Հունվարի 24-ին ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելու ու վերջինիս հետ բանակցություններ վարելու նպատակով: Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը կայացավ չափազանց բարձր մակարդակով և տվեց իր շոշափելի արդյունքները: Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտնեց, որ Մոսկվա իր այցի ընթացքում նա մտադիր է քննարկել ռուս-հայկական համագործակցության ակտիվացումը՝ դրան նոր ազդակ հաղորդելով: Այցի ընթացքում Կարեն Կարապետյանը հանդիպում ունեցավ նաև Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում նաև ազդեցիկ գործարար միջավայրի հետ, որին էլ ներկայացրեց կառավարչական իր 100-օրյա գործունեության արդյունքները:
Մի շարք փորձագետներ ուշադրության արժանացրին այն փաստը, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին Մոսկովյան օդանավակայանում դիմավորեց Պատվո պահակախումբը, և նրա այցը պատեհ կերպով լուսաբանվեց Ռուսաստանի բոլոր հեռուստաալիքներով: Նշենք, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ Հովիկ Աբրահամյանը, ովքեր հանդիսանում են Կարապետյանի նախորդները՝ վարչապետի պաշտոնում, երբեք ռուսաց պետության մայրաքաղաք պաշտոնական այցով չեն այցելել: Առհասարակ հայկական իշխանության վերջին ներկայացուցիչը, ում այցը Մոսկվա ընդունվել է նման բարձր մակարդակով, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն է, ում խոսքը Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ էլ վճռական է դեր է կատարել:
«Հայկական ժամանակը» գտնում է, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմինԿարապետյանի այցը Մոսկվա բոլորովին էլ պատահական չէր ու խորհրդանշական բնույթ էր կրում, իբր նման կերպով ռուսական կողմը ռուս-հայկական հարաբերություններում փորձում է գլխավոր դերը հանձնել Կարեն Կարապետյանին: Ավելին, ինչպես վկայում է «Փաստ» թերթը, հենց Կարապետյանն է ղեկավարելու իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ անձամբ այցելելով մարզեր ու հանդիպելով ընտրողներին: Նույն աղբյուրի համաձայն՝ հայկական կառավարության ղեկավարը դրան համաձայնել է մի պայմանով միայն, որը, ի դեպ, ՀՀԿ-ի ղեկավարությունն արդեն ընդունել է. ՀՀԿ-ական ցուցակներում չեն լինելու անդուր, կիսահանցագործ կամ սեփական պահվածքով իրենք իրենց վարկաբեկող անձիք: Հնարավոր հենց սրանով է պայմանավորված ավանդաբար «ձայների հավաքմամբ զբաղվող» ՀՀԿ-ական որոշ անդամների կուսակցությունից դուրս գալու ու ավելի «հասկանալի» քաղաքական կուսակցություններին «կցվելու» որոշումը:
Որպես այս թեորիայի հաստատում, Կարապետյանը, «МИР 24» -ին տված հարցազրույցում նշեց, որ Հայաստանում դեռ շատ բան է հարկավոր փոխել՝ էլիտայի կերպարն ու պահվածքը, որոշումների ընդունման գործընթացը և այլն: Նա նշեց, որ էլիտան, ինչ-որ առումով դա ազգի ու հասարակության «ճակատային հատվածն է» (фасад), և եթե հասարակությունը էլիտայի հետ ունի խնդիրներ, չհասկացված ու չհարթված կոնֆլիկտներ ու դժգոհություններ, ուրեմն այդ էլիտան պետք է փոխվի:
Ինչպես վերը նշվեց, Մեդվեդևի և Կարապետյանի հանդիպումն ունեցավ իրական ու կիրառական բնույթի արդյունքներ՝ արտահայտվելով մի շարք համաձայնագրերում և ստորագրված փաստաթղթերում, կապված ինչպես մշակութա-հումանիտարային, այնպես էլ էներգետիկ ու տնտեսական հարցերի հետ: Եվ ինչպես նշեց հայկական կառավարության ղեկավարը, չնայած այն հանգամանքին, որ ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսությունում բավական լայն մասշտաբներ ունի, այնուամենայնիվ պետք չէ ձեռքերը ծալած նստել, ինքը Մոսկվա է ժամանել նոր առաջարկներով, որոնք թույլ կտան բազմազանել ու ընդարձակել հայ-ռուսական համագործակցության ոլորտները:
Երկու վարչապետների հանդիպման ամենաշոշափելի արդյունքներից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանի քաղաքացիներն այլևս կարող են Հայաստան այցելել ներքին համաքաղաքացիական անձնագրերով: Այդ առիթով Մեդվեդևը նույնիսկ նշեց, որ երկու երկրների համագործակցության հումանիտար ոլորտը շատ կարևոր դեր ունի՝ ընդգծելով ռուսների ու հայերի միջև ուղղակի կոնտակտի հաստատման հատուկ նշանակությունը: Համաձայնելով իր կոլեգայի հետ՝ Կարապետյանը հայտնեց իր ափսոսանքն այն մասին, որ Հայաստանը, որպես ռուս քաղաքացիների կողմից այցելվող երկիր, մեղմ ասած, ըստ արժանվույն չի գնահատվում: Սակայն մեր վարչապետը համոզված է, որ ստորագրված փաստաթուղթը մի նոր թափ կհաղորդի մշակութա-հումանիտար հարաբերությունների զարգացմանն ու թերևս շուտով իրավիճակը սկզբունքորեն կփոխվի: Երևան վերադառնալուն պես վարչապետը որոշեց իր խոսքն ամրացնել գործով. Առաջին իսկ խորհրդակցության ժամանակ Հայաստանի կառավարության ղեկավարը Տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմիններին ու մասնավոր հատվածին տվեց Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական ծառայություններ մատուցելու ընդհանուր փաթեթ պատրաստելու հանձնարարություն:
Մշակութա-հումանիտարային հարցերի հետ միասին Կարապետյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ քննարկվեց նաև Հայաստանի ու Ռուսաստանի ներդրումային համագործակցության հատուկ ֆոնդի ստեղծման հարցը: Համապատասխան մարմիններին հանձնարարվեց վերլուծել տվյալ ֆոնդի ստեղծման հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղություններն ու ֆինանսավորման աղբյուրները: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպման արդյունքների հիման վրա «Ռոսատոմի» և Հայաստանի իշխանությունների միջև միջուկային ու ճառագայթային անվտանգության ոլորտում պարտականությունների կատարման արձանագրության հետ կապված բանակցությունների վարման հրամանագիր ստորագրեց:
Բացի այդ՝ ռուսական իշխանության ղեկավարը հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ագրարային ոլորտում համագործակցելու, այդ թվում նաև համատեղ արտադրություններ ստեղծելու մեծ ներուժ ունեն: Մեդվեդևը մասնավորապես նշեց, որ, չնայած էներգակիրների գների փոփոխության միջազգային կոնյուկտուրային և 2016 թվականի ընթացքում որոշ տնտեսական իրադարձություններին, զգալի կերպով ավելացել է հայկական սննդամթերքի արտահանման ծավալը, ինչպես նաև ամրապնդվել է երկու երկրների միջև տնտեսական աճը: Ռուսաստանի վարչապետն ուղղակի կապ է տեսնում այդ ամենի ու Հայաստանի՝ Եվրասիական միություն ներգրավվելու փաստի միջև:
«МИР 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ամփոփելով Մոսկվա կատարած իր այցի արդյունքները, Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ձեռք են բերել հայ-ռուսական ինտեգրացիոն ֆոնդ ստեղծելու հետ կապված համաձայնություն, որն էլ նպաստելու է ռուսական կապիտալի շարժին: Ավելին, արդեն գոյություն ունի ռուսական գյուղատնտեսական գործիքները Հայաստան առաքելու սխեմայի մասին համաձայնագիր, որը սկզբունքորեն դրական փոփոխություններ է կատարելու երկրի ագրարային սեկտորում: Նա նաև հավաստիացրեց, որ ռուսական կապիտալը մուտք կգործի ազատ տնտեսական գոտի, որը հենց օրերս բացվելու է Իրանի հետ սահմանին:
Հատուկ ուշադրության է արժանի Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի գործարար միջավայրի ազդեցիկ ու հարուստ ներկայացուցիչների հետ, որը կարող է էականորեն անդրադառնալ Հայաստանի ներդրումային ֆոնդի բարելավման ու տնտեսության մեջ դրական տեղաշարժերի վրա:
Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը հավաքվածներին հայտնեց, որ այսօր Հայաստանում անց են կացվում ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորման մի շարք բարեփոխումներ, որոնք ռուսական կապիտալի ներգրավման համար կստեղծեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի այդ՝ Կարապետյանը ձեռնարկատերերին ներկայացրեց ներդրումային ծրագրերի մի մեծ խումբ, որոնք ուղղված են տնտեսության առաջնահերթ ոլորտների զարգացմանը:
Հանդիպման արդյունքների հիման վրա Ռուսաստանի ավելի քան 30 հայ բիզնեսմեններ հանդես եկան հայտարարությամբ, որով հայտնեցին Հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, պատմական հայրենիքի առաջընթացի հետ կապված իրենց շահագրգռվածությունը, ինչպես և բիզնես-ծրագրերում ու Հայաստանի իշխանությունների նախաձեռնողական միջոցառումներում մասնակցություն ունենալու իրենց պատրաստակամության մասին:
Համաձայն հայտարարության բուն տեքստի՝ հայ գործարարները կիսում են վերը նշված բարեփոխումների նպատակներն ու հանձնարարականները, որոնց կյանքի կոչումը Հայաստանը կդարձնեն անվտանգ, արդար, ժամանակակից, բարձր տեխնոլոգիական և դինամիկ զարգացող երկիր: Իրենք ունեն ընդհանուր ցանկություն ու միահամուռ մտադրություն՝ իրենց էնտուզիազմը, ռեսուրսներն ու փորձը ուղղելու Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել արտաքին ու ներքին խնդիրներին ու մարտահրավերներին: Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնում երկրի ղեկավարների՝ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համատեղ ջանքերին, որոնք ուղղված են լինելու Հայաստանում կատարվելիք խորը բարեփոխումներին, և որոնք ի կատար են ածվելու ողջ հայ ազգի ներուժի հիման վրա:
Այսպիսով, խորհրդարանական քարոզարշավի նախաշեմին Կարեն Կարապետյանի այցը Ռուսաստան բավական արդյունավետ ու խոստումնալից եղավ: Ֆորմալ կերպով նա կարողացավ շահել ինչպես պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, որն ի դեպ ցույց տվեց բացարձակ բարեհաճություն հայ վարչապետի նկատմամբ, այնպես էլ Ռուսաստանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների համակրանքը, որոնք բավարար միջոցներ ու լծակներ ունեն՝ իրենց ֆավորիտին ապագա խորհրդարանական ընտրություններին աջակցելու համար:
Պատրաստեց Անահիտ Ղազարյանը