Դեկտեմբերի 8-ին հայկական Գյումրի քաղաքի «Պրոգրես» համալսարանում մեկնարկեց Զարգացման առաջնորդների ֆորումը, որը կազմակերպել էր «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ «ՄԻՌ» հիմնադրամ, Հայաստան): Մասնակիցների և հյուրերի թվում են 18-ից 30 տարեկան տաղանդավոր հայ երիտասարդներ, պատգամավորներ, ձեռներեցներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Գյումրիում գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:
Ինչպես նշեց պրոֆեսոր, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վալենտինա Կոմլևան, ֆորումը համախմբել է շուրջ 50 նախաձեռնող երիտասարդների Հայաստանի տարբեր մարզերից։ «Այս միջոցառումը հնարավորություն է տալիս կարիերա ստեղծելու և հետաքրքիր նախագծերի մասնակցելու»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց նա։ «Ֆորումի հիմնական նպատակն է օգնել կյանքի կոչել ստեղծագործ գաղափարները, որոնք պետք է ուղղված լինեն երկրի տարածաշրջանների և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»։
Բացելով միջոցառումը՝ Զարգացման երիտասարդ առաջնորդների ֆորումի նախագծի համակարգող Արման Ղուկասյանն առաջարկեց հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև անցնել օրակարգին։ Ի դեպ, բանախոսները մեկ անգամ չէ, որ անդրադարձան տարերային աղետի թեմային՝ միաժամանակ թեման կապելով ներկայի հետ։ Մասնավորապես, տիկին Կոմլևան հիշեց, թե ինչպես են Ռուսաստանի կենտրոնական շրջանում դիմավորել Հայաստանի աղետի գոտում տուժածներին.
«Այն ժամանակ մենք ազգությունից ելնելով տարբերակումներ չէինք անում և փորձում էինք օգնել տուժածներին։ Իսկ երբ այսօր ազգությունների պառակտման սկզբունքով խոսակցություններ ու կոնֆլիկտներ են լինում, դա ինձ համար անհասկանալի է, – նշեց նա։ – Մեր ինստիտուտի գործունեությունը միտված է ծրագրեր ու պայմաններ ստեղծելուն ու իրականացնելուն, որպեսզի տարբերակումներ չմտցնենք, չասենք՝ ինչ-որ մեկն ավելի լավն է, մյուսը՝ վատը։ Ուստի մեր աշխատանքում շատ կարևոր է փորձագետների, գիտական համագործակցության, քաղաքացիական ինստիտուտների, և բոլոր այլոց հետ հաղորդակցական համագործակցության վրա շեշտադրումը, ովքեր կցանկանան բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Նշեմ, որ Հայաստանում արդեն ունենք լուրջ գործընկերներ, որոնց հետ տարբեր միջոցառումներ ենք անցկացնում, այդ թվում՝ միջազգային արդի խնդիրների շուրջ քննարկումներ»։
Զարգացման առաջնորդների ֆորում նախագծի համակարգող, Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի արտասահմանյան ծրագրերի ղեկավար Մարիա Սավինան իր հերթին ընդգծեց ֆորումի կարևորությունը երիտասարդ առաջնորդների համար:
«Ֆորումը բոլորին հնարավորություն է տալիս դրսևորվելու որպես Հայաստանի մարզերի զարգացման առաջնորդների, հանդիպել հետաքրքիր, հայտնի մարդկանց, դառնալ նախաձեռնող թիմի անդամ և ստեղծել սեփական նախագիծը: Այսօր բացմանը մեզ դիմավորեցին բիզնեսի և քաղաքականության ոլորտի հայ առաջնորդները։ Եվ մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր մասնակիցները՝ երիտասարդ առաջնորդները, ովքեր այժմ այստեղ են, ելույթ կունենան Զարգացման առաջնորդների հաջորդ ֆորումում», – նշեց տիկին Սավինան:
«ՄԻՌ» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանի խոսքով, ֆորումը կարևոր է իր արդյունավետությամբ, ազդեցությամբ և հանրային կյանքում կիրառման համար, որն այսօր, համաշխարհային գործընթացների համատեքստում, բավականին արագ է փոփոխվում։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ նման միջոցառումներ անհրաժեշտ է անցկացնել շարունակական հիմունքներով, երբ մարդիկ «միայն չեն հավաքվում, խոսում և հեռանում»։ Նրա տեսանկյունից այս առումով հատկապես կարևոր են գաղափարների գործնական իրականացումը և գործնական արդյունքները ֆորումին հաջորդող շրջանում։ Իսկ երիտասարդ գիտնականների և ասպիրանտների շարժունակությունը թույլ է տալիս խոսել այն մասին, որ, փոխադարձ հետաքրքրությունների առկայության պայմաններում, հայ գիտնականների այցը ռուսաստանցի գործընկերներին լավ արդյունքներ է բերում փոխշահավետ համագործակցության համար։
Այս մասին խոսեց նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն՝ նշելով, որ ֆորումին մասնակցում են իրական մասնագետներ, ովքեր հակված են լուրջ աշխատանքի։ Նրա կարծիքով, կարևոր է ուշադրություն դարձնել հայ-ռուսական պատմական կապերին և դրանց շարունակականությանը այսօր։
«Այս պահին Գյումրիում գործում է 102-րդ ռուսական բազան, գործում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, կա «Պատվո բլուր» հուշահամալիրը, որտեղ հանգչում են ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի զինվորների աճյունները։ Սակայն այժմ ապրում ենք մշտապես փոփոխվող աշխարհում: Ուստի ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցության համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Առավել հաճելի է, որ համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական կառույցներն ու գիտական կենտրոնները։ Ի վերջո, հենց երիտասարդ սերունդն է, որ պետք է համատեղ ջանքերով շարունակի աշխատանքը հայ-ռուսական համագործակցության ուղղությամբ», – կարծում է նա։
Նրա հետ համակարծիք էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի փոխտնօրեն Վիկտորյա Դերիպասկոն, ով նույնպես անտեսանելի թելերով զուգահեռներ անցկացրեց Սպիտակի երկրաշարժից մինչև մեր օրերը. այն ժամանակ ոչ ոք ազգությունների միջև տարբերություն չէր դնում, և բոլորը բարեկամական օգնության ձեռք էին մեկնում Հայաստանի ընկերներին։ Եվ հենց այս նարատիվն է, որ ոչ միայն պետք է պահպանել, այլև շարունակել ապագայում։ Միևնույն ժամանակ, ուրախալի է տեսնել, որ պատվիրակների մեջ կան բազմաթիվ երիտասարդներ, առաջնորդներ։ Հենց նրանք են, որ այժմ պետք է մշակեն ու կյանքի կոչեն բազմակողմ գաղափարներ ի շահ Հայաստանի՝ համագործակցելով դարավոր ընկերների ու գործընկերների հետ։
Միջոցառման մասնակիցների խոսքով՝ ֆորումը իրական հնարավորություն է ընձեռում ինքնադրսևորվելու որպես Հայաստանի մարզերի զարգացման գործում առաջնորդների, հանդիպելու հայտնի մարդկանց, դառնալու նախաձեռնող թիմի անդամ, ինչպես նաև աջակցություն ստանալու սեփական նախագծերի համար։
«Ներկաների մեջ շատ են ՏՏ ոլորտի մասնագետները, ինչը չի կարող չուրախացնել։ Ի վերջո, երիտասարդների առաջնորդական որակներն ու գիտելիքները, այդ թվում՝ այս խոստումնալից ոլորտում, թույլ են տալիս կանխատեսել դրական արդյունքներ», – կարծում է Արման Ղուկասյանը։
Ամփոփելով առաջին օրվա արդյունքները՝ ԵՊՀ Ռուսագիտության կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը նշեց ընդհանուր պատմության տարանջատման անհնարինությունը։
«Իհարկե, կարող են լինել տարաձայնություններ, կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն դա չի նշանակում, որ ստիպված կլինենք տարանջատվել։ Մենք լի ենք ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման վճռակամությամբ: Խորհրդանշական է, որ Ֆորումը տեղի է ունենում փառավոր ավանդույթներ ունեցող Գյումրիում։ Ո՞վ, եթե ոչ գյումրեցիները, պետք է իմանան ռուս-հայկական բարեկամության, ռուս-հայկական հարաբերությունների մասին։ Ժամանակին, մասնակցելով Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, ես հնարավորություն ունեցա անմիջականորեն շփվել «Հայաստանի ազգային հերոս» կոչումով միակ ոչ հայի՝ Նիկոլայ Ռիժկովի հետ։ Եվ նա միշտ սիրով էր խոսում մեր երկրի մասին։ Սպիտակի աղետից հետո եկել էր աղետի գոտի, այցելել Գյումրի, անում էր ամեն բան ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու համար», – ասում է Սաֆարյանը։ Երիտասարդ սերունդը պետք է մտածի այս մասին և անի ամեն բան, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները չթուլանան»։
Հիշեցնենք՝ Գյումրիում այս տարվա դեկտեմբերի 7-ից 10-ը անցկացվող ֆորումի կազմակերպիչը «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամն է։ Գործընկերների թվում են ռուսական Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Ռուսաստան), «Պրոգրես» համալսարանը (Հայաստան), «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (Հայաստան) և «Dalma News» տեղեկատվական-վերլուծական կայքը (Հայաստան):