Հայաստանն ու Եվրոմիությունը վերջապես ստորագրեցին Համապարփակ ու ընդլայնված գործունեության մասին Համաձայնագիրը, ու դատելով սոցկայքերի խնդությունից, հաջորդ իսկ օրը մենք պետք է արթնանաինք նոր, ավելի եվրոպականացված Հայաստանում՝ ազատ վիզային ռեժիմի երազանքներով: Սակայն պարզվում է, որ մեր ունեցած ողջ բացասական, եվրոպական միջավայրին ոչ հարիր հակադեմոկրատական երևույթները մնացին մեզ հետ, իսկ ազատ վիզային ռեժիմը էլ ավելի թաղվեց մշուշում: Ու դրանից բացի, մեզ մնաց նաև «պարտության» դառը համը: Ստորագրելով այդ համաձայնագիրը՝ Հայաստանը համաձայնել է հրաժարվել «կոնյակ» անվանումից, ու արդեն 25 տարի անց ալկոհոլային այս խմիչքի արտադրողները խմիչքի անունը կփոխեն եվրոպացիների ականջին առավել սովոր մեկ այլ անվան՝ բրենդիի:
Երկար տարիներ էր Ֆրանսիան պայքարում, որ կոնյակ անվանումով կոչեն միայն իր տարածքում արտադրվող ալկոհոլային խմիչքը, «Կոնյակ» բրենդը գտնվում է ԵՄ պաշտպանության տակ, որպես ֆրանսիական աշխարհագրական անուն (АОС): Իր ժամանակին Եվրոմիությունը Ռուսաստանին խոստացավ իջեցնել տնտեսական պատժամիջոցների աստիճանը՝ փոխարենը պահանջելով, որ ռուս արտադրողները հրաժարվեն կոնյակ ու շամպայն անուններից: Մեր դեպքում տվյալ պահանջը ամրագրված էր փաստաթղթում, իսկ մեղքերը քավելու համար եվրոպացիները Հայաստանին խոստացել են անվանափոխման համար ֆինանսական ու տեխնիկական օգնություն:
Հայկական կոնյակի ու ֆրանսիական բրենդիի տարբերությունը
Վիճելի «կոնյակ» անվանումը սկիզբ է առնում ֆրանսիական cognac ալկոհոլային թունդ խմիչքից, որն արտադրվում է խաղողի հատուկ սորտերից՝ Պուանտու-Շարանտա ֆրանսիական շրջանում՝ ոչ պակաս հատուկ տեխնոլոգիայով: Հենց այդ շրջանում էլ գտնվում է Կոնյակ հայտնի քաղաքը: Ընդ որում հայկական կոնյակի արտադրության գործընթացը համարյա չի տարբերվում դասական ֆրանսիականից: Սակայն հայկական կոնյակի պատրաստման առանձնահատկությունը հենց ջրի մեջ է: Եթե դասական ֆրանսիական արտադրությունում օգտագործվում է միայն թորած ջուր, ապա հայ արտադրողները կոնյակ պատրաստում են աղբյուրի ջրից: Հայկական ցանկացած կոնյակի գործարան ունի իր կնիքած աղբյուրները, և, խառնվելու գրաֆիկին համապատասխան՝ ջուրը ճիշտ պահին հասցնում են արտադրություն: Հայկական կոնյակի համար նախատեսված ջուրը շատ քիչ աղ է պարունակում, սակայն ամեն դեպքում ենթարկվում է դեմիներալացման: Դրանով իսկ բացառվում է կալցիումի ներթափանցումը շշի մեջ, ու բարձրանում է խմիչքի պիտանելիության ժամկետը:
Ու թեպետ հայկական կոնյակը նախկին Խորհրդային Հայաստանում առաջատար խմիչք էր համարվում, օրենսդրորեն «հայկական կոնյակ» անունը գրանցվել է միայն Հայաստանի հանրապետության հռչակումից հետո: 2006 թվականին Հայաստանի կառավարությունը «Ստանդարտացման մասին» օրենքի փոփոխություններ մտցրեց, ինչն էլ որոշում է հայկական կոնյակի ու կոնյակի սպիրտի տեխնիկական կանոնակարգն ու դրա էությունը՝ ինչ ասել է հայկական կոնյակ:
Հայկական կոնյակը պատմության մեջ
