Մայիսի 9-ը՝ Մեծ հաղթանակի օրը, ամենակարևոր և սիրված տոներից մեկն է Հայաստանում: Ճակատագրի բերումով, հայերը սփռված են ողջ աշխարհում, սակայն զարմանալիորեն միասնական են` շնորհիվ հողի, արմատների և բարեկամական կապերի: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՀԽՍՀ-ից մոտ 500 հազար հայ է մեկնել ռազմաճակատ, ևս 200 հազար հայ մոբիլիզացվել է ԽՍՀՄ այլ հանրապետություններից, իսկ 100 հազարը՝ սփյուռքից: Կեսից ավելին այդպես էլ չվերադարձավ պատերազմից: Թեև պաթոսային կհնչի, բայց Հայաստանի պես փոքր երկրի համար դա հսկայական կորուստ է: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հայ ազգն անասելի է կորուստներ է ունեցել՝ ենթարկվելով Ցեղասպանության:

Չնսեմացնելով այլ ազգերի ներդրումը Մեծ հաղթանակում՝ հարկ է նշել, որ խորհրդային ժողովուրդների մեջ հայերը գեներալների և սպաների թվով չորրորդ տեղն են զբաղեցնում, իսկ ԽՍՀՄ հերոսների թվով՝ վեցերորդը. Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 106 հայ, 80 հազարն էլ ստացել են մեդալներ և շքանշաններ:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր բոլորի հաղթանակն է: Պատերազմի տարիներին բոլորը միասնական էին՝ անկախ ազգությունից կամ դավանանքից: Ինչպես հայտնի է, նացիստները «ռուս» էին կոչում Խորհրդային Միության ողջ բնակչությանը, սակայն վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր երրորդ զոհված ծորհրդային զինվորն ազգությամբ ռուս չէր:

Հայրենական պատերազմն իր հետքը թողեց ամեն ընտանիքում: Ամեն ընտանիք կորուստներ ունեցավ: Հաղթանակի հերթական՝ 74-րդ հոբելյանը Հայաստանում հասցրել է դիմավորել 410 վետերան, որոնցից շատերը դժվարությամբ են տեղաշարժվում կամ ընդհանրապես չեն կարող քայլել: Սակայն հերոսների թվում կան նաև այնպիսի ակտիվիստներ, ինչպես Ռոզալիա Սերգեյի Աբգարյանը և Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը, որոնք ուրախությամբ մասնակցում են երիտասարդ սերնդի հետ հանդիպումներին, համակարգում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի աշխատանքները: Նրանք պատերազմն անցել են սկզբից մինչև վերջ: Իհարկե, նրանց չի խնայել պատերազմը (նրանք ողջ են մտացել՝ ստանալով մի քանի ծանր վնասվածքներ), նրանց չի խնայել ժամանակը (հին վերքերն ու տարիքային հիվանդությունները հաճախ զգացնել են տալիս):

Ամեն տարի Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) կազմակերպում է Հայրենական մեծ հաղթանակին նվիրված միջոցառումների շարք: Օրինակ, ապրիլին «Հայրենանվեր երիտասարդների միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը և սերունդների իրավահաջորդությունը» թեմայով, իսկ մայիսի 6-ին նույն թեմայով տեսակամուրջ է կազմակերպվել Դոնի Ռոստովի հետ:

Դրանից հետո իրականացվեց «Ֆաշիզմի հանդեպ տարած հաղթանակի պատմության ստուգատես» միջազգային նախաձեռնությունը: Նախաձեռնության հեղինակն է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումային կից երիտասարդական խորհրդարանը: Հայաստանում նախաձեռնությունը համակարգեց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ «Ռուս-հայկական երիտասարդական միության» հետ համատեղ: Նախաձեռնությունը մեկնարկել է 2015 թվականին և այս պահին ընդգրկում է աշխարհի 47 երկիր:

Մեկ ամսվա ընթացքում ակտիվորեն իրականացվել է «Գեորգիևյան ժապավեն» նախաձեռնությունը, որին միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ, իսկ այս տարի առաջին անգամ նախաձեռնությանը միացել են հայ բայքերները, որոնք մոտոցիկլետներով շրջել են Երևանի փողոցնելով՝ ծածանելով Ռուսաստանի, Հայաստանի և Հաղթանակի դրոշները և կանգ առնելով բազմամարդ վայրերում և ժապավեններ բաժանելով անցորդներին: Նախաձեռնության հիմնական նպատակն է՝ ամեն կերպ հիշեցնել նոր սերունդներին, թե ովքեր և ինչ գնով են հաղթել մարդկության պատմության ամենասարսափելի պատերազմը և որոնց ժառանգները մենք ենք, ուստի պետք է հիշենք և հպարտանանք դրանով:

Մայիսի 7-ին Երևանում (ՌԳՄԿ-ում և ԵՊՀ-ում) և Գյումրիում («Սև բերդ») անցկացվել է «Հաղթանակի թելադրություն»: Նախաձեռնությունն անցկացվել է միջազգային ձևաչափով, և այս տարի նրան մասնակցել է 23 երկիր: Հիմնական նպատակն է՝ հետաքրքրություն առաջացնել հասարակության, և հատկապես՝ երիտասարդ սերնդի շրջանում, Հայրենական մեծ պատերազմի, սխրանքների, հերոսության և այդ բեկումնային տարիներին կրած դժվարությունների հանդեպ:

Անցկացվել է նաև Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան 125-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում: Բացի այդ, ծրագրով նախատեսվում էր եղբայրական գերեզմանների մաքրում և ծաղկադրում:

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը նախաձեռնել է «Հիշե՛ք» բանաստեղծական հայրենասիրական ֆլեշմոբը: Յուրաքանչյուր ցանկացող կարող է ձայնագրել տեսահոլովակ, որտեղ նա կարդում է Հայրենական մեծ պատերազմի մասին բանաստեղծություն, և տեղադրել այն սոցկայքերի իր էջում` #помните և #РЦНК հեշթեգերով: Այս նախաձեռնության նպատակն է՝ խրախուսել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը պատմության և Հայրենական մեծ պատերազմի մասին բանաստեղծների ստեղծագործությունների նկատմամբ, ինչպես նաև երախտագիտության հայտնել մեր պապիկներին և տատիկներին Հաղթանակի և Խաղաղության համար: Նախաձեռնությունը չունի վերջնաժամկետ. կազմակերպիչները հույս են հայտնել, որ Մեծ հաղթանակի 75-ամյակին նրան էլ ավելի շատ մարդ կմիանա:

Մայիսի 9-ին Հայաստանում հանդիսավոր կերպով նշեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակը: Ավանդաբար, այդ օրը սկսվում է Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» հուշարձանի հավերժական կրակի մոտ ծաղկադրության արարողությամբ: Արարողությանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի անդամներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և ՌԳՄԿ-ի աշխատակիցներ, Ռուսաստանի դիվանագիտական առաքելության և ռազմական կցորդության ներկայացուցիչներ, ռուսական օդային բազայի և ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության ղեկավարությունը, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների անդամներ:

Այս տարի Հայաստանում չորրորդ անգամ անցկացվել է նաև «Անմահ գունդ» քայլերթը, որը ռեկորդային թվով մասնակիցներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և այլ քաղաքներում:

Երևանում երթը սկսվել է Օպերայի և բալետի թատրոնից: Երթն առաջնորդում էր փողային նվագախումբը: Հայրենական պատերազմի վետերանները ուղեկցում էին երթի մասնակիցներին բաց ՈՒԱԶ մեքենայով և ողջունում նրանց: Հերոսներին ուղեկցում էին նաև հայ բայքերները, որոնց մոտոցիկլետներին ամրացված էին Ռուսաստանի, Հայաստանի և Հաղթանակի դրոշները՝ որպես ազգերի Բարեկամության և Միասնության խորհրդանիշ, որը հանդիսացավ Մեծն հաղթանակի գրավականը:

«Անմահ գնդի» մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով դեպի Կիրովի անվան այգին, որտեղ առաջին հերթին ծաղիկներ դրեցին խորհրդային ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանին:

Երթին մասնակիցների և այգու այցելուների համար կազմակերպվեց համերգ, որի ընթացքում հնչեցին պատերազմի տարիների ծանոթ և սիրված երգեր: Համերգը կազմակերպվել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից՝ Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի և «Հայրենասեր երիտասարդների միավորում» կազմակերպության հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աջակցությամբ: Համերգի վերջում բոլոր մասնակիցները միասին կատարեցին «Հաղթանակի օրը» երգը:

Այգում տեղադրվել էր երկու դաշտային խոհանոց. մեկը` ՀՀ Պաշտպանության նախարարության, իսկ մյուսը` ռուսական կողմի աջակցությամբ: Ռուսական դաշտային խոհանոցում մատուցում էին հնդկաձավար, որը զինվորականների կողմից համարվում է տոնական ճաշատեսակ:

Մեծ հաղթանակի 75-ամյակին ընդառաջ՝ կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք կոչված են վառ պահելու պատմության այս էջերի մասին հիշատակը, ինչպես նաև ոգեկոչելու նրանց, ովքեր զոհվեցին՝ հանուն մեր ապագայի: Հուսանք, որ ոգեկոչելով մահացած հերոսներին՝ մենք կհիշենք և հոգ կտանենք ողջ մնացածների մասին. նրանցից քչերն են հիմա մեզ հետ և ամենից շատն ունեն մեր հոգատարության կարիքը:

 

Ելենա Շուվայեվա-Պետրոսյան