Հունվարի 19-ի գիշերը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորական վաշտի զորանոցում բռնկված հրդեհը խլեց միանգամից տասնհինգ ժամկետային զինծառայողի կյանք, որոնցից շատերը շուտով պետք է զորացրվեին։ Նրանց մահը կրակե թակարդում այնուհետև վերագրվեց «խաղաղ ժամանակ ոչ մարտական կորուստներին», սակայն հրեշավոր ողբերգության հետևանքով առաջացած հասարակական բողոքը դա թույլ չտվեց: Գոնե առայժմ։
Սակայն ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախարարների խորհրդի առաջին նիստում նշանակեց գլխավոր մեղավորին, որը, պարզվեց, սպա է, ով առանց անվտանգության կանոնները պահպանելու վառարանը բենզինով է վառել։ Մասնավորապես, «ինքնապահպանման բնազդով», իբր, ինքնաբերաբար վառելիքի տարան դեն է նետել, ինչից էլ առաջացել է հրդեհը։
Ղեկավարության տարբերակն անմիջապես ընդունվեց համապատասխան կառույցների կողմից, իսկ հետաքննությանն ու Գլխավոր դատախազությանը այժմ մնում էր միայն հաստատել վարչապետի հնչեցրած կարծիքը։ Ի դեպ, շատ շուտով պաշտոնից հեռացվեցին երկրորդ բանակային կորպուսի ղեկավարները, որտեղ տեղի էր ունեցել արտակարգ դեպքը, ինչը, ռազմական փորձագետների կարծիքով, բավականին ռիսկային որոշում էր սահմանների անվտանգության և կայունության առումով։
«Մեկ ակնթարթում Ադրբեջանի հետ սահմանի բավականին մեծ և «պայթյունավտանգ» հատվածում բոլոր կազմավորումները գլխատելը հավասարազոր է կադրային ջարդի, – կարծում է ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։ -Այս առումով մնում է միայն արձանագրել, որ երկրում չկա օբյեկտիվ ու բազմակողմանի հետաքննության պրակտիկա, ուստի ամենուր անմեղության կանխավարկածի խախտում ենք նկատում։ Կատարված ողբերգության մեջ, իհարկե, կորպուսի հրամանատարությունն ունի պատասխանատվության իր բաժինը։ Սակայն խնդիրներն ավելի խորն են, դրանք կուտակվել են տարիներով, ու չկա վստահություն, որ հերթական միջադեպը տեղի չի ունենա մեկ այլ վայրում։ Նման անմարդկային պայմաններում զինվորները սկսել են ծառայել ոչ երեկ և ոչ այսօր։ Եվ այսօր դեռ չեն սկսել շինությունները վառարանով ջեռուցել։ Տեղի ունեցածը արդյունք է այն բանի, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հասկանում, թե ինչ մոդելով պետք է զարգացնել զինված ուժերը, ինչպես ավելի լավ և արդյունավետ զինել առաջնագիծը, ինչպես կազմակերպել զինվորականների կենցաղը։
Հասարակության տրամադրության ավանդական ցուցիչը՝ սոցիալական ցանցերի հայկական հատվածը, ավելի անկեղծ արձագանքեց կատարվածին։ Այնտեղ հիշեցրին և՛ «թավշյա» իշխանության ձևավորման սկզբում զինվորների ճաշացանկի խորովածն ու ելակը՝ հավասարակշռված բարձր կալորիականությամբ սննդի փոխարեն, և՛ չկահավորված սահմանային դիրքերը, որտեղ 44-օրյա պատերազմից հետո զինվորները, թաքնվելով վատ եղանակից, պատսպարվում են բրեզենտից և պոլիէթիլենից ծածկոցների տակ…
Կարելի է երկար թվարկել, սակայն հիմնական ուղերձը, այնուամենայնիվ, ուղղված էր մարդկային վշտին, որն այս օրերին համախմբեց ադեկվատ մարդկանց. «Խաղաղ պայմաններում մարեց ևս 15 տան օջախ։ Որովհետև թեկուզ մեկ զինվորի մահը ոչ միայն ողբերգություն է, այլև ցնցում ողջ երկրի համար։ Պետք է ամեն բան անել, որպեսզի իրական մեղավորները արժանի պատիժ կրեն։ Հակառակ դեպքում, ցավոք, կորուստները կկրկնվեն։
Իհարկե, մինչ նախաքննությունը շարունակվում է, դեռ վաղ է կատարվածի վերաբերյալ եզրակացություններ անել։ Մյուս կողմից, պատկան մարմինները, թաքնվելով «հետաքննության գաղտնիություն» ձևակերպման հետևում, հանրությանը տալիս են միայն դոզավորված տեղեկատվություն, ի դեպ, ավելի քան քսան օր առաջ վարչապետի հնչեցրած վարկածին բավականին մոտ։ Իսկ հրդեհի ու զինվորների մահվան միակ վկան ու ենթադրյալ մեղավորը՝ կապիտան Է.Ա.-ն, ըստ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի, չգիտես ինչու, հրաժարվել է ցուցմունք տալ։
Միևնույն ժամանակ շատ ակնհայտ, նույնիսկ անզեն աչքով տեսանելի անհամապատասխանություններ նոր հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, անպատասխան է մնացել պատուհանների ճաղերի հարցը, ինչը հակասում է հրդեհային անվտանգության տարրական չափանիշներին։ Իսկ չկահավորված շինությունը զորանոցի հետ համեմատելու փաստը նույնպես զարմանալի է։
Ճիշտ է, ինչպես հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, զինվորներին այնտեղ տեղավերել են միայն 2022 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ԶՈւ ագրեսիայի ժամանակ հայկական դիրքերի ոչնչացումից հետո։ Քննչական կոմիտեի՝ քիչ ուշ ներկայացված պարզաբանումներից, սակայն, հետևել է, որ զինծառայողները տեղափոխվել են ավելի քան մեկ տարի առաջ՝ դեռ 2021 թվականի մայիսին՝ իտալական մոդուլային զորանոցների սպասումով։ «Իմ տեղեկություններով՝ դրանք արդեն մեր տարածքում են», – ողբերգության հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Մարուքյանը, թեև դրանց շահագործման մասին դեռևս տեղեկություն չկա։
Եթե մոդուլային կառույցները ժամանակին հասցվեին իրենց նշանակետեր, եթե պահպանվեին տեխնիկական և հրդեհային անվտանգության տարրական չափանիշները, եթե…, ապա հավանաբար հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից։ Սակայն, ինչպես հայտնի է, պատմությունը չի սիրում ստորադասական եղանակ, ուստի այսօր ունենք այն, ինչ ունենք։
Հատվածական ու հակասական տեղեկությունների պատճառով փորձագետների շրջանում սկսեցին ի հայտ գալ նոր ենթադրություններ, որոնք դիտարկման իրավունք ունեն, սակայն որոնք ակնթարթորեն մերժվում են պաշտոնական կառույցների կողմից։ Օրինակ, հայտնի է, որ այսօր դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում ադրբեջանական զինուժի դիրքավորումը հայկական դիրքերին շատ մոտ է գտնվում։ Ուստի, նրանց կողմից դիվերսիայի վարկածը, անկախ փորձագետների կարծիքով, չպետք է դիտարկումներից դուրս թողնել, ավելին, ժամանակակից իրողություններում այն պետք է մնա գերիշխող վարկած։ Այնուամենայնիվ, դա տեղի չի ունենում, իսկ թե ինչ պատճառով, դժվար չէ կռահել:
«Իշխանությունները միտումնավոր պնդում են իրենց վարկածը, որ տեղի ունեցած հրդեհի մեղավորը հենց զինծառայողներն են, ինչը շեղում է մեր աշխարհագրական հարևանների դիվերսիայի ենթադրությունից և, ընդհանրապես, ցանկացած այլ տարբերակից։ Ողբերգության վայր այցելած և ամեն ինչ սեփական աչքերով տեսած հարազատների պատմությունները վկայում են, որ զինծառայողները զրկված են եղել ինքնապաշտպանությունից և ինքնակազմակերպվելու հնարավորությունից», – «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ զինծառայողների մահը մեկնաբանել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, միաժամանակ նկատելով՝ հնարավոր է, որ այս «գործը» ևս, սովորության համաձայն, կարճվի:
Քաղաքագետ Գագիկ Ղամբարյանի համարում է, որ 2020 թվականի նոյեմբերից հետո իշխանությունները բանակի համար ոչ մի պարկուճ ձեռք չեն բերել՝ ելնելով «խաղաղության օրակարգը» կյանքի կոչելու ցանկության անկեղծության մեջ համաշխարհային հանրությանը հավաստիացնելու ցանկությունից: «Ամանորյա տոնակատարությունների և Երևանի լուսավորության վրա ծախսված 12,5 միլիոն դոլարով հնարավոր էր կահավորել և տեխնիկապես վերազինել մարտական դիրքերը։ Թերևս այդ ժամանակ տեղի չէր ունենա Ազատ գյուղի ողբերգությունը, որտեղի այսպես կոչված «զորանոցում» հինգ ժամ շարունակ չէին կարողանում կրակը մարել։ Կրկնում եմ՝ երկրի գլխավոր հրապարակի ամանորյա տոնակատարությունների ֆինանսավորումը կարելի էր ուղղել սահմանի վերազինմանը, գոնե ամենակարևոր դիրքերում», – կարծում է նա։
Սակայն ի հակադրություն ասվածի՝ ողբերգության բառիս բուն իմաստով հաջորդ օրը պաշտպանության նախարար Պապիկյանը 198 միլիոն դրամով 15 նոր «Honda» ծառայողական ավտոմեքենա գնելու հրաման ստորագրեց՝ յուրաքանչյուրը 32,600 դոլար արժողությամբ։ Այսինքն՝ մի կողմից շփման գծում զինվորները զրկված են կենցաղային տարրական պայմաններից, իսկ մյուս կողմից՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին որպես առաջին անհրաժեշտության միջոց նորագույն մակնիշի ավտոմեքենաներ են տրամադրվում:
Մարտի 1-ին զոհված 15 զինծառայողների մահվան քառասունքն է։ Այդպես է ընդունված քրիստոնեական ավանդույթում: Իսկ ահա քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած երկրում նույնիսկ սգո օր չի հայտարարվել, ինչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացատրել է աշխարհաքաղաքական ծանր իրավիճակով.
«Մենք այժմ հիբրիդային պատերազմի վիճակում ենք, ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ սկսվել։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել», – հայտարարել է նա՝ հավանաբար մոռանալով, որ մինչև հունվարի 13-ը քաղաքը ամանոր էր տոնում՝ պետբյուջեից 12 մլն դոլարի չափով։
Ըստ երևույթին, այն ժամանակ աշխարհաքաղաքական իրավիճակն այլ էր. ճիշտ այնպես, ինչպես Քիփլինգի մոտ, երբ, ըստ «Ջունգիների օրենք»-ի, կենդանիները տարին մեկ անգամ Ջրային զինադադար են հայտարարում… Եվ միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սբ. Գայանե եկեղեցում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգեհանգստի արարողություն է անցկացրել: Միաժամանակ Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում մատուցվել է հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ զոհված զինծառայողների՝ Արամ Մանուկյանի, Վոլոդյա Ներսիսյանի, Գոռ Մարտիրոսյանի, Ռոստոմ Ասրյանի, Մուշեղ Համբարյանի Амбарян, Տարոն Ղարիբյանի, Պավլիկ Աբազյանի, Դավիթ Սարգսյանի, Հրաչյա Գրիգորյանի, Նարեկ Ավագյանի, Գագիկ Բարսեղյանի, Միշա Դումիկյանի, Հայկ Կիրակոսյանի, Սերգեյ Գևորկովի, Համլետ Դավթյանի։
Նատելլա Օհանյան