Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացած կառավարության նիստի ընթացքում քննարկվել է այս տարի խաղողի մթերման գործընթացը: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու կառույցների և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Անդրադառնալով մթերվող խաղաղի կանխատեսելի ծավալին վարչապետը նշել է, որ գյուղատնտեսության նախարարության տվյալներով սպասվում է մոտ 280.000 տոննա խաղաղի բերք, որից 196.000 պետք է վերամշակվի, սակայն պահանջարկը կազմում է 160.000 տոննա: Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում խաղողի մթերման գործընթացին և պատրաստ է աջակցություն ցուցաբերել վերամշակող ձեռնարկություններին լրացուցիչ քանակի խաղողը վերամշակելու հարցում:
«Այսօր մեր օրակարգում մեկ հարց է՝ նախապատրաստական աշխատանքները խաղողի վերամշակման շրջանին ընդառաջ և ես կցանկանայի ձեզանից լսել, թե ինչպիսի մեխանիզմներ մենք պետք է կիրառենք, որպեսզի դուք կարողանաք գնել բերքը գյուղացիներից»,-նշել է կառավարության ղեկավարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել այս տարվա խաղողի մթերման հարցով զեկույցով: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները վարչապետը նշել է, որ կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի խաղողը չմնա գյուղացիների մոտ և վերամշակող ձեռնարկությունները դրանք գնեն: Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը այդ հարցը կքննարկի ԿԲ-ի հետ և կհետևի, որպեսզի ֆինանսական ռեսուրսների տրամադրման հարցը լուծվի: