Վերջին քառորդ դարի ողջ ընթացքում Հայաստանյան բնակչին գազի և լույսի հաշվիչների ցուցանիշները չէին հետաքրքրում միայն շրջափակման առաջին տարիներին: Այն ժամանակ բոլորը միայն ուրախանում էին, որ օրվա մեջ գոնե 2-3 ժամ լույս կա, և գազի խողովակն էլ մեկ ամբողջ շաբաթ պայթած չի մնում: Այսօր արդեն Հայաստանի էլեկտրոցանցերը նախօրոք, ներողամտության ակնկալիքով զգուշացնում են էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պրոֆիլակտիկ անջատման մասին: Իսկ ահա էներգակիրների սակագները բնականաբար դարձել են հասարակության մեջ ամենաքննարկվող թեմաներից:

Ընդհուպ մինչև ապստամբություն

Բոլորի մոտ դեռ թարմ են նախանցյալ տարվա «Էլեկտրական Երևան»  բողոքի ակցիաների հիշողությունները, երբ հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ զարմացած հերթական, ու, իրենց կարծիքով, էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացումներին դեմ դուրս գալու նպատակով: Բողոքի այդ ցույցերը սկզբում լուրջ անկարգությունների սպառնալիքներով էին հղի, բայց շնորհիվ Երևանյան երիտասարդության ողջախոհության ու նույնիսկ որոշ առումով անսպասելի սոցիալական հասունության, մայրաքաղաքը բավարարվեց միայն մի երկու շաբաթ շարունակ կենտրոնական պողոտան փակելով:

Митинги в Ереване
Митинги в Ереване

Իշխանությունները խոստացան տարբերությունը փոխհատուցել պետբյուջեից, իսկ հայկական էլեկտրոցանցերի «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» -ը ՀԷՑ-ը վաճառեց Հայաստանյան ծնունդ, սակայն Ռուսաստանյան միլիարդեր Սամվել Կարապետյանին, ավելի ճիշտ՝ նրա «Տաշիր Գրուպ» ընկերությանը: Կարապետյանը, շնորհիվ Հայաստանյան միջավայրում իր բարի համբավի, որպես ՀԷՑ-ի սեփականատեր ընդունվեց բարյացակամորեն, հատկապես որ խոստացավ կարգուկանոն մտցնել համակարգում: Մտցրեց խոստացված կարգուկանոնը, թե ոչ, դեռևս վաղ է այդ մասին խոսելը, բայց գործընթացը հավանաբար ընթացքի մեջ է:

Նրա անվանակից Կարեն Կարապետյանը, դառնալով մեր երկրի վարչապետը, խոստացավ համակ ուշադրություն սևեռել այդ ոլորտին, և գազի սակագների իջեցումը, որպես նոր տարվա նվեր, իրեն սպասեցնել չտվեց: Դա շատերը կապում են նաև նրա հետ, որ Կարապետյանը, «Գազպրոմի» բարձրագույն մենեջմենթից միանգամից վարչապետի աթոռին նստելով, օգտագործեց իր կապերն ու կարողացավ «համոզել» նախկին կոլեգաներին: Այդ տարբերակի ճշմարտացիությանն այդքան էլ հավատալ չի լինում, որովհետև յուրաքանչյուր բիզնես, առավել ևս այնպիսի խոշոր բիզնես, ինչպիսին որ «Գազպրոմն» է,  կոպիտ, երբեմն նույնիսկ դաժան է լինում, և այստեղ միայն կապեր ունենալով չէ: Առավել ևս, որ Կարապետյանը հանուն իր հարազատ ընկերության դժվար թե ձեռք տար սակագներին: Այսինքն՝ կար սակագների իջեցման օբյեկտիվ հնարավորություն:

Այլապես ստեղծվում է պարադոքսալ մի իրավիճակ, երբ Հայաստանը գազ է ստանում աշխարհում գոյություն ունեցող ամենացածր գներից մեկով, իսկ իր սպառողին վաճառում է չափազանց բարձր գնով: Ու «Գազպրոմ Հայաստան» ընկերության պահվածքից հասարակության մոտ առաջացած շփոթմունքը հասկանալի էր, ճիշտ կլիներ, որ ընկերությունը օպտիմալացներ գործառնական ծախսերը, նվազեցներ կոորպորատիվ թանկարժեք ավտոմեքենաների քանակն ու, ինչու չէ, իջեցներ նաև ըստ Հայաստանյան չափանիշների տիեզերական մեծություն ունեցող աշխատավարձները:

Газпром-Армения
Газпром-Армения

Վերադառնալով «էլեկտրաֆիկացիոն» ընդվզումներին՝ սեփականատիրոջ փոփոխությունը կես տարի անց հանգեցրեց սակագնի իջեցմանը նաև այստեղ: Նոր սակագներն ուժի մեջ են արդեն փետրվարի 1-ից, և մարտի սկզբին պարզ կդառնա, թե ինչ ազդեցություն են ունեցել նրանք հայրենակիցների դրամապանակների պարունակության վրա: Այնուամենայնիվ կարելի է համարձակ հայտարարել, որ վճարողների վրա էական թեթևություն չի իջել, չափից դուրս աննշան դուրս եկան այդ իջեցումները: Բայց, ինչպես ասում են՝ կարևորը սկիզբն է…

Գոհ սպառող չի լինում

Մարդիկ, միևնույն է, դժգոհ են, և այդ դժգոհությունը մասամբ հիմնավոր է, բայց այդ մասին մի փոքր ուշ: Սկսվելով նոյեմբերի վերջից և չվերջանալով նույնիսկ փետրվարի վերջին օրերին, այս տարվա խստաշունչ ձմեռը ենթադրում էր գազի ու էլեկտրականության հաշվիչների շոշափելի ցուցանիշներ, իհարկե կախված նրանից, թե ով ինչպես է ջեռուցում: Երևանում ամբողջ երեք ամիսների ընթացքում ոչ մի ջերմացում չեղավ, իսկ մայրաքաղաքում ապրում է սպառողների մեծամասնությունը:

Եվ այսպես, 2017 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի բնակիչների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջել է 46.2-ից մինչև 44.98 դրամ/ կվտ/ժ: Ընդ որում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն էլ ավելի ցածր է՝ ցերեկը՝ 40 դրամ, գիշերը՝ 30 դրամ՝ 1 կվտ/ժ-ի համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ որպես սակագների վերանայման հիմք ծառայեց գազի սակագնի իջեցումը: Այն հարցին, թե գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նախատեսված իջեցումները կապվա՞ծ են արդյոք գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, թե ոչ, Ռ. Նազարյանը պատասխանեց այսպես. «Քաղաքականության ու ընտրությունների հետ ես ոչ մի կապ չունեմ, ես միայն իմ մասնագիտական պարտականություններն եմ կատարում: Գոյություն ունի «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ  դիմումը՝ համապատասխան բացատրություններով»:

Այսօր արդեն մամուլում է հայտնվել այն հրապարակումը, որ «Գազպրոմ Հայաստանում» կա որոշակի դժգոհություն՝ կապված սակագների իջեցման հետ, իբր ընկերությունը սպառման ավելացում էր նախատեսում, ինչը տեղի չի ունեցել: Ենթադրելով, որ Գազպրոմյան դժգոհության մասին տեղեկատվությունը ճշմարիտ է, կարելի է նաև զարմանալ, չէ՞ որ հիմնական, այսինքն սովորական միջին սեզոնային ծախսերին պետք է ավելանար նաև գազի օգտագործման ծավալի ավելացում՝ կապված այն ցուրտ ձմռան հետ, որի մասին արդեն խոսեցինք:

