Արևմտյան ԶԼՄ-ների կանխատեսումներին ի հակառակ, որոնցից շատերը նախընտրական մրցավազքի ժամանակ բացեիբաց աջակցում էին դեմոկրատ Հիլլարի Քլինթոնի թեկնածությանը, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարավ հանրապետական Դոնալդ Թրամփը: Եվ քանի պետության ղեկավարները միլիարդատիրոջը շնորհավորական ուղերձներ են հղում, համաշխարհային շուկան ցնցվում է, իսկ հայ հասարակությանը մեծապես հետաքրքրում է, թե Թրամփի անսպասելի հաղթանակը ինչպես կանդրադառնա ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղղվածության վրա, մասնավորապես՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հայերը ավանդաբար աջակցել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, և հիմա էլ չեն թացնում Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ կապված իրենց հիասթափությունը: Դեմոկրատների հանդեպ համակրանքը պայմանավորված է ինչպես պատմական հիշողությամբ, այնպես էլ Միացյալ նահանգներում առաջին հայկական համայնքների ձևավորման առանձնահատկություններով:
Ինչպես նկատեց Նոյյան Տապան կայքում հրապարակված հոդվածում պատմաբան ու վերլուծաբան Արեգ Գալստյանը, դեմոկրատները միշտ կենտրոնացած են եղել էթնիկական համայնքների վրա՝ փոքրամասնությունների համար կյանքի հարմարավետ պայմաններ ապահովելով Ամերիկայում: «Միայն 2012 թ. հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները հայտարարեցին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայերի Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը խախտելու հետ կապված՝ չեն աջակցելու դեմոկրատ Բարակ Օբամայի վերընտրությանը: Եվ միայն այդ խոստումը պահելու Օբամայի մերժումը հանգեցրեց նրան, որ ամերիկահայերը դադարեցին վստահել դեմոկրատներին»,- նշում է փորձագետը:
Իր հերթին՝ քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ԶԼՄ-ների հետ զրույցների ժամանակ բազմիցս ընդգծել է Հիլլարի Քլինթոնի հանդեպ հայերի համակրանքը:
«Այն, որ նա (Թրամփը) չգիտի ոչ Հայաստանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը, և շատ սահմանափակ պատկերացումներ ունի Հարավ-կովկասյան տարածաշրջանի մասին, վտանգավոր է… Ի տարբերություն Հիլլարի Քլինթոնի, ով եղել է տարածաշրջանում՝ Թբիլիսիում, Երևանում, Բաքվում և քաջ ծանոթ է Ղարաբաղյան կոնֆլիկտին: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար նա առավել վստահելի է: Թրամփի դեպքում սպառնալիք կա, որ նա կարող է ամերիկյան քաղաքականության մեջ ներդնել հակահայկական, ադրբեջանամետ միտվածություն»:
Եվ իրականում՝ ԱՄՆ-ի և հենց Հայաստանի հայերը մտահոգված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած Թրամփի գործնական կապերով ու բիզնես- շահերով, որտեղ նա ժամանակին մի շարք հաջող նախագծեր է իրականացրել: Ընդ որում՝ Հայաստանին նա առհասարակ ոչ մի կերպ չի վերաբերվում, և դեռ ոչ մի անգամ հայ համայնքի խնդիրներին չի անդրադարձել: Սակայն Քլինթոնի կերպարի հետ էլ ինչ-որ հույսեր կապելը կլիներ միամտություն: Այստեղ հիշատակության է արժանի իր ժամանակին մեծ աղմուկ հանած, 2010 թ. պետքարտուղարի կարգավիճակով Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում տիկին Քլինթոնի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի պատմությունը: Ցեղասպանության զոհերի հիշատակին պսակ դնելու հաջորդ օրը Հիլլարի Քլինթոնը հայտարարեց, որ հուշահամալիր այցելել է, որպես անհատ: Այդ դեպքում թե ինչպես պսակի վրա հայտնվեց «Հիլլարի Քլինթոն- ԱՄՆ պետքարտուղար» գրությունը, ոչինչ այդ մասին չի խոսվում, սակայն հստակ ցույց է տալիս, որ իր ընտրության դեպքում տարածաշրջանի իմացությունը կամ անտեղյակությունը, ինչպես նաև հայ համայնքի հետ ունեցած սերտ կապերը դժվար թե կարողանան ինչ-որ կերպ ազդել Սպիտակ Տան նոր աշխատակազմի դիրքորոշման վրա:
Նպատակահարմար կլիներ նաև նշել, որ որքան էլ հակասական է հնչում երևույթը, սակայն հենց հանրապետական նախագահների օրոք է ԱՄՆ-ի հայ համայնքը հասել ինչ-որ լուրջ արդյունքների: Այսպես, օրինակ, Ռոնալդ Ռեյգանը եղել և մնում է ԱՄՆ-ի միակ նախագահը, ով նկարագրելով 1915-1923 թթ. իրադարձությունները, օգտագործել է «ցեղասպանություն» բառը: Հենց Ջորջ Բուշ-ավագի իշխանության ժամանակ հայամետ լոբբիստները կարողացան «Ազատության աջակցության ակտ»-ի շրջանակներում հասնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրած խոշոր, անհատույց օգնության տրամադրմանը: Դրան զուգահեռ՝ հանրապետական սենատոր Ռոբերտ Դոուլը նախաձեռնեց Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբերի ձևավորումը: «Ակնհայտ է, որ «փղերը» լուրջ ներդրումներ են կատարել ԱՄՆ-ում հայկական լոբբիի ձևավորման ու զարգացման համար»,- գրում է Արեգ Գալստյանը:
Ամեն դեպքում, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգը կազմում է ոչ այդքան նախագահը, որքան նրա կուսակցությունը: Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստանի ու ողջ տարածաշրջանի հանդեպ հանրապետականների դիրքորոշումը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է ծայրահեղ մտահոգիչ:
Գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության հարցերով վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առհասարակ բավական արտասովոր տեսակետ հայտնեց՝ News.am-ի հետ զրույցում նշելով, որ Թրամփը կարող է հայերի Ցեղասպանությունը ճանաչել էմոցիոնալ պոռթկման արդյունքում:
Նրա խոսքերով՝ Հիլլարի Քլինթոնի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը կբացառեր այն տարբերակը, որ հայերի Ցեղասպանությունը կարող է ճանաչվել, իսկ ահա Դոնալդ Թրամփի դեպքում դա հնարավոր է: «Միանշանակ կարող եմ ասել, որ Քլինթոնը երբեք չէր ճանաչի հայերի Ցեղասպանությունը, նա նույնիսկ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ առումով ոչ մի խոստում չի տվել: Բայց Թրամփի դեպքում այնուամենայնիվ ինչ-որ հույս կա: Թրամփն աչքի է ընկնում անկանխատեսելի քայլերով, նրա մոտ կարող է լինել զգացմունքային պոռթկում, ինչի արդյունքում նա ճանաչի հայերի ցեղասպանությունը»:
Գրիգորյանի հետ համաձայն չէ վերահիշատակված Արեգ Գալստյանը՝ Sputnik Армения գործակալությանը հայտնելով, որ Թրամփը դժվար թե ցանկանա հայերի Ցեղասպանության հարցին առհասարակ ուշադրություն դարձնել: Թրամփը դարձել է ԱՄՆ-ի նախագահ ու նա առաջնորդվելու է Ամերիկայի ազգային շահերից ելնելով, որոնք ենթադրում են սերտ համագործակցություն՝ Թուրքիայի հետ:
Միևնույն ժամանակ՝ Գալստյանը խոստովանեց, որ Հիլլարի Քլինթոնը նույնպես ընտրվելու դեպքում այս խնդրով չէր հետաքրքրվելու: Սակայն փորձագետի կարծիքով՝ նրա հետ դեռ հնարավոր էր ինչ-որ մի բան քննարկել՝ հաշվի առնելով, որ «նա ավելի շատ է մարդու իրավունքների, հումանիտար աղետների ոգով դաստիարակված և ծանոթ է հայկական հարցին»:
Մինչդեռ ԱՄՆ հայ համայնքի ղեկավար Արամ Համբարյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ կարիք չկա ենթադրություններ անելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հետագա ուղղվածության, մասնավորապես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների մասին՝ հիմնվելով նախընտրական քարոզարշավի հռետորախոսության վրա:
«Առաջին հերթին՝ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ արտաքին քաղաքականության մասին չի խոսվել և Հարավային Կովկասի վերաբերյալ խոսք չի եղել: Երկրորդ, ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավներն ունեն որոշակի տրամաբանություն, և քարոզարշավը իրական կառավարումից շատ տարբեր է: Հիմա մենք պետք է կարողանանք տեսնել փաստերը, խոսքը կարևոր չէ: Մեր աչքերը բաց են: Մենք արդեն բազմիցս բախվել ենք նմանատիպ խնդիրների՝ տարբեր նախագահների կառավարության օրոք, տեսել ենք Բուշին, Ռեյգանին, Քլինթոնին, Բուշ-կրտսերին, Օբամային: Մենք գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես մենք պետք է գործենք այս համակարգում»:
Արամ Համբարյանը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ի նախագահի ոչ մի թեկնածու, ոչ մի քաղաքական կուսակցություն խնդրի լուծման բանալի դառնալ չեն կարող: «ԱՄՆ-ում մեր հաջողության բանալին ու իրական շարժիչ ուժը դա մեր համայնքի կազմակերպումն ու քաղաքական գործընթացների համար կիրառվող էներգիան է: Մենք մեր խնդիրների լուծման համար պատրաստ ենք աշխատել Դոնալդ Թրամփի ու Սպիտակ տան հետ: Բայց նաև գիտակցում ենք, որ այստեղ ամենաարժեքավորը մեր ուժն ու մեր կամքն են: Մենք պետք է աշխատենք քաղաքական առաջնորդների հետ ու հույսներս միայն ինքներս մեզ վրա դնենք»,- հայտարարեց Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրենը:
Ինչ վերաբերվում է հայ քաղաքական գործիչներին, ապա նրանք դեռ խիստ զգուշավոր են իրենց արտահայտություններում: Չհաշված Դոնալդ Թրամփին ուղղված Սերժ Սարգսյանի պաշտոնական շնորհավորական ուղերձը, որտեղ Հայաստանի նախագահը արտահայտում է իր վստահությունն այն մասին, որ Թրամփի նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, նաև բարձր է գնահատում Ամերիկայի միացյալ նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, երախտագիտություն է հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը ցուցաբերել է ԱՄՆ-ն՝ անցյալ քառորդ դարում՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին, ինչպես նաև արտահայտում է իր վստահությունը, որ Հայաստան-ԱՄՆ գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը: Քաղաքական գործիչները հիմնականում չափազանց զուսպ են գնահատանքների մեջ:
Այսպես, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց չշտապել ենթադրություններում: «Չնայած մեր կուսակցությունները նույն անունն ունեն, գնահատական տալու համար պետք չէ շտապել: Հարկավոր է տեսնել, թե թեկնածուներից ով է իսկապես հարգում ու ընդունում Հայաստանի ու Ղարաբաղի շահերը: Դրանից էլ կախված կլինի մեր կարծիքը»,- ասաց Մելիքյանը:
Պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսը, նշելով, որ անկախ այն բանից, թե ով կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը, Ամերիկայի միացյալ նահանգների կառավարության համար առաջնահերթություն է մնալու անկախ ու բարգավաճ Հայաստանի կառուցման գործընթացը:
«Ինչպես առաջներում, ԱՄՆ-ի կառավարությունը հավատարիմ է մնալու այն պարտականություններին, որոնք ստանձնել է իր ընկերների առաջ՝ ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանի»,- վստահեցրեց դիվանագետը: Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության 80 %-ը, որպես կանոն արտացոլում է ավանդական երկկուսակցականությունը, և այն կայուն փոխանցվելու է մի նախագահական աշխատակազմից մյուսին: Միլլսի խոսքերով՝ այս նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ դեմոկրատիան, որպես կառավարման ձև, երբեմն քաոսային է լինում, և դա ամերիկացիների մեջ բանավեճերի առիթ կդառնա: Միաժամանակ՝ ամերիկյան դեսպանը գտնում է, որ դեմոկրատիայից բացի ոչ մի ուրիշ իշխող համակարգ չի ծառայում մարդկանց, և չի հանդիսանում երկարաժամկետ աճի ու բարգավաճման հիմք:
Ինչ վերաբերում է Հայաստանի հասարակությանը, բացառությամբ իրենց վառ արտահայտված ռուսախուսափողական տրամադրվածությամբ հայտնի առանձին անհատների, ինչպիսիք են՝ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, ռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը, ովքեր բացահայտ հուսալքված են Թրամփի հաղթանակով, ապա հիմնականում ժողովուրդը ոչ հիացմունք, ոչ էլ հատուկ հիասթափություն չի արտահայտում:
«Ամերիկա, ինքդ քեզ մի խաբիր ու մի հանգստացրու: Դու հենց նոր ոտնատակ արեցիր քո ազատությունը, ազնվությունն ու ազատականությունը՝ ձայն տալով ստրկությանը, կեղծավորությանն ու դաժանությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Խզմալյանը: Ընդ որում այդ հրապարակումն այդքան էլ շատ «լայք» չհավաքեց, ընդամենը՝ 4, ինչը աչքի է զարնում:
Իսկ ընդհանրապես` ոչ տաք է, ոչ ցուրտ: Ընդհանուր առմամբ հենց այսպես կարելի է բնութագրել հայ հասարակությանը տիրած տրամադրությունը՝ կապված գարշելի քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփի համար հաղթական դարձած նախագահական առճակատման հետ: Եվ ինչպես ասաց Հայաստանի իշխող ՀՀԿ կուսակցության խելամիտ ներկայացուցիչը, մնում է միայն սպասել:
Պատրաստեց Անժելիկա Տեր-Նահապետյանը