Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ իրավիճակն աշխարհում գնալով բարդանում է: Խուճապի մատնվելը ճիշտ չէ, սակայն փաստերն անտեսելը ևս անպատասխանատվություն և անփութություն է: Նման կերպ վարվել չի էլ ստացվի` կորոնավիրուսը մոտեցել է Հայաստանին, հարևան Իրանում արդեն արձանագրվել են տասնյակ մահեր, և չնայած մեր հանրապետությունը երկու շաբաթով փակել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային սահմանը՝ միայն դրանով իրավիճակը չի հանդարտվում: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի սրեց իրավիճակը` հայտարարելով, որ «համաշխարհային հանրությունը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի հնարավոր պանդեմիային»:
Իսկ ինչպե՞ս է կյանքն այնտեղ, որտեղից վարակը սկսեց իր ճամփորդությունն աշխարհով մեկ: Dalma News-ը կապնվել է մեր հայրենակից Դ. Լիլիթի հետ, որը արդեն ավելին, քան կես տարի է, ինչ ապրում ու պայմանագրով աշխատում է Չանչուն քաղաքի լեզվի կենտրոններից մեկում: Քաղաքը, թեև գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում` այսինքն Ուհանից բավականին հեռու, որտեղից իր մահացու երթը սկսեց կորոնավիրուսի նոր տեսակը, բայց այստեղ ևս կյանքը բաժանվեց «մինչև» համաճարակն ու դրանից «հետո»:
Լիլիթի խոսքերով մինչ օրս քաղաքում կորոնավիրուսից մահվան ելքով դեպք դեռևս չի արձանագրվել, իսկ անցյալ շաբաթվանից վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել` վիճակագրությունը «կանգ է առել» 45 դեպքի վրա, ինչն անչափ ուրախացնում է քաղաքի բնակիչներին: Դրա շնորհիվ է, որ քաղաքն աստիճանաբար վերադառնում է բնականոն կենսակերպին` չնայած հաշվի առնելով սահմանափակումներն ու խիստ կանխարգելիչ միջոցառումները, այն «բնականոն» անվանելն այնքան էլ հեշտ չէ:
Ինքը` Լիլիթը, պետք է փետրվարի 3-ից աշխատանքի դուրս գար, սակայն իշխանությունները դեռևս արգելում են և երեխաների ուսուցումն իրականացվում է հեռակա կարգով:
«Կյանքը շարունակվում է` անկախ ամեն ինչից: Իհարկե, անսովոր է բազմամիլիոնանոց քաղաքները տեսնել նման վիճակում` անաղմուկ ու առանց սովորական եռուզեռի, բայց արդեն համակերպվել ենք այս իրավիճակին: Ես, ինչպես և շատերը, աշխատում եմ տանից, հազվադեպ եմ դուրս գալիս և հուսով եմ` շուտով այս ամենը կավարտվի, և կյանքն իր բնականոն հունով կընթանա», – նշում է նա:
Դանդաղ, բայց կյանքն ընթանում է: Այսպես`երկու օր առաջ քաղաքային իշխանությունները վերսկսել են մետրոյի աշխատանքը, տաքսի ծառայությունները ևս, որոնք չէին գործում Չանչունում փետրվար ամսից, սկսել են աշխատել: Ինչ վերաբերում է տաքսիներին` ինչպես չինական շատ քաղաքներում, դիմակներից զատ, որոնք վարորդները պարտադիր պետք է կրեն, մեքենայի մեջ վարորդի ու ուղևորի միջև ամրացվում է պոլիէթիլենային վարագույր՝ վարակվելու ռիսկերը նվազեցնելու համար:
Չնայած քաղաքի բնակիչների մեծ մասը դեռևս չի հաճախում աշխատանքի կամ աշպատում է հեռահար, այնուամենայնիվ, փողոցները չի կարելի «դատարկ» անվանել: Ճիշտ է, մարդիկ լքում են բնակարանները միայն առևտրի գնալու համար, բայց քաղաքում արդեն աշխատում է ամենամեծ առևտրային համալիրներից մեկը, աշխատում են բանկեր:
«Մեր քաղաքը կարանտինի գոտում չէ, չնայած դրա առանձին տարածքներ ու թաղամասեր ձեռք են առնում նման միջոցառումներ` փակվելով մյուսներից: Բնակիչների մեծ մասը արդեն մեկ ամիս է` մնում է տանը, սակայն այդ շրջանում պարենի պակաս չի դիտարկվել: Վաճառասեղաններին ամեն բան կարելի է գտնել` սկսած թարմ բանջարեղեններից ու մրգերից մինչև այլ ապրանքներ: Չինաստանում շատ զարգացած է առաքման ծառայությունը, և չնայած շատ շենքերում առաքիչի մուտքն արգելված է, վերջինս պատվերը թողնում է հատուկ դրա համար նախատեսված վայրում, որպեսզի ավելորդ անգամ չշփվի բնակիչների հետ, և շատերը շարունակում են օգտվել այս ծառայությունից: Ստեղծված իրավիճակի պատճառով այս ոլորտում աշխատանքի անկանոնություն, ընդհատումներ չեն նկատվել: Բայց ես նախընտրում եմ ինքս գնալ սուպերմարկետ առևտրի, հոգնում եմ անընդհատ տանը մնալուց», – նշում է Լիլիթը:
Փողոցներում բոլորը շրջում են բժշկական դիմակներով, մեծամասնությունը` երկու դիմակով, ձեռնոցներով ու անընդհատ ախտահանում են ձեռքերն ու բոլոր իրերը, որոնց դիպչում են:
Դեղատներն այս օրերին շատ պահանջված են, ինչը զարմանալի չէ: Դրանք հիմնականում գործում են, սակայն մուտքն արգելվում է` առևտուրն իրականացվում է պոլիէթիլենային պաշտպանիչ վարագույրի միջոցով, որում հատուկ անցք է արված պատվերի ստացման ու փոխանցման համար: Նման պաշտպանիչ ցելոֆաններն ամենուր են` դռների բռնակների, վերելակների կոճակների վրա, որտեղ պատերին կարելի է փակցված գտնել նաև թաց անձեռոցիկներ և այլն:
«Չինաստանն իսկապես լուրջ միջոցատումներ է ձեռք առնում հիվանդության հետ պայքարում, բայց բոլոր այդ միջոցառումները փոքր-ինչ ուշացած են: Կարծում եմ, որ այս խստությունը պետք էր կիրառել դեռևս դեկտեմբերի վերջին, երբ հայտնվեցին վարակի տարածման առաջին նախանշանները: Չնայած, կրկնում եմ, որ չեմ պատկերացնում մեկ այլ երկիր, որտեղ առանց ավելորդ խուճապի կկարողանային նման կերպ մոբիլիզացնել բոլոր ուժերը, և խստորեն ներդնել այն միջոցառումները, որոնց ականատես ենք լինում: Եվս մեկ բան`հետևում եմ համաշխարհային լրատվամիջոցներին և սոցիալական լրատվամիջոցներում մարդկանց արձագանքներին և կարող եմ ասել, որ, այո՛, հասկանալի է, որ Չինաստանը փակ երկիր է, բայց իշխանությունները պարբերաբար
մեզ տեղեկացնում են զարգացումների մասին, և, ընդհանուր առմամբ, մենք լավ պատկերացնում ունենք երկրում տիրող իրավիճակի մասին: Անընդհատ հաղորդագրություններ ենք ստանում օգտակար տեղեկություններով: Նույն տեղեկությունը հայերեն լեզվով ուղարկում է Չինաստանում մեր դեսպանությունը: Գրեթե ամեն օր էլեկտրոնային հաղորդագրություններ ենք ստանում հայկական դեսպանությունից նույնիսկ ամենաչնչին փոփոխությունների, ինչպես նաև վիճակագրության վերաբերյալ», – պատմեց Լիլիթը:
Սակայն շատ բան դեռևս անորոշ է մնում: Օրինակ` երբ կվերսկսվեն լեզվի կենտրոնների պարապմունքները, որտեղ փետրվարի 3-ից անցում է կատարվել հեռահար ուսուցման: Դատելով այն բանից, որ արդեն ամսվա վերջն է, իսկ ի սկզբանե խոսվում էր դադարի մասին մինչև փետրվարի 29-ը, դասերը հավանաբար կվերսկսվեն հաջորդ ամսվա կեսերից ոչ շուտ: Հնարավոր է` ավելի ուշ, ոչ ոք չգիտի:
«Իրավիճակն ամեն օր փոխվում է, բայց կարող եմ ասել, որ խուճապային տրամադրությունները, որոնք նկատվում էին դեռ մեկ ամիս առաջ, այժմ սուր կերպով չեն զգացվում, տեղի հայերի շրջանում ևս: Չնայած շատերը մեկնել են, քանի որ ոչ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն ունեն հեռահար ուսուցման հնարավորություն, բայց ոմանք ստիպված են եղել վերադառանալ աշխատանքի պատճառով: Հնարավոր է` մենք արդեն հարմարվել ենք նրան, որ իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, քանի որ ի տարբերություն փետրվարի սկզբի շրջանի՝ վարակի տարածման մեծ տեմպեր այժմ չկան, համենայնդեպս մեր քաղաքում: Եվ մենք այժմ պարզապես սպասում ենք, թե երբ մեզ կթույլատրեն վերադառնալ բնականոն կյանքին և կկարողանանք առանց վախենալու փողոց դուրս գալ»:
Ընդ որում՝ Լիլիթը նշում է, որ ոչ մի վայրկյան չի մտածել Չինաստանից մեկնելու մասին: Իսկ դատելով սոցցանցերի հայ օգտատերերի գրառումներից` Հայաստանում, որտեղ կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել, խուճապն ավելի շատ է, քան չինական բազմամիլիոնանոց քաղաքում:
Լինա Մակարյան