Ժամանակակից կինեմատոգրաֆիայում հաճախ ներկայացվում են լրտեսների և հետախուզության գործակալների կերպարներ: Այդ կերպարները փրկում են աշխարհը ոչնչացման հերթական սպառնալիքից՝ արժանապատվորեն ապացուցելով բոլոր ժամանակների այն հայեցակարգը, որ բարին հաղթում է չարին: Մոսադի, ԿՀՎ-ի, MI-6-ի և աշխարհի շատ այլ հետախուզական ծառայությունների գործակալները դառնում են մեր էկրաններին ցուցադրվող բազմաթիվ ֆիլմերի և հեռուստասերիալների սիրված հերոսները:

Բայց արդյո՞ք նրանց ցուցադրված գործունեությունը նման է իրականությանը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ծանոթանալ այն մարդկանց կյանքին և գործունեությանը, որոնք մեզ նվիրեցին մի աշխարհ, որտեղ հնարավոր է խաղաղ երկնքի տակ արտադրել ֆիլմեր և ստեղծել ֆիլմադարան լրտեսության և հետախուզության թեմաներով:

Երկուսը դաշտում մարտիկ են կամ «Թեթև հեծելազորը» որպես հաղթանակի նախանշան:

Գաղտնագրված անուններ, հորինված պատմություններ և գաղտնալսումներ տարբեր քաղաքներում և նույնիսկ մայրցամաքներում. այս ամենը Գևորգ և Գոհար Վարդանյանների կյանքի անբաժանելի մի մասն է կազմել, որի մասին հայտնի չի եղել մինչև 2000-ական թվականները: Միայն 21-րդ դարի սկզբին աշխարհը ճանաչեց իր հերոսներին: Խորհրդային հետախուզական ծառայության աշխատակիցների գործունեության գաղտնազերծված մասը, որն ամբողջի ընդամենը չնչին մասն է կազմում, հպարտության, հիացմունքի և ակնածանքի զգացում են առաջացնում:

Ամեն ինչ սկսվեց Իրանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Մի երկիր, որն իր նավթի շնորհիվ հայտնվեց թե՛ դաշնակիցների, թե՛ ֆաշիստների շահերի բախման կիզակետում: Մի երկիր, որտեղ ապրում էին և իրենց հետախուզական գործունեությունն էին մեկնարկում Գևորգ Անդրեևիչն ու Գոհար Լևոնովնան, և որտեղ այդ ժամանակ «տեղակայված» էին մոտ 20.000 գերմանացիներ: Իհարկե, ոչ բոլորն էին «Աբվերի գաղտնի լրտեսներ»: Հեղինակավոր լրագրող, հրապարակախոս և հատուկ ծառայությունների պատմաբան Նիկոլայ Դոլգոպոլովը, որը Գևորգ Անդրեևիչի խոսքով «իր կենսագիրն» է, իր «Վարդանյան» կոչվող գրքում մեջբերում է գաղտնի հետախույզի խոսքերը՝ նշելով. «Գերմանացիների շարքում կային նաև հակաֆաշիստներ, որոնք փախել էին Հիտլերյան դատաստանից, ինչպես նաև հրեաներ, որոնք փախել էին անխուսափելի գետտոյից: Բնականաբար այստեղ տեղափոխվում էին նաև պարզապես զգուշավոր գերմանացիներ, որոնք պարզապես գերադասում էին հեռու լինել Ռեյխից և հանգիստ անցկացնել դժվար ժամանակները: Այնուամենայնիվ, այս մարդկային հոսքի մեջ բավականին հեշտ քողարկվում էին Հիտլերի գործակալները, որոնք հեղեղել էին ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածքը»:

Ռազմական հրահանգիչները և հետախույզները ծպտվում էին առևտրականների, գործարարների և այլ մասնագիտությունների տեր անձանց կերպարանքով:

Պայմանավորված այս հանգամանքներով և Թեհրանում գերմանական գործակալների օջախների հայտնաբերման անհրաժեշտությամբ՝ 1940 թ.-ին 16 տարեկան համակրելի երիտասարդ Գևորգը Իվան Իվանովիչ Աղայանցի կողմից ներգրավվեց խորհրդային հետախուզության կազմում: Իրանում խորհրդային ռեզիդենտ հանդիսացող լեգենդար այս հետախույզը հարթեց Վարդանյանի հետագա փայլուն ճանապարհը: Այսպես հայտնվեց Ամիրը:

Ամիրը, ով իր շուրջը հավաքեց հավատարիմ ընկերների և ինչպես ինքն էր ասում. «Հայեր, լեզգիններ, ասորիներ… իսկական ինտերնացիոնալ»: Բոլոր համախոհները ԽՍՀՄ-ից էին. ոմանց ծնողներին վտարել էին 1937 թ.-ին, իսկ ոմանք ստիպված էին մեկնել: Բայց բոլորն էլ սիրում էին իրենց հայրենիքը և պատրաստ էին նետվել պայքարի: Այդպես ձևավորվեց «Թեթև հեծելազորը»: Այսպես նրանց կատակով անվանել էր Աղայանցը, քանի որ նրանք ծավալում էին իրենց գործունեությունը հեծանիվներով՝ շրջելով Թեհրանով մեկ և որոնելով ֆաշիստական գործակալների: Այսպիսով, կատակը տեղափոխվեց իրական կյանք, և այդ անունն այդպես էլ մնաց տղաներին:

1941 թ.-ին «փողոցներով շրջողներին» միացավ նաև «հյուսիկներով մի խիզախ աղջիկ»: Նա Գոհարն էր՝ ապագա Անիտան` Վարդանյանի կինը և նեղ օրերի ընկերը: Մոտ մեկուկես տարվա ընթացքում «Թեթև հեծելազորը» հայտնաբերեց մոտ 400 ֆաշիստական գործակալ: Սակայն իրական փառքը դեռ առջևում էր:

Երկրորդ ռազմաճակատի բացման վերաբերյալ դաշնակից պետությունների ղեկավարներ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի հանդիպման նախօրեին Թեհրանում բացահայտվեց գերմանացի ռադիստ-կապավորների տեղակայման վայրը, որոնք Իրան էին ժամանել «Մեծ Եռյակի» ոչնչացմանն ուղղված «Երկար ցատկ» օպերացիայի իրակացանցման նպատակով: Այնուամենայնիվ, նրանց նենգ դավադրությունն այդպես էլ չիրականացավ: Չէ՞ որ գործը ստանձնեցին Գևորգը և նրա համախոհները: Գերմանացի զինվորականներին հայտնաբերեցին և տեղեկացրեցին Աղայանցին: Վարդանյանը շատ էր ուզում մասնակցել իր կողմից բացահայտված գերմանացիների ձերբակալմանը: Սակայն նրա ուսուցիչը արգելեց նրան՝ ասելով, որ դա հատուկ պատրաստված մարդկանց՝ զինյալների գործն է: Եվ նա մի խրատ տվեց Գևորգ Անդրեևիչին, որը նա հիշեց իր ողջ կյանքում. «Հետախուզությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են կրակոցները»: Ահա այն կանխադրույթներից մեկը, որը դիտավորությամբ կամ էլ ժամանակաշրջանի տարբերության և տեխնիկական զարգացման պատճառով, չի համապատասխանում այն պատկերին, որը մենք ամեն օր տեսնում ենք մեր էկրաններին: Ֆիլմերում և հեռուստասերիաներում հետախուզական գործակալների դերը մարմնավորող հերոսները, բացի գաղտնալսումից և հետախուզական լեգենդներից, նաև կիրառում են տարբեր մարտարվեստների հնարքներ և զենքերը, ինչը համատեղելի չէ հետախուզության հետ՝ առնվազն վերջինիս խորհրդային, դասական ընկալմամբ:

Վերադառնալով մեր բուն թեմային՝ արձանագրենք, որ «Թեթև հեծելազորը» կանխեց Հիտլերի հովանավորյալ Օտտո Սկորցենիի «Երկար ցատկ» օպերացիան:

Գևորգ Անդրեևիչը և Գոհար Լևոնովնան շատ երիտասարդ տարիքում (համապատասխանաբար`19 և 17 տարեկանում) են սկսում իրենց գործունեությունը, այն էլ շատ նշանակալից մի գործով: Եթե նրանք չլինեին, գուցե այսօր աշխարհն ապրեր ֆաշիստական տիրապետության ներքո: Թեհրանի գագաթնաժողովը և Թեհրանում անցկացված ժամանակաշրջանը սկիզբն են հանդիսանում աշխարհի տարբեր կետերում այս երկու գաղտնի գործակալների բազմամյա աշխատանքի համար:

Նրանց գործերի մասին հիշատակը հավերժ է:

1946 թվականը նշանավորվեց Վարդանյանների համատեղ կյանքի և գործունեության սկզբնավորմամբ: Թեհրանի հայկական եկեղեցում երկու անգամ հնչեց «այո՛» բառը. առաջին անգամ՝ շատ ցածր, իսկ հետո՝ վստահ, բարձրաձայն: Եվ հենց այդ երդումից հետո Գոհար Լևոնովնա Վարդանյանը հետևեց իր ամուսնուն, որտեղ որ նա գնար:

«Դեգերումերի» տարիներին Անիտան ևս երկու անգամ ամուսնացավ Անրիի հետ (լեգենդար արևելյան «Ամիր»-ը բավականին համահունչ է արևմտյան (եվրոպական) «Անրի»-ին), սակայն տարբեր անուններով և տարբեր երկրներում: Լեգենդը արտասովոր սխրանքներ է պահանջում: Գաղտնի գործակալների կյանքի իրադարձությունների շղթան նմանվում է մի արտասովոր էպոսի՝ բառիս լայն իմաստով:

Միակ բանը, որը պակաս էր Գոհար Լևոնովնայի և Գեւորգ Անդրեևիչի կյանքում, երեխաներ ունենալու անհնարինությունն էր: Սակայն նրանց ժառանգությունը այնքան մեծ է, որ նրանց գործերի մասին հիշատակը հավերժ կապրի: Բացի դրանից, նրանք վայելում էին նաև իրենց թոռների սերը: Նրանց հետ էր Մարգարիտան՝ Գոհարի եղբոր թոռնուհին, ում սիրում էին և ումով հպարտանում էին տատիկն ու պապիկը: Ինչպես նշում է իր գրքում Դոլգոպոլովը, Վարդանյան ամուսինները անչափ ուրախ էին, երբ իրենց միակ և սիրելի թոռնուհին ամուսնացավ շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ:

Գևորգ Անդրեևիչը չհասցրեց տեսնել իր ծոռանը, չկարողացավ վայելել այդ փոքրիկ հրաշքի սերը, սակայն Գոհար Լևոնովնան իրեն երկուսի փոխարեն է վայելում նախատատ լինելու ողջ հմայքը, քանի որ Անրին և Անիտան մեկ միասնություն են՝ տիեզերքի մեկ անբաժանելի մասը:

«Գոհարը տատիկը մեզ խաղաղ ապագա նվիրեց. այժմ մեր հերթն է նրան զարմացնել հաճելի մանրուքներով: Գոգոսիկ․այսպես եմ ես նրան մանկուց դիմել և այժմ ես ունեմ 2 տարեկան որդի, որը նույնպես սիրով դիմում է նրան Գոգոսիկ, ինչով անասելի ուրախություն է պատճառում նրան»,- պատմում է Մարգարիտան Dalma News-ի հետ զրույցում:

Մարգարիտան նկարագրում է իր տատիկին՝ որպես մի արտառոց կին՝ միշտ խնամված, պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ կանացի: Գոհար Լևոնովնայի կյանքի հավատամքն է՝ միշտ լինել իմաստուն և չտրվել էմոցիաներին, ինչն էլ խորհուրդ է տալիս իր թոռնուհուն:

Ուժեղ կինը, ինչպես ասում է թոռնուհին՝ «ուժն իր արյան մեջ է», բայց և, միևնույն ժամանակ զգացմունքային կինը՝ «բայց և չափազանց հեզանքով», սահմանում է պատմության ընթացքը: Նա կարող էր պարզապես թիկունք լինել իր ամուսնու համար և ոչինչ չանել: Նա կարող էր լինել պարզապես մի նրբագեղ կին, որը մինչ այսօր էլ՝ 93 տարեկանում, ամեն առավոտ սկսում է իր մաշկի խնամքից: Սակայն ոչ, նա այլ ճանապարհ ընտրեց: Նա դարձավ իր Գևորգի մարտական ընկերը՝ ստանձնելով ռադիստ-կապավորի պարտականությունները՝ դրանով իսկ թեթևացնելով ամուսնու աշխատանքը:

Անիտա և Ամիր գաղտնի հետախույզների ողջ կյանքը անցել է մեկ պարզ ճշմարտության ներքո, որն այսօր փորագրված է Գևորգ Անդրեևիչի գերեզմանաքարին. «Մեր հետախուզությունը Հայրենիքի պաշտպանության ամենաարդյունավետ գործիքներից մեկն է: Դա իսկական հայրենասերների, սկզբունքային և անձնուրաց մարդկանց գործն է: Եվ եթե հնարավոր լիներ ամեն ինչ նորից սկսել, ես կրկին կընտրեի այս դժվար ճանապարհը»:

Եվ Անիտան, իսկ ինչ-որ մեկի համար նաև՝ Գոգոսիկը, անհապաղ և անվարան, հավատարիմ և նվիրված ամուսնուն և գործին, կրկին կնետվեր իրադարձությունների այդ հորձանուտը:

 

Սոնա Ֆահրադյան