Հայկական կոնյակը միշտ էլ խորհրդավորություններով ու լեգենդներով է հարուստ եղել: Ամենահին լեգենդը պատմում է, որ այն բանից հետո, երբ Նոյն իր տապանով կանգ առավ Արարատի վրա ու որդիների հետ միասին հիմնավորվեց Արարատյան հարթությունում, սկսեց զբաղվել խաղողի աճեցմամբ: Հնագույն պատմիչների՝ Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի աշխատանքները, ինչպես նաև հին ձեռագրերն ու ժողովրդական ասույթները հաստատում են, որ խաղողաճեցմամբ ու խաղողագործությամբ ժամանակակից Հայաստանի տարածաշրջանում զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից՝ մոտավորապես մ.թ.ա. XV դարից: Հայաստանում առաջին կոնյակի արտադրությունը ստեղծվել է առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից՝ Երևանում, Կոնյակի առաջին գործարանում, իսկ թորումն ու նրա անմիջական պատրաստումը կատարվել է դասական ֆրանսիական տեխնոլոգիայով, քանի որ ֆրանսիական կոնյակներն այն ժամանակ, ունենալով գրեթե 105 տարվա վաղեմություն, արդեն վաստակած փառք ու հանրայնություն էին վայելում: Ընդ որում հայկական կոնյակը ԽՍՀՄ-ում արդեն լեգենդ էր, ու զբաղեցնում էր մրցանակային, սովորաբար առաջին տեղերը, ինչի շնորհիվ էլ աշխարհի տարբեր երկրներում հայտնություն ձեռք բերեց:
Ի դեպ, արդեն բավական երկար տարիներ է, ինչ հայկական կոնյակն այդպես անվանվում է միայն Հայաստանում ու ԱՊՀ երկրներում: Հայկական կոնյակի գործարաններից մեկի մամլո-ծառայությունից Dalma News-ը տեղեկացավ, որ արտադրողներն այժմ իրավունք չունեն «կոնյակ» բառը գրել լատինատառ, այնպես որ արտահանվում է «Արարատ» անվամբ կամ Չերչիլի սիրելի «Դվին» հայկական բրենդին: Այսինքն լատինատառ պիտակներից արդեն վաղուց «հայկական կոնյակ» անունը վերացել է:
Վիրավորական է միայն…
Հայկական կոնյակն արդեն վաղուց հայտնի բրենդ է համարվում արտասահմանում: Կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանը լքող ցանկացած ուղևորի ճամպրուկում արևային այս խմիչքի շշերից կան: Բացի այդ, չկա երևի թե այնպիսի մի հայ, ով չհպարտանա նրանով, որ բրիտանացի վարչապետ Ուինսթոն Չերչիլն անձամբ է եղել մեր կոնյակի երկրպագուն: Լեգենդներից մեկը պատմում է, ոչ Չերչիլն ամեն օր խմել է 50 աստիճան թրմեցմամբ «Դվին» կոնյակի մեկ շիշ, սակայն մի օր նրան թվացել է, որ կոնյակը նախկին համը կորցրել է: Իր դժգոհությունը նա հայտնել է Ստալինին: Պարզվել է, որ վարպետ Մարգար Սեդրակյանը, ով զբաղվում էր հենց «Դվինի» թրման գործընթացով, արտաքսված է Սիբիր: Նրան ետ են վերադարձնում, վերականգնում կուսակցական շարքերում, ինչից հետո Չերչիլը կրկին սկսել է ստանում է իր սիրելի «Դվինը»: Այդպիսով, բացի նրանից, որ կոնյակը փրկել է մարդու կյանքը, Սեդրակյանին նաև տվել են Սոցիալական աշխատանքի հերոսի կոչումը:
Ասում են՝ հայկական կոնյակ խմել են Ֆրենկ Սինատրան, Ագաթա Քրիստին… Հավատանք, որ հենց այդ խմիչքն է գրողին օգնել գլուխ հանելու խճճված դետեկտիվներից ու գտնել ճիշտ հանգուցալուծումները: Խոսակցություններ կան նաև, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը նույնպես գերադասել է հենց հայկական կոնյակը…
Արդյո՞ք այդ ամենը հենց այդպես էլ եղել է, հայտնի չէ, դրան միայն պատմաբանները կարող են հստակ պատասխան տալ: Սակայն այս ամենը հնչում է թե համոզիչ, թե գեղեցիկ, առավել ևս խնջույքի ժամին, երբ խայն ըմպելուց հետո քիմքում մնում է Արարատյան արևի ողջ սերն իր մեջ պարունակող խաղողի ջերմությունը…
Ընդամենը 25 տարի հետո մեր սեղաններին լինելու է ոչ թե կոնյակ, այլ բրենդի՝ «Արարատ», «Նոյ», «Ախթամար»… Բայց արդյո՞ք մենք կարողանալու ենք «երեք աստղերին», կամ, ինչպես ասում էր «Դիմակահանդեսի գիշերը» ֆիլմի մեր սիրելի հերոսը՝ ավելի լավ է «հինգ աստղ»-ին այլ կերպ: Ահա խնդիրն ինչումն է:
Պատրաստեց Լիա Խոջոյանը