Հայտնի չէ՝ կա՞ արդյոք թեկուզ մոտավոր վիճակագրություն այն մասին, թե բնակչության քանի տոկոսն է իր բնակարանը ջեռուցում գազով և քանի տոկոսը՝ էլեկտրականությամբ: Կարելի է ենթադրել, որ գազը գերադասում է բնակչության մեծ մասը, միայն այն պատճառով, որ այն ավելի էժան է: Եվ սպառման նվազեցման մասին խոսակցությունները զարմանքից բացի այլ բան չեն առաջացնում: Հատկապես եթե հաշվի առնենք այսպես ասած՝ ոչ այդքան որակյալ, այսինքն ցածր կալորիա ունեցող գազի մասին բավական իմաստալից խոսակցությունները: Դա այն է, երբ, ասենք, նախկինում դու թեյը եռացնում էիր 5 րոպեում, իսկ հիմա՝ 7, և դրա պատճառն այն չէ, որ ծորակից հոսող ջուրը հանկարծ խիստ սառեց:

Sputnik Հայաստանը ներկայացնում է «Տեղեկացված ու պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերը.

«Հայաստանում գազի սակագին հասկացությունը որոշ առումով միֆ է: Այն որոշում է պետությունը, իսկ սպառողը էական տարբերություն չի նկատում: Փոխվում է միայն գազի կալորիականությունը: Այսինքն գազի գինն իջել է 5%, բայց սպառումն ավելացել է 10 %: Տարբեր փորձագետներ այս հարցը տարբեր ժամանակներում տարբեր կերպ են բարձրացրել»:

Ընդ որում՝ դժվար է ասել, թե որքանով են հիմնավորված սպառողների ու փորձագետների կասկածները, քանի որ Հայաստանում պետական կամ մասնավոր այնպիսի մարմին չկա, ով կարողանա ստուգել գազի կալորիականությունը: Այդ կալորիականությունը ստուգում է հենց «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը, և ամսվա մեջ մի քանի անգամ այդ մասին տեղեկություն է տեղադրում իր պաշտոնական կայքում: Բնականաբար տվյալները սահմանված 8000 կկալ/մ.քառ. –ուց դուրս չեն գալիս:

Հարց է ծագում՝ արդյո՞ք հարկավոր է գազի որակի հսկման անկախ վերահսկողություն: Հավանաբար հարկավոր է: Դա հարկավոր է Հայաստանին, թե որպես երկիր, թե որպես  պետություն, թեկուզ նրա համար, որ առաքողին չկասկածեն մեքենայությունների մեջ, իսկ պետությանը չմեղադրեն այն բանում, որ նա անկարգությունների վրա աչք է փակում: Հարկավոր է, անշուշտ, հարկավոր է որպեսզի ցրվեն բոլոր կասկածները, որպեսզի վերջապես վստահություն տիրի երկրում:

Սպառողական հմտություններ

Իսկ եթե վերահսկողության հանդեպ վստահություն լինի, ապա կոմունալ ծառայությունների անդորրագրերում եղած թվերի հետ կապված նախակաթվածային իրավիճակներ էլ չեն լինի: Այն, որ սակագնային իջեցումից հետո անփոփոխ եղանակային պայմաններում գազի կամ էլեկտրականության ցուցանիշները երկու-երեք անգամ ավելի մեծ են ստացվում նախկին ամսվա ցուցանիշներից, արդեն ոչ-ոքի համար նորություն չէ: Ավելին ասեմ՝ մարդկանց անհավանական ցուցանիշներ են գալիս այն ժամանակահատվածի համար, երբ նրանք գտնվել են Հայաստանից դուրս:

Իսկ սա արդեն բոլորովին ուրիշ խոսակցություն է: «Էլեկտրական Երևանից» անմիջապես հետո մի որոշ ժամանակ հաշիվների հետ կապված անտրամաբանական բացահայտ խոսակցություններ չկային, բայց անցյալ ամռան ընթացքում նորից ծագեցին այդ խոսակցությունները, և այն էլ՝ մասսայականորեն: Մարդիկ հայտնաբերեցին, որ միևնույն սակագնային պայմաններում ամռան ամիսների ընթացքում իրենց ավելի մեծ թվեր են ներկայացվում, քան ձմռանը: Բնակչությունն այդ մասին սկսեց բարձրաձայնել էլեկտրոցանցերի տեսուչներին, նրանց, ովքեր հաշվիչների ցուցմունքներն են գրում: Աստիճանաբար հետաքրքիր մի օրինաչափություն ի հայտ եկավ, որքան խիստ ես դու պրոֆիլակտիկ խոսակցություններ վարում տեսուչի հետ, այդքան ցածր թիվ են քեզ ներկայացնում հաջորդ ամիս: Շուտով այդ երևույթը վերացավ, բայց այն միևնույն է որոշ տագնապ է հարուցում: Հաշվիչների ցուցմունքների գրանցումներից տեսուչի գրպանը անմիջականորեն ոչինչ չի մտնում, բայց կարող են լինել պարգևատրումներ, կամ էլ, ասենք, տնօրինությունը հանձնարարել է ապահովել որոշակի գումար և այլն:

Газовый счетчик

Իսկ նոր տիպի հաշվիչները հին խորհրդային հաշվիչներ չեն, որտեղ թվեր պարունակող անիվիկները պտտվում էին, բնակիչը կարդում էր ձախից աջ ու ամեն ինչ պարզ էր դառնում: Որպեսզի հասկանաս, թե ինչ է ցույց տալիս ժամանակակից հաշվիչը, պետք է հատուկ նախապատրաստական կուրսեր անցնես, թարթում են ինչ-որ ամսաթվեր, սովորական մահկանացուին ոչինչ չասող խմբակային ցուցանիշներ: Դրան էլ գումարվում են «ցերեկային», սովորական, «գիշերային», ցածրացված սակագներից բխող խնդիրները, որոնց մասին չի խոսում կամ չի գրում միայն ալարկոտ մարդը: Իսկ սովորական տնային տնտեսուհին ընդհանրապես անտեղյակ է, որ երբ խոհանոցի իր ժամացույցն արդեն կեսգիշերն անց է ցույց տալիս, իսկ ինքը սեփական քնի ու հանգստի հաշվին լվացք ու արդուկ է անում՝ փորձելով գոնե ինչ-որ բան խնայել, իր բնակարանի էլեկտրականության ժամացույցի վրա բոլորովին էլ կեսգիշեր չէ, մի բան էլ հակառակը՝ երեկոյան ժամը վեցն է: Եվ կարծես դիտմամբ, հաշվիչների ժամանակացույցային գրեթե բոլոր խաթարումները կատարվում են էլեկտրոցանցերի օգտին, անհավանական մի զուգադիպություն:

Որպես հայ քաղաքացու կենցաղի անբաժան մի մաս, գազի ու լույսի այս խոսակցությունները չվերջացող թեմաներ են: Եվ այս ամենի մեջ ահավորն այն է, որ այդ քաղաքացին բնավ էլ քմահաճ չէ, նա միայն սարսափելի չի սիրում, երբ իրեն հիմարի տեղ են դնում, ու հուլիս ամսին երկու փետրվարի ցուցմունք են ներկայացնում: Եթե քաղաքացին սկսի վստահել իր գազի ու էլեկտրականության մատակարարներին, իսկ հենց քաղաքացին էլ, ի դեպ, այդ մատակարարներին կերակրողն է, նա չի սկսի խորանալ մատակարարի ներքին խոհանոցի մեջ, ու հավանաբար չինական հմտություններով աշխատող հաշվիչների ուսումնասիրման նախապատրաստական կուրսերի անհրաժեշտություն էլ չի լինի: Առանց ձեռքը սրտին տանելու միայն կվճարի կոմունալ վճարն ու, թերևս, այսքանը…

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը