Անցյալ ողջ շաբաթն իր հագեցվածությամբ ուրախացրեց սոցիալական կայքերի օգտատերերին՝ ծնունդ տալով բազմաթիվ կրքոտ բանավեճերի, ու դավադրական (և ոչ միայն) մի շարք տեսակետների համար հարթակ հանդիսանալով… կարճ ասած՝ խոսելու թեմա՝ ինչքան ուզենաս: Միխոսքով՝ փոխելով ռուսական հայտնի ասացվածքը՝ ինչով ուզում ես օգտատիրոջը «կերակրիր», միայն թե տեղեկատվական սովով չտառապի…
Իսկ ինտերնետային հարթակում պայքար մղելու սիրահարները քաղցած չմնացին՝ շնորհիվ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական աշխարհում, այնպես էլ կենսագործունեության այլ ոլորտներում մի շարք բազմաարձագանք իրադարձությունների՝ սկսած մերկապարերից մինչև Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի երկար սպասված, կարելի է ասել՝ տանջանքով ձեռք բերած հաղթանակը:
Հայ արևմտամետների հիասթափությունները: Եթե ոչ Հիլլարին, ապա գոնե Միշելը
ԱՄՆ-ի ընտրական պայքարին ԱՄՆ-ից, Պապուա-Նոր Գվինեայից և «քրիստոնեական այլ աշխարհներից» ոչ պակաս հետաքրքրությամբ հետևում էին նաև Հայաստանում: Սակայն եթե հայ հասարակության ճնշող մեծամասնության համար այդ ամենը հետաքրքիր էր զուտ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում ԱՄՆ-ի բռնած դիրքորոշման ու Հայերի Ցեղասպանության ընդունման ու ճանաչման տեսակետից, ապա որոշ արևմտամետ փորձագետներ ու ակտիվիստներ այդ ամենի մեջ իրենց սեփական, ինչ-որ հատուկ նշանակությունը ներդրեցին:
Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների թեկնածուների միջև ընթացող պայքարը լույսի ու խավարի պայքարն էր (Արևմուտքի ու Ռուսաստանի), իսկ Թրամփին նրանք շտապեցին ընդգրկել «Պուտինի գործակալների» շարքերում:
«Այսօր Ամերիկայում ընթանում է 20-րդ ու 21-րդ դարի պայքար: Եթե հաղթի Թրամփը, ուրեմն պարտություն կկրի 21-րդ դարը: Թրամփի հաղթանակը Պուտինի հաղթանակն է: Թրամփի հաղթանակը կնշանակի ողջ Ամերկայի պարտությունը, իմիջիայլոց նաև Հայաստանի»,- Ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսոր ու հայտնի ռուսաֆոբ Տիգրան Խզմալյանը:
Բավական զվարճալի է այն, թե ինչպես արևմտամետ քաղաքացիները հենց սկզբից նախապես շնորհավորեցին Հիլլարի Քլինթոնին՝ հաղթանակի առթիվ, իսկ հետո հայտնեցին իրենց հիասթափությունները՝ կապված ամերիկայի ժողովրդի ընտրության հետ՝ համարելով այն սխալ:
«Ինչպես տեսնում եմ, Ամերիկային կարելի է շնորհավորել առաջին կին- նախագահի ընտրության առթիվ: Եթե կարելի է՝ շնորհավորեմ: Իհարկե՝ նախատեսվածից շուտ»,- Ֆեյսբուքում գրել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, ով ավելի ուշ տիկին Քլինթոնի պարտությունը կապեց չար աչքի հետ: Ի դեպ՝ խոսքն իր սեփական չար աչքի մասին է… Սակայն իրավիճակի անհարթությունը Մեհրաբյանը փորձում է հարթեցնել նրանով, որ «գուշակների» ցուցակը թույլերից չէ…
«Ամերիկան միշտ ճիշտ որոշումներ է կայացնում, այն բանից հետո, երբ փորձարկում է բոլոր սխալները, ասում էր Չերչիլը: Երևի Ամերիկան դեռ Թրամփին չի փորձել: Հ.Գ.- Խոստովանում եմ՝ սխալվել եմ (և/կամ շտապել եմ): Հնարավոր է նաև, որ իմ նախնական շնորհավորանքն աչք առավ: Սխալվել են Նյու-Յորք Թայմսը, Ռեյթերսը, ABC-ն: Ինձ նույնպես կարելի է»:
Կարելին, իհարկե կարելի է, պարոն Մեհրաբյան: Հեշտ է գուշակել, երբ թիկունքում Ռեյթերսի ու Թայմսի դեմքով ծանր հրետանին է, բայց ահա Չերչիլյան արդարացումն ընդհանրապես պատեհ չէր… Իսկ ո՞ւր են սեփական, ֆիրմային ցիտատները՝ ձեր խոսքին բնորոշ ծաղկային փոխաբերություններով:
Առհասարակ, մեր արևմտամետների առանձնահատկությունն այն է, որ իրենց հայացքներն անպայման ներդաշնակվում են ռուսախուսափողականությամբ: Եթե ինչ-որ բան աշխարհում այն չէ, ապա մեղավորը Ռուսաստանն է, դե իհարկե նաև Պուտինը՝ որպես չար ուժերի մարմնավորում, բնականաբար: Իհարկե չի կարող չուրախացնել այն փաստը, որ նրանց կարծիքով Վլադիմիր Վլադիմիրովիչը այնքան ազդեցիկ այր է, որ կարողանում է նույնիսկ ճամփից շեղել Ամերիկյան ողջ ընտրազանգվածին: Խոսքը Նոր Պապուայի մասին չէ, այլապես գուցե ավելի համոզիչ լիներ …
Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս են «արևմտամետները» այժմ մասնակցելու ամերիկյան հարկատուների գումարային ծրագրերին և ելույթ ունենալու ԱՄՆ-ի հետ միության մասին, եթե այդտեղ, իրենց խոսքերով, իշխում է «Պուտինի մարդը»: Հետաքրքիրն այն է, որ պայքարելով Հայաստանի կլանային համակարգի դեմ, նրանք դա բոլորովին նորմալ երևույթ են համարում՝ ԱՄՆ-ի դեպքում, և հույս են հայտնում, որ եթե Բիլլ Քլինթոնի կնոջ մոտ չստացվեց, ապա թող գոնե Բարաք Օբամայի կնոջ մոտ ստացվի:
«Եթե ոչ Քլինթոնի կինը, ապա գոնե թող Բարաքի կինը լինի: Ամեն հաջողակ տղամարդու ետևում հանճարեղ կին է կանգնած: Միշել- «Մա բել»,- մի՞թե վատ ֆեմինիզմի հիմն է՝ հնչած Տիգրան Խզմալյանի շուրթերից:
Նոր ապահովագրական վճարների մասին բանավեճերը. Ի՞նչ կլինի, որ մենք էլ ֆոնդ ստեղծենք
Ֆեյսբուքյան հայ օգտատերերը բավական շատ ժամանակ տրամադրեցին նաև պետական ապահովագրական վճարները կտրուկ բարձրացմանն ուղղված իշխանությունների նոր ծրագրին (ինչպես միանվագ, այնպես էլ ամսական)՝ զինվորական ծառայողի մահվան կամ ռազմական ծառայության ընթացքում և պատերազմական գործողությունների ժամանակ ձեռք բերված հաշմանդամության դեպքում:
Բոլորն էլ կարծես թե «կողմ» էին, միայն թե տարակուսանք առաջացրեց այն, որ կառավարությունը, չկարողանալով տվյալ ծրագրի համար պետբյուջեում ֆինանսավորման աղբյուրներ գտնել, հերթական անգամ, փաստորեն, որոշեց «քիթը խոթել» շարքային քաղաքացիների գրպանները: Պաշտպանության նախարարի առաջարկի համաձայն՝ ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ ֆոնդի միջոցով, որտեղ յուրաքանչյուր աշխատող ամսական 1000 դրամ կվճարի:
Օգտատերերն էլ անմիջապես նկատեցին, որ նման մոտեցմամբ երկրում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար շատ ուղեղ հարկավոր չէ, բավական է միայն ամեն մի հարցով սոցիալական ֆոնդ ստեղծել:
«Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել կադրային նոր բարեփոխումների տրամաբանությունը, ինչո՞ւմն է կայանում նոր կադրերի առավելությունները՝ հների նկատմամբ, եթե դարձյալ բոլոր խնդիրները լուծվելու են ազգի հաշվին, խոսքն այս պարագայում Պաշտպանության նախարարի նորամուծությունն է՝ զինծառայողների հաշմանդամության դեպքում տրամադրվող միջոցների գանձումը քաղաքացիների աշխատավարձերից՝ հատուկ սոցիալական ֆոնդին: Խնդիրը նրանում է, որ ես այդ միջոցներն եմ ափսոսում, ես առանց այդ էլ իմ հնարավորությունների չափով օգնում եմ՝ առանց նախարարական խորհուրդների: Հարցը նրանում է, որ խնդիրներին նման ձևով լուծումներ կարող են տալ բոլորը, այստեղ մեծ խելք հարկավոր չէ, և կադրային վերափոխումներ անելու կարիք էլ չկար, նույն Սեյրան Օհանյանն էլ այս համակարգը կարող էր առաջ քաշել: Կամ էլ Լևոն Ալթունյանը կարող է առաջարկել ամսական 1000-ական դրամ «գցվել»,-գանգատվում է լրագրող Տաթևիկ Շահունյանը:
Խնդիրների լուծման համար պետական նման մոտեցման հանդեպ դժգոհություններ արտահայտեցին նույնիսկ նրանք, ովքեր ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո ակտիվորեն մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ու հայ զինծառայողներին օգնություն տրամադրելուն:
«Իսկ ինչի՞ց ելնելով, կամ ո՞վ ինձ կստիպի»,- պարզ ու հակիրճ արտահայտվել է օգտատեր Սերգեյ Չամանյանը:
Կարծես թե «Չգիտես՝ կսովորեցնենք, չես ուզում՝ կստիպենք» իրականությունն իր համար չէ: Մի՞թե նման «բարեփոխումների» դառը փորձը ոչինչ չի տվել…
Ընդհանուր առմամբ՝ սոցիալական կայքերի օգտատերերը հայ հասարակության ու հայ իշխանությունների փոխհարաբերությունների մեջ մեկ հիմնական խնդիր են տեսնում՝ իշխանությունների հանդեպ անվստահություն: Նույնիսկ նրանք, ովքեր այդ նախաձեռնությանը տվել են իրենց համաձայնությունը, վախենում են, որ ի վերջո ֆոնդում հավաքված գումարները կգրպանվեն, կամ էլ դրանք կօգտագործեն ոչ ըստ նշանակության:
«Հարցը 1000 դրամը չէ: Ֆոնդերն արդյունավետ են գործում, երբ հասարակության կողմից կա վստահության գրավական: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները տապալվեցին նաև այն պատճառով, որ նրա մասին քիչ էին խոսում ու քիչ տեղեկություն ունեին, հետևաբար, դրան գրեթե ոչ-ոք չէր հավատում»,- նշում է «Новости-Армения» գործակալության ղեկավար Կոնստանտին Պետրոսովը:
Տվյալ նախաձեռնությանը դեմ կանգնածները իշխանություններին անմիջապես ցույց տվեցին, որ հասարակ քաղաքացիների գրպանները մտնելու փոխարեն ավելի տրամաբանական կլիներ զբաղվել կաշառակեր գեներալներով ու պաշտոնյաներով, իսկ մասնավորապես՝ հետաքրքրվել, թե այդ ի՞նչ «եկամուտներով» են նրանք կարողացել ձեռք բերել թանկարժեք առանձնատներ ու արտասահմանյան մեքենաներ:
Ցավոք պետք է հայտնել, որ Հայաստանի նոր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջարկված «Ազգ-Բանակ» գաղափարախոսությունն առայժմ, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում հասարակության սպասումներին: Ինչ արած… Ազգի լուսավոր ապագայի ոչ պակաս լուսավոր հայացքը նրա դեռևս ուղղված է դեպի անհայտություն: Փոխանակ երկրի բնակչության մասսայական զինման ճանապարհով (թեկուզ միայն սահմանամերձ շրջաններում), ինչպես դա արվում է օրինակ Շվեյցարիայում կամ Իսրայելում, երկրի պաշտպանությանը միացնեն ողջ հասարակությանը, իշխանություններն ընդամենը առաջարկում են բնակչությանը լծել նոր հարկերով: Պարոն Սարգսյան, մենք կրեատիվության բարձր դրսևորման հույսեր ունեինք…
Վարչապետի պայքարը սթրիփ-ակումբների հետ: Անբարոյականության ճակատամարտ
Հայ օգտատերերի ուշադրությունը զբաղեցրած այլ իրադարձություններից մեկն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությունն է՝ Երևանի բնակելի շրջաններից սթրիփ-ակումբների «արտաքսումը»՝ հաշվի առնելով քաղաքացիների բազմաթիվ բողոքները, որոնց բարոյականության տեսակետից անհանգստացնում է նման կազմակերպությունների գործունեությունը՝ բազմաբնակարան շենքերում: Այդ նախաձեռնությունը բոլորն ընդունեցին ոգևորությամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես առաջարկեցին խնդրին արմատական լուծում տալ՝ իսպառ վերացնել նման կառույցներն ու դադարեցնել դրանց գործունեությունը:
«Նորի՞ց: Ես առհասարակ կվերացնեի: Կիսատ որոշում է: Եթե արդեն բացել ես թեման՝ չնայած քաղաքացիների ինչ-որ մի մասի դժգոհությանը, ուրեմն առհասարակ վերացրու: Հասկանալի է՝ ինչ-որ մեկի բիզնեսն է, ամենայն հավանականությամբ՝ վերևներից ինչ-որ մեկի, բայց այնուամենայնիվ… »,- դժգոհում է հայտնի ավանդապաշտը՝ ելույթ ունենալով Սերգեյ Շուշինսկի անունով:
Որոշներն էլ խելամտություն ունեցան սթրիփ-ակումբները կապել նախորդ խնդրին՝ առաջարկելով իշխանություններին Զինծառայողների օգնության ֆոնդը ֆինանսավորել գիշերային ակումբների հարկերի հաշվին:
«Ոչ-ոք կառավարության բարի մտադրություններին չի հավատում, հատկապես չի հավատում ՀՀ Պաշտպանության նախարարությանը… Իսկ ո՞վ է մեղավոր: Ասացեք խնդրեմ՝ չէ՞ որ դա ինչ-որ մեկն է, մարդկանց խումբ չէ, իսկ գուցե մարդկանց խո՞ւմբ է… Կամ միգուցե Հայաստանյան ապրելաձև՞ն է այդպիսին:
Ահա, Կարեն Կարապետյանը մտադիր է փակել գիշերային ակումբներն ու միևնույն ժամանակ ստեղծում է օգնության հերթական «ֆոնդը», ինչն անշուշտ ծառայելու է տասնյակ համազգեստավոր սպաների: Սակայն դա չէ կարևորը, կարևորն այն է, որ փոխարենը ժողովրդից 1000 դրամ խնդրելը, կառավարությունը կարող էր չփակել գիշերային ակումբները, այլ այդ ակումբների ինչպես օրինական, այնպես էլ անօրինական եկամուտներն ուղղել այդ ֆոնդին: Հավատացնում եմ՝ ողջ Հայաստանը հոտնկայս կծափահարեր Կարապետյանին, իսկ եթե նա շարունակեր առաջ շարժվել ու հասներ նաև «կարմիր գծերին», տեսախցիկներին, խաղատներին, վիվարոների և այլ հակահասարակական պատվազրկություններին, ապա կխոնարհվեինք նրա ցանկացած նկարի առաջ: Չէ՞ որ հանուն բանակի ֆոնդում կգոյանային ոչ թե տասնյակ, այլ մի քանի հարյուր լյարդ, և այդ ժամանակ ցանկացած զինծառայող իսկապես կհասկանար, որ հայրենիքի համար ընկնելը մեծ գործ է»,- վրդովվում է օգտատեր Սեմ Մայիլյանը:
Հավաքականի երկար սպասված հաղթանակը: Մենք հաստատ գիտենք, որ հրաշքներ լինում են
Ուրբաթ երեկոյան երկրպագուներին երկար սպասված նվերը մատուցեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը՝ Աշխարհի առաջնության նախընտրական փուլում տառացիորեն խլելով հաղթանակը՝ Չեռնոգորիայի հավաքականից: Հայ ֆուտբոլիստներն առաջին խաղակեսից հետո 0:2 հաշվով պարտություն էին կրում սեփական դաշտում, սակայն երկրորդ խաղակեսի ժամանակ նրանց հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև ավելացված ժամանակի վերջին վայրկյանին խփել հաղթական գոլը: Վճռական հարվածի հեղինակ դարձավ հարձակվող-կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
«Հայկական ֆուտբոլի վերածնունդը: Պարտություն կրելով 0:2 հաշվով՝ թիմը կարողացավ հաղթանակ տանել մրցաշարում: Այ սա իսկական հաղթանակ է: Բրավո, տղաներ, բրավո Գևորգ Ղազարյան: Գոլ՝ վերջին վայրկյանին: Ամենաշատն ուրախանում եմ «Շիրակի» լեգենդար խաղացող Արթուր Պետրոսյանի համար (հավաքականի գլխավոր տնօրենը- խմբ.)»,- այսպիսի զգացմունքային գրառում է կատարել օգտատեր Տարոն Գևորգյանը:
Եվ իրականում, մի շարք երկրպագուներ հաղթանակն այդ կապեցին հավաքականի նոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կատարած աշխատանքի հետ: Անցյալում փառք վայելող ֆուտբոլիստը կարողացավ ոչ միայն կարգավորել հարաբերությունները երկրպագուների ու ԶԼՄ-ների հետ, այլ կարողացավ նաև հավաքականի ֆուտբոլիստների մոտ սեփական ուժերի հանդեպ հավատը վերականգնել: Երկար տարիներ Շվեյցարիայում խաղացող (իսկ հետո՝ որպես մարզիչ աշխատող) Պետրոսյանի պահվածքն ու շփման ձևը զգալիորեն տարբերվում էր իր նախորդից՝ Վարուժան Սուքիասյանից, ով մասնավորապես հիշվում է «ֆուտբոլիստների վնասվածքների համար մեղավոր է լրագրողների շրջանում տիրող վատ մթնոլորտը» հանճարեղ արտահայտությամբ:
Հ.Գ.– Հայ օգտատերերին բավական շատ զվարճացրեց Ադրբեջանի Դաշքյանսյան շրջանի ղեկավար Ախադ Աբիևը (պատմության մեջ հայտնի է որպես Ախադ-հաղթանակած): Ադրբեջանում ազգային դրոշի օրվա տոնակատարության ժամանակ նա որոշեց, որ ազգային խորհրդանիշին իր հարգանքն արտահայտելու լավագույն ձևը հայկական դրոշին հասցված վիրավորանքը կլինի: Սակայն անհաղթը, ընդհանուր առմամբ մի փոքր վատ գլուխ հանելով ազգային խորհրդանիշերից, իր զայրույթը թափեց Կոլումբիայի դրոշի վրա (տեղեկություն- Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները տարբերվում են միայն գույների հաջորդականությամբ: Եթե Հայաստանի դրոշը պահվի հակառակ՝ ներքևից վերև, ապա շփոթմունք կառաջանա): Ընդ որում՝ ադրբեջանցի պաշտոնյան ոչ միայն խառնել էր դրոշները, այլ նաև թերթաքարի հետ իր այդ անհավասար ու պարտության դատապարտված «պայքարի» ընթացքում հասցրեց վնասել մատները: Սակայն Աբիևի հիմար արարքի մասին ամենալավն արտահայտվեցին հենց ադրբեջանցիները.
«Դուք ինձ իհարկե ի սրտե ներեք, սակայն ես չեմ հավատում Ախադ Աբիևի վնասված մատների մասին պատմությանը: Նախևառաջ՝ յուղոտ ու թմբլիկ մատները մեղմացնում են հարվածի ուժը: Երկրորդ՝ թերթաքարից մատները ջարդել հնարավոր չէ, առավել ևս եթե դու քո առջև պատկերացնում ես ոտքերից կախված հայի: Իսկ առհասարակ, ստացվեց ճիշտ մեր ձևով.
Հակասական ու անհեթեթ…
Հարյուր անգամ ասել եմ որոշում ընդունող մարդկանց, որ այս երկրին մեկ միասնական արքա է անհրաժեշտ, կամ գոնե վարչություն, որն ամբողջությամբ պատասխանատու կլինի ու կկարգավորի մեր դիրքորոշման ու երկրի քարոզչության ու փիառի հետ կապված հարցերը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Բայց ո՞ւմ ես ասում, չէ՞ որ բոլորն այնքան խելոք են: Եվ որպես արդյունք՝ ստանում ենք ահա այսպիսի հիմարություն:
Մինչ մենք մի կողմից փորձում ենք (թեկուզ շատ տգեղ, բայց փորձում ենք) ցույց տալ արտաքին աշխարհին, որ շատ բաց ու տոլերանտ ենք ու հայերի դեմ ոչինչ չունենք, այլ հարց ունենք հարևան հանրապետության ղեկավարության վարած ագրեսիվ քաղաքականության հետ, և Բաքու ենք հրավիրում Վահե Ավետյանին ու ընկ., Դաշքեսանի ղեկավարը հենց այս հանգստյան օրերին սպարինգի է դուրս գալիս հայկական դրոշի գույներով ներկված թերթաքարի հետ:
Գոնե մաքուր հաղթանակ տաներ… Պարզվում է՝ հերձաքարն այնուամենայնիվ կոտրել է նրա մատները…»:
Դե ինչ, չի կարելի չհամաձայնել տվյալ փոստի հեղինակ Համիդ Համիդովի հետ: Իսկապես պարադոքսալ է ու ծայրահեղ անհեթեթ: Երևի թե չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ…
Պատրաստեցին՝ Հայկ Խալաթյանը, Անահիտ Բալասանյանը
Նկատառում. Բոլոր հրապարակումների հեղինակային ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված է: