Անցյալ շաբաթվա վերջին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություն` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, թե ում է տեսնում պետության ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինող, իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքը ազդարարեց մի շարք փողոցային բողոքի ակցիաներ սկսելու մասին՝ ընդդեմ գների թանկացման: Այս երկու իրադարձություն էլ հատկանշական են, քանի որ ակնհայտորեն ցույց են տալիս իրավիճակը երկրի քաղաքական համակարգում և դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը:

Հատկապես այդ ամենն ակնառու էր «Ելք» դաշինքի կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ: Այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ նոր Հարկային օրենսգիրքը, բենզինի, դիզվառելիքի և մեքենաների լցակայանների գազի գները կտրուկ աճեցին: Դրա հետևանքով անխուսափելիորեն կբարձրանան բոլոր ապրանքների և ծառայությունների գները: Եվ, բնականաբար, ընդդիմությունն՝ ի դեմս «Ելք» դաշինքի, որը ընդդիմադիր դաշտի առաջնորդի դիրք է բռնել, որոշեց օգտվել առիթից` իրականացնելով բողոքի երթ հետևյալ նշանաբանով. «Ոչ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը»:

Սակայն բնակչության համար նույնիսկ այսպիսի զգայուն հարցը չկարողացավ դրդել հայկական ընդդիմությանը միավորվել: Եվ ամենակարևորը` մարդիկ փողոց դուրս չեկան: Երթին մասնակցեցին միայն մի քանի հարյուր մարդ: Չնայած նրան, որ դաշինքի առաջնորդները լրատվամիջոցներին հայտնի անհատականություններ էին, լավ հռետորներ, որոնք իրենց ճառերում խփում են կառավարության ամենազգայուն մասերին և բարձրացնում են հնչեղ հարցեր: Բայց պարադոքսային իրավիճակ է` մարդիկ դժգոհ են երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, սակայն բողոքել չեն ցանկանում:

Հարկավոր է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում ակնհայտորեն նկատվում է հասարակության հիասթափությունը ընդդիմադիր առաջնորդներից: Այս առումով կարելի է հիշել, որ վերջին խոշոր փողոցային ակցիաները, որոնք նախաձեռնվել են քաղաքական գործիչների կամ կուսակցությունների կողմից, տեղի են ունեցել 2013 թ.-ին, երբ նախագահական ընտրություններից հետո՝ փողոց դուրս

եկան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները: Սակայն կոնկրետ գործողություններից հրաժարվելը, իշխանությունների հետ անհասկանալի համաձայնությունները կամ բամբասանքներն այն մասին, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ համագործակցում են իշխանությունների հետ, մշտական ներքին տարաձայնությունները և ընդհանուր նպատակներին հասնելու համար միանալու անկարողությունը, հասարակությանը հեռացրեցին ընդդիմությունից:

Կարևոր է նաև նշել, որ բոլոր վերջին խոշոր փողոցային բողոքի ակցիաները նախաձեռնվել են քաղաքացիական ակտիվիստների կողմից, այլ ոչ թե քաղաքական կուսակցությունների: Իսկ ավանդական ընդդիմադիր դաշտի առաջնորդները` Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսը» և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», ջախջախիչ հարված ստացան անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ կտևի ընդդիմադիր դաշտի կերպարանափոխությունը` իր վարկաբեկած առաջնորդների հեռացումով և նորերի ի հայտ գալով, որոնք կշահեն ժողովրդի վստահությունը: Ինչը նրանց հնարավորություն կտա փողոց հանել ոչ թե մի քանի հարյուր, այլ նվազագույնը մի քանի հազար մարդ:

Եվ մեծ հարց է՝ արդյո՞ք կկարողանան Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը կամ Զարուհի Փոստանջյանը զբաղեցնել ընդդիմության առաջնորդի թափուր մնացած տեղը: Դեռևս նրանք ավելի շատ նմանվում են քաղաքական «շոումենների»` հաճախ իրենց կողմնակիցների հետ հումորի երեկոյի վերածելով խորհրդարանական և Երևանի ավագանու նիստերը, կամ էլ փողոցային բողոքի ակցիաները: Առավել ևս, որ իշխանությունների շատ ներկայացուցիչներ այդ հարցում բավականին լավ խաղարկում են՝ իրենց ոչ տեղին, ցինիկ կամ հայկական իրականությունից կտրված հայտարարություններով:

Սակայն ամեն ինչ լուսավոր չէ քաղաքական դաշտի նաև իշխանական հատվածում, ինչի մասին վկայում է գործող նախագահ (և միեւնույն ժամանակ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ) Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը: Չնայած այն բանի, որ կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ վերջին խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, բոլոր կարևոր պաշտոններին (վարչապետ, պաշտպանության նախարար և այլն) նախագահը նախընտրում է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր անմիջականորեն կապ չունեն իշխանական կուսակցության հետ: Եվ միայն որոշ ժամանակ անց նրանք որոշում են կայացնում դառնալ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ` աջակցելով իրենց խարիզմայիով և անձնական վարկանիշով (ինչպես արեց վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ):

Եվ թեպետ իրենք` հանրապետականները, այս նշանակումները բացատրում են կուսակցության կազմը թարմացնելու նախագահի ցանկությամբ, սակայն տպավորություն է ստեղծվում, որ նախագահն այնքան էլ վստահ չէ իր կուսակցականների ընդունակությունների վրա, որ կարող են ղեկավարել կարևորագույն նախարարություններն այնս բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում, որն առկա է Հայաստանում:

Այս նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև առաջարկը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը: Չէ՞ որ, հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումներից հետո անցում կատարելով դեպի կառավարման խորհրդարանական ձևի, նոր նախագահին ընտրելու է Ազգային ժողովը, որտեղ ՀՀԿ և իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն («Դաշնակցությունը») կազմում են վստահ մեծամասնություն, ուստի՝ իշխող կուսակցության թեկնածուն երաշխավորված է, որ կդառնա պետության ղեկավարը:

Մի կողմից նախագահի որոշումը կարելի է ողջունել: Արմեն Սարգսյանը բավականին բազմակողմանի և հաջողակ անձնավորություն է` դիվանագետ, գիտնական, խոշոր բիզնեսմեն, որը լավ կապեր ունի արտասահմանում: Նա նույնիսկ որոշ ժամանակ զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, մինչև 1997 թ.-ի փետրվարը, երբ նշանակումից ընդհամենը 4 ամիս անց, լքեց կառավարության ղեկավարի պաշտոնը, տարածված լուրերի համաձայն, այն ժամանակ ամենազոր, այժմ հանգուցյալ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:

Սակայն «մի կաթիլ մեղր» դարձան այն հարցերը, որոնք կապված են պետության ղեկավարի՝ ապագա նախագահի հետ, ԶԼՄ-ներում և սոցցանցերում հայտնված հարցազրույցի պատճառով, որը տվել է Արմեն Սարգսյանի կինը` Նունե Սարգսյանը բրիտանական Daily Mail-ին՝ 2016 թ.-ի հոկտեմբերին:

Եվ հարցն այն չէ, որ ապագա Հայաստանի առաջին տիկինը, ով մեծացել է Հայաստանում, սիրահարված է Լոնդոնին և երազում է այնտեղ ապրել մինչև կյանքի վերջ:

Մտահոգիչ էր Նունե Սարգսյանի մեկ այլ հայտարարություն, որ իր որդիներն «իրենց զգում են բրիտանացիներ, սակայն հպարտ են իրենց արմատներով»: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանի դեսպանը, ապագա նախագահը՝ հանրապետության խորհրդանիշը, լինելով Երևանում ծնված, Հայաստանի անկախության ձեռքբերման 26 տարիներից 13-ը զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ, դաստիարակել իր երեխաներին, եթե նրանք հիմա իրենց զգում են ոչ հայեր, այլ բրիտանացիներ, ովքեր «հպարտ են իրենց արմատներով»:

Իհարկե, եթե խոսքը սփյուռից որևէ ընտանիքի մասին լիներ, որի անդամներից մեկին առաջարկել են զբաղեցնել այս կամ այն պետական պաշտոնը Հայաստանում, երեխաների նման պահվածքը հասկանալի կլիներ: Բայց խոսքը Հայաստանի Հանրապետության ծագում ունեցողի մասին է, ով այժմ կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը: Թեկուզ և խիստ սահանափակ իր իրավասություններում, բայց ի տարբերություն իր նախորդների, այնուամենայնիվ, Հայաստանը ներկայացնող միջազգային հարթակներում:

Ես, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ, որ այն մարդկանց երեխաները, ովքեր զբաղեցնում են բարձրագույն պետական պաշտոններ, իրենց ապագան կապեն այն երկրի հետ, որը կառավարում են իրենց ծնողները, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ ցանկացած այլ պետությունների հետ: Չէ որ դա լրացուցիչ երաշխիք կդառնա, որպեսզի իրենց ծնողները Հայաստանը չդիտարկեն, որպես «բիզնեսի» վայր և ուրիշ երկրներում անաղքատ կյանքի համար միջոցներ վաստակեն, այլ որպես երկիր, որտեղ պետք է ապրեն իրենց երեխաներն ու թոռները: Միգուցե այդ ժամանակ նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ կմոտենան իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը:

 

 

Հայկ Խալաթյան