Արդեն երկար տարիներ չինացի երեխաներին դասավանդելու համար Հայաստանից Չինաստան են մեկնում անգլերենի և ռուսերենի երիտասարդ մասնագետներ: Այնուամենայնիվ, պայմանագրով մեկնողները ոչ բոլորն են կատարելապես կամ դասավանդման մակարդակի տիրապետում այդ լեզուներին, բայց չինացիներին դա առանձնապես չի հուզում:
Դժվար չէ անգլերեն լեզվի կրողներին գրավել դեպի Չինաստան՝ դասավանդելու. նախ՝ քիչ ամերիկացիներ կամ կանադացիներ կան, որոնք աշխատանքի կգնան այդքան հեռու, և բացի այդ, սա ձեռնտու չէ չինական կողմին. աշխատուժը թանկ է ստացվում: Այլ են Արևելյան Եվրոպայի կամ հետխորհրդային տարածքի քաղաքացիները, որոնց համար ամսական 1500-2000 ԱՄՆ դոլարը բավականին պարկեշտ վարձատրություն է: Իսկ գործակալների համար, որոնք զբաղվում են կոնկրետ վայր աշխատուժի ներգրավմամբ, առանձնապես կարևոր չէ` համարյա անգլերենի ուսուցիչը կատարյալ գիտի՞ այդ լեզուն: Հենց այդպես ստացվեց, որ այսօր Չինաստանի տարբեր քաղաքներում, դպրոցներում կամ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատում են շատ հայեր:
25-ամյա Լիանան համեմատաբար վերջերս մեկնել է Չինաստան, բայց արդեն դասավանդում է հյուսիսային Գիրին նահանգի քաղաքներից մեկի դպրոցում: Անգլերենի ուսուցիչների հավաքագրման մասին պատահական է իմացել, երբ սոցցանցում հանդիպել է մի գովազդի. հետո պարզվել է, որ նրա ընկերներից շատերը աշխատել կամ այժմ աշխատում են Չինաստանում: Չինացի գործակալի հիմնական պահանջներից մեկը բարձրագույն ուսումնական հաստատությունը առնվազն երկու տարի առաջ ավարտած լինելն է. այս պարագայում աշխատանքի վիզա ստանալը շատ ավելի հեշտ է, քան եթե ավարտում ես այդ տարի կամ մեկ տարի առաջ: Տուրիստական վիզայով Չինաստան մեկնելու և աշխատանքի տեղավորվելու դեպքում մեծ է հավանականությունը, որ մի օր ձեզ պարզապես կարտաքսեն, քանի որ արտասահմանցի աշխատողները հաճախ են ստուգումների ենթարկվում համապատասխան ծառայությունների կողմից: Մեր զրուցակիցն ասում է, որ միանշանակ չարժի ռիսկի դիմել.
«Այժմ իմ քաղաքում 30-ից ավել հայեր աշխատում են նույն ծրագրով: Քաղաքը գտնվում է Չինաստանի հյուսիսում, և կլիմայի պատճառով շատ օտարերկրացիներ չեն ցանկանում գալ այստեղ, բայց գիտեմ, որ կան քաղաքներ, որտեղ հայ ուսուցիչների թիվը 50-ից ավելի է», – Dalma News-ի հետ հարցազրույցում պատմեց Լիանան:
Եվ չնայած բոլոր աշխատակիցները պարտադիր պաշտոնապես գրանցվում են ուսումնական հաստատություններում, այնուամենայնիվ, ոչ բոլոր քաղաքներում են պատրաստ գրանցել նրանց հենց որպես ուսուցիչներ: Մեծ մասամբ օտարերկրացիներին գրանցում են որպես մենեջերներ, ադմինիստրատորներ, ուսուցիչների օգնականներ և այլն, և, ըստ մեր զրուցակցի, շատերը տարիներով այդպես են աշխատում: Յուրաքանչյուր նահանգ ունի իր կանոնները, բայց, օրինակ, խուլ շրջաններում, որտեղ բարձր վարձատրության դիմաց նույնիսկ լեզվի մասնագետները համաձայն չեն գնալ, գործատուները օրինական կերպով գրանցում են օտարերկրացի ուսուցիչներին:
Ի դեպ, շատանում են հայերը, որոնք Չինաստան են մեկնում մեկամյա պայմանագրով, սակայն այնտեղ մնում են երեք-չորս տարի: Լիանան դա բացատրում է նրանով, որ մեկամյա պայմանագրից հետո պայմանները լավանում են. եթե սկզբում ամսական ստանում ես 1500-1800$, ապա մեկ տարի անց այդ ամսական աշխատավարձը մեծանում է և կարող է հասնել 2000$-ի և նույնիսկ ավելի: Սա այն դեպքում, երբ չինական կողմը աշխատողին ապահովում է բոլոր անհրաժեշտ հարմարություններն ունեցող կացարանով (կահույք և տեխնիկա, նաև փոքր գումար է հատկացնում որոշ կենցաղային իրեր ձեռք բերելու համար), ապահովագրությամբ դժբախտ պատահարներից, ինչպես նաև պայմանագրի ավարտից հետո վճարում է վերադարձի համար: Ոչ բոլոր հաստատությունները, բայց օրինակ այն դպրոցը, որտեղ աշխատում է մեր զրուցակիցը, տրամադրում է նաև բժշկական ապահովագրություն.
