Հունվարի 1-ից Հայաստանի բնակիչներին «ուրախացրեցին» ոչ միայն որոշ ապրանքների գների բարձրացմամբ, այլև փոփոխված հարկերով: Այդ ամենի մեղավորը դարձավ նոր Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է՝ որքան բարձր է մարդու աշխատավարձը, այնքան ավելի շատ պետք է լինեն պահումները պետական գանձարանի օգտին. նրանք, ում աշխատավարձը սկսում է 150 000 դրամից, այսուհետ վճարելու են իրենց եկամուտի 28 %-ը՝ նախկին 26 %-ի փոխարեն: Այն երջանիկները, ովքեր ստանում են 2 մլն դրամ աշխատավարձ, վճարելու են եկամուտի 36 %-ը: Միակ զիջումն արված է նրանց համար, ում աշխատավարձը չի գերազանցում 120 000 դրամը. այս դեպքում հարկի չափը կազմելու է 23 %՝ նախկին 24,4%-ի փոխարեն:

Գործնականում խոսքը հետևյալի մասին է. եթե աշխատավարձը կազմում է 150 000, ապա արդյունքում աշխատողն առձեռն կստանա ընդհամենը 107 000 դրամ՝ հաշվի առնելով եկամտահարկի 34 000 դրամ, սոցիալական փաթեթի 7500 դրամ պահումները, և ևս 1000 դրամ նրա աշխատավարձից փոխանցվելու է Զինծառայողների օգնության հիմնադրամին: Եթե աշխատավարձը կազմում է 500 000 դրամ, ապա առձեռն աշխատողը կստանա ընդհամենը 341 500 դրամ. ստացվում է, այս դեպքում եկամտահարկի չափը կազմում է 132 500 դրամ:

Նշենք, որ արդեն հուլիսից աշխատավարձերը կնվազեն ևս 5 %-ով, քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թ. հունվարի 1-ից հետո, գործելու է պարտադիր կուտակային թոշակային համակարգ: Վերջին տարիներին այն գործում էր ոչ պարտադիր եղանակով, և իրենց կուշտ ու երջանիկ ծերության համար վճարումներ էին կատարում միայն ցանկացողները, սակայն այս տարի մեխանիզմը փոփոխվելու է:

Չնայած այսպիսի դասավորմանը, պետական բյուջեն 2018 թվականի համար չի նախատեսել աշխատավարձերի և թոշակների բարձրացում: Միևնույն ժամանակ, կրճատվեցին նաև բազմաթիվ բյուջետային ծրագրեր, որոնք փոքր-ինչ թեթևացնում էին արտոնյալների և առանձին սոցիալական խմբերի ներկայացուցիչների կյանքը:

Իշխանությունը շարունակում է կարծել, որ Հայաստանի քաղաքացիները բավականաչափ եկամուտ են ստանում անհոգ կյանքի համար, ինչն ակնհայտորեն խորհրդարանում հասկացրեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը` ուղղելով որոշ պատգամավորներին իրենց արտահայտությունների մեջ: Ըստ իր խոսքերի, գնաճի մակարդակն այնքան էլ սարսափելի չէ, իսկ գազի, բենզինի և դիզվառելիքի գները, որոնք հունվարի 1-ից նույն Հարկային օրենսգրքի պատճառով բարձրացան, չեն բարձրացել այնքան, որպեսզի դրանից ողբերգություն սարքվի:

«Ամեն ինչ կանխատեսումների շրջանակներում է, պաշտոնապես գնաճը պետությունում կազմում է 2,6 %, մինչդեռ տարածաշրջանի այլ երկրներում` Վրաստանում և Ադրբեջանում, համապատասխանաբար, այն կազմում է մոտ 6,7 % և 7,9 %», – հայտարարեց վարչապետը:

Նմանատիպ փաստարկներ կառավարությունը բերում էր նաև 2017 թ.-ին վերջին, երբ որոշ մթերքների գները մի քանի անգամ թանկացան, մասնավորապես՝ կարագի, մսի և այլն: Այն ժամանակ բացասական դասավորությունը Հայաստանում բացատրեցին իրավիճակով, որը տիրում էր միջազգային շուկայում:

Սակայն կառավարությունը, որը զուգահեռներ է անցկացնում հարևան երկրների հետ և փորձում է այդպիսով ցույց տալ, որ հնարավոր է նաև ավելի բարդ իրավիճակ, միևնույն ժամանակ, պետք է հասկանա, որ, օրինակ, Վրաստանում աշխատողները վճարում են 20 % ամսական եկամտահարկ և վերջ, ոչ մի այլ պարտադիր-ոչ պարտադիր վճարումներ:

Վրաստանում գոյություն չունի սոցիալական ապահովման հարկ, իսկ ձեռնարկությունների եկամուտի հարկը կազմում է ընդհամենը 15 %, մինչդեռ Հայաստանում յուրաքանչյուր եռամսյակ բիզնեսը պետք է վճարի այն հարկի 18,75 % չափով, որը վճարել է նախորդ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նվազագույն եկամտահարկի չափը կազմում է 14 %, այն ավելանում է միայն եթե եկամուտը կազմում է 2500 մանաթից (707 000 դրամ) ավել:

Երևի թե, միակ ոլորտը, որտեղ այս տարի կարելի է սպասել աշխատավարձի բարձրացման, դա ընտանեկան բժշկի ինստիտուտն է: Համենայնդեպս, վարչապետ Կարեն Կարապետյանի առողջապահության նախարարություն կատարած այցի ժամանակ այդ մասին նրան հաղորդեց հենց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Իր խոսքերով՝ 2018 թվականի առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում ընտանեկան բժիշկների աշխատավարձերի բարձրացումը, ընդհուպ մինչև 2,5 անգամ` ներդրված բոնուսային համակարգի հաշվին. որքան ավելի շատ այցելություններ, այնքան ավելի բարձր եկամուտ: Սակայն դեռևս այն միայն պլանավորվում է:

2018 թ.-ի պետբյուջեյի քննարկումների ժամանակ ընդդիմությունը զգուշացնում էր, որ 2018 թ.-ին Հայաստանի քաղաքացիները ապրելու են 10 % ավելի վատ, քան նախորդ տարիներին: Ի պատասխան սրան, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ գանձարանում 2018 թ.-ի համար նախատեսված միջոցները սահմանափակ են, բայց հեռանկարում ոչ թե աշխատավարձերի և թոշակների բարձրացումներ են, այլ պայմանների ստեղծում՝ տնտեսական վերելքի համար, ինչը «վերջնական արդյունքում կբարձրացնի մեր քաղաքացիների կյանքի մակարդակը»: Դե ինչ, սպասենք ծով գնալու եղանակի…

 

Լինա Մակարյան