2009 թվականին սկիզբ առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի վերին աստիճանը դարձավ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների ստեղծման մասին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, անմիջապես հայտնվեցին տարածաշրջանային քաղաքականության ետնաբակում: Գործընթացը փակուղի մտավ այն բանից հետո, երբ Թուրքիան իրեն կապեց Ղարաբաղյան կոնֆլիկտին, ինչը հայկական կողմի համար առհասարակ ընդունելի չէր: Դրանից մի քանի տարի անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախ խորհրդարանից ետ կանչեց ցյուրիխյան արձանագրությունները, իսկ վերջերս ՄԱԿ-ի հարթակից առհասարակ հայտարարեց, որ դրանք չեղարկվելու են, եթե մինչև 2018թ. գարնանը ոչ մի դրական առաջընթաց չգրանցվի: Այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է այդ պայմաններում խոսել երկու երկրների հարաբերությունների կարգավորման, և թե ինչպես են Թուրքիայում ընդունվում Հայաստանն ու նրա հետ կապված խնդիրները, կամ ինչ վիճակում հայտնվեց Թուրքիայի հայ համայնքը՝ ազգայնականների դիրքերի ամրապնդման ֆոնին, ինչպես նաև հայ- թուրքական օրակարգային այլ հարցերի մասին Dalma News–ի թղթակիցը զրուցեց Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հայկական ծագում ունեցող պատգամավոր Կարո Փայլյանի հետ, ով վերջերս «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում այցելել էր Հայաստան:
Պարոն Փայլյան, Հայաստանում Դուք հանդիպում եք ունեցել Հայաստանի պաշտոնական դեմքերի հետ, մասնակցել եք «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Սա Ձեր առաջին այցն էր Հայաստան: Կիսվեք խնդրեմ առհասարակ երկրի, ու հատկապես ֆորումի մասին Ձեր ունեցած տպավորություններով:
Մինչ Հայաստան այցելելս ես եղել եմ աշխարհի տարբեր երկրների շուրջ 10-12 հայկական համայքներում: Նրանց հատուկ ջերմությամբ եմ հիշում: Սակայն առաջին անգամ բազմաթիվ սփյուռքի կառույցներ ու ներկայացուցիչներ հավաքվեցին միասին Երևանում՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում: Սա շատ կարևոր իրադարձություն էր: Ես տեսա ու զգացի, որ Հայաստանն իրոք հզոր երկիր է, և սա է գլխավորը: Սակայն նա չի կարող զարգանալ տարածքային ու միջազգային գործընթացներից դուրս: Հարևան երկրներում ու տարածաշրջանում իրավիճակն անկայուն է: Թուրքիայում, Իրաքում, Իրանում ու Սիրիայում անհանգիստ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այս երկրներից որոշներում իշխում է քաոսը: Հարևան Ադրբեջանում շարունակում են թափ հավաքել ազգայնամոլական միտումները: Այս ամենի կողքին Հայաստանը պարտավոր է լինել ուժեղ, սակայն երբ քո երկու երկրում ազգայնամոլները ամրացնում են իրենց դիրքերը, խաղաղ կյանքի մասին այլևս խոսել չես կարող:
Թուրքիայում, Հայաստանում և Ադրբեջանում ազգայնամոլական շարժումները միայն ուժեղացնում ու սնում են միմյանց: Բնականաբար ես հայ եմ, սակայն վատ եմ վերաբերվում ինչպես թուրքական, այնպես էլ հայկական ազգայնամոլներին: Ես խնդիր ունեմ թե նրանց, թե մյուսների հետ, քանի որ ես խաղաղություն եմ պահանջում ու պայքարում եմ Թուրքիայում խաղաղության ու դեմոկրատիայի հաստատման համար: Ես խորապես վստահ եմ, որ դա տարածաշրջանի երկրների խաղաղ համագործակցության միակ հնարավոր ուղին է:
Դուք Թուրքիայի այն հազվագյուտ մարդկանցից եք, ով բացեիբաց խոսում է այդ երկրի խնդիրների մասին: Օրինակ՝ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության մասին: Դուք այդ մասին թուրքական խորհրդարանի հարթակից խոսեցիք որպես պատգամավոր: Ի՞նչ խնդիրների բախվեցիք այդ ճանապարհին, հատկապես հիմա, երբ Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավասությունների ընդարձակմանը զուգահեռ էականորեն ամրանում են ազգայնամոլների ու քաղաքական իսլամի դիրքերը: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ կոտրել այդ պատը:
Պատը կոտրելը գնալով դժվարանում է: Այդ առումով վերջին տասնամյակը դարակազմիկ էր: Իհարկե, այն ժամանակ էլ խնդիրներ կային, բայց մենք գիտեինք, որ Թուրքիան գնում է ճիշտ, դեմոկրատական ճանապարհով: Սակայն վերջին երկու տարիներին իրավիճակը փոխվում է, ընդ որում բավական կտրուկ: Թուրքիան «խավարի գիրկն է» գլորվում, և ցավոք վիճակը շարունակվում է վատթարանալ:
Հայերի Ցեղասպանության մասին խոսել ու արդարություն պահանջել մենք սկսել ենք դեռևս 10-15 տարի առաջ: Բնականաբար հասարակական ու քաղաքական քննարկումներում Ցեղասպանություն բառն օգտագործելը բարդ էր, սակայն դա հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին խորհել իրենց անցյալի, ինքնության մասին, այն մասին, թե ինչ է եղել իրենց նախնիների հետ հարյուր տարի առաջ: Աստիճանաբար, անգամ խորհրդարանում մենք սկսեցինք կիրառել Ցեղասպանություն բառն ու խնդիրներ չեղան: Թուրքական խորհրդարանում հայերի Ցեղասպանության մասին հայտարարվել է ավելի քան 20 անգամ: Ցավոք, երբ ես այս տարի Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընթացքում (նախագահ Էրդողանի իշխանության ամրապնդման վերաբերյալ- հեղ.) խոսեցի Ցեղասպանության մասին, խնդիրներ առաջացան, սկսվեցին հարձակումները: Ու արդեն հիմա ընդունվել է օրենք, որը արգելում է թուրքական խորհրդարանի հարթակից «Ցեղասպանություն» տերմինն օգտագործել, որը Էրդողանի ու ազգայնամոլական շարժումների միջև կնքված միության ուղղակի արդյունքն է՝ ի վնաս դեմոկրատական թևի կողմնակիցների: Արդարություն և զարգացում իշխող կուսակցության կազմում ես շատ ընկերներ ունեմ, որոնք նույնպես դժգոհ են Թուրքիայում տիրող իրավիճակից, սակայն վախենում են այդ մասին հայտարարել, քննադատել:
Թուրքիայում էլ կարող ես նման արտահայտություններ լսել հայերի կամ քրդերի մասին: Ես դա սխալ եմ համարում, ցանկացած հասարակությունում կան ինչպես լավ, այնպես էլ վատ մարդիկ, կան ինչպես դրական, այնպես էլ բացասական քաղաքական գործընթացներ: Ներկա պահին, ինչպես վերևում արդեն նշեցի, Թուրքիայում գերիշխում են ազգայնամոլական տենդենցները, սակայն խնդիրը նրանում է, որ այդ գործընթացը չի սահմանափակվում տվյալ երկրի սահմաններով ու հանգեցնում է ազգայնամոլների դիրքերի ամրապնդմանը ինչպես քրդերի շրջանում, այնպես էլ Հայաստանում: Այսինքն քրդական ազգայնամոլները Թուրքիայում ու Հայաստանում միմյանց դեմ պատերազմելով իրականում հզորացնում են միմյանց իրենց համայնքներում:
Այս ամենի հետ կապված հարկավոր է, որ և Թուրքիայում և Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների որոնումները չդադարեն: Օրինակ, մենք Թուրքիայում գտանք նման մի ելք՝ ընկերներով ու համախոհներով ստեղծելով Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Ես տվյալ քաղաքական ուժի հիմնադիրներից մեկն եմ, որում ներկայացվում են Թուրքիայում գոյություն ունեցող գրեթե բոլոր ազգությունները: Նրանք ներկայացված են նաև խորհրդարանում: Սա միակ ճշմարիտ ուղին է: Ու նման Թուրքիայի համար հարկավոր է պայքարել, ինչն էլ անում ենք: Այլապես չի ստացվի Թուրքիայում կառուցել դեմոկրատիա, հասնել Ցեղասպանության ճանաչմանն ու բացել հայ-թուրքական սահմանը:
Գիտե՞ք ինչպես, մի կենտրոնի կողմից կառավարվող ու վերահսկվող Թուրքիան կարող է վտանգ ներկայացնել: Ներկա պահին, ցավոք պրովակացիաները կարող են դեր խաղալ: Ազգայնամոլական տարբեր ուղղություններ այժմ գերիշխում են ոչ միայն ներքին, այլ նաև տարածաշրջանային քաղաքականությունում: Այս ամենի հետ կապված մենք, Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի և Հայաստանի մեր ընկերների ու համախոհների հետ միասին պետք է մշակենք շփման ու խաղաղ գոյության մեխանիզմ:
Բազմիցս հայտարարել եք, որ Հայաստան եք այցելում՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության կարգավորման նպատակով: Թուրքիայի իշխող ինստիտուտը դա հաստատ չի ուզում, ու որպես նախապայման կառչում է ղարաբաղյան կոնֆլիկտից՝ ելնելով Ադրբեջանի շահերից: Հայաստանը առհասարակ դեմ է հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կոնֆլիկտին կապելուն: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել երկու երկրների միջև համագործակցության մասին: Կարո՞ղ է արդյոք ձեր կուսակցությունը դառնալ երկխոսության ինքնատիպ հարթակ:
2009 թվականին հեշտ էր աշխատել հայ-թուրքական երկխոսությունների ակտիվացման ուղղությամբ: Այն ժամանակ ստորագրվեցին միայն արձանագրությունները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման վերաբերյալ: Այժմ ամեն ինչ փոխվել է: Հայաստանն այդ ժամանակներից ի վեր նույնպես փոխվել է, ես դա այստեղ զգացի: Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը սովորել է ապրել առանց Թուրքիայի: Ես այդ մասին ասել եմ Թուրքիայի իմ կոլեգաներին: Դա մեզ համար շատ վատ է, դրա համար էլ ես պնդում եմ՝ պետք է բաց անել սահմանը: Որովհետև դիվանագիտական հարաբերությունների առկայությունը հնարավորություն կտա ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային ազդելու միմյանց վրա, ընդդիմադիր կողմին ավելի արագ ու արդյունավետ հասցնելու իր ուղերձը, պահանջներն ու շահերը: Սակայն ազգայնամոլները, ցավոք, ռացիոնալ չեն: Նրանք միայն խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է փակել սահմանները: Տեղյա՞կ եք, որ հիմա Թուրքիան Սիրիայի հետ ունեցած սահմանին պատ է կառուցում: Իսկ ընդամենը 5-6 տարի առաջ Էրդողանը հավաստիացնում էր, որ Ասադը (Սիրիայի նախագահ Բաշար Ասադ-հեղ.) իր ընկերն է, ու խոսում էր սահմանի վերացման հնարավորությունների մասին: Հիմա ամեն ինչ այլ է: Սիրիայի հետ ունեցած սահմանին պատ է կառուցվում, Իրաքի հետ սահմանին թուրքական զորքեր են տեղակայում, Իրանի հետ խնդիրներ կան, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է: Թուրքիան համարյա իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի: Եվ դա Թուրքիայում գերիշխող ազգայնամոլական քաղաքական ուղղվածության շնորհիվ:
Դուք նշեցիք խնդիրները, սակայն ինչպե՞ս այդ դեպքում համագործակցության կամուրջներ ստեղծել: Չէ՞ որ հենց այդ ուղերձով եք Հայաստան եկել:
Մենք փորձել ենք դա անել քաղաքացիական հատվածի մակարդակով: Թուրքիայում ու Հայաստանում որոշ հասարակական կազմակերպություններ իրականացրել են համատեղ ծրագրեր: Դա կարևոր է իհարկե, սակայն առավել կարևոր է, որ փոխվեն մոտեցումները հասարակական ու պետական մակարդակով: Էրդողանը, որպես քաղաքական գործիչ ու որպես նախագահ իր էությամբ շահեկան ուղիներ որոնող անձ է: Նա շարժվում է միայն իր համար շահավետ ճանապարհով: Ընդամենը երեք տարի առաջ նա հետևում էր զարգացման դեմոկրատական ուղուն, սակայն ընտրություններին հավաքեց քիչ ընտրաձայն, ու որոշեց ավելի հեշտ ճանապարհ որոնել: Հենց քրդական հարցը մտավ փակուղի, նա սկսեց պատերազմել՝ կտրուկ ձայներ հավաքելով՝ 40%-ից մինչև 50%: Բայց անհրաժեշտ է հասկանալ, որ այդ ամենը ժամանակավոր է: Հարկավոր է հարաբերություններում փոփոխությունների պատրաստ լինել, քո վրա պատասխանատվություն վերցնել ու հաղթահարել հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերն ու տաբուն:
Երկխոսության համար անհրաժեշտ է, որպեսզի մամուլը, երկու երկրների պատգամավորները, ինչպես նաև հայ և թուրք ազգերը միմյանց հետ կոնտակտի դուրս գան: Կարող եմ ասել, որ Հայաստանն այդ ամենից հիմա հեռու է: Իհարկե ղեկավարության մակարդակով երկիրը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն միևնույն է՝ «թուրքը մնում է թուրք» կարգախոսը գերիշխում է: Նույնը կատարվում է նաև Թուրքիայում: Ինչո՞ւ: որովհետև ազգերի, երկրների, պաշտոնական անձանց ու տեսակետների առաջնորդների միջև կապ չկա: Ես ու իմ ընկերները Թուրքիայում ձգտելու ենք հայկական ու քրդական խնդիրների վերաբերյալ տեսություն մշակել: Դրա նպատակը ազգայնամոլական այդ տրամադրվածություններից ելք գտնելն ու աստիճանաբար Հայաստանի հետ երկխոսության հասնելն է: Ուզում եմ, որ Հայաստանն էլ դրան պատրաստ լինի, այսինքն պատրաստ լինի Թուրքիայի հետ համագործակցության կամուրջներ գցելուն:
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է Հայաստանը ընդունվում Թուրքիայում: Որքանո՞վ է Հայաստանի թեման կարևոր թուրքական քաղաքական շրջանակների համար:
Այն ազգայնամոլների համար է կարևոր, քանի որ նրանք դա օգտագործում են՝ ելնելով իրենց շահերից: Հաճախ հայ բառը օգտագործում են որպես վիրավորական տերմին: Նրանք չգիտեն, թե ինչ բան է Հայաստանը, միայն որոշ կնիքներ են գործարկում, իբր ինչ-որ մի տեղ կա Հայաստան կոչվող երկիր ու այն վատն է: Այդ ամենը շատ ակտիվորեն կիրառվում է թուրքական ազգայնամոլական շրջանակներում, որոնք հենց այդ բնույթի կարծրատիպերի կարիքն ունեն, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով հասցնեն հարասարակության շերտերին: Նրանք ունեն ռեսուրսներ ու պետական համակարգում ամուր տեղ: Այս ամենի հետ կապված կարող եմ հաստատապես ասել, որ այժմ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները Թուրքիայի համար, ցավոք, կարևոր չեն: Սակայն կրկնվեմ՝ դա ընդամենը հիմա է այդպես: Երբ Թուրքիայում իրավիճակը կփոխվի դեպի դեմոկրատիան, այդ դեպքում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների նշանակությունը կբարձրանա: Թուրքիան պետք է իր պատմության երեսին նայել կարողանա, պետք է կարողանա ընդունել Ցեղասպանության փաստն ու բացել Հայաստանի հետ ունեցած սահմանը: Թուրքիայի ցանկացած դեմոկրատական ուժ այդ մասին գիտի: Այդ մասին գիտեն ալավիները, քրդերն ու զուտ թուրքական դեմոկրատական ուժերը:
Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի վրա ազգայնամոլականների ու քաղաքական իսլամի դիրքերի ամրապնդումը թուրքական քաղաքականությունում:
Հայերը Թուրքիայում ազգային փոքրամասնություն են: Թուրքիան դա 80 մլն. բնակչություն ունեցող երկիր է, որտեղ հայերն ընդամենը 60 հազար են: Ազգայնամոլների ամրապնդումը հանգեցրեց նրան, որ ազգային փոքրամասնությունները, հատկապես հայկական համայնքն ապրում է վախի մեջ: Ու խոսքը միայն 100-ամյա վաղեմություն ունեցող պատմության մասին չէ: Նմանատիպ հանցագործություններ շարունակվում են իրականացվել, վերջին զոհը դարձավ Հրանտ Դինքը (Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիրը, որին կրակեցին հենց խմբագրության դիմաց- հեղ.): Այդ ամենի հետ կապված հայ համայնքը հիմա ջանում է ձայն չբարձրացնել, բայց դա էլ ելք չէ, ու այն ոչ մի կերպ նրանց ազգայնամոլների պարբերաբար հարձակումներից չի պաշտպանում: Լռելը դեռևս չի նշանակում հարձակումից պաշտպանված լինել: Եթե դու ապրում ես Թուրքիայում, ուրեմն իրավունքներ ունես, ու պետք է հայտարարես դրանց մասին, պաշտպանվես, ու անհրաժեշտության դեպքում հարձակմանը պատասխանես, լինի դա խորհրդարանում, թե նրա սահմաններից դուրս: Այս հարցը նաև Հայաստանին պետք է հուզի: Թուրքիայում հայերը սփյուռք չեն: Թուրքիան մեր երկիրն է, ու Հայաստանն այդ հարցով հստակ տեսություն պետք է ունենա:
Դրան զուգահեռ Թուրքիայում քիչ մահմեդականացված հայեր չկան: Նրանք շատ-շատ են, միլիոններ, սակայն պետք է հասկանալ, որ այստեղ հարցն ավելի բարդ է, ու այն կապված է նրանց ինքնության հետ: Այնուամենայնիվ արդեն չորրորդ սերունդն է եկել (հայերի Ցեղասպանությունից հետո): Գիտե՞ք, 1990-ականների սկզբին սկսվեց վերածննդի գործընթացը, մարդիկ սկսեցին մտածել ու բացեիբաց խոսել իրենց հայկական արմատների մասին: Սակայն ներկայումս Էրդողանի իշխանության ամրապնդման, ինչպես նաև ազգայնամոլների տրամադրությունների ըմդլայնման պատճառով ազգային ինքնության վերածննդի գործընթացը ետընթաց ունեցավ: Մահմեդականացված հայերը կրկին թաքնվում են ու ավելի քիչ խոսում իրենց արմատների մասին: Ու դա չափազանց ցավալի է:
Զրուցեց Արշալույս Մղդեսյանը