Մեր ընթերցողին ենք ներկայացնում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի հոդվածը “Կարո՞ղ են արդյոք տնտեսական զարգացման խթանները նպաստել անվտանգության ավելի բարձր մակարդակին” վերնագրով, որը հրապարակվել է Azg.am կայքում:
Մոտենում է արձակուրդների շրջանը: Հեղինակավոր վարկանիշային կառույցները պատրաստվում են հրապարակել վեց ամսվա ընթացքում տնտեսական զարգացման ցուցանիշները: Որոշ տնտեսական ձեռքբերումներ ուղղակի զարմանալի են թվում և կարիք կա լրացուցիչ վերլուծություն անելու դրանց իրական սոցիալական ազդեցությունների և հետևանքների հարցում: Այս հոդվածի նպատակն է ցույց տալ Հարավային Կովկասում ընթացող նկատելի տնտեսական գործընթացները, որոնք ստիպում են մտածել իրական խաղաղության և անվտանգության ավելի բարձր մակարդակի հասնելու հնարավորությունների մասին: Կարևոր է բաց չթողնել այդ հնարավորությունները:
Եվրասիական ինտեգրման գործընթացում արձանագրված են անվիճելի հաջողություններ
Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ իրենք ելնում են այն բանից, որ Հայաստանը իրենց դաշնակիցն է և հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները շատ կարևոր են: Ըստ նրա 2023թ. արդյունքներով հայ-ռուսական տնտեսական համագործակցության շատ բարձր մակարդակ է արձանագրված, որը կազմում է ավելի քան 7,3 մլրդ. դոլար: Ընդ որում, այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է երկու անգամ: Տեմպերը շատ լավն են, տնտեսությունը զարգանում է շատ լավ, – ցիտում է Ա.Օվերչուկին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը: Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ շրջանակներում: Մեր կողմից ավելացնենք, ր հայ-ռուսական տնտեսական համագործակցության այդ ցուցանիշը մոտ երեք անգամ ավելի բարձր է, քան, օրինակ, Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Եվս մեկ հետաքրքիր ցուցանիշ: Համաշխարհային բանկը հաշվարկել է 2023թ. արդյունքով շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Դրանց համաձայն Հայաստանի ցուցանիշը կազմել է $7330: Ադրբեջանի նույն ցուցանիշը կազմել է $6680: Վրաստանի նույն ցուցանիշը կազմել է $6680: Ռուսաստանի շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցնիշը 2023թ. ավելացել է և կազմել է $14250: Համեմատության համար, Թուրքիայի նույն ցուցանիշը կազմել է $11650: Իրանի նույն ցուցանիշը կազմել է $4680: Սա նշանակում է, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքում տարածաշրջանում մենք արձանագրել ենք ամենաբարձր ցուցանիշը, որն արդեն միայն երկու անգամ է զիջում Ռուսաստանի ցուցնիշին:
Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի վիճակագրական ծառայության կիսամյակային տվյալներին, որոնց վերլուծությունը կարող է օգնել բացատրելու, թե ինչ ազդեցություն ունի այս զարմանալի իրողությունը Հայաստանի իրական սոցիալական իրավիճակի վրա:
Հետաքրքիր է նաև, որ Արևմուտք-Ռուսաստան փաստացի առճակատման պայմաններում Ռուսաստանը բարձրացրել է իր ՀՆԱ-ի ցուցանիշը: Համաշխարհային բանկը եզրակացրել է, որ Ռուսաստանը և Բուլղարիան այսուհետ իրենց այդ ցուցանշով գտնվում են արդեն ոչ թե զարգացող երկրների խմբում, այլ հաստատվել են զարգացած երկրների խմբում: Այստեղից քաղաքական գործիչերն աշխարհում իրարամերժ երկու եզրակացություն են անում: Առաջինն այն է, որ արգելամիջոցների առատությունը և հիբրիդային պատերազմենրը ոչ թե թուլացրել են Ռուսաստանին, այլ ուժեղացրել են նրան: Հետևաբար, ճնշումը Ռուսաստանի վրա պետք է փոխարինել երխոսությամբ և բանակցություններով: Մյուս կողմից կա դիամետրալ հակառակ եզրակացությունը: Օրինակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վաշինգտոնում լրջորեն քննարկվում է քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումներն էլ ավելի ուժեղացնելու թեման և այդ գաղափարի կողմնակիցները համոզված են, որ միայն էլ ավելի ուժեղ ճնշումներով հնարավոր կլինի զսպել Ռուսաստանին:
ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի մասնակցության թեման վերջին շաբաթներին կարծես թե սկսել է մարել: Այլևս չեն լսվում հայտարարություններ ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ: Ընդհակառակը, մեր փորձառու դիտորդները գալիս են եզրակացության, որ վերջին երկու տարիներին հայկական բիզնեսի (հատկապես խոշոր բիզնեսի) գլխին ոսկե մուսոնային անձրև է տեղում: Տեղին է նշել, որ մենք սպասում ենք օգոստոսի երկրորդ կեսին, երբ Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները կհրապարակեն 11-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության արդյունքները Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում:
Տրանսպորտային միջանցքները պետք է աշխատեն անխափան
Հայաստանը առաջ է քաշել նախաձեռնություն «Խաղաղության խաչմերուկ» դառնալու վերաբերյալ: Այս նախաձեռնությունը իրականում խանդ և լարվածություն է առաջացրել տարածաշրջանային հարևանների մոտ: Ադրբեջանը ցանկանում է ամբողջովին իրենով անել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը: Ինպես հայտնի է, Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքի մասին նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այս նախաձեռնության իմաստն այն է, որ Հնդկաստանից ապրանքները Իրանի նավահանգիստներով պետք է հասնեն Հարավային Կովկաս, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա և այնտեղից շարժվեն դեպի Ռուսաստան: Այդ նախաձեռնությունը արդյունավետ դարձնելու համար Իրանը զարգացնում է իր նավահանգիստների թողունակությունը: Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայնեցված դառնում է գլխավոր միջանցքը, որը կապում է Իրանը Ռուսաստանին: Այս նպատակով նա համոզել է Ռուսաստանի գործընկերնռրին ներդրումներ կատարել ադրբեջանական երկաթուղիներում և ավտոճանապարներում թողունակությունը անգամներ ավելացնելու համար: Ըստ Ադրբեջանի ծրագրերի Հայաստանին և Վրաստանին այս տրանսպորտային միջանցքում, լավագույն դեպքում, երկրորդական տեղ է հատկացվելու: Այսօր քչերն են հավատում, որ օրինակ Աբխազիայով անցնող երկաթուղին կարող է վերագործարկվել, ինչը Հայաստանը և Վրաստանը կդարձներ բանուկ տարանցիկ միջանցքներ Թեհրանը Մոսկվային կապելու գործում:
Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպիսի հմտությամբ ադրբեջանցիներին և թուրքերին հաջողվեց Հայաստանը հեռացնել Ռուսաստանից, դառնալ Ռուսաստանի ամենավստահելի տնտեսական գործընկերը տարածաշրջանում և ապրանքային հոսքերը ծառայեցնել իր ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք դեռ երեք տարի առաջ գրում էինք այն սպառնալիքի մասին, որը կախվելու է մեր երկրի գլխին, եթե մենք հեռանանք Ռուսաստանից և միայնակ մնանք թուրք-ադրբեջանական ողորմածության առջև: Իրադրությունը զարգացավ հենց այդ ամենավատթար սցենարով և այսօր Ռուսաստանի հետ փաստացի տնտեսական ամենամեծ ծավալներն ունեցող Հայաստանը տարածաշրջանային խոշոր նախագծերի հարցում ոչ մի էական առավելություն չունի: Այդ առավելությունները ամբողջովին գնացել են դեպի Ադրբեջան և Թուրքիա:
Զբոսաշրջիկների և ռելոկանտների ազդեցությունը մեր տնտեսության վրա
Հայաստան եկող ռուսաստանցիների թիվը չի պակասում: Անցյալ տարվա տվյալներով Հայաստան մտած զբոսաշրջիկների 55% ռուսաստանցիներ են եղել: Նրանց թիվը կազմել է ավելի քան 1,1 մլն. մարդ: Շատ դժվար է ճշգրիտ ասել, թե ինչքան ռուս ռելոկանտ կա Հայաստանում, բայց ակնհայտ է, որ նրանք պատկառելի ներկայություն ունեն մեր հասարակական ու մշակութային կյանքում: Պետք է հասկանալ այնպես, որ մինչև Ուկրաինական ճգնաժամը մի հասկանալի լուծում չստանա,այս մարդիկ չեն վերադառնալու իրենց տները: 2023թ. իրողություններից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները կազմել են բոլոր տրանսֆերտների մոտ 70%-ը և դրանց մեջ ռուս ռելոկանտների ստացած փոխանցումների ծավալը ավելի մեծ է եղել, քան ռուսաստանցի և հայաստանցի հայերի ստացած փոխանցումների ծավալը: Ճշմարտություն է նաև, որ կա հակառակ միտումը. անընդհատ մեծանում է Հայաստանից դեպի Ռուսաստան և Հայաստանից դեպի ԱՄՆ կատարվող դրամական փոխանցումների ծավալը: Մեր քննարկումները ռուսաստանցի ռելոկանտների հետ բերում են այն եզրակացության, որ Հայաստանում նրանց լավ են վերաբերվում, չեն նեղացնում և չեն օտարացնում մեր հանրային կյանքից: Նույնը չի կարելի ասել ետխորհրդային մյուս երկրների մասին, որտեղից ռելոկանտները փորձում են հեռանալ դեպի Արևմուտք՝ ցանկացած տեղ, որտեղ նրանց կընդունեն: Ընդհանուր առմամբ, մեր հասարակության այս նոր խավի մասնակցությունը տնտեսական կյանքին 2022 և 2023թթ. շատ էական է եղել: Կարծում ենք, որ ինչքան էլ բարդ լինեն քաղաքական հարաբերությունները պաշտոնական Երևանի և պաշտոնական Մոսկվայի միջև, ռուս զբոսաշրջիկները և ռելոկանտները շարունակելու են ժամանել Հայաստան, նույնիսկ ավելի մեծ չափերով:
Ինչպե՞ս Հարավային Կովկասը դարձնել ավելի անվտանգ ու կանխատեսելի
Իրանի Իսլամական Հանրապետությունում ընտրվել է նոր նախագահ: Նրանից իրանական հասարակությունը ակնկալում է հետևողական քայլեր երկրի տնտեական հարցերը լուծելու ուղղությամբ: Իրանը ծանրակշիռ երկիր է և էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում: Իրանցիների ներկայությունը Հայաստանում նույնպես էական է և իր ծավալներով զիջում է միայն ռուսաստանցիների ներկայությանը: Հայաստանում սպասում են այն ժամանակներին, երբ Թուրքիայի հետ սահմանները կբացվեն և թուրքական կապիտալը կմտնի Հայաստան: Այս հարցում հասարակության մեջ մեծ անհանգստություն կա: Բայց միաժամանակ սառը դատողները հասկանում են, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում սա անխուսափելի հեռանկար է: Կարելի էր այս ժամանակի ընթացքում մի լուրջ, գիտականորեն հիմնավորված քննարկում անցկացնել այն հարցի կապակցությամբ, թե ի՞նչ պետք է անել Հայաստանում թուրք-ադրբեջանական հնարավոր ներթափանցումը չեզոքացնելու համար: Բայց պարզ է, որ Հայաստանի իշխանությունը բոլորովին չի ցանկանում այս թեմայով կոմպետենտ և օբյեկտիվ գիտափորձագիտական հրապարակային քննարկում իրականացնել: Շատ ափսոս: Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մինչև աշուն պատրաստ է ստորագրելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ: Սակայն Բաքվում կարծում են, որ այդ պայմանագիրը կստորագրվի, լավագույն դեպքում, այս տարվա վերջում կամ եկող տարվա սկզբին: Առաջադրված պայմաններն էլ հայտի են: Մենք կարծում ենք, որ բարենպաստ տնտեսական գործընթացները խելամիտ դիվանագիտության և ակտիվ քաղաքական կեցվացքի պայմաններում կարող են դուռ բացել ավելի անվտանգ գոյության և կանխատեսելի ապագայի համար:
Պարզ ասած, քաղաքական նպատակը պետք է ձևակերպվի այնպես, որ վստահելի բարեկամների և կանխատեսելի գործընկերների թիվը ոչ թե անընդհատ նվազի, այլ, ընդհակառակը, անընդհատ ավելանա: Հայաստանի իշխանությունը արդեն բավական ժամանակ ուներ իր և ուրիշների սխալների վրա սովորելու համար: Հիմա անհրաժեշտ են հասարակության մեծ մասի վստահությունը վայելող հասկանալի ու կանխատեսելի քայլեր: Տնտեսության վերոհիշյալ զարգացման միտումները կարող են քաղաքական կայունության վրա ազդող գործոններ լինել: Բայց այն մոգական բառերը, որոնք աշխարհի մեծերը կասեն ի լուր բոլորի, որոնք անվտանգ կդարձնեն Հայաստանը և կդարձնեն այն նաև ապահով գործարարության, ավելի բարձր մշակույթի ու հեռանկար ունեցող գիտության երկիր, դեռ չեն հնչել: Այդ բառերը աշխարհի ուժեղների շուրթերով հնչեցնելու համար լուրջ ու խելացի քաղաքականություն է պետք վարել: