Մեզնից յուրաքանչյուրը, զարդարելով ամանորյա տոնածառը, ուզում է հավատալ, որ գալիք տարին ավելի լավն է լինելու անցնող տարուց և իր հետ կբերի բազմաթիվ լավ բաներ: Ես հաճախ եմ մտածում այն մասին, թե ի՞նչ կլիներ, եթե Երկրի վրա բոլոր մարդիկ պահպանեին իրենց բարի գործերը և դրական էմոցիաները տոնածառի խաղալիքների համար նախատեսված տուփի մեջ, իսկ Նոր տարվա գիշերը նվիրեին դրանք միմյանց: Այո, երևի թե, շուրջն ամեն ինչ կլցվեր բարությամբ և ջերմությամբ…

Նոր 2018 թվականի նախաշեմին Dalma News-ի զրուցակիցները դարձան մայր և դուստր Խաթունա Շավգուլիձեն և Թամար Ջապարիձեն, ովքեր ստեղծում են փոքր ամանորյա հրաշքներ՝ տոնածառի խաղալիքների տեսքով:

Պատմեʹք մի փոքր Ձեր մասին, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք ստեղծել տոնածառի խաղալիքներ:

ხათუნა შავგულიძე
Խաթունա Շավգուլիձե

Խաթունա Շավգուլիձե -Ես վրացերեն լեզվի և գրականության մասնագետ եմ: Պարզապես, սկսեցի խաղալիքներ պատրաստել, որպեսզի բարձրացնեի տրամադրությունս: Սկզբում ցանկանում էի զբաղվել կարով կամ գործելով, այնուհետև հետաքրքրվեցի նկարչությամբ: Այս ամենը զվարճացնում էր ինձ, բարդ 90-ական թվականներին կյանքս ավելի գունավոր էր դարձնում:

Ավելի ուշ ինձ բախտ վիճակվեց հայտնվել Հռոմում, որտեղ տեսա ամանորյա ձեռագործ աշխատանքներ և աքսեսուարներ, որոնք կատարված էին վիկտորիանական ոճով, սակայն դրանք այնքան թանկ էին, որ այդ պահին անհասանելի էին ինձ համար: Դա շատ մեծ ազդեցություն թողեց ինձ վրա, և այդ ժամանակվանից ես խնդրում եմ իմ բոլոր բարեկամներին և ընկերներին, ովքեր գնում են արտասահման, ինձ համար ամանորյա աքսեսուարներ բերել: Դա իմ թուլությունն է: Այժմ արդեն իմ տունը լի է փոքր խաղալիքներով: Ես սկսեցի մտածել այն մասին, ինչպե՞ս կարող եմ ինքս ստեղծել այդպիսի գեղեցկություն:

Իսկ որքա՞ն ժամանակ է պահանջվում մեկ խաղալիք ստեղծելու համար:

Նվազագույնը կես օր: Ընդ որում, ինձ մոտ չի ստացվում կիսատ թողնել սկսած գործըկամ մտածել այլ գործերի մասին, քանի դեռ չեմ ավարտում: Խաղալիքի գույնը, ձևը և դիզայնը նշմարվում են հենց ստեղծելու ժամանակ: Ամբողջ «սև աշխատանքը» կատարում է դուստրս:

თამარ ჯაფარიძე
Թամար Ջապարիձե

Թամար Ջապարիձե – Սկզբում ես ևս հետաքրքրություն զգացի խաղալիքներ ստեղծելու հանդեպ, սակայն հետո դիզայներական գաղափարների իրականացման համար ինձ մոտ սկսեց ժամանակը չհերիքել: Այժմ գլխավոր դիզայները մայրս է, թեպետ երբեմն խորհուրդներ տալիս եմ, երբեմն էլ բացահայտ վիճում եմ: Օրինակ, մի օր իմ մտքով անցավ ստեղծել սև գույնի տոնածառի խաղալիք, իսկ մայրս դեմ դուրս եկավ:

Ինչո՞ւ հենց սև: Մարկետինգային հաշվա՞րկ էր:

Այդ խաղալիքները մենք ստեղծում էինք մեզ համար: Ժամանակի ընթացքում հավաքվեց դրանց այնպիսի բազմազանություն, որ մենք որոշեցինք դրանք ներկայացնել ամանորյա տոնավաճառին: Այդ պատճառով, իրացման նպատակներով անհրաժեշտ էր հաշվի առնել մարդկանց ճաշակները: Հնարավոր է՝ որևէ մեկը ցանկանա սպիտակ տոնածառը զարդարել սև խաղալիքներով:

Որոշ խաղալիքներ հագեցած են բազմագույն դետալներով, ուրիշներն ընդհակառակը՝ հարթ են և միատոն: Վրաստանում ընդհանրապես կարելի է հանդիպել բազմաթիվ ձեռագործ աքսեսուարներ, դրա համար էլ ես ցանկացա ավելի մոտիկից ծանոթանալ այն ամենի հետ, ինչ առաջարկում են ձեռագործության տոնավաճառներին: Պետք է նշեմ, որ մեր խաղալիքները մրցակցությունից դուրս են:

Դուք առաջին անգա՞մ էիք վաճառքի հանել Ձեր ստեղծագործությունները:

Այո: Վերջին 2 տարիների ընթացքում մենք ստեղծել էինք 400-ից ավել խաղալիքներ, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ է: Դրանք չեն կոտրվում, չեն կորցնում իրենց փայլերը և դեկորի տարրերը: Նշեմ, որ խաղալիքները պատրաստվում են թանկարժեք նյութերից, որոնք պատվիրում ենք Եվրոպայից: Մենք հասկանում ենք, որ Վրաստանը շատ հեռու է Եվրոպայի երկրներից. մեր երկրում ամեն մեկը չէ, որ կկարողանա տոնածառի խաղալիք գնել՝ յուրաքանչյուրը 100 եվրոյով: Լեհաստանից առաջարկ ստացանք ստեղծել մեծ քանակությամբ խաղալիքներ, սակայն հրաժարվեցինք:

Ցանկանում ենք, որ այս ամենը մնա Վրաստանում:

Տոնածառի խաղալիքներ պատրաստելու սովորությունը որևէ կերպ կապվա՞ծ է ամանորյա հրաշքին հավատալու հետ:

Այո: Երբեք չեմ պատմել այդ մասին, սակայն ես դեռ փոքր երեխա էի, երբ մահացավ իմ մայրը: Մի քանի տարի անց հայրս նորից ամուսնացավ, սակայն մինչ իմ մայրացուն դառնալը այդ հրաշալի կինը 3 տարի շարունակ դեկտեմբերի 31-ին ինձ ամանորյա նվերներ էր ուղարկում` հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, այն ամենը, ինչի մասին կարող է երազել երեխան:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք պետք է երեխաների մեջ սերմանել հավատ՝ Ամանորի գիշերի հրաշքների հանդեպ, թե՞ ավելի լավ է նրանց ռեալիստական ոգով մեծացնել:

Խաթունա Շավգուլիձե. – Միʹ զրկեք երեխաներին իրենց մանկությունից: Ինչ թաքցնենք, երբեմն մենք ինքներս շատ ենք ցանկանում փախչել դաժան իրականությունից և հայտնվել հեքիաթային աշխարհում: Պետք չէʹ մեր փոքրիկներին ռեալիստներ դարձնել, թող նրանք հավատան Ամանորի գիշերի հրաշքին և Ձմեռ պապիկին, չէ՞ որ դա ոչ ոքի չի վնասում:

novij-god-gryzia-2-8Տոնածառ զարդարելը յուրահատուկ արարողակարգ է: Ինչպե՞ս է այն տեղի ունենում Ձեր ընտանիքում, ամանորյա հրաշք տեղի ունենո՞ւմ է:

Խաթունա Շավգուլիձե. – Ամեն տարի զարդարում ենք տոնածառը, պահարանները՝ ամանորյա հրեշտակներով և մոմակալներով: Երբ ես հոգնում եմ նախատոնական պատրաստություններից և գնում եմ հյուրասենյակ, ապա կարող եմ ժամեր շարունակ հիանալ խաղալիքներով, ներթափանցել դրանց աշխարհ:

Թամար Ջապարիձե. – Նոր տարին ինձ համար միշտ մի նորի ակնկալիք է: Ես չգիտեմ, ինչ է սա՝ ակնկալի՞ք, թե՞ ավանդույթ, սակայն ինձ թվում է, որ որքան ավելի գեղեցիկ դիմավորես Նոր տարին, այնքան ավելի երջանիկ կանցկացնես այն: Մենք ամբողջ ընտանիքով մանրակրկիտ պատրաստվում ենք այդ տոնին: Այս տարի առաջին անգամ զարդարեցինք տոնածառը խաղալիքներով մեր սեփական հավաքածուից:

Խաղալիքները, որոնք հանված են վաճառքի, նույնպե՞ս ունեն ստեղծման իրենց պատմությունը:

Յուրաքանչյուր խաղալիք պատրաստված է մեծ սիրով, լցված է մայրական ապրումներով: Մեր խաղալիքներն ունեն լավ, բարի աուրա և ձգում են երջանկությունը:

Յուրաքանչյուր ընտանիքում տարբեր կերպ է ընդունված զարդարել տոնածառը, կարելի՞ է ասել, որ տոնածառը պատմում է այս կամ այն ընտանիքի պատմությունը:

Թամար Ջապարիձե. – Համաձայն եմ Ձեզ հետ: Օրինակ, եթե Դուք նայեք մեր տոնածառին, միանգամից կհասկանաք, թե մենք ինչ ենք սիրում և որտեղ ենք լինում: Նայելով տոնածառին` կարելի է ստեղծել ընտանիքի հոգեբանական պատկերը:

Խաթունա Շավգուլիձե. – Երբ ես հյուր եմ գնում, ապա առաջին հերթին նայում են հենց տոնածառին: Այդպիսի սովորություն ունեմ: Որոշ ընտանիքներում տոնածառը դնում են հենց դաշնամուրի վրա, այդտեղ, իհարկե, չի կարող ոչ մի խոսք լինել էսթետիկայի մասին: Տոնածառը պետք է զարդարել ոչ միայն նրա համար, որպեսզի ուրախացնեք երեխային: Ցանկացած դեպրեսիա անհետանում է «տոնական գեղեցկուհու» տեսքից: Ես իմ ստեղծագործությունները չեմ կոչում արվեստ, այն ավելի շուտ վարպետություն է կամ փորձ դիպչել արվեստի հսկայական աշխարհին:

Ձեր ձեռքերը հիանալի հուշանվերներ են ստեղծում, սակայն չեմ կարծում, որ խոհանոցում դրանք պակաս վարպետորեն են դրսևորում իրենց:

Խաթունա Շավգուլիձե. – Օ՜… պատրաստվելով ցանկացած տոնի` մենք ամբողջ օրը կախարդում ենք խոհանոցում: Թամունայի մեջ ես ինձ իսկական հակառակորդ եմ գտել, թեպետ նա ավելի շատ նախընտրում է եվրոպական խոհանոցը: Իսկ ես պատրաստում եմ ավանդական ազգային ճաշատեսակներ: Օրինակ, երբ սացիվի եմ պատրաստում, ոչ ոք չի համարձակվում նույնիսկ մտնել խոհանոց: Դա յուրօրինակ ընտանեկան արարողակարգ է:

Երկար տարիներ շարունակ, խաղալիքների նման, ես սպասք էի հավաքում: Այդ պատճառով մեր տոնական սեղանը գեղեցիկ և բազմազան է:

 

Զրուցեց Շորենա Պապաշվիլին