Երկրի նոր ղեկավարությունը մտահոգ է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակով: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել այս թեմայով` նշելով, որ ներկայիս կառավարությունը մտադիր է «իրականացնել հասցեական և նպատակային գործողություններ, որոնք ազդեցություն կունենան տվյալ ոլորտի վրա»: Համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրեցին ընթացիկ ժամանակահատվածի ցուցանիշները, և ներկայացված հաշվետվությունների հիման վրա հնարավոր եղավ եզրակացնել, որ արդեն իսկ որոշ դրական փոփոխություններ կան:

Մասնավորապես նշվեց, որ 2018 թվականի վերջին` Հայաստանում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 972 հազար մարդ: Միևնույն ժամանակ, անցյալ տարվա միգրացիոն սալդոն, ի տարբերություն նախանցյալ տարվա տվյալների` դրական էր: Անցյալ տարի արձանագրվել է դրական սալդո՝ +15313 մարդ, իսկ 2017 թվականին տարբերությունը, այն էլ բացասական նշանով, կազմում էր -26897 մարդ: Բացի այդ, 2018 թվականին նվազել է մահացության մակարդակը, ինչպես նաև ամուսնալուծությունների թիվը: Նույնիսկ ընտրովի աբորտների թիվն է, կարծես նահանջել. եթե 2013 թվականին 100 նորածին աղջիկներին բաժին էր ընկնում 115 տղա, ապա անցյալ տարի հայրենիքի ապագա պաշտպաններն արդեն 111-ն էին: Այսպիսով, «տղայական» վիճակագրության անկումը որոշակիորեն վկայում է, որ ապագա մայրերը սկսել են ընտրություն կատարել հօգուտ աղջիկների՝ պոտենցիալ մայրերի, որոնք հետագայում կհամալրեն Հայաստանի բնակչության թիվը:

Այսպիսով, դրական միտումները ակնհայտ են, և հեռու չեն այն երանելի ժամանակները, երբ հանրապետությունում իսպառ կանհետանան բնակչության պակասորդային ցուցանիշները: Այս և այլ հարցերի շուրջ Dalma News-ի թղթակցի հետ զրուցեց սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, չնայած միգրացիոն սալդոյի բարելավման դրական միտումներին և այլ լավատեսական վիճակագրական տվյալներին՝ պաշտոնական վիճակագրությունը, այնուամենայնիվ ցույց է տալիս, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում 2 միլիոն 972 հազար մարդ կար: Իսկ 2019 թվականի հունվարի 1-ին արդեն 2 միլիոն 965 հազար մարդ կա: Ստացվում է, որ ամեն ինչ այդքա՞ն էլ դրական չէ:

– Այո, տվյալները այնքան էլ ոգևորիչ չեն, որքան կցանկանայինք տեսնել: Ավելին, իրական պատկերը նույնիսկ ավելի շատ է տարբերվում «պաշտոնականից»: Բանն այն է, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի բնակիչների մասին: Եվ «մշտական բնակչության» հասկացությունը ներառում է այն բոլոր քաղաքացիներին, որոնք հանրապետությունում գրանցված են որևէ հասցեում, որոնց վերաբերյալ չկա մահվան վկայական, ինչպես նաև անհետ կորելու մասին փաստաթուղթ: Սակայն գաղտնիք չէ, որ շատերը կես տարի և ավելի ժամկետով չեն բնակվում ոչ միայն իրենց հաշվառման վայրում, այլև, առհասարակ, Հայաստանում, սակայն չեն շտապում հաշվառումից դուրս գալ: Այսպիսով, նրանք շարունակում են մնալ «մշտական բնակչության» ցուցակներում: Դա նշանակում է, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 2 միլիոն 965 հազար մարդու ցուցանիշը, որը ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե ցուցանիշ է, մի փոքր գերազանցում է իրական պատկերը:

Իմ անձնական նախաձեռնությամբ ես անցյալ տարի անցկացրեցի իմ վերլուծությունը՝ միգրացիոն սալդոյի տվյալների հիման վրա: Եվ այդ հետազոտության համաձայն, 2018 թվականին երկրում բնակվել է ընդամենը 2 մլն 670 հազար մարդ:

Ստացվում է, որ 2011-ից մինչև 2018 թվականը երկիրը լքել է մոտավորապես 300 հազար մարդ: Փաստորեն, Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքից դժգոհ քաղաքացիները ճիշտ են՝ պնդելով, որ երկրում մոտ 3 միլիոն բնակչության մասին վիճակագրական տվյալը կեղծված է:

– Որպես մի մարդ, որի ամենօրյա ընթերցանության մասն են դարձել մեր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումները՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ մեր վիճակագիրներն աշխատում են լավ և պրոֆեսիոնալ: Իսկ տվյալների այդ տարբերությունն այդ փաստի ևս մեկ վառ ապացույցն է: Ի վերջո, այս երևույթի պատճառն այն է, որ մեր մասնագետները չափազանց ճշգրիտ պահպանում են բոլոր միջազգային ստանդարտները, որոնցով սահմանված է տվյալների հենց այս կերպ հաշվարկը: Տվյալների հնարավոր կեղծման մասին խոսակցությունները բացառապես քաղաքական բնույթ են կրում և չեն համապատասանում իրականությանը:

– Բայց, ի վերջո, ցանկության դեպքում կարելի՞ է հեռանալ միջազգային ստանդարտներից:

– Դա անհնար է: Քանի որ բնակչությանը վերաբերող ցանկացած կեղծիք կարող է հեշտ ու հանգիստ բացահայտվել: Այո, գուցե հնարավոր է մի փոքր փոփոխել դաշտերից հավաքվող կարտոֆիլի մասին տվյալները, քանի որ այսօր, ի տարբերություն խորհրդային տարիների, ոչ ոք փաստացի չի կշռում ամեն բեռնատարը, ապա միայն թույլ տալով դուրս գալ դաշտից: Սակայն անհնար է թաքցնել բնակչության թվի մասին տեղեկատվությունը: Երեխան հենց ծնվում է, ստանում է ծննդյան վկայական: Հետևաբար, նա արդեն «հաշվառված» է: Նույնիսկ եթե ենթադրենք, որ որևէ խուլ գյուղում կա նորածին, որը ծնվելուց անմիջապես հետո չի ստացել ծննդյան վկայական, ապա ակնհայտ է, որ տարիներ անց, երբ նա գնա մանկապարտեզ կամ դպրոց, նա կստանա այդ փաստաթուղթը և «կընդգրկվի» հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակում: Նույնը վերաբերում է մահացության վիճակագրությանը: Այո, գուցե ինչ-որ տեղ հայտնաբերվի լքված դիակ, սակայն մինչ այն հողին հանձնելը կձևակերպվի մահվան վկայական: Եվ գործի կդրվի հաշվառման «մեխանիզմը». կոնկրետ քաղաքացու մահվան մասին տվյալները կուղարկվեն ՔԿԱԳ բաժանմունք, այնտեղից՝ ոստիկանություն, ապա՝ Ազգային վիճակագրական ծառայություն:

Սամվել Մանուկյան

– Ուրեմն ինչո՞ւ են վիճակագրական տվյալները տարբերվում:

– Այն պարզ պատճառով, որ այդպիսինն է բնակչության հաշվարկման առկա մեթոդը: Դա օրենք է, որի դեմ անհնար է ինչ-որ բան անել: Օրինակ՝ ոստիկանությունը: Այստեղ նույնպես իրականացվում է բնակչության հաշվառումը դե յուրե տվյալների ապահովման սկզբունքով. եթե առկա է մահվան վկայական, նշանակում է, որ մարդը մահացել է, եթե՝ ոչ, ապա նա կենդանի է: Բայց մարդը կարող է կենդանի լինել, սակայն միևնույն ժամանակ, երկրի սահմաններից շատ հեռու: Մինչդեռ, իրավապահ մարմինների աշխատակիցները պարզապես պարտավոր են ներառել նրա տվյալներն ընտրացուցակներում, ինչպես նաև տեղեկատվություն փոխանցել վիճակագիրներին:

– Բայց ինչո՞ւ չփոխել օրենքը, վերջապես հստակություն սահմանելով նման կարևոր վիճակագրական ցուցանիշի հարցում:

– Քանի որ այն ենթադրում է մի շարք դժվարություններ: Այո, տեսականորեն, հնարավոր է օրենքի ուժով սահմանել այն մեթոդաբանությունը, որն ավելի արժանահավատ է արտացոլում իրողությունը: Այնուամենայնիվ, օրենսդրական «հեղափոխության» արդյունքում յուրաքանչյուր անհատի կարգավիճակի ավելի խիստ գնահատման գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ ծախսերի, որոնք պետությունն իրեն չի կարողանա թույլ տալ: Դրա ապացույցը բնակչության մարդահամարն է, որն ինչպես հայտնի է, անցկացվում է 10 տարին մեկ, և վերջին մի քանի անգամ իրականացվել է տարբեր միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցության շնորհիվ միայն:

– Այսպիսով, այսօր երկրում մոտ 2 մլն 600 հազար մարդ է ապրում: Բայց որքանո՞վ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս այդ խնդիրն այսօր:

– Բնակչության թվի նվազումը շատ բացասական երևույթ է Հայաստանի համար: Առաջին հերթին, հաշվի առնելով այն փաստը, որ մենք երկարատև զինված հակամարտության մեջ գտնվող պետություն ենք: Որտեղ յուրաքանչյուր պոտենցիալ «զինվոր», ոսկու գին ունի: Պատահական չէ, որ պետությունն արդեն մի քանի տարի է, ինչ վարում է կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավման քաղաքականությունը. խոսքն այն զինվորական պաշտոնների մասին է, որոնք կապված են կյանքի անմիջական վտանգի կամ ռազմական գործողություններում անմիջական ներգրավման հետ: Տղամարդիկ պակասել են, և ցավոք, հեշտ չէ համալրել բանակի շարքերը միայն այդ ռեսուրսով: Վերջերս նույնիսկ թույլ սեռի ներկայացուցիչներն են ծառայում բանակում պայմանագրային հիմունքներով: Ինչն արդեն իսկ մեծ խնդիր է և վկայում է առկա լուրջ ժողովրդագրական խնդիրների մասին:

Էլ չասած՝ բնակչության թվի կրճատման այլ սպառնալիքները: Օրինակ, մեր հայրենակիցների արտագաղթը պայմանավորված է ոչ միայն բնակչության թվի կրճատմամբ, այլև մի շարք ածանցյալ երևույթներով: Տեսեք` երկիրը լքում է հիմնականում բնակչության ցածր կրթական մակարդակ ունեցող զանգվածը, կամ էլ նրանք, ովքեր չեն կարողանում գտնել շատ թե քիչ նորմալ վարձատրվող աշխատանք: Հայաստանյան բիզնեսը հակված չէ բարձրացնել աշխատավարձը մի շարք օբյեկտիվ, իսկ հաճախ նաև՝ սուբյեկտիվ պատճառներով: Նախևառաջ, գործարարները չեն ցանկանում նվազեցնել իրենց շահույթը: Մյուս կողմից, նրանք ունեն աշխատուժի շատ լայն այլընտրանք: Ի վերջո, 18-20% գործազրկության պայմաններում, աշխատանքից ազատված աշխատողի կգտնվի ոչ թե մեկ, այլ մի քանի մարդ, որոնք կհամաձայնեն աշխատել այդ «կոպեկների» դիմաց: Իսկ ի՞նչ է անում նա, ով ազատվում է աշխատանքից և հույս չունի գտնելու արժանապատիվ աշխատավարձով արժանապատիվ աշխատանք: Նա նախընտրում է արտագաղթել, հիմնականում՝ Ռուսաստան, որտեղ նույն աշխատանքի համար՝ շինարարության, առևտրի և այլ ոլորտներում, ստանում է երեք անգամ, և նույնիսկ հինգ անգամ ավելի: Միևնույն ժամանակ, երկրում սկսվել է ցածր վարձատրվող աշխատուժի փոխարինումը ներգաղթյալ աշխատողներով, որն աստիճանաբար էլ ավելի է «գցելու» տեղացի բնակչության աշխատավարձի մակարդակը: Ինչպես հայտնի է, անցյալ տարվանից Հայաստան են ներգաղթել մեծաքանակ պոտենցիալ աշխատողներ Հնդկաստանից և այլ երկրներից: Նրանք համաձայն են աշխատել այնպիսի ցածր աշխատավարձերի դիմաց, որոնք անընդունելի են Հայաստանի բնակչության համար՝ այդպիսով թույլ տալով գործատուներին չբարձրացնել տեղացի աշխատողների աշխատավարձը:

