Լենինգրադի շրջափակման օրերի, ամիսների և տարիների հաշվարկը տարվում է 1941թ. սեպտեմբերի 8-ից, երբ գերմանական բանակը նվաճեց Շլիսսելբուրգը` այդպիսով վերցնելով քաղաքը օղակի մեջ: Հեռավորությունը գերմանական զորամասերի և քաղաքի կենտրոնի միջև չէր գերազանցում 15 կիլոմետրը, և այնտեղ, որտեղ այսօր գտնվում են պետերբուրգյան պողոտաները, ամբողջությամբ օկուպացիայի գոտի էր:

Այն ժամանակ բոլորին թվում էր, թե դա երկար չի տևի. ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ դաժանագույն շրջափակումը կտևի 872 օր: Ֆաշիստական զորքերի հրամանատարությունը ևս հաշվարկում էր, որ քաղցած, սառած և երկրի մնացած շրջաններից կտրված քաղաքի դիմադրությունը հնարավոր կլինի շատ արագ կոտրել:

Սակայն միայն 1943թ. հունվարի 18-ին Շլիսսելբուրգի շրջանում շրջափակման օղակը ճեղքվեց, իսկ ևս մեկ տարի անց` 1944թ. հունվարի վերջին և փետրվարին, հիտլերյան Գերմանիայի զորքերը 300 կիլոմետր ետ շպրտվեցին Նևայի վրա գտնվող քաղաքի սահմաններից: Այդպիսով` հերոս քաղաքի շրջափակումը վերջնականապես հանվեց 76 տարի առաջ:

Ոչ ոք չի հաշվել և անհնարին էր հաշվել, թե քանի հայ էր գտնվում Լենինգրադում այդ ժամանակ: Սակայն հայտնի է, որ նրանց մեջ եղել են և՛ հայտնի երաժիշտներ, և՛ խոշոր գիտնականներ, որոնք չէին հայտնվել տարհանման առաջին հոսքերի մեջ կամ պարզապես հրաժարվել էին լքել քաղաքը: Վերցնենք թեկուզ Հովսեփ Աբգարի Օրբելիին կամ հայտնի էլեկտրոտեխնիկ, գյուտարար Էդուարդ Քեոնջյանին, որը ծանր հիվանդացավ շրջափակման ամենասարսափելի ձմռանը: Կլարա Խոլմկվիստը, որը ապագա հայտնի գիտնականի ընկերն էր, եկավ Լենինգրադի պետական էլեկտրոտեխնիկական ինստիտուտ, որտեղ վերջինս աշխատում էր` նրա մասին տեղեկություններ իմանալու, և այնտեղ նրան ասացին, որ իր դասախոսը մահացել է և նրան թաղել են իր տան մոտ: Կլարան որոշեց գտնել նրա գերեզմանը, սակայն ճանապարհին տեսավ ձյան միջից դուրս ցցված ձեռք, որի մատները գրեթե աննկատ շարժվեցին: Նա ձյան միջից դուրս փորելով հանեց մարդուն և ի դեմ նրա ճանաչեց Քեոնջյանին, որը այդպիսով փրկվեց և ապրեց ավելի քան 90 տարի:

Բացի գրեթե կես միլիոն (որոշ տվյալներով մեկուկես միլիոն) զոհված խաղաղ բնակիչներից` Լենինգրադի ազատագրման համար մղված 872 օրանոց մարտերը մոտ 800 հազար խորհրդային զինվորի կյանք են խլել: Մոտ 100 հազար հայ, այդ թվում` լենինգրադցի, ևս մասնակցություն ունեցան այդ մարտերին, իսկ նրանցից 20 հազարը այդպես էլ չտեսան քաղաքը ազատագրված: Երաժիշտը դարձել էր տաքսիստ, նկարիչը` հրետանավոր, գիտնականները գնում էին հետևազոր:

Հետագայում Նյուրնբերգում նշում էին 632 հազար զոհված լենինգրադցիներ. դա ոչ թե զինվորների, սպաների և զինվորականների, այլ խաղաղ բնակիչների թիվն էր: Սակայն Նյուրնբերգում ներկայացված վիճակագրությունը ևս վերջնական չէր:

2015թ. Պետերբուրգում Արմեն Մերուժանյանի խմբագրությամբ հրատարակվեց «Հայերը Լենինգրադի ազատագրման համար պայքարում» գիրքը: Բոլորի մասին պատմելը անհնարին կլիներ, այդ պատճառով հիշատակի այդ գրքում հիշատակված են միայն երեք հազար մարդկանց անուններ:

Լենինգրադի համար մարտնչել են ԽՍՀՄ հերոս հանդիսացող տաս հայեր: Նրանցից կարելի է առանձնացնել կրկնակի հերոս, Սևծովյան և Բալթյան նավատորմերի օդաչու-գրոհային, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին: Ստեփանյանի` Հերոսի երկրորդ աստղ ստանալու մասին տեքստում ասված է.

«Հայրենական պատերազմում գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ մարտերում ընկեր Ստեփանյանը ցուցաբերել է օդաչվական բարձր վարպետություն և Հայրենիքին անսահման նվիրվածություն: Հայրենական պատերազմի ընթացքում նա կատարել է 239 մարտական հաջող թռիչք Իլ-2 գրոհիչ ինքնաթիռով, ոչնչացրել է հակառակորդի 5 փոխադրամիջոց` 18 000 տոննա ընդհանուր ջրատարողությամբ, ինչպես նաև ականակիր, 2 պահականավ, ականազերծիչ նավ, 2 պահակային ռազմանավակ, 2 տորպեդային նավակ և հակառակորդի շատ այլ ռազմական տեխնիկա և կենդանի ուժ»:

Նելսոն Ստեփանյան

Նավատորմիղի ադմիրալ Իվան Իսակովը` Լենինգրադի Ռազմածովային ակադեմիայի նախկին ղեկավարը, 1941թ. հուլիսի 13-ից զբաղեցրել է Հյուսիս-արևմտյան ուղղությամբ գլխավոր կոմիսարի տեղակալի պաշտոնը, հանդիսանում էր ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ և Գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանի ներկայացուցիչ, պատասխանատու էր հակամարտկոցային պայքարի, Նևայի պաշտպանության և Լադոգայի շրջանում ծովային դեսանտի ափհանման համար:

Շարքային Անդրանիկ Մնացականյանը կռվում էր Պսկովի և Նովգորոդի շրջանում, իսկ այնուհետև իր տանկա-հրետանային դիվիզիայի կազմում հայտնվեց Լենինգրադում: Ցարսկոյե Սելո, Գատչինա, Կրասնոյե Սելո. այսօր այս բնակավայրերը արդեն քաղաքի կազմում են:

Մնացականյանը պատմում էր, թե իրենք ինչպես էին անշարժ պառկում խրամատներում, մինչ գերմանական տանկերը անցնում էին իրենց գլխավերևով` չնկատելով իրենց, իսկ նրանք, ովքեր չէին ճզմվում, ողջ հասակով կանգնում էին և նռնակներով պայթեցնում հակառակորդի մեքենաները:

«Մենք պայքարում էինք հողի ամեն մետրի համար` գիտակցելով, որ թշնամին կարող է մոտենալ մեր սիրելի քաղաքին», – պատմում էր մարտիկը:

Լենինգրադի շրջափակման ճեղքման ակտի տակ այլոց հետ մեկտեղ դրված է նաև 123-րդ առանձին հրետանային բրիգադի 1-ին առանձին գումարտակի կոմիսարի, ԽՍՀՄ Հերոս մայոր Հայկ Մելքոնյանի ստորագրությունը:

Հայերը ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում նաև թշնամու կողմից շրջափակված քաղաքի և Լենինգրադյան ռազմաճակատի` պարենով ապահովման գործում: Հենց այս գործունեության համար Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվեց Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարիատի ղեկավարի տեղակալ, արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար, Համամիութենական կոմկուսի Քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանին և Օկտյաբրսկի երկաթուղու ղեկավար Բորիս Սալամբեկովին, որը ապահովում էր պարենի անխափան մատակարարում հակառակորդի անընդհատ կրակոցների պայմաններում:

Լենինգրադի ռազմաճակատի № 3 գլխավոր վերականգողական գնացքի գլխավոր ինժեներ, կապիտան Նիկոլայ Նարինյանը արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման Նևայի վրայով մեծ կամուրջներ գցելու ու կառուցելու և Շլիսսելբուրգ (Նևայի աջ ափին) ու Պոլյանա (Մգա-Վոլխոստրոյ գծի ուղղությամբ) կայարանների միջև երկաթգծի անցկացման գործում հատուկ ծառայության համար, ինչը կենսական նշանակություն ունեցավ քաղաքի փրկության համար:

…Խոսքերը ունեն մաշվելու, կարծրատիպերի վերածվելու, ժամանակի հետ սովորական, ոչինչ չասող դառնալու հատկություն, սակայն մի զարմանալի բան կա. «Անմահ է քո սխրանքը» կարճ արտահայտությունը Լենինգրադի և լենինգրադցիների մասին ակամայից դրդում է այն լսել հոտնկայս:

Գիտեմ շատերին (ինքս էլ նրանցից մեկն եմ), ովքեր սկսում են ծանոթությունը Պետերբուրգի հետ Նևայի պողոտայի 14 համարի տան «Քաղաքացինե՛ր, հրետակոծման ժամանակ փողոցի այս կողմն առավել վտանգավոր է» գրությունից:

Այդպիսի գրություններ կան նաև քաղաքի Վասիլևսկի և այլ փողոցների շենքերի վրա: Իսկ Նևայի պողոտայի «արևային» կողմը (այստեղ ավելի շատ արևի լույս է ընկնում, ինչը Պետերբուրգում հատուկ է գնահատվում) վտանգավոր էր այն պատճառով, որ քաղաքը գնդակոծվում էր հիմնականում հարավից և հարավ-արևմուտքից, Պուլկովյան բարձունքից և Ստրելնայից:

Իսկ գրությամբ տախտակների տակ միշտ թարմ ծաղիկներ են…

 

Ռուբեն Գյուլմիսարյան