Մի քանի օր անց Հայաստանում կմեկնարկվեն ռուսական մշակույթի փառատոնին նվիրված միջոցառումները: Նախօրեին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այդ մասին հայտնեց ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: «Ռուսական օրեր» կամ «Հոգևոր մշակույթի օրեր» (մենք տարբեր կերպ ենք այն անվանում) ծրագիրն իրականացվում է Մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների և Ռուսական ուղղափառ եկեղեցու եռամիության համատեղ ջանքերով: Ստեղծվել է մի կազմկոմիտե, որն այս բոլոր տարիների ընթացքում անդադար գործել է»:
Փոխնախարարի խոսքերով՝ սա հատուկ մի ձևաչափ է, որն իր մեջ է ներառում բավական մեծամասշտաբ մշակութային իրադարձություններ, որոնք, 2008 թվականից սկսած, Ռուսաստանն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում: Ամեն տարի ծրագիրը նորանոր երկրներ է նվաճում, իսկ միջոցառումն ավելի լայն շրջանակներով է տարածվում:
2016 թվականին Ռուսաստանյան օրեր կանցկացվեն միանգամից 8 երկրներում: Հունաստանում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում արդեն իրականացվել են լայնածավալ համալիր միջոցառումներ: Առջևում Հայաստանն է, Աբխազիան, Սլովակիան և Իսպանիան:
Ա. Մանիլովան հատուկ նշեց, որ Հայաստանում Ռուսաստանյան օրերը նմանօրինակ մնացած միջոցառումներից կտարբերվեն նրանով, որ փառատոնի շրջանակներում մշակութային իրադարձություններ կիրականացվեն միանգամից 5 քաղաքներում: «Մինչ այս պահը մենք միաժամանակ 5 քաղաքներում երբեք չենք աշխատել, սա առաջին դեպքն է, ինչը, անշուշտ, բարդացնում է մեր առջև դրված հանձնարարությունը: Սակայն Հայաստանի դեպքում կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ, քանի որ վստահ ենք ցուցաբերվելիք աջակցության վրա, հատկապես կազմակերպչական առումով»,- Dalma News-ին հայտնեց փոխնախարարը:
Մանիլովան նշեց նաև, որ փաստացի Հայաստանում Ռուսաստանյան օրերը մեկնարկվել են ապրիլ ամսին, և Հայաստանի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջարկել է հենց ապրիլ ամիսը համարել միջոցառումների մեկնարկման սկիզբ: «Մեր հայ գործընկերները ցանկանում էին, որ մենք մեզ հետ անպայման բերենք մեր նշանավոր պարուսույց Բորիս Էյֆմանի բեմադրած «Աննա Կարենինա» բալետը: Մենք իհարկե կարողացանք անել դա, և այն անշուշտ պսակվեց անհավատալի հաջողությամբ, ինչում չէինք էլ կասկածում»,- ավելացրեց փոխնախարարը:
Սակայն Հայաստանում Ռուսաստանյան օրերին նվիրված միջոցառումների հիմնական մասը կսկսվի մի քանի օր անց միայն: Մեկնարկը կլինի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում: «Պատվո բլուր» հուշահամալիրում տեղի կունենա հիշատակության տուրք՝ Սանկտ Պետերբուրգի հոգևոր թեմի մասնակցությամբ: Կիրականացվի պատարագի հանդիսավոր արարողություն, ինչից հետո մասնակիցները հուշահամալիրին ծաղիկներ դնելու հնարավորություն կունենան: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն ՌԴ դեսպանն ու գլխավոր հյուպատոսը, Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ղեկավարը, իսկ հայկական կողմից՝ Գյումրիի քաղաքապետը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Դա ռուս զինվորներին հարգանքի տուրք մատուցման օր է լինելու, այն զինվորների, որոնք հանգչում են Գյումրիի «Պատվո բլուրում»: Մենք մեր հայ գործընկերների հետ որոշեցինք, որ շատ ճիշտ կլինի հենց այդ կերպ իրականացնել Ռուսաստանյան օրերի բացման արարողությունը»,- ասաց Մանիլովան:
Գյումրիում նաև տեղի կունենա «Ռուսական ուղղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» թեմայով ֆոտոցուցահանդես, ինչպես նաև ելույթ կունենա Սանկտ-Պետերբուրգի հոգևոր թեմի երգչախումբը:
Միջոցառումների մնացած մասը կիրականացվի սեպտեմբեր ամսին, սեպտեմբերի 2-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա «Օտրադա» մանկական համույթի ելույթը, որն արդեն Ռուսաստանը հասցրել է ներկայացնել աշխարհի ավելի քան 30 երկրներում:
Հայաստանում Ռուսաստանյան օրերի տոնական բացման արարողությունը Երևանում կկայանա սեպտեմբերի 3-ին՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Այստեղ տեղի կունենա Մարիինյան թատրոնի մենակատարների մասնակցությամբ գալա-համերգ՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգի ժամանակ ելույթ կունենա նաև «Օտրադա» մանկական համույթը:
Բացի դրանից՝ համերգասրահի նախասրահում «Ռուսական ոգին» թեմայով մանկական նկարների ցուցահանդես կիրականացվի: «Փաստացի կերպով ներկայացվում է ողջ Ռուսաստանը: Մենք ընտրել ենք ՌԴ բոլոր շրջանների լավագույն գործերը: Փնտրել ու գտել ենք ամենատաղանդավոր աշխատանքները: Եվ այս ամենը Երևանյան հասարակությունը դիտելու հնարավորություն կունենա»,- ասում է ՌԴ մշակույթի փոխնախարարը:
Հայաստանի պատմության ազգային թանգարանում կբացվի «20-րդ դար: Ընտանիքը Եվրասիական ժողովրդական մշակույթում» անունը կրող ֆոտոցուցահանդեսը՝ ընտրված Ռուսական ազգագրական թանգարանի հավաքածուից:
Երևանում նաև ելույթ կունենա Սանկտ-Պետերբուրգի հայտնի «Բիս-կվիտ» խումբը, որի մասնակիցները տարբեր ժանրի երաժշտական կոմպոզիցիաներ են կատարում, այդ թվում նաև դասական երաժշտություն՝ ռուսական ազգային գործիքներով: «Դա կատարողական ամենաբարձր մակարդակն է: Նրանց ամենայն հիացմունքով ընդունում են աշխարհի տարբեր երկրներում: Ես անձամբ եմ տեսել, թե խմբին ինչպես են դիմավորում Վիեննայում, Մյունխենում: Համոզված եմ, որ նրանց ելույթը հաջողություն կունենա նաև Հայաստանում»,- նշում է Մանիլովան:
Սեպտեմբերի 4-5-ը Սանկտ-Պետերբուրգի «Բալթիական տուն» թատրոն- փառատոնի գլխավորությամբ ռուս ամենահայտնի ռեժիսորները, դերասանները, սցենարիստները, թատերական քննադատները միջոցառումների մի հսկա համալիր կիրականացնեն Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում: «Անցյալ տարվանից սկսած՝ արտասահմանյան երկրներում ռուսական թատրոններին ցուցաբերվող աջակցությունը մեր համակ ուշադրության կենտրոնում է գտնվում: Նման թատրոններ շատ կան՝ ինչպես Անկախ պետությունների համագործակցության գրեթե բոլոր երկրներում և հետխորհրդային տարածքներում, այնպես էլ մի շարք օտարերկրյա պետություններում»,- նշում է փոխնախարարը:
Սեպտեմբերի 6-ին Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում կանցկացվի «Կինոյի օրը» միջոցառումների համալիրը՝ նվիրված Ռուսաստանի դաշնությունում Կինոյի տարվան: Կժամանեն Կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողները, որոնք կշփվեն Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողների հետ: Իսկ հայտնի դերասան Ալեքսանդր Միխայլովը կանցկացնի իր ստեղծագործական երեկոն:
Սեպտեմբերի 14-18-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում տեղի կունենա ռուսական կինոյի շաբաթ: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես դասական, այնպես էլ վերջին տարիների լավագույն ֆիլմերը, իսկ կինոյի շաբաթը կմեկնարկի Նիկոլայ Լեբեդևի «Անձնակազմ» ֆիլմը:
Շաբաթվա շրջանակներում նախատեսվում է իրականացնել Կարեն Շահնազարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, վերջինս ռուսական կինոյի հայտնի արտիստների հետ միասին անձամբ իր մասնակցությունը կցուցաբերի միջոցառումներին: Նախատեսված է նաև Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողների հետ սեմինարների անցկացում:
Իր հերթին՝ միջազգային մշակույթի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի քաղաքակրթությունների ներքին ձգողականություն:
«Բոլորին է հայտնի, որ Հայաստանը միազգ պետություն է, ինչը, իմ կարծիքով, Հայաստանում ռուսական մշակույթի նկատմամբ մեծ պահանջի առկայությունն առավել արժեքավոր է դարձնում: Եվ այս երկու երկրների մտերմության հիմնական պատճառն այն չէ, որ թե այնտեղ, թե այստեղ ապրում են ռուսներ, այլ այն, որ հայկական մշակութային միջավայն ու ռուսական մշակութային միջավայրը միմյանց հետ պատմականորեն են փոխկապակցված, այդպես եղել է անցյալում, և մինչև այսօր էլ այդպես է: Չափազանց կարևոր ու էական է այն, որ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը ներկայացվելու են մարդկանց, որոնց մայրենի լեզուն հայերենն է»,- ասաց նա:
Շվիդկոն նաև ուշադրության արժանացրեց այն հանգամանքը, որ «Հայաստանում Ռուսաստանի օրեր» անունը կրող միջոցառումների համալիրը տեղի է ունենում հենց ԽՍՀՄ-ի իրավական ինքնալուծարման և ԱՊՀ երկրների կազմավորման 25-րդ հոբելյանական տարում: «Այս 25 տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդհատում ոչ մի անգամ չի եղել: Չի եղել նաև քաղաքական, տնտեսական հարաբերությունների կամ հումանիտար կապերի վատթարացում: Եվ ես կարծում եմ, որ այսօր այդ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, չնայած այն բանին, որ որոշ պատճառներից ելնելով՝ առևտրա-տնտեսական ոլորտում տեղի է ունեցել մի փոքր անկում»,- ավելացնում է Շվիդկոն:
ՌԴ նախագահի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ վերոնշյալ միջոցառումների հետ միաժամանակ կանցկացվեն նաև մի շարք այլ միջոցառումներ: «Համարձակվում եմ ենթադրել, որ «Ռուսական հոգևոր մշակույթի օրերը» միջոցառումով, որոնք օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի վերջը կանցկացվեն Երևանում նման լայն մասշտաբներով, մեր համագործակցությունը չի ավարտվի, քանի որ կարծում եմ, որ թե հոկտեմբեր, թե նոյեմբեր և թե դեկտեմբեր ամիսներին ռուս դերասանները այստեղ կայցելեն հյուրախաղերով, ինչպես նաև կլինեն տարբեր տեսակի ծրագրեր՝ կապված Բրյուսովյան հայտնի հավաքածուի 100- ամյակի հետ, որի շրջանակներում իրականացվել է հայ մեծագույն պոետների ստեղծագործությունների թարգմանություն՝ ռուսերեն լեզվով: Հույս ունեմ նաև, որ կկարողանանք Երևանում անցկացնել Օսիպ Մանդելշտամի հիշատակության երեկոն, ով Հայաստանի մասին պարզապես աստվածային տողեր է գրել, և այդ տողերը մեծագույն վարպետությամբ թարգմանված են հայերեն»,- եզրափակեց Շվիդկոն:
Հայկ Խալաթյան