Այս գործընթացն ունի իր գլոբալ պատճառները, որոնք տրանսֆորմացվել են նաև մեր հասարակության մեջ: Սակայն բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ արտասահմանցի միգրանտների հանդեպ նման «մարդասիրությունը», որը թելադրված է եվրոպական արժեքների նկատմամբ մեր ձգտմամբ, բացառապես դրական է, անհրաժեշտ է հիշել, թե ինչ տեղի ունեցավ նույն Եվրոպայում 60-ականների վերջին կամ 90-ականներին, երբ տեղի ունեցավ ցածր վարձատրվող միգրանտների ներդրման գործընթացը: Դա էլ հանգեցրեց 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

Հետևաբար, եթե դիտարկենք նման «մարդասիրական» մոտեցումները ռազմավարական տեսանկյունից, ապա պետք է գիտակցենք, որ այն, ինչ տեղի է ունենում, կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների: Բիզնեսը և պետությունը պետք է գիտակցեն, որ զուտ ֆինանսական շահերի հետապնդումը անհեռատեսական է: Վաղ թե ուշ, դա կհանգեցնի լուրջ սոցիալական կոնֆլիկտների:

– Այսպիսով, ձեր հաշվարկներով ստացվում է, որ 2011-ից 2018 թվականը, տարեկան, միջին հաշվով, մոտ 40 հազար մարդ է անվերադարձ լքել երկիրը: Իսկ ինչպիսի՞ն է կանխատեսումը ապագայի համար. արդյո՞ք մենք կշատանանք, թե բնակչության շարքերն էլ ավելի կնոսրանան:

– Բնակչության աճը մեծապես պայմանավորված է ծնելիությամբ: Իսկ մեր երկրի բնական աճի իրավիճակը, ցավոք, չափազանց վատ է: Այսօր ես չեմ տեսնում որևէ հիմք, որի շնորհիվ կարելի լինի ենթադրել մոտ ապագայում իրավիճակի բարելավման մասին: Բանն այն է, որ կանանց պտղաբերության մակարդակը (ցուցանիշ, որը նկարագրում է մեկ կնոջ միջին ծննդաբերությունների թիվը իր ողջ կյանքի ընթացքում՝ հիպոթետիկ սերնդի կտրվածքով, այդ պայմանով, որ ծնելիության մակարդակն անփոփոխ է մնում յուրաքանչյուր տարիքում՝ անկախ մահացության և բնակչության տարիքային կազմի փոփոխություններից) բնակչության պարզ վերարտադրության համար չպետք է լինի 2.15-ից ցածր: Իսկ այսօր Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.56: Ավելին, նորմատիվ 2.15-ից մենք իջել ենք դեռևս 1994 թվականին: Իսկ բացասական միտումը շարունակում է մինչ օրս:

– Բայց 1994 թվականը Հայաստանի համար դժվար, հետճգնաժամային տարի էր: Պետությունը նոր-նոր էր վերականգնվում էներգետիկ և ֆինանսական ճգնաժամի հետևանքներից: Շատերը սկսում էին կյանքը զրոյից և, հավանաբար, չէին կարող իրենց թույլ տալ բազմազավակ ընտանիք ունենալ:

– Դա, անկասկած, այդպես է: Բայց, ի վերջո, հաջորդ՝ ավելի ապահով տարիների ընթացքում իրավիճակը գրեթե չի փոխվել: Ծնելիությունը սկսեց աճել, բայց բավականին դանդաղ տեմպերով: Եվ պատճառը ոչ թե մեր ժողովրդի նյութական հնարավորությունների բացակայության մեջ է, այլ մտածելակերպի և ընդունված արժեքների փոփոխության մեջ: Նախկինում կնոջ համար առաջնահերթ էր ընտանիք կազմելը և երեխաներ ծնելը, իսկ հիմա հիմնականում խոսքը գնում է կրթության և կարիերա կառուցելու մասին: Աղջիկները այսպես են մտածում՝ կավարտեմ համալսարանը, արժանապատիվ աշխատանք կգտնեմ, տուն և մեքենա ձեռք կբերեմ, իսկ հետո միայն կամուսնանամ: Բայց միևնույն ժամանակ, տարիներն անցնում են, և 30-ին մոտ կնոջը ոչ միայն ավելի դժվար է համապատասխան զույգ գտնել, այլև՝ ծննդաբերել: Որքան բարձր է տարիքը, այնքան մեծ է անպտղության տոկոսը: Եվ քանի դեռ մեր պետությունը մեծապես ողջունում է կանանց ազատականացումը՝ առանց զուգահեռաբար ծնելիության խթանման և մեր ժողովրդի համար ավանդական ընտանեկան արժեքների խրախուսմանն ուղղված գործողությունների իրականացման, մենք կշարունակենք նույն խնդրի առաջ կանգնել: Արդեն իսկ ժամանակն է մտածել այն մասին, թե ինչն է ավելի կարևոր երկրի համար՝ կանանց ազատականացո՞ւմը, թե՞ երկրի ապագան` երեխաները:

-Դուք մատնանշեցիք ժողովրդագրական խնդրի երկու հիմնաքարերը՝ միգրացիան և ծնելիությունը: Իսկ ի՞նչ կասեք երրորդի մասին` բնակչության ծերացումը:

– Բնակչության ծերացումը, ավելի շուտ, առաջին երկու «հիմնաքարերից»՝ ծնելիության ցածր մակարդակից և միգրացիայի բարձր մակարդակից բխող խնդիր է: Ի վերջո, ակնհայտ է, որ արտագնա աշխատանքի են մեկնում երիտասարդ և հեռանկարային մարդիկ, իսկ տարեցները ապրում են կյանքը մնացյալ մասը հայրենի հողում: Նրանք պետք է փոխարինվեն երիտասարդներով, բայց որտեղից գան այդ երիտասարդները, եթե կանայք լավագույն դեպքում երկու երեխաներ են ունենում: Արդյունքում` մենք սարսափահար արձանագրում ենք, որ բարձրանում է մահացությունը: Այո, մահացությունը աճում է, բայց ոչ թե այն պատճառով, որ մենք ավելի վատ ենք սնվում կամ ավելի շատ ենք հիվանդանում, այլ հիմնականում այն պատճառով, որ երկրում տարեցներն ավելի շատ են, քան երիտասարդները…

– Վերոնշյալից հետևում է, որ արդեն առնվազն տասը տարի է, ինչ պետք էր ահազանգել խնդրի մասին` լուրջ քայլեր ձեռնարկելով ժողովրդագրական խնդիրների լուծման համար:

– Լուրջ ժողովրդագիրները խոսում են այս մասին 20 տարի շարունակ՝ հենց այն պահից, երբ ծնելիության մակարդակը սկսեց նվազել նորմատիվից: Խնդիրն այն է, որ ծնելիության խթանման ռազմավարությունը չպետք է հիմնված լինի ծնունդների ֆինանսավորման վրա, այլ մայրության սոցիալական պաշտպանության: Երեխային մեծացնելը տևում է ո՛չ 3 ամիս, ո՛չ էլ 3 տարի: Հայկական ընտանիքում այն տևում է միջինը 18-20 տարի: Ընտանիքներին նպաստներ տրամադրելը՝ նույնիսկ բավականին լուրջ չափի նպաստներ, բավարար միջոց չէ: Քանի որ վերջին մի քանի տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն շատ աննշան է նպաստել երրորդ երեխայի ծննդի աճին, որին հակառակ՝ Հայաստանում երկրորդ երեխայի ծննդի տեմպերը շատ ավելի արագ են նվազում: Արդյունքում, ծնելիության մակարդակը, ընդհանուր առմամբ, նվազում է: Մեր խնդիրը հարցի նկատմամբ ունեցած մոտեցումն է: Մեկ այլ կարևոր խնդիր է այն, որ գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, որոնք կարծում են, որ երեխաները բեռ են, որը սահմանափակում է անհատի ազատությունը և խանգարում նրա «ինքնադրսևորմանը»: Երբ մենք փոխենք երիտասարդների այս մտածելակերպը և վերադառնանք ընտանիքի ընկալման մեր մշակույթին, որի համաձայն երեխան բացառապես երջանկություն է և ինքնադրսևորման ամենակարևոր կողմերից մեկը, ապա ծնելիության մակարդակը կսկսի աճել:

– Բայց արդյո՞ք կառավարությունը այս բոլոր տարիների ընթացքում ոչ մի համապատասխան ծրագիր չի մշակել:

– Անշուշտ, կային և շարունակվում են: Նախորդ կառավարությունները 2-3 տարին մեկ պետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարություն էին մշակում: Բայց փաստաթղթերը, ցավոք, զգալի արդյունք չտվեցին: Ես կարծում եմ, որ մեզ պետք է ոչ թե «բազմահատոր» ծրագիր, այլ երկրի տնտեսական առողջացմանն ուղղված իրական գործողություններ:

Այո, անցյալ տարի մեզ գոհացրեց միգրացիոն սալդոն. երկիր ժամանողները ավելի շատ էին, քան մեկնողները: Սակայն իրական ցնծության համար դեռ վաղ է: Քանի որ այս երևույթի հիմնական պատճառը թավշյա հեղափոխությունն էր և այն հույսերը, որ մարդիկ կապում էին գլոբալ փոփոխությունների հետ: Եթե 1-2 տարվա ընթացքում այդ հույսերը չարդարանան, ապա կասկածից վեր է, որ ամեն ինչ կկրկնվի: Կրկին կսկսվի բնակչության արտահոսք:

Հետևաբար, անհրաժեշտ է գործել, ինչպես ասում են, այստեղ և հիմա` զարգացնել տնտեսությունը, ամեն ինչ անել, որ մեր ժողովուրդը համոզվի, որ արտասահմանում պայմանները ավելի լավը չեն, քան մեր երկրում: Այսօր մեր ռազմավարության բաղկացուցիչ մասը պետք է լինեն արագացված տնտեսական աճն ու ընտանեկան արժեքների ամրապնդումը, այդ թվում `շատ երեխաներ ունենալու անհրաժեշտության վերականգնումը: Այս պարագայում ժողովրդագրական իրավիճակը բարելավման հավանականությունը զգալիորեն կմեծանա:

 

Զրուցեց Իրինա Գրիգորյանը