Քանի- քանի անգամ է նա որոշել թողնել ամեն ինչ, երբ չի ստացվել ցանկալին: Բայց չի թողել, երբեք չի թողել, ատամները կրճտացնելով շարունակել է ուժերից վեր աշխատել: Ու թերևս դրա պատճառը ոչ միայն մոր դրած թույլ չլինելու արգելքն էր, այլ նաև հանձնվել չկարողանալու բնատուր հատկությունը: Աստծո կողմից տրված տաղանդը, հորից ժառանգած ֆուտբոլային վարպետությունը, համառությունն ու անսահման աշխատասիրությունը նրանից վարպետ սարքեցին, մարդ, ով սեփական երազանքներն իրականացնելու կարողություն ունի:
Վարպետի վարպետ հայրը
Համլետ Մխիթարյանը 1980-ականների Երևանյան «Արարատի» ամենավառ խաղացողներից մեկն էր: «Համլետը «պայթյունավտանգ» խաղացող էր, շատ արագ: Խելամիտ կլիներ, որ նա խնայեր ուժերն ու հարձակման ժամանակ ավելի ակտիվ լիներ: Եվ ինքն իմ այդ կարծիքի հետ համաձայնեց ու սկսեց հենց այդպես էլ գործել: Երկրպագուները գիտեին, որ եթե Համլետը խաղի մեջ է, ուրեմն անպայման արդյունք կլինի՝ ձեռք կբերի տուգանային, գոլային փոխանցում կանի, կամ էլ ինքն անձամբ գոլ կխփի: Ահա այդպիսի ֆուտբոլիստ էր նա», – հիշում է լեգենդար «Արարատի» հարձակվող Նիկոլայ Ղազարյանը:
Համլետը, հատկապես երբ լինում էր տարերքի մեջ, Խորեն Հովհաննիսյանի հետ միասին այնպիսի մի ֆուտբոլ էր ցուցադրում, որը ոչնչով չէր զիջում այն սքանչելի խաղին, որն «Արարատը» ցուցադրում էր ֆուտբոլի դաշտում՝ սրանից տասնյակ տարիներ առաջ:
1982թ.-ին խումբը նույնիսկ մի որոշ ժամանակ միության առաջնությունում առաջատար էր, ինչը երկար ժամանակ չէր եղել, ու թեպետ արդյունքում միայն 5-րդ տեղը գրավեց՝ կորցնելով ընդամենը մեկ հորիզոնական՝ Եվրոպայի գավաթային գոտուն հասնելու համար, բայց այդ 5-րդ տեղն էլ հանրապետությունում համարվեց մեծ հաջողություն: Նույն տարում Համլետ Մխիթարյանը քիչ էր մնում դառնար չեմպիոնատի լավագույն ռմբարկուն՝ զիջելով ընդամենը մեկ գոլ Սերգեյ Անդրեևին՝ Ռոստովի հավաքականից:
Ճշմարտության առաջ չմեղանչելով՝ հայտնենք, որ առաջնության վերջին խաղերում Անդրեևը կասկածելի պարբերականությամբ ամեն խաղի ժամանակ խփում էր երեք-չորս գոլ:
Ֆուտբոլային մասնագետները չէին հոգնում կրկնելուց, որ հակառակորդների համար ամենաբարդը Համլետ Մխիթարյանի խաղային գոտում կողմնորոշվելն է: Նա կարող է սկսել խաղը՝ անասելի ակտիվություն ցույց տալով դաշտի մի, հետո մի ուրիշ հատվածում, իսկ հետո կտրուկ տեղափոխվել կենտրոն: Մխիթարյանը առավել վտանգավոր էր հակահարձակման ժամանակ, նրա համար պաշտպաններից ազատվելն ու ընթացքից ուղիղ դարպասներին խփելը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում: Գնդակ ստանալով, նա երբեմն առանց վարանելու այն դարպաս էր ուղարկում, և տուգանային հրապարակից էլ՝ 25-30 մ հեռավորությամբ քիչ գնդակներ այնտեղ չի ուղարկել:
Համլետի խմբակից ընկերները հիշում են, թե ինչպես էր նա հաճախ կրկնում, որ ֆուտբոլն ընդամենը խաղ էր, և պարտությունից հետո ոչինչ փոխել հնարավոր չէ, դրա համար մռայլ ու տխուր նստելն ուղղակի անօգուտ է: Ահա այդպիսին էր նրա ավելի շուտ կյանքի, քան խաղի փիլիսոփայությունը, ու նրան բնորոշ էր ավելի կենսախնդությունը, քան մռայլությունը: Չեմ ուզում, սակայն ստիպված եմ նաև տխուր իրողության մասին խոսել. Համլետ Մխիթարյանը կյանքից հեռացավ 34 տարեկանը չլրացած՝ ուղեղի ուռուցքից, մի քանի ամսվա ընթացքում արված 3 վիրահատությունները ոչ մի օգուտ չտվեցին: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Համլետ Մխիթարյանը հայկական ֆուտբոլին անգին մի գանձ է թողել՝ իր որդուն…
Վարպետի վարպետ որդին
Հենրիխի մայրը՝ Մարինա Թաշյանը, հարցազրույցներից մեկում ասել է. «Հենրիխը շատ նման է Համլետին: Երբ ես նրա խաղը դիտում եմ, անմիջապես աչքի է զարնում այն, որ Հենրիխն էլ նույն մոտեցումն ու վազքի նույն ոճն ունի, ինչ հայրը: Որդին հորից միայն որոշ սառնասրտությամբ է տարբերվում, նա ավելի հանգիստ է, այնինչ ամուսինս պայթյունավտանգ ու չափազանց արագ էր»:
Մարինա Թաշյանն էլ, Հենրիխի քույր Մոնիկան էլ այս կամ այն կերպ կապված են ֆուտբոլի հետ, նրանք արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և ՈՒԵՖԱ-ի կառույցներում: Հաճախ է լինում, որ հայտնի սպորտսմենների հարազատները սկզբում դեմ են լինում նման կարիերային՝ ուղևորումներ, նյարդեր, անսահման ծանրաբեռնվածություն, առողջության համար ոչ այդքան բարենպաստ պայմաններ (հայտնի խոսք կա՝ «Ողջո՜ւյն, մեծ սպորտ, մնաս բարով առողջություն»), իսկ ամենագլխավորը՝ վնասվածքները, որոնք երբեմն շատ ծանր են լինում: Բարեբախտաբար Հենրիխ Մխիթարյանի հետ ոչ մի նման բան չի եղել:
«Բայց ես երբեք դեմ չեմ եղել, որ Հենրիխը ֆուտբոլ խաղա: Ֆուտբոլը նրա գեների մեջ է, ես ինքս էլ մանկուց ընտելացել եմ այդ սպորտաձևին: Հայրս «Արարատի» երկրպագուներից էր, այցելում էր բոլոր խաղերին: Իսկ երբ որդիս դեռ փոքր էր ու տեսնում էր, թե ինչպես է հայրը ֆուտբոլ խաղում, նա էլ էր ուզում նույն բանով զբաղվել ու գնդակից նրան կտրել հնարավոր չէր, ասենք առանձնապես պետք էլ չէր: Գիտե՞ք, հատկապես հոր մահից հետո Հենրիխի ֆուտբոլային կարիերա անելու գաղափարը չանհետացավ, նա ցանկանում էր շարունակել Համլետի գործը: Դրա համար էլ, երբ Հայաստան վերադարձանք, ես նրան Երևանի «Փյունիկ» տարա, որտեղից էլ նա սկսեց իր ուղին»,- պատմում է Մարինա Թաշյանը:
Արդեն իսկ «Փյունիկում» Հենրիխ Մխիթարյանը լավագույնս տարբերվում էր իր համախմբակիցներից ու հակառակորդներից: 10 տարեկան հասակից ֆուտբոլը լցրեց նրա ողջ կյանքը, տղային մեծ ապագա էին կանխագուշակում: Բայց մինչ «Փյունիկը» մայրը համարձակվեց նրան գրեթե կես տարով ուղարկել Բրազիլիա, որպեսզի որդին մարզվի «Սան Պաուլու» հայտնի ակումբի մանկական խմբում:
«Դա իմ կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկն է, որովհետև ես ընդամենը մի ամաչկոտ տղա էի՝ Հայաստանից, ով ընդհանրապես պորտուգալերեն չէր խոսում: Բայց ինձ համար միևնույն էր, ես ուղևորվում էի ֆուտբոլային դրախտ: Երազում էի Կակայի պես խաղալ, իսկ Բրազիլիան կրեատիվ այդ ոճի՝ ջինգայի հայրենիքն էր, այդպես են այն անվանում բրազիլացիները: Ուղևորությունից առաջ ես երկու ամիս պորտուգալերեն սովորեցի, բայց երբ հասա Սան Պաուլու, հասկացա, որ սովորելն ու մարդկանց հետ խոսելը տարբեր բաներ են»,- «Եվրոսպորտին» պատմել է Հենրիխը: Պորտուգալերեն նա ամեն դեպքում սովորեց:
Առհասարակ, ֆուտբոլիստների մեջ նրան կարելի է պոլիգլոտ համարել: Հայերենն ու ռուսերենը՝ բնական է, դրան գումարվեց ֆրանսերենը, որով նա խոսում էր դեռ մանկուց, անգլերենն ու գերմաներենը, առանց վերջինի ինչպե՞ս կարող էր մտնել դորտմունդյան «Բորուսսիա»: Զարմանալի էլ չի լինի, եթե պարզվի, որ Հենրիխ Մխիթարյանը բավական պարզ արտահայտվում է ուկրաիներենով՝ «Մետալլուրգում» և «Շախտյորում» անցկացրած ժամանակն այս առումով էլ անիմաստ չի անցել:
«Փյունիկից» Հենրիխ Մխիթարյանը շատ արագ հեռացավ, ցավոք, որովհետև հայկական չեմպիոնատի մակարդակը ցածր է, ու խոստումնալից ապագա ունեցող խաղացողը, մնալով այդտեղ, այլևս աճի տեղ չի ունենում, ասենք աճի մոտիվացիա էլ չկա: Դրա համար էլ Զապարոժյան «Մետալլուրգը», իսկ հետո Դոնեցկի «Շախտյորը»՝ փորձառու ու խելացի Լուչեսկուի գլխավորությամբ, ապագայի համար հիանալի ցատկահարթակ դարձան:
Տարօրինակ է, բայց Մխիթարյանին փորձում էին ետ պահել «Շախտյոր» տեղափոխվելուց, պատճառաբանելով, թե Դոնեցկի խմբում բազմաթիվ բրազիլացիներ են խաղում, ու նա առաջ գնալ չի կարող: Իսկ Հենրիխը միայն քմծիծաղ էր տալիս, ինքն այդ ժամանակ արդեն իսկ բավարար չափով բրազիլացի էր: Շատ արագ նա դարձավ խմբի հեղինակավոր խաղացող ու բոլորի սիրելին:
Հետո դորտմունդյան «Բորուսսիան» էր: Ու դարձյալ նրան համոզում էին չտեղափոխվել՝ գերմանական չեմպիոնատը աշխարհի ուժեղագույններից է, իբր կկորչես դու այդտեղ, Հենրիխ, կնստես նստարանին, խաղային պրակտիկայից դուրս կմնաս, կկոտրվես… Բայց թե ինչ եղավ հետո, գիտեն բոլորը, իսկ Հենրիխն ամեն անգամ առիթը բաց չի թողնում՝ դորտմունդյան մարզիչ Յուրգեն Կլոպպի մասին երախտագիտությամբ արտահայտվելու: Նա մարզիկի հանդեպ գրեթե հայրական հոգատարություն էր ցուցաբերում: Մխիթարյանը Կլոպպեի մասին խոսում է որպես պայծառ մի մարզչի, բարի ու ուշադիր մարդու, ով չի ալարի պարզապես, առանց ինչ-որ առիթի sms- հաղորդագրություն ուղարկելու ու իր խաղացողին հարցնելու, թե ինչպես է նրա գործերը և ինչպես է իրեն զգում:
Իսկ հետո արդեն «Մանչեսթեր Յունայթեդը», ու կրկին նույն արգումենտները, միայն թե այս անգամ ավելի համոզիչ ու հստակ: Անգլիական պրեմիեր- լիգան իր խմբերի մակարդակով եվրոպական ակումբային ֆուտբոլի գագաթն է, Մանչեսթեր-Յունայթեդը աստեղային կազմ ունի, ու այստեղ Հենրիխն իրոք նստարաններին տաբատ է մաշելու: Եվ դեռ այնպիսի մի գործոն, ինչպիսին է կատաղած, անկանխատեսելի ու քմահաճ նոր մարզիչ Մոուրինյուն… օհ, սա եթե մեկին չսիրեց, ուրեմն մինչև կյանքի վերջ:
Սկզբնական ժամանակներում թվում էր, թե այս մի կանխատեսումն իրոք կիրականանա: Հենրիխը մի քանի անգամ փոխարինող դուրս եկավ, հետո խաղաց հիմնական կազմում, սակայն հենց այդ խաղը ակնհայտ անհաջող խաղաց, ու վերջնականապես հայտնվեց պահեստայինների շարքերում՝ նույնիսկ 5-10 րոպեով դաշտ դուրս չգալով: Սա երկու ամսից մի քիչ ավել տևեց, դրան ավելացավ նաև վնասվածքը, իսկ հետո նա հանկարծ հայտնեց հիմնական կազմում ու սկսեց խաղալ: Իսկ հիմա Իբրահիմովիչ-Մխիթարյան-Մաթա եռանկյունուց սարսափում են ՄՅ-ի բոլոր հակառակորդները: Շատերն ասում էին, թե «ինքնասիրահարված» Զլատանը օր ու արև չի տա մեր տղային: Եվ, ի դեպ, Մոուրինյոի մասին էլ մենք որոշ բացահայտումներ արեցինք, մեզ համար միայն: Երբեմն օգտակար է սուբյեկտիվ կարծրատիպերը ջարդելը:
Ամեն բան կատարվեց գիտակցության համար պարզ, սակայն գործելու համար բարդ մի պատճառով: Ուղղակի մարդն այդ, ինքն իրենով, ուղեղից սկսած մինչև ոսկորները մարտիկ է, ու նրա համար «անհնարին» բառը գոյություն չունի: Ատամներն իրար սեղմելով աշխատել, երբ ցավ ես զգում, կամ երբ չես ուզում աշխատել, և աշխատել առաջին հերթին քեզ վրա, հասկանալ, թե քեզանից հատկապես ինչ են ակնկալում, ու արդարացնել սպասումները: Եվ այս ամենը Հենրիխ Մխիթարյանը շատ լավ հասկանում է ու նույնքան լավ կարողանում:
Մխիթարյանի առաջ դեռևս ֆուտբոլային հասունացման տարիներն են: Գուցեև մնա Մանչեսթերում, գուցե մեկ այլ ակումբ ընտրի: Ամեն դեպքում կարելի է վստահ լինել, որ նա ոչ մի տեղ էլ չի կորչի, որովհետև նա գիտի ինչպես են երազանքն իրականություն դարձնում: Շնորհակալ ենք մենք նրա համար Համլետին, Մարինային ու Մոնիկային: Մարզիչներին էլ ենք շնորհակալ, իհարկե, ամենքին ենք շնորհակալ…
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը