուժել ուռուցքը», այդ ամենը հիմարություն է:
Մեր հասարակությունում գոյություն ունի կարծրատիպ, որ եթե հնարավոր չէ երեխա ունենալ, ապա դրանում «մեղավորը» կինն է:
Դարերով ընդունված է եղել համարել, որ դրանում «մեղավորը» կինն է, և միայն վերջերս են ապացուցել, որ 50 % դեպքերում խնդիրը տղամարդկային անպտղության մեջ է, ոչ թե կանացի: Ահա մասնագետների այս համագործակցումն էլ բերեց բժշկական համայնքի կոնսոլիդացիային: Անպտղության բուժմանը պետք է մոտենալ համակողմանիորեն ու հավաքական ձևով: Այստեղ անհրաժեշտ է և գինեկոլոգ, և անդրոլոգ, և ուռոլոգ, այս հարցում բոլորը պետք է համատեղ գործեն:
Ահա թե ինչու այս տարի Միջազգային կոնգրեսի ժամանակ քննարկվեցին հիմնականում երկու խոշոր թեմաներ: Առաջին՝ վերականգնողական պոտենցիալի պահպանումն ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու մոտ: Արտասահմանյան մեր գործընկերների հետ փորձի փոխանակման արդյունքում անհրաժեշտ է հասկանալ, թե որ խնդիրներ ենք մենք արդեն լուծել, և որոնք դեռ պետք է լուծել:
Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի մեր կոնֆերանսին մասնակցեցին ոչ միայն գինեկոլոգները, այլ նաև ուռոլոգներն ու անդրոլոգները: Մենք, Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ, օրենսդրական մակարդակով նախատեսում ենք ամրապնդել երկրում գոյություն ունեցող այն չափանիշները, որով պետք է առաջնորդվեն ոլորտի մասնագետները՝ միասնական, համակարգված մոտեցում ներդնելու համար: Հարկավոր է հստակ հասկանալ, որ մի բան է, երբ բժիշկների ասոցացիան է խորհուրդ կամ ինչ-որ խորհրդատվական ուղղորդում տալիս, մեկ այլ բան է, երբ այն օրենքի ուժ է ստանում, ինչպես որ ողջ աշխարհում է: Այդպիսի առաջարկներից է օրինակ գրանցամատյանի ստեղծումը՝ հասկանալու համար, թե քանի հղի կա Հայաստանում, ով է դիմում, և ինչպիսի հաջողություններ են գրանցվում: Սա էլ հենց երկրորդ ու շատ կարևոր հարցն է, որը քննարկվեց:
Եթե չեմ սխալվում այսօր երկրում անպտուղ զույգերի թիվը պետք է կազմի մոտ 14.8 %: Արդյո՞ք այդպես է, թե՞ փոխվել է այդ թիվը:
Փոխվել է, ես կասեի այն հասել է 16 %-ի:
Վերջին տարվա ընթացքում կատարվե՞լ է որևէ նոր ներդրում հայկական Էկո ոլորտում:
Հայաստանում ու առհասարակ ողջ աշխարհում ամենակարևոր նորամուծություններից մեկը ձվաբջիջների սառեցման հետ կիրառված փորձն է: Չէ՞ որ սա նույնպես պտղաբերության պահպանման խնդիր է: Նախկինում աշխարհում ոչ-ոք չէր տիրապետում ձվաբջիջների սառեցման փորձին, կարողանում էին սառեցնել սերմնահեղուկը, հետազոտության ընթացքում ստացված սաղմերը, իսկ հիմա մենք սովորել ենք սառեցնել նաև կանացի ձվաբջիջը:
Շատ կարևոր է բնակչության գիտակցությանը հասցնել այն, որ հիվանդության համար քիմիոթերապիա նշանակած կանանց ու տղամարդկանց անհրաժեշտ է անպայման խորհրդակցել ռեպրոդուկտոլոգի հետ, որպեսզի բուժումից հետո էլ նրանք ծնող դառնալու հնարավորություն ունենան: Ցավոք, այսօր այս մասին մարդիկ չգիտեն:
Գոյություն ունե՞ն արդյոք պետական դոտացիաներ՝ Էկո հետազոտության համար, և քաղաքացիների ո՞ր կատեգորիայի համար են դրանք նշանակված:
Անցյալ տարվանից Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով անապահով ընտանիքներին, հատկապես նրանց, ովքեր սահմանամերձ գոտիներում են ապրում, ինչպես և նրանց, ովքեր օգտվում են «Արագիլ» ծրագրից (վերարտադրողական բժշկության հետ համագործակցող ոչ առևտրային ֆոնդ), կառավարությունը դրամական միջոցներ է տրամադրում: Ես գտնում եմ, որ սա մեզ առաջ տանող մի հսկայական քայլ է:
Պատրաստեց՝ Հասմիկ Ծատուրյանը