Անցյալ տարվա նոյեմբերից ռուս խաղաղապահները զգոն կերպով ծառայություն են իրականցնում Արցախի դիրքերում՝ ապահովելով հրադադարի ռեժիմի պահպանումը, քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը և արցախցիների տեղաշարժը: Իսկ ինչպե՞ս են ապրում զինծառայողները, արդյո՞ք կան պատշաճ պայմաններ, որքանո՞վ են պաշտպանված խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները դիրքերում տեղի ունեցող միջադեպերից և COVID-ից:

Պարզվում է, որ Ռուսաստանի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարությունը հոգ է տարել կորոնավիրուսով վարակվելու հավանականության տեսանկյունից ռուսական զինված ուժերի անվտանգ ծառայության մասին: Արդեն հունվարի կեսին ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) բժիշկները սկսել են պատվաստումները: Ինչպես հայտնեցին ՌԴ Պաշտպանության նախարարությունից, COVID-19-ի դեմ ներարկումը իրականացվելու է երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-ից 21-ը` երկրորդ բաղադրիչը: Առաջինը պատվաստանյութը ստացան ՌԽԶ հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների զինծառայողները:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել շուրջ 2 հազար չափաբաժին պատվաստանյութ: Այդքանը բավարար է խաղաղապահների ողջ անձնակազմի համար: Պատվաստանյութը հասցվել է հատուկ տարաներով, որոնք ապահովել են պատվաստանյութի անվտանգ տեղափոխումը: Մինչև հունվարի վերջ նախատեսվում է ավարտել ամբողջ անձնակազմի՝ առաջին բաղադրիչով պատվաստումը», – հունվարի 15-ին նշել է ՌԽԶ բժշկական ծառայության ղեկավարը փոխգնդապետ Օլեգ Բոգաևը

Իսկ արդեն հունվարի 17-ին հաղորդվեց, որ մի քանի օրվա ընթացքում բուժաշխատողների շարժական խմբերը Մարտունու շրջանի հինգ դիտակետերում պատվաստել են մոտ 160 զինծառայողի: Ընդհանուր առմամբ, պատվաստվել է ավելի քան 750 զինծառայող:

Չեն մոռացել նաև խաղաղապահների տեղակայման վայրերի ախտահանման մասին: Բոլոր տարածքների և մակերեսների պատշաճ կերպով ախտահանումը` սենյակներից, դահլիճներից մինչև միջանցքներ, իրականացվում է ՌԽԶ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ մշակման հաշվարկներով: Ավելին, COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումները իրականացվում են ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր:

Օգտագործվում են սպիրտ և քլոր պարունակող լուծույթներ: ՌԴ պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հունվարի 17-ի դրությամբ իրականացվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածքի ախտահանում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը: ՌԴ ՊՆ տարածված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են պաշտպանական կոստյումներ հագած հատուկ նշանակության ջոկատայինները բարեխղճորեն կատարում իրենց աշխատանքը՝ ախտահանում են յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր դուռ, ընդհուպ մինչև քողարկող ցանցեր ու պաստառներ:

Օպերատորի տեսախցիկը նաև ֆիքսում է, որ ռուս խաղաղապահները բավականին հարմարավետ են տեղավորվել: Հարմարավետ է ոչ միայն սենյակներում, ճաշասենյակում, այլ նույնիսկ դահլիճում, որտեղ, որպես կանոն, տիրում է սառը գործնական մթնոլորտ: Բլոկ-մոդուլային քաղաքներում, որոնք կառուցվել էին ռուս զինվորականների համար, ակնհայտորեն, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել  տնային պայմաններին հնարավորինս մոտ մթնոլորտ ստեղծել: Դրանցում, ինչպես բառացիորեն, այնպես էլ փոխաբերական իմաստով, բավականին տաք է: Ի վերջո, նման ռազմական ավանները կարող են օգտագործվել ինչպես ցածր ջերմաստիճան ունեցող շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող շրջաններում. այսինքն ՝ դրանք և՛ տաքացվում են, և՛ օպտիմալ կերպով սառեցվում:

Սկզբնապես, ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում կառուցեցին երկու բլոկ-մոդուլային քաղաք: Մինչ հունվարի 11-ը Քարաքենդ բնակավայրում մեկ այլ «մոդուլ» է կառուցվել:

«60 մարդ բնակություն է հաստատել նոր մոդուլային քաղաքում, որը կառուցվել է խաղաղապահ զորամիավորման զինծառայողների կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Այդ մասին զեկուցվել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին», – հայտնեցին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Օրերս ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ավելի քան 540 մարդ տեղավորող ևս 5 ավան կառուցելու համար:

Բլոկ-մոդուլային քաղաքները լիարժեք ավտոնոմ օբյեկտներ են: Հագեցած են այն ամենով, ինչն անհրաժեշտ է կյանքի լիարժեք ապահովման համար` էլեկտրամատակարարման համակարգեր, ավտոնոմ ջեռուցում, ջրամատակարարում, ջրահեռացում, սանհանգույցներ: Բնակության վայրերը ապահովված են ամենաանհրաժեշտով՝ կահույք (անկողին, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկա (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա): Ավելին, յուրաքանչյուր ավանի տարածքում կա մարզադահլիճ արհեստական ​​խոտածածկով, լոգարան, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, գրասենյակ, պահեստ, մթերանոց, ճաշասենյակ և, իհարկե, ժամանցի սենյակ:

 

Ի դեպ, ժամանցի ու տոների մասին: Հայտնի է, որ ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են բաժանել արցախցի երեխաներին: Սակայն իրենք ևս անտեսված չեն մնացել. բացի ամանորյա նվերներից, ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծնունդի նախօրեին զինվորականներին շնորհավորեց հրամանատարությունը: Իսկ Մարտունու շրջանի Խաչմաչ գյուղի մոտակայքում գտնվող դիտակետերից մեկում նույնիսկ Սուրբ Ծննդյան տոնական պատարագ մատուցվեց: Այն անցկացրեց ռազմական հոգևորականը՝ Բորիս քահանան, որը առաջին իսկ օրերից Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում է:

Հոգևորականը շնորհավորեց զինծառայողներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, մաղթեց հոգևոր և ֆիզիկական ուժ և Աստծո օգնությունը հայրենիքին ծառայելու գործում: Հենց Աստծո օգնությունն է անհրաժեշտ զինվորականներին ցանկացած հակամարտության գոտում: Այնուամենայնիվ, ռուսական խաղաղապահ զորակազմը, կարծես թե, նախընտրում է առաջնորդվել հայտնի ասացվածքով՝ «Հույսդ դիր ոչ միայն Աստծո, այլ նաև քեզ վրա» և անում է անհրաժեշտ ամեն բան ինքնապաշտպանության համար: Այսպիսով, սույն տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտնեց այն մասին, որ դիտակետերը շարունակում են համալրվել ժամանակակից ամրաշինական կառույցներով.

«Դիտորդական կետերը համալրվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքում շրջանային դիտարկում իրականացնելու համար»:

Դե ինչ, հանգիստ ու հարմարավետ ծառայություն ենք մաղթում ռուս խաղաղապահներին: Չէ՞ որ դրանից է կախված նրանց առջև դրված խնդիրների լուծման արդյունավետությունը: Բարեբախտաբար, ռուսական ռազմական զորակազմը հիանալի կերպով հաղթահարում է այդ խնդիրները. ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ հունվարի 14-ի դրությամբ, «ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 526,6 հա տարածք, 198,8 կմ ճանապարհ, 751 շինարարություն՝ ներառյալ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 404 պայթյունավտանգ առարկա»: Սակայն ամենակարևորն այն է, որ հունվարի 18-ի դրությամբ Արցախ վերադարձած փախստականների թիվը արդեն գերազանցել է 50 հազարը:

Իրինա Գրիգորյան