Տիեզերքի շնաձկների թիվը
Մարդկությունը բարուրից դուրս է եկել հավանաբար այն ժամանակ, երբ շնաձկների, կրիաների և Աստված գիտե, թե էլ ինչ կենդանիների վրա հենված հարթ երկրագնդի մասին պատկերացումներին փոխարինեց Երկրի կլորության մասին գաղափարը: Մարդը sapiens չէր լինի, եթե շրջակա աշխարհի մասին նրա ճանաչողական ձգտումներն այդքան անհագ չլինեին: Իսկ դա նշանակում է, որ դեռ լիովին չճանաչելով իրեն ու իրեն շրջապատող աշխարհը, մարդը որոշեց ուսումնասիրել Տիեզերքը: Սակայն այստեղ նրան շատ անակնկալներ էին սպասվում…
Ի՞նչ կա այնտեղ
Ամենատարօրինակն այն է, որ չնայած սեփական մոլորակը մարդկության համար շարունակում է մնալ մի մեծ ու սպիտակ կետ, մարդիկ միևնույն է՝ մտածում են հիմնավոր աշխարհաստեղծման մասին: Անցել են դարեր ու հազարամյակներ, գիտությունը մեկ առաջ է շարժվել կրիայի քայլերով, մեկ էլ ֆանտաստիկ թռիչքներ է կատարել բայց գիտությունն ու փորձը ակնհայտ կուտակվել են: Այդ ամենով հանդերձ՝ դեռ հիմնավոր մի շարք հարցեր այդպես էլ չպարզաբանված են մնում՝ մասնավորապես Տիեզերքի անվերջության կամ վերջանալիության ու նրա ձևի մասին: Այսինքն՝ ինչ կտեսնեինք մենք, եթե Տիեզերքին կողքից նայելու հնարավորություն ունենայինք:
Բնականաբար Տիեզերքի ձևի մասին բոլոր ենթադրությունները պետք է ունենան ստուգված գիտական հիմքեր, հակառակ դեպքում դրանք կհամարվեն երևակայական տեսակետներ, թեկուզ գեղեցիկ, վերացական, բայց ընդամենը ենթադրություններ: Չխորանալով աստղաֆիզիկայի վերջին ձեռքբերումների բարդ մանրամասների մեջ, որոնք հասանելի են միայն որոշ նվիրյալների շրջանակի համար, կարող ենք ասել, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի իրականությանը մոտ 3 վարկած:
Ավելի ավանդականը համարվում է Տիեզերքի գնդաձևության գաղափարը, ընդ որում ամեն ինչ կախված է Տիեզերքի խտությունից, եթե վերջինս ավելի մոտ է որոշակի կրիտիկական արժեքի, ուրեմն Տիեզերքը փակ տարածություն է, այսինքն՝ վերջավոր է և ունի հավանաբար գնդաձև կառուցվածք: Ինչ-որ մի անգամ նրա լայնացումը դադարելու է և սկիզբ է դրվելու հակառակ գործընթացին, որն էլ առաջացնելու է «Մեծ սեղմում» երևույթը, որը Մեծ պայթյունի ճիշտ հակառակ երևույթն է: Իհարկե Տիեզերքի այդ «ավարտ» կոչվածը համարվում է աբստրակտ հասկացություն, և այսօրվա դրությամբ դրա մասին որոշակի բան ասել հնարավոր չէ:
Եթե խտությունը գերազանցում է կրիտիկականին, ապա այս դեպքում տիեզերքը մի փոքր կոր տեսք է ունենում՝ նման հիպերբոլի: Թամբի տեսք ունեցող Տիեզերքն այս դեպքում արդեն անվերջ է և անընդհատ լայնացող: Այս ենթադրությունը շատ կողմնակիցներ ունի, որոնց մեջ գիտական աշխարհում բավական հայտնի անձնավորություններ կան:
Իսկ եթե Տիեզերքն այն կշիռն ունի, որի դեպքում կրիտիկական և իրական խտությունները նույնական են, ապա լայնացման արագությունը մշտապես նվազելու է, բայց այդ նվազեցումը աննկատ կլինի և այս գործընթացը վերջ չի ունենա: Այս պարագայում Տիեզերքը լինելու է անվերջ, բայց հարթ: Եզրից նայելիս՝ այն կհիշեցնի Գալակտիկայի մի պարույր: Տիեզերքի այն մասը, որը պետք է առաջանա Մեծ Պայթյունի ժամանակ, ուսումնասիրման համար սահմանափակված է լույսի արագությամբ, այսինքն նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել միայն 14 միլիարդ լուսային տարիների հեռավորության մասին:
Գաղտնիքի վրա նետված թարմ հայացքը
Զարմանալի է, թե որքան հայտնի հայ աստղաֆիզիկներ են աշխատում աշխարհի տարբեր կենտրոններում իրականացվող հայտնի հետազոտական աշխատանքների վրա: Ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ հայկական գիտությունը, չնայած իր բոլոր դժվարություններին, կենդանի է և մեծ ապագա ունի: Դրա լավատեսական օրինակն է հենց աստղաֆիզիկան:
Տիեզերքի ձևի և որոշակի պարամետրերի հետ կապված վեճերի մեջ քիչ ներդրում չեն ունեցել նաև մեր հայրենակիցները: Կալիֆորնիայի համալսարանի աստղոֆիզիկ Գևորգ Աբազաջյանն ու Երևանի համալսարանի շրջանավարտ Գրիգոր Ասլանյանը, ով ներկայումս նորզելանդական Օքլենդ համալսարանի կողմից տիեզերական ուսումնասիրություններ իրականացնող խմբի անդամ է, աշխատելով թե միասին, թե առանձին-առանձին, ստացել են բավական հետաքրքիր արդյունքներ:
Մի շարք գիտնականներ հակված են այն մտքին, որ Տիեզերքի հիմնական մասը կազմում է անտեսանելի «մութ» մի նյութ, որի առկայությունը համոզիչ կերպով հաստատվում է որոշ անուղղակի մեթոդների քննման արդյունքում: Հետաքրքիրն այն է, որ Աբազաջյանը, ժամանակ առ ժամանակ նման նյութի գոյության փաստին շատ սկեպտիկ վերաբերմունք է ցուցաբերում: Բայց ահա, բոլորովին վերջերս, վերլուծելով մեր Գալակտիկայի կենտրոնական հատվածի գամմա ճառագայթների ինտենսիվությանը վերաբերվող արդյունքները, գիտնականը եկավ այն եզրակացության, որ այդ ճառագայթման ավելցուկը լիովին կարող է բացատրվել մութ նյութի գոյությամբ: Իսկ այժմ Աբազաջյանը ենթադրում է, որ տիեզերական գամմա-ճառագայթները ուղակիորեն կապված են դրա հետ:
Իսկ հետո կատարվեց հետևյալը: Օգտագործելով Աբազաջյանի ստացված տվյալները, Գրիգոր Ասլանյանը զարգացրեց այն տեսությունը, որ Տիեզերքն ունի սկավառակ հիշեցնող բլիթի ձև (բուբլիկ): Բնականաբար մաթեմատիկորեն ճշգրտված ձևի մասին խոսել հնարավոր չէ, դրա համար էլ Ասլանյանը որոշեց պարզել, թե հատկապես ինչպիսի սկավառակ կարող է հիշեցնել Տիեզերքի գծագիրը: Ըստ աստղաֆիզիկի՝ «այդ սկավառակը կարող է ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ ընդամենը երկուսով լինել վերջավոր, և ինչ-որ մի ուղղությամբ կարող է լինել անվերջ: Կամ կարող է ցանկացած երկու ուղղությամբ լինել անվերջ, և այլն…»:
Ասլանյանն օգտվեց տարբեր տվյալներից՝ օգտագործելով նաև NASA-ի որոշ հետազոտություններ (Nasa-Ավիացիայի ազգային կառավարում և տիեզերական տարածության հետազոտություն) և տարբեր գիտնականների աշխատանքներ, հենվելով նաև Աբազաջյանի արդյունքների վրա: Այդ տվյալների հավաքումը տևեց 7 տարի, իսկ հետո դրանց մշակման արդյունքները Ասլանյանը կիրառեց սկավառակների մաթեմատիկական տարբեր մոդելների վրա, այստեղ հարկ եղավ հաշվի առնել համակարգչի առաջարկած տասնյակ հազարավոր տարբերակները:
Ասլանյանը համոզված է, որ Տիեզերքը սկավառակի տեսք ունի, բայց ոչ այնպես, ինչպես մեր գիտակցությունն է սովոր պատկերացնել, այն ավելի շատ ունի ներսը դատարկ կլոր բլիթի ձև, որը մշտապես դեպի եզրերն է ձգվում, ընդ որում ոչ հավասարապես՝ անփորձ հրուշակագործի պատրաստած բլիթի նման: Այդ ձևը կատարելապես համապատասխանում է աստղաֆիզիկայի կողմից նշված դեպի մեկ ուղղությամբ ընթացող ճառագայթների ինտենսիվության անհավասարակշռության երևույթին, ինչին էլ գրականությանը մոտ կանգնած գիտնականը տվեց «չարի առանցքներ» անունը: Ասլանյանը որոշել է հստակեցնել Տիեզերքի ձևը՝ օգտագործելով արհեստական տարբեր արբանյակների տվյալներ, այնպես որ այս հետազոտության ավարտին դեռ շատ կա:
Ելնելով հայրենասիրական նկրտումներից և երկրպագելով, այսպես ասած, «մերոնց», անշուշտ լավ կլիներ, որ Ասլանյանի և Աբազաջյանի հետազոտությունները իրենց ճշմարտացիությունն ապացուցեին: Իսկ եթե ավելի լուրջ՝ ցանկացած արդյունքի պարագայում էլ նրանց արած գործը Տիեզերքի ճանաչման չվերջացող ճանապարհին արված մի հսկա ու արժեքավոր քայլ է: Որովհետև նման իրավիճակներում նույնիսկ բացասական արդյունքը դառնում է գիտական մեծ հայտնագործություն:
Ռուբեն Գյուլմիսարյն