Մեր գյուղի յուրաքանչյուր բնակիչ կարող է ասել, թե որտեղ է ապրում համր Գոգիան: Աշխատավոր և երգիծաբան, ողջ գյուղի սիրելի Գոգիա պապիկը, չնայած այն բանին, որ կոչված էր հետագա կյանքն ապրելու որպես համր, կարողանում է լեզու գտնել թե փոքրերի, թե մեծերի հետ:
Հիշում եմ, ինչպես մի անգամ՝ ամռանը, արդեն ուսանող, գալիս էի հարազատ գյուղ՝ հանգստանալու: Գյուղի ավտոբուսից աստիճանաբար իջան բոլոր ուղևորները, վերջինը ես մնացի: Վարորդը նայելով հայելու մեջ, հարցրեց.
Դուք հավանաբար տեղացի, չեք, հյո՞ւր եք եկել:
Ես հարցին հարցով պատասխանեցի.
Համր Գոգիային ճանաչո՞ւմ եք:
Իհարկե ճանաչում եմ, իսկ Դուք նրա մո՞տ եք գնում:
Ինչպիսի՞ մարդ է նա:
Ինչպիսի մա՞րդ է: Նա լավ մարդ է, սիրում է թե աշխատել, թե ժամանակ անցկացնել:
Ես նրա թոռնուհին եմ:
Վարորդի դեմքը պատվեց ժպիտով: Մնացած ողջ ճանապարհին նա ինձ պապիկիս մասին էր պատմում: Իսկ ես նրնա ընդհնարապես չէի ընդհատում: Ինձ համար շատ հաճելի էր նրա մասին լսելը:
Իմ պապիկ Գեորգի Պապաշվիլին պատերազմ է գնացել, երբ դեռ տակավին երիտասարդ էր: Մանկուց նա հիանալի ակորդեոն էր նվագում: Սերը երաժշտության հանդեպ նույնիսկ ռազմաճակատում չմարեց: Հաճախ էին զինակիցները խնդրում նրան նվագել, նա միշտ հաճույքով ձեռքն էր վերցնում գործիքը: Նրա ողջ կյանքն իր ուղեծրից դուրս եկավ այն ժամանակ, երբ ռումբի վրա պայթեց իր ընկերը, մարմնի տարբեր մասերն ընկել էին ուղիղ պապիկիս ոտքերի մոտ: Արթնանալով հոսպիտալում` նա այլևս ոչ մի բառ խոսել չի կարողացել… Բժիշկները հիվանդությունն ախտորոշել են որպես կոնտուզիա:
Գյուղ վերադառնալուց հետո պապիկիս բոլորն արդեն «համր» էին անվանում, սակայն նրա այդ հիվանդությունը երբեք թերություն չհամարվեց, հակառակը՝ նրան դարձրեց գյուղի յուրահատուկ անձանցից մեկը, ով հատուկ երանգ է տալիս տեղի կոլորիտին: Չէր սիրում, երբ խոսք էր բացվում պատերազմի մասին, կարծես նա ընդմիշտ հանել էր այն իր սրտից: Նրա սենյակը թանգարանի նման մի բան էր հիշեցնում՝ զգեստապահարանում կախված էր արդուկած համազգեստը, պահարանում՝ շքանշաններն էին ու պատերազմի նկարներով լցված ալբոմը: Այդ սենյակում նա թաղել էր պատերազմի մասին բոլոր հիշողությունները:
Իմ մանկության տարիներին, մայիսի 9-ը Վրաստանի ամենաճոխ նշվող տոներից էր, որը անցկացվում էր «Հաղթանակի այգում»: ԽՍՀՄ-ի փլուզումից և անկախություն ձեռք բերելուց հետո իրավիճակը փոքր-ինչ փոխվեց: Տարեց տարի մայիսի 9-ին Հաղթանակի այգում հավաքված վետերաններն ավելի ու ավելի են սարսափած նայում շուրջն ու միմյանց որոնում. Տեսնես նախորդ տարի ծերությունն ո՞ւմ է տարել…
Եվս մի պատմություն…
Տիկին Իվլիտա Կուչաձեն պատերազմի վետերան է: Նա արդեն 85 տարեկան է, սակայն լիահույս, որ 2017 թ.-ի մայիսի 9-ն էլ կդիմավորի՝ ծաղիկներ դնելով Անհայտ զինվորի գերեզմանին: Նա 19 տարեկան էր, երբ իրեն, որպես բժշկական ինստիտուտի ուսանող, ուղարկեցին պատերազմ՝ նշանակելով թերապիայի բաժանմունքում:
«1943 թ. հրաման տրվեց Վրաստանից բժիշկների խումբ ուղարկել Ուկրաինա: Սեպտեմբերի 26-ին մեր խմբին Բաքվով ճանապարհեցին ռազմագիծ՝ զգուշացնելով, որ ռմբակոծության ժամանակ կարող ենք փախչել ու թաքնվել երկաթգծաին ճանապարհների տակ բացված խրամատներում: Պատերազմի սարսափի առաջին ալիքը ես զգացի հենց այն ժամանակ, երբ մեր խմբին սկսեցին ռմբակոծել, և մեր խմբից երկու աղջիկ, որոնք չհասցրեցին վազելով խրամատ հասնել, պայթեցին ու կտոր-կտոր եղան: Ես մինչ օրս չեմ կարողանում մոռանալ, թե ինչ ապրեցի այդ օրը»,- հիշում է տիկին Իվլիտան:
Տիկին Իվլիտայի խոսքերով՝ «իրենք Աստծո օգնությամբ» մի կերպ հասան Ուկրաինա, որտեղ իրեն ուղարկեցին աշխատելու Չերնիգովսկու հոսպիտալում, ուր ամեն օր բերում էին վիրավոր զինվորների…
«1944թ. ես տիֆով հիվանդացա, ընդ որում՝ այդ հիվանդության ծանր աստիճանով: Իմ կոլեգաները պատկերացնել անգամ չէին կարող, թե ես կապրեմ»,- պատմում է տիչկին Իվլիտան:
Սակայն վրաց այդ աղջկան երկար ապրելու կյանք էր նախանշված: Մահացու այդ հիվանդությունից ապաքինվելով՝ նա նոր ուժերով սկսեց պայքարել մարդկային կյանքերի համար՝ ամեն օր կռիվ տալով մահվան դեմ:
«Մի անգամ մեզ հանձնարարվեց թաքնվել անտառում: Թշնամու ռմբակոծիչները, կարելի է ասել պտտվում էին մեր գլխի վերևում: Ես հենց այդ ժամանակ հասկացա, որ նրանք հետևել են մեզ: Գիշերը, երբ բոլորը քնած էին, սկսվեց ռմբակոծությունը: Թաքնվելով մահճակալի տակ՝ կարծում էի, թե կմեռնեմ գնացքի այն աղջիկների նման: Անելու ոչինչ չկար, ես հույսս Աստծո վրա էի դրել: Երկու ժամ շարունակ անընդհատ ռմբակոծում էին, երբ ամեն բան լռեց, ես բացեցի աչքերս ու հասկացա, որ ողջ և առողջ եմ»,- պատմում է տիկինը:
Պատերազմի ավարտից հետո մեր հերոսուհին հայրենիք միանգամից վերադառնալ չկարողացավ: Մինչ այդ՝ նրան նախ ուղարկեցին Վարշավա, իսկ հետո էլ մեկ տարի ապրեց և աշխատեց Լենինգրադում, տուն վերադարձավ միայն 1946 թ.-ին:
Այստեղ ինձ աշխատանքի չընդունեցին, ստիպված էի հաշվառում անցնել: Բախտի կամոք՝ Թբիլիսիում Սահմանադրության փողոցի վրա բացվեց նոր հիվանդանոց: Ես այնտեղ աշխատեցի 20 տարի: Այսօր 85 տարեկան եմ, և թանկ եմ գնահատում իմ ամեն մի ապրած օրը
Այն, որ իր հերոսությունը ըստ արժանվույն չի գնահատվում, տիկին Իվլիտան դրա համար մեղադրում է միայն կառավարությանը: Նրա թոշակը միայն կոմունալ վճարումներին է բավականեցնում: Իվլիտա Կուչաիձեն ապրում է իր միակ դստեր հետ, ով արդեն երկար տարիներ է՝ անգործ է:
«Ինչ-որ մի ժամանակ մենք նպաստներից էինք օգտվում, բայց դրանից էլ մեզ զրկեցին: Ես ամեն առավոտ նախաճաշում եմ ծերանոցում: Ձմռանն այդտեղ շատ տաք է և մեզ թույլ են տալիս մինչև երեկո մնալ: Գիշերը ընկնելուն պես՝ վերադառնում եմ տուն և անմիջապես պառկում քնելու, որպեսզի ցուրտ տան մեջ չցրտահարվեմ»,- պատմում է նա:
Ահա այսպիսի պայմաններում է ստիպված իր կյանքն ապրել Հայրենական Մեծ Պատերազմի հերոսուհի Իվլիտա Կուչաիձեն:
…
Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելուց անցել է 75 տարի, իսկ 81-ամյա Կեթեվան Շինդագորիձեն հիշում է, թե որքան բարդ ժամանակներ էր ապրում իր մայրը՝ երկու անչափաս երեխաների հետ մենակ մնալով:
Կեթեվանի հայրը՝ Տարիել Շինդագորիձեն մինչ պատերազմը ելույթ էր ունենում Լեչհումսկի տղամարդկանց խորում, և փոքր աղջկան հաճախ էր իր հետ միասին համերգների տանում: Երբ ռազմաճակատից հոր հուղարկավորության վկայականը եկավ, Կեթեվանը, ով մինչև վերջ չէր հավատում հոր մահին, որոշեց գնալ ծնողի հետքերով ու իր կյանքը կապեց երաժշտությանը:
«Թբիլիսու օրիորդական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեխնիկում: Իսկ արդեն 1956 թ.-ին ինձ ընդունեցին երաժշտական ուսումնարան, որտեղից էլ ես, որպես տաղանդավոր աշակերտուհի, տեղափոխվեցի կոնսերվատորիա»,- հիշում է տիկին Կեթեվանը:
Ինչպես և հուշում էր աղջկա սիրտը՝ հայրը ողջ էր մնացել և 20 տարվա գերությունից հետո վերադառնում է հայրենիք: Սակայն դրանով դժբախտությունների վերջը չտրվեց, պատերազմը սարսափելի խարան էր դրել այդ մարդկանց ճակատագրերի վրա:
Հ.Գ.- Գալիք սերունդները Հայրենական Մեծ Պատերազմի սարսափների մասին կիմանան միայն դասագրքերից, իսկ մեզ համար այս մարդիկ ու նրանց ճակատագրերը շարունակում են մնալ որպես կենդանի լեգենդ…
Պատրաստեց՝ Շորենա Պապաշվիլին