Փետրվարի 10-ին և 11-ին նշվում են միանգամից երկու Ալեքսանդր Սերգեևիչների՝ Պուշկինի և Գրիբոյեդովի հիշատակի օրերը, ինչպես նաև Դիվանագիտական աշխատողի օրը։
Հայաստանում հարգում են ռուս գրականության ոսկեդարի այս երկու հանճարներն և ծանոթ են նրանց հասարակական գործունեությանը։ Եթե Պուշկինը առավելապես բանաստեղծ է՝ «Ճանապարհորդություն դեպի Էրզրում 1829 թվականի արշավանքի ժամանակ» («Путешествия в Арзрум во время похода 1829 года») գրքի հեղինակը, որը հայտնի է յուրաքանչյուր հայի, ապա Գրիբոյեդովը իր գրելու տաղանդը զոհաբերել է դիվանագիտական ծառայությանը։ Նրա գործունեությունը 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և Ռուսաստանի ու Իրանի միջև խաղաղության բանակցությունների ժամանակ, մասնակցությունը Էրիվանի ամրոցի ազատագրմանը և Թուրքմենչայի պայմանագիրը հեղինակելը անգնահատելի ներդրումներ են դիվանագիտության պատմության մեջ։ Գրիբոյեդովը ղեկավարում էր Իրանում ռուսական դիվանագիտական առաքելությունը և մահացավ, երբ 1829 թվականի հունվարի 11-ին կատաղած ամբոխը ներխուժեց Թեհրանում Ռուսական կայսրության դեսպանություն:
Երկար տարիներ անընդմեջ Հայաստանում հիշատակի այս օրերը նշվում են մի շարք միջոցառումներով։
2023 թվականը բացառություն չէ: Ռուսաստանում փետրվարի 10-ին նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանում ՌԴ դեսպանության և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարությունն ու անձնակազմը, ձևավորված ավանդույթի համաձայն, ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձանին, որից հետո այցելեցին «Թոխմախ» կենտրոնական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին ծագումով հայ խորհրդային և ռուս դիվանագետների՝ Ս.Կ.Կարապետյանի, Գ.Ա. Օվանեսյանի, Բ.Գ.Մարտիրոսյանի, Ա.Ա.Մռավյանի, Ս.Ա.Թովմասյանի, Ա.Է.Քոչինյանի, Ջ.Ս.Կիրակոսյանի, Կ.Բ.Ուդումյանի, Ա.Ա.Մկրտչյանի հիշատակին:
Նույն օրը Գրիբոյեդովի հուշարձանի մոտ էին հավաքվել Երևանի հիմնական դպրոցների աշակերտներ, ուսանողներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ։ Նրանք ֆլեշմոբ էին կազմակերպել և ընթերցում էին բանաստեղծություններ՝ նվիրված Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովին: Չմոռացվեց նաև «Խելքից պատուհաս» կատակերգությունից ավանդական դարձած Չացկու «Իսկ ովքե՞ր են դատավորները…» մենախոսությունը:
Երեխաները հիշեցին նաև, որ կենդանության օրոք ներկայացման միակ բեմադրությունը տեղի է ունեցել Երևանյան ամրոցի պարիսպների ներսում դրա ազատագրումից հետո։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ ներկայացմանը ներկա է գտնվել անձամբ Գրիբոյեդովը։
Ամեն տարի այս օրը Երևանի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցը հիշում է մեծ բանաստեղծին և ներկայացնում գրողի ստեղծագործությունները: Այս անգամ աշակերտները ցուցադրեցին «Դուբրովսկի» վեպի հիման վրա ինքնատիպ գրական-երաժշտական կոմպոզիցիա։ Դրանից հետո տեղի ունեցավ դպրոցի բակում գտնվող Պուշկինի կիսանդրու մոտ ծաղիկներ դնելու արարողությունը։
Հայաստանում կա ևս մեկ նշանակալից տեղ՝ Պուշկինի լեռնանցքը Լոռու մարզում։ Ըստ լեգենդի՝ հենց այստեղ է Պուշկինը հանդիպել այն սայլը, որի վրա սպանված Գրիբոյեդովի մարմինը Թեհրանից տեղափոխում էին Թիֆլիս։ Ի հիշատակ սրա՝ լեռնանցքում քարե հարթաքանդակ է կանգնեցվել աղբյուրի հետ միասին։ Իսկ անցյալ տարի այստեղ հայտնվեց Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի մեծ հուշարձանը։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Գյումրիում Ռուսական տունը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Լոռու մարզի մարզպետարանի և քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին նշում են Դիվանագետի օրը և Պուշկինի ու Գրիբոեդովի հիշատակի օրը՝ ծաղիկներ դնելով Պուշկինի լեռնանցքում։
Միջոցառումը բացվեց երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի օրհներգերով։ Դրանից հետո դպրոցականները ներկայացրեցին համերգային ծրագիրը: Գրիբոյեդովի մասին պատմեցին Հերհեր գյուղի Վ.Բալայանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները, իսկ Ա.Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտները ընթերցեցին մեծն պոետի բանաստեղծությունները:
2023 թվականի փետրվարը նշանավորվում է ևս մեկ կարևոր իրադարձությամբ՝ 195 տարի առաջ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը միջոցառումների շարք է նախապատրաստում՝ նվիրված պատմական այս կարևոր ամսաթվին. փետրվարի 21-ին տեղի կունենա «Թուրքմենչայի պայմանագրի 195-ամյակը. համաշխարհային դիվանագիտության ուղենիշ» միջազգային գիտագործնական գիտաժողովը, իսկ փետրվարի 22-ին տեղի կունենա Գեներալ և կոմս Իվան Պասկևիչի բլուր տանող ցուցանակների բացումը, որից հետո Հայ-Ռուսական համալսարանում կցուցադրվի Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ներկայացումը՝ պատրաստված Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կողմից։
Ալյոնա Դանձինա