Հուժկու ժողովրդական բողոքի ալիքին հաջորդած շաբաթների ընթացքում մենք ուշադրությամբ հետեւում ենք ներքաղաքական զարգացումներին, որոնք որոշ հարցերում պարզություն մտցնելով, ծնում են բազմաթիվ նոր հարցեր, որոնք կարոտ են սպառիչ պատասխանի: Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ Հայաստանում հաստատված է մի երկիշխանություն, մի յուրօրինակ հավասարակշռություն «հների» եւ «նորերի» միջեւ: Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահաբար շատ լավ հասկանում է, որ քանի որ իր հենարանը բողոքող բազմահազարանոց զանգվածն է եւ ամենատարբեր պատճառներով նախորդ իշխանությունից դժգոհ տարբեր տրամաչափի քաղաքական ու հասարակական գործիչների ու ակտիվիստների բավական ստվար բանակը, առայժմ անում է քայլեր, որոնք արժանանում են վերջիններիս հավանությանը, բայց դեռ չեն պատասխանել ծագող մի ամբողջ շարք սուր հարցերի:
Այս հոդվածը գրելու շարժառիթը մեր ցանկությունն է վերլուծել ստեղծված նոր իրողությունները հասկանալու համարՙ դեպի ո՞ւր է առաջնորդում իր բազմահազար կողմնակիցներին ու համակիրներին երկրի նոր ղեկավարը:
Մինչեւ ե՞րբ կզսպվեն աշխարհաքաղաքական նախապատվությունների հետ կապված տարաձայնությունները
Վստահաբար կարելի է պնդել, որ բողոքի շարժման անարյուն հանգուցալուծմանը մեծապես նպաստել է նրա առաջնորդների այն հայտարարությունը, որ համաժողովրդական բողոքը արտաքին քաղաքական հարցեր չի դնում եւ ուղղված չէ այս կամ այն արտաքին գործընկերոջ դեմ: Դրա պատասխանը այն զուսպ, եթե չասենք բարյացակամ վերաբերմունքն է, որ դրսեւորեցին Հայաստանի գործընկեր մեծ ու փոքր պետությունների ղեկավարները, այդպիսով դուռը բաց թողնելով ապագա համագործակցության եւ փոխգործակցության համար: Անելով այդ հայտարարությունները, ապագա վարչապետ Փաշինյանը խոսում էր շիտակ, եւ դա զգում էին թե՛ նրա կողմնակիցները, թե՛ նրան ավելի մոտիկից ճանաչել ցանկացող, ուսումնասիրող հայացքներով նրան նայողները:
Հիմա, երբ կյանքը մտել է աշխատանքային նորմալ հուն եւ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է գործնական հուսադրող քայլերի, վերադառնում են նախկինում տրված եւ մի պահ մոռացության մատնված կարեւոր հարցեր: Չնայած նոր վարչապետը շարունակելու է ժամանակի ուժով փորձված արտաքին քաղաքականության կենսագործումը եւ այդտեղ ցնցումներ կամ կտրուկ շրջադարձեր չեն սպասվում, փաստ է, որ նոր քաղաքական վերնախավը նախկինում ներկայացել է իբրեւ արեւմտամետ:
Հայաստանի խորհրդարանը արդեն վավերացրել է Եվրոպական Միության հետ շրջանակային համաձայնագիրը եւ սպասվում է, որ մինչեւ 2018 թ. վերջը ԵՄ-ի բոլոր անդամները այն նույնպես կվավերացնեն: Հայտնի է նաեւ, որ մոտակա երկու տարիներին համաձայնագրի ոգով բարեփոխումների իրականացման համար ԵՄ-ից Հայաստան կմտնի մոտ 160 մլն. եվրո գումար: Սրա ստվար մասը ստանալու են հայաստանյան ՀԿ-ները մեր հասարակական քաղաքական դաշտը եվրոպական չափանիշների համապատասխանեցնելու խոստումով:
Տեղն է եւ հարկ է հիշեցնել, որ մեր, հատկապես, երիտասարդության կողմից խրախուսվող շարժումը դեպի Եվրոպական Միություն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր գործընկեր Արեւմուտքը եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը գտնվում են միմյանց միջեւ քաղաքակրթական բախման եւ աշխարհաքաղաքական առճակատման մեջ:
Մեզանից Ռուսաստանն, օրինակ, ակնկալում է դաշնակցյային կեցվածք եւ հետեւողականություն, եւ իշխանություններից, մասնավորապես, պատասխանատւ կեցվածք Հայաստանը չդարձնելու այդ բախման եւ առճակատման լոկալ թատերաբեմերից մեկը: Սա շատ պատասխանատու հարց է:
Տեղին է նաեւ ասելը, որ մեր երկրում 2008 թ. սկսած հասարակական կարծիքի անխտիր բոլոր լուրջ հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասը կողմ է հայ-ռուսական դաշինքին եւ դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նախագահի վարած արտաքին քաղաքականության հանդեպ:
Սրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ մասնավորապես երիտասարդության շրջանում շատ զգալի են արեւմտամետ տրամադրությունները եւ երիտասարդության դիրքորոշումներն այս հարցում սկսել են էապես տարբերվել միջին տարիքի եւ տարեցների դիրքորոշումներից:
Ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանի գլխավորած նոր քաղաքական վերնախավը համագործակցելու ռուսների, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակիցների հետ: Զգալու՞ են արդյոք իրենց քաղաքական գործընթացի լիակատար մասնակիցներ հասարակական խավերն ու քաղաքական խմբերը, որոնք ավանդաբար ամուր կանգնած են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացման ու խորացման դիրքերում:
Ինձ ծանոթ քաղաքագետ ընկերներից մեկը բացատրում էր, որ մեր երկրում, որի հասարակությունը մեծամասնաբար ռուսամետ է, մեծամասնաբար արեւմտամետ քաղաքական վերնախավ կարող է լինել միայն այն պատճառով, որ այստեղ ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ այսօր հետեւողականորեն եւ կետային ճշտությամբ աշխատել են ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը: Այն, որ մեր հասարակական բողոքը մայդանային դրսեւորումներ չունեցավ, ոչ մեկի գլխից մազ չպակասեց, ոչ մի խանութ չքանդվեց, ոչ մի ավտոմեքենա չայրվեց, մեր ազգային բնավորության ուժեղ գծերի լավագույն դրսեւորումն է:
Բայց որքա՞ն կկարողանանք մենք պահել նախկինում ձեւավորված արտաքին քաղաքական հավասարակշռությունները: Որքանո՞վ կկարողանանք մենք չներքաշվել աշխարհաքաղաքական նախապատվություններով թելադրված առճակատումների մեջ: Չէ՞ որ աշխարհում քիչ չեն ուժերը, որոնց գերագույն նպատակը Հայաստանի հետ հարաբերություններում նրան Ռուսաստանից կտրելն է, այն էլ առանց անվտանգության համարժեք երաշխիքներ խոստանալու: Ուրեմն, հարկ է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը երկրորդական չհամարի եւ ջանք գործադրի մեր ներքաղաքական համապատկերում ազնվորեն հավասարակշռելու արեւմտամետների եւ ռուսամետների ներկայությունը, իր ազդեցության ուժով զսպելով նրանց այդ բավականին ուժեղ պոտենցիալ ուժը կառուցողական հունով առաջ մղելու եւ Հայաստանի կարիքներին ծառայեցնելու համար:
Եթե Հայաստանի քաղաքական դաշտում, այս էլ որերորդ քաղաքական ցիկլում ասպարեզ են իջնում որպես «արեւմտամետ» ընկալվող կուսակցություններ, արդյոք ժամանակը չէ՞ մտածելու թեկուզ եւ «ռուսամետ» ընկալվող քաղաքական ուժի ներկայության մասին եւս: Չէ՞ որ Ռուսաստանում էլ վերջապես ընկալել են, որ Հայաստանի հետ աշխատել գործնականում պետք է նշանակի ոչ միայն երկրի ղեկավարի եւ նրա մերձավոր շրջապատի հետ աշխատանք, այլեւ հասարակական ու քաղաքական բոլոր այն ազդեցիկ խմբերի հետ աշխատելը, որոնք ուզում են բարեկամ լինել Ռուսաստանին եւ որոնք պատրաստ են աշխատել հանուն այդ դաշինքի հզորացման: Այսպիսով, մոտակա ամիսներին մենք պատասխանը պետք է ստանանք այն հարցի, թե ինչպե՞ս է նոր իշանությունը տեսնում իր համագործակցությունը բազմակենտրոն աշխարհի մեզանով հետաքրքրված բեւեռների հետ եւ ո՞ւմ է պատրաստում ծանրաբեռնել երկրի ներսում այդ խնդիրները հաջող լուծելու համար:
Սպասում են, թե երբ կսայթաքի վարչապետ Փաշինյանը
Հասարակական տրամադրությունները մեր օրերում միանշանակ նոր վարչապետի եւ նրա կատարած նշանակումների օգտին են: Հասարակությունը ներողամտորեն է վերաբերում իր հերոսին եւ պատրաստ է սպասելու նրա կողմից իրականացվող բարեփոխումների առաջին հաջողություններին: Ավելի չոր քաղաքագիտության լեզվով արտահայտվելովՙ բոլորը սպասում են նոր ընտրություններին, բայց ոչ մեկին ձեռնտու չէ դրանց շուտափույթ անցկացումը:
Ասում են, որ նոր իշխող վերնախավը ընտրություններ կանցկացնի ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո: Դա կտեւի առնվազն 6-7 ամիս: Հները սպասում են, որ այդ ընթացքում նորերը կսխալվեն կամ հասարակությունը կզգա նրանց գաղափարների անիրականանալիությունը: Ամեն պարագայում պարզ է, որ նոր կառավարությանը անհրաժեշտ է ուղղակի հեղափոխական ռեժիմով անդուլ աշխատանք, որպեսզի սկսվեն եւ առաջ մղվեն սեփական ծրագրային բարեփոխումները, Եվրոպական Միության հետ սկսվեն հայտնի համաձայնագրի ոգով կենսագործման սպասող բարեփոխումները, չդժգոհեն ավանդական արժեքների կողմնակիցները (նախ եւ առաջ Հայ Առաքելական եկեղեցին), չհիասթափվի իրենց իշխանության բերած զանգվածը եւ չուժեղացնի էապես թուլացած «նախորդներին»:
Բայց այս ճանապարին եւս հարցեր են գոյանում, որոնք իմաստուն, ոչ սովորական լուծումների են սպասում: Այսպես, արդյո՞ք պետք է քանդել իշխող քաղաքական ուժը եւ նրա ավերակների վրա ստեղծել նորը նոր գործադիր իշխանության կարիքներին համապատասխան: Արդյոք արժեք չե՞ն մերօրյա Հայաստանի արդեն ձեւավորված ու գործող քաղաքական հիմնական ուժերը: Ի՞նչ է նախատեսում մեր հասարակական-քաղաքական կյանքի համապատասխանեցումը «եվրոպական չափանիշներին»:
Ակնհայտ է, որ բուհերը, դպրոցներն ու մանկապարտեզները պետք է վերջնականապես ապակուսակցականացվեն: Քաղաքական կյանքը պետք է լիարժեքորեն ծավալվի տեղական ու շրջանային կուսակցական ակումբներում:
Դրա ավանդույթը վերջին տասնամյակում սկզբունքայնորեն դրված է: Պետք է վճռականորեն, բարի կամքով հրաժարվել բանակը, ոստիկանությունը, զինված ուժերը ներքաղաքական կյանքին մասնակից դարձնելուց: Ինչ-որ մի պահից սկսած այս բաները մեր հասարակության դիմագիծը որոշող պետք է դառնան:
Գրում եմ այս տողերը ու մտածում, թե որքան դժվար կլինի այս բարեփոխումների իրականացումը: Բայց դա պետք է անել անպատճառ: Պատկերացնում եմ, թե որքան են տարակուսում այս տողերը կարդացող ընտրակեղծարարները: Իմ բազմափորձ տարբեր կուսակցությունների անդամ ընկերները անպայման կառարկեն, համոզված ասելով, որ այս փոփոխությունները ոչ թե կուժեղացնեն մեր քաղաքական մեքենան, այլ կթուլացնեն այն նոր ընտրությունների շեմին, Հայաստանը կանգնեցնելով ներքաղաքական առճակատման դիմաց: Բայց միեւնույն է, այս ճանապարհով է ճիշտ գնալը, որովհետեւ ժողովրդական բողոքի ելած մարդիկ ուզում են ապրել իրապես ժողովրդավարական, իրապես ազատ եւ իրապես արդար երկրում: Որքան էլ ցինիկ ու բազմափորձ լինեն կուսակցական առաջնորդներն ու նրանց շրջապատների ակտիվիստները, մենք օրակարգում ունենք խստապահանջ դարձած հասարակության վերոհիշյալ պատգամները:
Հայաստանում հաստատված երկիշխանության ուժն ու թուլությունը
Եթե խորհրդարանը անվստահություն հայտնի կառավարությանը, կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Եթե խորհրդարանն ու նոր կառավարությունը լեզու գտնենՙ ընտրությունները կհետաձգվեն: Կհետաձգվեն այնքան, որքան պետք են հին եւ նոր քաղաքական վերնախավերին: Ավելի քան համոզված եմ, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, այս հարցերում երկխոսություն եւ փոխադարձ ըմբռնում միանգամայն հնարավոր է:
Առայժմ մեր երկրում խաղաղ է, ապահով: Հայաստանը իր հյուրընկալ դռները կրկին լայնորեն բացել է օտարերկրյա հյուրերի համար: Երբ մենք նայում ենք զանազան մտահոգող նորություններ աշխարհի տարբեր եկրներում բռնի իշխանափոխության, կարգավորվող կամ չկարգավորվող ներքաղաքական քաոսի, քաղաքական սպանությունների ու զանգվածային բռնությունների, ատելության ու վախի տարբեր բռնկումների մասին, չենք էլ մտածում, որ Հայաստանում նման բան հնարավոր է: Մեր քաղաքական համակարգը կամաց-կամաց սովորում է առանց բռնության հարցեր լուծելուն: Մեր հասարակությունը եւս սովորում է իր դժգոհության ձայնը լսելի դարձնելուն: Փաստ է, որ տնտեսական կայուն աճի համար մեզ պետք է ամուր իշխանություն: Ոչ թե բռնապետություն, ոչ թե ավտոկրատիա, այլ ամուր իշխանություն, որը կկարողանա կառավարելի պահել իրավիճակը երկրում, համարժեքորեն արձագանքել արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Այս օրերին օտարերկրացիները շրջելով զբոսաշրջիկներով լեցուն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, զարմանքով հարց ու փորձ են անում, թե այստե՞ղ է եղել հեղափոխությունը: Հեղափոխությունը դեռ չի վերջացել: Այն, իրականում, դեռ նոր-նոր է սկսվել: Բայց, ինչպես ամեն մի նոր իրադարձություն, սա էլ պահանջում է ընկալում, ըմբռնում եւ արձագանքում: Մեծ բախտավորություն կլինի, երբ հին ու նոր քաղաքական վերնախավերի մտքում իշխի ոչ թե բռնության ու ճնշման ճանապարհով իրենց իշխանությունը ամրապնդելը, այլ հասարակական ու քաղաքական իրողություններով թելադրված մեր ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը որպես քաղաքական արժեք հռչակած երկխոսության ու գործակցության մթնոլորտի հաստատումը: Մեր հասարակությունը սպասում է առաջընթացի: Մենք ուզում ենք ամեն օր զգալ իրականացվող դրական փոփոխությունների շունչը: Մենք ուզում ենք ապրել մեր Հայրենիքում: Սա մեր հասարակության մեծագույն մասի անցնցում տրանսֆորմացիաների ազնիվ ակնկալիքն է:
Արամ Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ
Աղբյուրը` Azg.am