Հոկտեմբերի 19-ին «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում բացվեց ցուցահանդես «Հին և նոր Երևան» անվամբ, նվիրված Երևանի 2800-ամյակին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և Երևան քաղաքի պատմության թանգարանը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Թանգարանում պահվում են Երևանի 15 000 լուսանկարներ, որոնք վերաբերում են 19-րդ դարից սկսած մինչև մեր ժամանակաշրջանին: Այդ հավաքածուն մշտապես համալրվում է: Տվյալ ցուցահանդեսին ներկայացված են տարբեր տարիներին վերաբերող ավելի քան 60 լուսանկարներ, որոնք պատմում են Երևանի հին և նոր ճարտարապետական յուրահատկությունների, հայտնի մարդկանց և իրադարձությունների մասին: Ամենահին լուսանկարը վերաբերում է դեռևս 1885 թ.: Դրա վրա պատկերված է երևանյան ամրոցի ընդհանուր տեսքը և Ձորագյուղը:
Ցուցահանդեսին ներկայացված են նաև 25 գրքեր, որոնք պատմում են Երևանի պատմության մասին. դրանցից ամենահինը՝ «Երևանը» հրատարակվել է 1948 թ.: Ցուցահանդեսի բացումը սկսվեց Հին Երևանի մասին ֆիլմով՝ Շարլ Ազնավուրի երաժշտության ներքո: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանի առաջարկով ներկաները հարգեցին շանսոնյեի հիշատակը ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափահարություններով:
Ցուցահանդեսի հետ զուգահեռ ներկաները կարող էին տեղափոխվել անցյալ՝ ֆլեշմոբի օգնությամբ, որի ժամանակ մի երիտասարդ Ալեքսանդր Թամանյանի դերում զբոսնում էր ներկաների միջև, լուռ նայում էր քաղաքի հին լուսանկարներին, ծաղիկներ էր բաժանում:
«Մենք ցանկանում էինք, որպեսզի երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա տեսնելու 2800-ամյա Երևանը, դրա ճարտարապետական բնույթը, քարային ազնվությունը, մենք ցանկանում ենք ցուցադրել այդ ազնվության բոլոր նրբություններն այսօրվա երիտասարդությանը»,- ասաց Արա Թարվերդյանը
Ներկայացված լուսանկարները պատմում են այն մասին, թե ինչպես է փոփոխվել մեր քաղաքը: Այսպես, օրինակ, Ստեփան Շահումյանի հայտնի արձանի տեղում ժամանակին գտնվել է Սուրբ Աննայի ռուսական եկեղեցին, իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխարեն այդ վայրում տեղակայված է եղել Գաթինգմանի մատուռը, որը թվագրված է XII դարին: Ցավոք սրտի, այն շենքերից շատերը, որոնք մենք տեսնում ենք լուսանկարներում, այս կամ այն պատճառներով ժամանակի ընթացքում քանդվել են, այդ թվում նաև բազմաթիվ եկեղեցիներ:
Եվ այնուամենայնիվ, երբ նայում ես այդ լուսանկարներին, կարծես թե, հայտնվում ես այնտեղ՝ հին, սակայն այնքան ծանոթ քաղաքի փողոցներում: Իհարկե, ժամանակի ընթացքում ամեն ինչ փոփոխվում է, սակայն լուսանկարը մի հրաշալի հատկություն ունի՝ պահպանել պահը, պատմությունը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 23-ը:
Մարիանա Հակոբյան