Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը և սերունդների իրավահաջորդությունը» թեմայով, որը կազմակերպել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ «Հայրենանվեր երիտասարդների միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ռիբինսկիի խոսքերով՝ կլոր սեղանով մեկնարկեց Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակին նվիրված միջոցառումների շարքը, որի 75-ամյակը նշվելու է հաջորդ տարի:
Միջոցառմանը մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, որոնց շարքում էին պատերազմն առաջին իսկ օրվանից մինչև Հաղթանակն անցած երկու հերոսներ՝ Ռոզալիա Սերգեյի Աբգարյանն ու Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ, պատմաբաններ, գիտության և մշակույթի ոլորտի գործիչներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման համակարգողներն էին՝ «Հայրենանվեր երիտասարդների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ծովինար Կոստանյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը:
«Մենք ամենայն լրջությամբ և սրտացավությամբ ենք մոտեցել այսօրվա միջոցառման կազմակերպմանը` հաշվի առնելով արծարծվող թեմայի կարևորությունը և նշանակությունը: Ծրագիրը շատ խորհրդանշական է: Մի կողմից, այսօր ելույթ կունենան հարգված և հայտնի պատմաբաններ ու փորձագետներ, իսկ մյուս կողմից՝ մենք կլսենք երիտասարդ ուսանողների ոչ պակաս հետաքրքիր զեկույցներ, որոնցից ոմանք պատրաստել են ամբողջական ներկայացումներ: Արդյո՞ք սա սերնդից սերունդ իրավահաջորդության փոխանցման վառ օրինակ չէ», – իր ողջույնի խոսքում նշեց Կոստանյանը:
Կլոր սեղանի շրջանակներում մասնակիցները քննարկեցին Հայրենական մեծ պատերազմի պատմական ժառանգությանը, հաղթանակում հայ ժողովրդի ունեցած ներդրմանը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին և պատերազմի ժողովրդագրական հետևանքներին առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել պատմության խեղաթյուրման հարցին և այն աղբյուրներին, որոնց վրա պետք է հիմնվել պատմական արդարության վերականգնման նպատակով:
Իր հերթին, ՀՀ վետերանների ասոցիացիայի փոխնախագահ Միխայիլ Ավանեսի Ստեփանյանը նշեց. «Արևմտյան երկրների, ինչպես նաև մի շարք հետխորհրդային պետությունների քաղաքական գործիչները և գաղափարախոսները շարունակում են խեղաթյուրել պատերազմի ընթացքն և արդյունքները, ինչպես նաև մեր երկրների դերը ֆաշիզմի դեմ պայքարում և հետպատերազմյան աշխարհակարգի շրջանակներում: Ըստ էության, այժմ տեղեկատվական պատերազմ է մղվում հիշողության համար, երիտասարդ սերնդի ուղեղների համար»:
Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան առաջատար մասնագետներ և պատմաբաններ, որոնց թվում էին՝ Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո բաժնի վարիչ, պ.գ.թ. Ավագ Հարությունյանը, Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային պատմության և տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի դասախոս Վլադիմիր Ռուժանսկին, «Վիկտորիա» պատմաբանների ակումբ» պատմամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Ասոյանը և այլք: Հատուկ ուշադրության են արժանի Հայ-ռուսական համալսարանի և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների ելույթները: Ինչպես նշեց Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, երիտասարդները այնքան հուզմունքով և սրտացավությամբ էին խոսում պատերազմի մասին, կարծես իրենք անցած լինեին վերջինիս ճանապարհներով: Իհարկե, հնարավոր չէր խուսափել արցունքներից…
Բանախոսները առանձնակի շեշտեցին հայ պատմագրության մեջ առկա մոտեցման լրջությանը: Այսպես օրինակ, 1942 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (АрмФАН) նախագահության նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելու նախաձեռնությամբ ստեղծվեց Հայրենական մեծ պատերազմի պատմության սենյակը, որի հիմնական խնդիրներից էր Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանն առնչվող նյութերի հավաքումը, ուսումնասիրումն ու պահպանումը:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ ԽՍՀՄ-ից և 100 հազար հայ՝ աշխարհի այլ երկրներից: Մոտ 200 հազար հայ զինվոր այդպես էլ չի վերադարձել պատերազմից: 1941 թվականի մարդահամարի համաձայն՝ Հայաստանի բնակչությունը կազմում էր 1 360 900 մարդ, իսկ մյուս սովետական հանրապետություններում ապրում էին 1,200,000 ազգությամբ հայեր: Հայերը կրեցին անդառնալի ժողովրդագրական կորուստ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այս ժողովուրդը ոչ վաղ անցյալում վերապրել է ցեղասպանություն:
«Հայերը կարևոր ներդրում են ունեցել համընդհանուր հաղթանակում, որը հետագայում ունեցել է, սակայն, անդառնալի ժողովրդագրական հետևանքներ: Հայրենական մեծ պատերազմի ժողովրդագրական հետևանքները կարող են ամբողջությամբ գիտակցվել միայն հաշվի առնելով այն փաստը, որ այդ ողբերգական իրադարձությունից առաջ Հայաստանը վերապրել է Առաջին աշխարհամարտը, 1915 թ.-ին տեղի ունեցած կործանարար Հայոց ցեղասպանությունը, 1918 և 1920 թթ. Թուրքիայի ներխուժումը Հայաստան և թուրքական զորքերի առաջխաղացմանը համընթաց հայ բնակչության բնաջնջումը, կիսել է 1917-1920թթ. Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական կոլապսի ամբողջ ծանրությունը, ինչպես նաև 30-ականների զանգվածային բռնաճնշումները: Այս խորը սոցիալ-քաղաքական ցնցումները հանգեցրին նրան, որ Հայաստանում պատերազմից առաջ աղավաղված էին ժողովրդագրական գործընթացները, ինչը էլ ավելի սրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, մասնավորապես՝ սաստկացավ ռազմական կորուստների (անմիջական կորուստների) բացասական ազդեցությունը հետագա տասնամյակներում բնակչության զարգացման վրա (անուղղակի կորուստներ)` ընդհուպ մինչև մեր օրեր»,- նշեց Լիլիթ Ասոյանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական հարվածը բաժին հասավ ԽՍՀՄ-ին, որը Հաղթանակից հետո արժանացավ գերտերության կարգավիճակի: Պատերազմից անմիջապես հետո Արևմուտքը սկսեց փոխել շեշտադրումները՝ փորձելով ապացուցել, որ Խորհրդային Միությունը հաղթանակող կողմ չէ: Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային պատմության և տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի դասախոս Վլադիմիր Ռուժանսկին անդրադարձավ այս թեմային իր «Ճակատամարտ հանուն պատմական հիշողության. քաղաքացիական զոհերը ԽՍՀՄ գրավյալ տարածքներում՝ ըստ փաստաթղթերի և մեկնաբանությունների» վերնագրով զեկույցում: Նա նշեց, որ վիճակագրական տվյալները պատրաստ էին 1946թ.-ին: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թ. նոյեմբերի 2-ի հրամանի համաձայն՝ այն ժամանակ ստեղծվեց Ֆաշիստական Գերմանիայից զավթիչների և նրանց հանցակիցների վայրագությունների բացահայտման և ուսումնասիրության գործերով արտակարգ պետական կոմիտե: Նյութերը հավաքագրվել են պատերազմի ողջ ընթացքում, աշխատանքը ավարտվել է 1945 թվականին, իսկ մեկ տարի անց հրատարակվել է երկհատորյակ, որը բազկացած էր կոմիտեի կողմից դիտարկված փաստաթղթերից: Այն ներառում էր ավելի քան 50 հազար ակտ, 250 հազար արձանագրություն և զավթիչների հանցագործությունների մասին հայտարարություններ: Այդ փաստաթղթերը շատ կարևոր դեր խաղացին Նյուրնբերգյան գործընթացի ժամանակ:
Պատմաբան Ավագ Հարությունյանր իր «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում» զեկույցում խոսեց Կաթողիկոս Գևորգ VI-ի մասին, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ փախստականներին փրկելու գործում, այնուհետև անմասն չմնաց նաև Հայրենական Մեծ պատերազմից` միավորելով հայ ժողովրդին, կոչ անելով պայքարել ֆաշիստների դեմ և մասնակցելով «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային ստորաբաժանումների ստեղծմանը:
Չնայած զեկույցներում առկա «հայկական շեշտադրմանը», բոլոր մասնակիցները նշեցին, որ սա մեր ընդհանուր Հաղթանակն էր, որը նվաճվել է նախևառաջ ընկերության շնորհիվ, երբ բոլորը ուս ուսի տված գնում էին մարտի դաշտ՝ ուշադրություն չդարձնելով ազգային կամ կրոնական տարբերություններին:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեն երախտագիտություն հայտնեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը`հաղթանակը հիշատակելու և այս ուղղությամբ նախաձեռնություններ իրականացնելու համար:
Ելենա Շուվայեվա-Պետրոսյան