«Ամեն բան կախված է պայմանագրից և թե որտեղ եք դասավանդելու` մանկապարտեզում, դպրոցում, լեզվի կենտրոնում, թե համալսարանում: Շատերն ընտրում են լեզվի կենտրոններ, քանի որ այնտեղ աշխատավարձն ավելի բարձր է, մինչդեռ դպրոցներում կամ համալսարաններում աշխատավարձը ցածր է, քանի որ ծանրաբեռնվածությունն ավելի քիչ է: Մանկապարտեզներում աշխատավարձը նույնպես շատ ավելի բարձր է», – ասաց նա:
Լիանան խոստովանում է, որ հայերի թիվը օրեցօր աճում է, և Չինաստան աշխատելու են մեկնում նույնիսկ նրանք, ովքեր մասնագիտությամբ հեռու են օտար լեզու ուսումնասիրելուց, առավել ևս` դասավանդելուց: Չինացի գործակալների համար գլխավորն այն է, որ պոտենցիալ աշխատողը գոնե ինչ-որ մակարդակի տիրապետի լեզվին, և նշանակություն չունի՝ նա ավարտել է պոլիտեխնիկական, թե մեքենաշինության ինստիտուտը: Չինաստանում շատ քչերը գիտեն անգլերեն, և նույնիսկ Պեկինի օդանավակայանում, որտեղ նա ստիպված էր շուրջ 20 ժամ անցկացնել վերջնակետ թռչելու համար, մեծ դժվարությունների է բախվել, երբ փորձում էր բացատրել, որ ցանկանում է ջուր գնել: Ըստ Լիանայի` դա է պատճառը, որ շատ ոչ մասնագետների հաջողվում է (առայժմ) ստանալ այս աշխատանքը, քանի որ հաճախ երեխաների ծնողները իրենք չգիտեն օտար լեզու:
«Շատերն են ինձ հարցնում, թե ինչ դժվարությունների եմ հանդիպել Չինաստանում. առաջին հերթին դա լեզվական խոչընդոտն էր, քանի որ այստեղ գործնականում ոչ ոք չգիտի անգլերեն նույնիսկ նվազագույն մակարդակի, և, ինքներդ եք հասկանում, որ ցանկացած օտարերկրացու համար շատ դժվար է ապրել նման պայմաններում: Նույնիսկ մշակութային ցնցումը այս երկրում, որը, ինչպես սիրում եմ ասել, թեև գտնվում է Երկիր մոլորակի վրա, բայց միևնույն ժամանակ դրա սահմաններից դուրս է, ինձ չի անհանգստացնում այնքան, որքան այն, որ հաճախ չեմ կարողանում բացատրել խանութում, սրճարանում կամ փողոցում, թե ինչ եմ ուզում: Եթե մշակութային տարբերությանը և չինական որոշ սովորությունների, որոնք ցնցում են եվրոպացիներին, պատրաստ էի ծանոթներիս պատմություններից, ապա ինձ համար դեռ դժվար է ընտելանալ այն փաստին, որ նույնիսկ միջազգային օդանավակայանում կամ ռեստորաններում սպասարկող անձնակազմը անգլերեն չգիտի», – ասում է նա:
Միևնույն ժամանակ, չինացիները շատ սիրալիր են և լավ են տրամադրված օտարերկրացիների հանդեպ, որոնք բոլորն իրար նման են, և հաճախ նրանց ծնողները չեն էլ կարող ենթադրել, որ իրենց երեխաներին անգլերեն սովորեցնում են ոչ թե անգլիացիները կամ ամերիկացիները, այլ հայերը: Ի դեպ, շատ դպրոցներում օտարերկրացի ուսուցիչները իրավունք չունեն հայտնել ծնողներին, թե իրենք որ երկրից են եկել, չնայած մյուս կողմից դա մի փոքր դժվար է պատկերացնել, քանի որ ծնողները չեն կարողանում հաղորդակցվել ուսուցիչների հետ լեզվին չտիրապետելու պատճառով: Նրա խոսքով` բազմամիլիոնանոց քաղաքը, որտեղ անցկացնելու է հաջորդ տարի, շատ անվտանգ է, և այնտեղ կարելի է ապահով տեղաշարժվել նույնիսկ գիշերային ժամերին, այն տալիս է անհրաժեշտ ամեն բան, որպեսզի կարողանաք հեշտությամբ ինտեգրվել: Լիանան չի բացառում, որ եթե այս տարի խնդիրներ չառաջանան, և եթե գործատուն չառաջարկի, ապա ինքը ևս մեկ տարով կերկարաձգի իր պայմանագիրը (պայմանագրի նվազագույն ժամկետը մեկ տարի է).
«Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Այո, Չինաստանը մի երկիր է, որտեղ շատ դժվար է համակերպվել հսկայական տարբերությունների պատճառով գրեթե բոլոր ոլորտներում: Այո, առաջին շաբաթվա ընթացքում ես գրեթե սոված մնացի, քանի որ անհնար է անմիջապես սովորել նրանց սննդին, սա այն չէ, ինչին մենք սովոր ենք եվրոպական երկրների չինական ռեստորաններում: Դժվար էր ընդունել հիգիենայի հետ կապված նրանց որոշ սովորություններ: Բայց սա հնարավորությունների երկիր է, որը ձեզ շատ ջերմ է ընդունում և անում է ամեն բան, որպեսզի ավելի երկար մնաք այստեղ », – արձանագրեց մեր զրուցակիցը:
Լիա Խոջոյան