2019 թ. հուլիսի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, իսկ 2020 թ. հունվարի 1-ից հատուկ հարկ կսահմանվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքի համար: Բնապահպանության նախարարությունը մշակել է օրինագծերի փաթեթ, որով սահմանափակվում է (առայժմ) պոլիէթիլենի օգտագործումը: Բացի այդ, գերատեսչությունը նախատեսում է լիակատար արգելել նրա օգտագործումը, և նույնիսկ որոշել է հստակ ամսաթիվ` 2022 թվականից սկսած պոլիէթիլենի վաճառքը հանրապետությունում պետք է արգելվի:
Խոսքը դեռ միայն մի օրինագծի մասին է, որն ընդունվելուց առաջ պետք է անցնի բոլոր ընթացակարգերը, սակայն այն փաստը, որ պետությունը լրջորեն զբաղվում է այս խնդրով, ինքնին ուրախալի է: Կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ սուպերմարկետում դիտողություն է արել աշխատակիցներին, որ նրանք ամեն ապրանքը առանձին տոպրակի մեջ չդնեն: Եվ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի որոշ խոշոր խանութներում պոլիէթիլենային տոպրակները դարձան վճարովի՝ դրանց օգտագործման ծավալները կրճատելու նպատակով, երկրի էկոլոգիական իրավիճակը էապես չփոխեց: Հայաստանը դեռևս թաղված է պոլիէթիլենային հաստ շերտի տակ. բոլոր գետերը, լճերը, ջրամբարները, անտառներն ու դաշտերը պարզապես շնչել չեն կարող այս պոլիէթիլենային ժանտախտի պատճառով: Ինչպես հայտնի է՝ էկոլոգիայի թշնամի հանդիսացող այս նյութը կենսաբանորեն չի քայքայվում, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի շարունակական աղտոտվածության (բնության մեջ պոլիէթիլենի քայքայումը տևում է ավելի քան 100-400 տարի): Ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանում, չնայած գեղեցիկ ծրագրերին և խոստումներին, դեռևս չկա թափոնների վերամշակման գործարան, իսկ աղբավայրերի թիվը ժամ առ ժամ ավելանում է, ինչը հանգեցնում է աղետալի պատկերի:
Նախարարությունում նշում են, որ իրենց կողմից մշակված օրինագիծը կհանգեցնի պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, քանի որ իրենք մտադիր չեն պարզապես ապավինել քաղաքացիների գիտակցությանը, այլ փոխարենը՝ դիպչել նրանց գրպանին: Եթե ներկայումս առանձին խանութներում պոլիէթիլենային տոպրակները վաճառվում են 10 դրամով, ապա այդ փոփոխությունների ընդունման դեպքում դրանց արժեքը կկազմի 100 դրամ:
Այսինքն, ցածր թոշակով ամեն օր 100-դրամանոց հաց գնող տատիկը ստիպված կլինի նույնքան վճարել տոպրակի համար, որ հացը տուն հասցնի: Իհարկե, օրինագիծը մշակողները նշում են, որ քաղաքացիները պետք է սովորություն դարձնեն իրենց հետ խանութ տանել էկոլոգիապես մաքուր տոպրակներ՝ կտորից, թղթից կամ ստվարաթղթից, բայց նույնիսկ այս դեպքում ակնհայտ է, որ առանձին տնտեսվարողներ լավ շահույթ կստանան պոլիէթիլենային տոպրակների վաճառքից: Ասել է թե՝ փայտը երկու ծայր ունի:
Dalma News-ի կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստանում էկոլոգիական իրավիճակը վաղուց արդեն աղետալի է: Եվ միայն պոլիէթիլենային արտադրանքի արգելքը չի կարող լուծել այս խնդիրը, թեև, բնականաբար, կնվազեցնի նրա սպառումը և, որպես արդյունք, կնվազեցնի շրջակա միջավայրի աղտոտումը: Այդ մասին փաստում է համաշխարհային փորձը. օրինակ՝ 1994 թ. Դանիան հարկ սահմանեց առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրման վրա, որից հետո դրանց պահանջարկը հաճախորդների շրջանում նվազեց 90%-ով: Տանզանիայում բավականին խիստ պատիժներ են գործում պոլիէթիլենային տոպրակների արտադրության, ներմուծման կամ վաճառքի համար` 2000 դոլար կամ մեկ տարի ազատազրկում: Պատժից չեն ազատվում նույնիսկ զբոսաշրջիկները, եթե նրանց ճամպրուկում նման տոպրակ է հայտնաբերվում:
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ևս արգելված են պոլիէթիլենային տոպրակները. Հավայան կղզիները առաջինն էին, որ ընդունեցին այդ արգելքը, իսկ Սան Ֆրանցիսկոյի խոշոր սուպերմարկետները և դեղատների ցանցերը պարզապես չեն օգտագործում դրանք: Ավելի քան 10 տարի է, ինչ Ավստրալիայի սուպերմարկետներում ևս արգելված է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: 2016 թ. սկզբին Ֆրանսիան լիակատար արգելեց մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, ինչպես նաև դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց իր տարածքում մեկանգամյա պլաստմասե սպասքի արտադրությունը և վաճառքը: Ճիշտ է, օրենքը ուժի մեջ կմտնի միայն 2020 թվականին, սակայն այսօր էլ արդյունքները տեսանելի են: Ռուսաստանում մանրածախ առևտրի ամենախոշոր ցանցը` Աշանը, մեկնարկել է պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարը՝ նոյեմբերի 2017-ից համատարած դադարեցրելով դրանց անվճար տրամադրումը իր բոլոր 62 հիպերմարկետներում:
Վերջերս այս չարիքի դեմ պայքարող երկրների ցանկին միացավ նաև Վրաստանը. 2018 թվականի հոկտեմբերի 1-ից այնտեղ ուժի մեջ մտան նոր կարգավորումներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը, և որոնց համաձայն՝ երկրում արգելվում է 15 միկրոնից բարակ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներկրումը և վաճառքը: Իսկ 2019 թ. ապրիլից Վրաստանում ամբողջությամբ կարգելվի ցանկացած հաստության պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումը և վաճառքը: Երկրում հնարավոր կլինի իրացնել միայն կենսաբանորեն քայքայվող տոպրակներ:
Իհարկե, անհրաժեշտ է սկսել ինչ-որ կետից, և եթե այս գործընթացը հանգեցնի Հայաստանում պոլիէթիլենի լիակատար արգելմանը, ապա մի քանի տարի անց արդյունքը ակներև կլինի: Այնուամենայնիվ, բնապահպանները չեն կիսում այն լավատեսական միտքը, որ միայն այդ քայլի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բնապահպանական աղտոտվածության խնդիրը, քանի որ այդ տհաճ իրավիճակը գոյացել է տասնյակ տարիներ շարունակ: Լիակատար հաղթանակի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է Հայաստանում բացել թափոնների վերամշակման գործարան, բայց սա արդեն լրիվ այլ պատմություն է:
Լինա Մակարյան