Երևանի նորագույն պատմության սկիզբը կարելի է համարել 1827 թվականի հոկտեմբերի 13-ը, երբ ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ յոթնօրյա գրոհից հետո պարսիկների տիրապետությունից ազատեցին Էրիվան ամրոցը։
Այս պատմական իրադարձության շրջանակում Հայաստանում ՌԴ դեսպանատան, Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն Հայաստանում), Հայաստանում Բելառուսի դեսպանատան և ՀՀ Վետերանների միավորման ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Նորագյուղի շրջանի Պասկևիչ բլրի վրա տեղակայված ռուս հրամանատարի կիսանդրու մոտ։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր խոսքում նշել է, որ երկու դար առաջ այս բլրի վրա է գտնվել գեներալ Իվան Ֆեդորովիչ Պասկեւիչի շտաբը։ Հենց այնտեղից հսկվում էր Էրիվան ամրոցը, իսկ մի փոքր այն կողմ Կարմիր կամուրջն է, որով շարժվում էր ռուսական բանակը։
«Էրիվանի վրա հարձակման ժամանակ ռուսական զորքը գլխավորում էր գեներալ Իվան Պասկևիչը։ Ոչ մի առանցքային ճակատամարտ տեղի չի ունեցել առանց նրա անձնական մասնակցության։ Նշենք, որ Էրիվանի ազատագրմանը մասնակցել է նաև գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը»,- ասաց Վադիմ Ֆեֆիլովը։
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուս զինվորների կատարած սխրանքին, որոնք ուս ուսի տված կանգած էին հայ կամավորների կողքին, – ասաց Հայաստանում Բելառուսի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկը։ – Սա մեր ընդհանուր պատմությունն է, և այն հատկանշական է նրանով, որ ռուս հրամանատարի, որը կռվել է հայկական հողի վրա, նրա աճյունը այժմ հանգչում է բելառուսական հողում՝ Գոմել քաղաքում»։
Հայաստանի Վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը նշեց, որ Էրիվանի գրավումը ռուսական կայսրության կողմից հայկական տարածքները պարսկական լծից ազատագրելու բազմաթիվ փորձերի կուլմիանացիան է։
«Մոտ քսան տարի ռուսները հայերի հետ միասին փորձ արեցին ազատագրել Էրիվանը։ Գեներալ Պասկևիչն իր զորքով երկար ճանապարհ է անցել դեպի բերդ՝ ազատագրելով այլ բաստիոններ ու քաղաքներ»,- ասաց Սիմոն Եսայանը։